Բողոքում են հատկապես Հ1-ից

December 3, 2007

"Ընտրությունների ազատության եւ արդարության կարեւոր չափորոշիչներից մեկը տեղեկատվության մատչելիությունն է: Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնության համար տեղեկատվության տպագիր միջոցները տարբեր պատճառներով մատչելի չեն եւ ներքաղաքական զարգացումների մասին տեղեկատվության հիմնական աղբյուրը նրանց համար հեռուստատեսային եթերն է:

ԶԼՄ-ները, հեռուստատեսությունները ընդհանրապես, եւ Հանրային հեռուստաընկերությունը հատկապես պարտավոր են հանրությանը տրամադրել ամբողջական, համակողմանի, հավասարակշռված եւ անաչառ տեղեկատվություն: Մեր խորին համոզմամբ Հայաստանյան հեռուստաընկերությունների ջախջախիչ մեծամասնությունը, Հանրային հեռուստատեսության առաջնորդությամբ, չեն կատարում այս գործառույթը:

Վերը նշված հեռուստաընկերություններին, եւ մասնավորապես Հանրային հեռուստատեսությանը կոչ ենք անում չմոռանալ հանրության առաջ ունեցած պարտավորությունների մասին եւ վերջ դնել հասարակության լայն շերտերին տեղեկատվական շրջափակման մեջ առնելու քաղաքականությանը":

Այսպիսին է ԵՊՀ մի խումբ դասախոսների մտահոգությունն ու վրդովմունքն արտահայտող հայտարարությունը, որում ասվում է, որ 2008 թվականի փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների որակը վճռական նշանակություն է ունենալու երկրի ապագայի համար եւ պետք չէ վատագույնս դրսեւորմամաբ ազդել այդ ապագայի վրա: Կարդացեք ամբողջությամբ այստեղ:

Ինչ կասեք ժողովուրդ?

Մեկ րոպեն արժե 80 հազար դրամ

November 13, 2007

Առաջիկա նախագահական ընտրության մոտենալու ցուցանիշն է վճարովի եթերաժամի սակագները եւ մինչեւ նոյեմբերի 19 (մինչեւ այս ժամանակը հեռուստառադիոընկերությունները պարտավոր են սահմանել եթերաժամի սակագները) քիչ ժամանակ է մնացել: Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը արդեն սահմանել է քարոզարշավի վճարովի եթերաժամի սակագները: Ըստ այդմ` նախընտրական քարոզչության համար տրամադրվող վճարովի եթերաժամի 1 րոպեի սակագինը Հանրային հեռուստաընկերությունում սահմանել է 80 հազար դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը, իսկ Հանրային ռադիոյում `20 հազար դրամ` ներառյալ ԱԱՀ-ն: Սա նույն գինն է, ինչ սահմանաված է եղել ԱԺ ընտրությունների ժամանակ:

"Ա1+"-ը փորձել է պարզել, թե մասնավոր հեռուստաընկերություններից արդեն հասցրել են գներ սահմանել:Կարդացեք այստեղ:Ամենահետաքրքիրը եղել է "Երեւան"  հեռուստաընկերության տարբերակը, որ  դեռ չեն սահամնել եւ գուցե չսահմանվի էլ: Ասել են, որ պետք է նիստ անեն ու որոշեն, գուցե որոշվի անգամ, որ քաղաքականությամբ չեն զբաղվելու:

Ինչ եք կարծում, այս ընտրություններին կլինեն հեռուստաընկերություն, որ կհրաժարվի քաղաքական գովազդից? Իսկ ինչ կլինի մարզային հեռուստաընկերությունների պարագայում? Հիշենք, որ խորհրդարանական ընտրության ժամանակ մարզերում այդպես էլ "միսանականորեն" սակագներ չսահմանվեցին:

“Խասիաթ” են դարձրել լրատվամիջոց փակելը

November 6, 2007

ԳԱԼԱ հեռուստաընկերությունում շարունակվում է լարված իրավիճակը: Հարկային պետական ծառայության աշխատակիցներն երեկ փորձել են խոչընդոտել հեռուստաընկերության օպերատորի աշխատանքը` ըստ օպերատորի` ձեռքով փակել են տեսախցիկը, ապա բռնել նրա կոկորդից: Հարկային ծառայության աշխատակիցներին դուր չի եկել օպերատորի ներկայությունն իրենց հերթական ստուգումների ժամանակ, թեեւ նախորդ անգամներին նրանք որեւէ դժգոհություն չեն ունեցել այդ առիթով:

Հիմա արդեն օպերատոր Գրիգոր Շաղոյանը դիմել էր Գյումրիի ոստիկանության քաղաքային բաժին` մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու բողոքով:Հարցաքննվելու են գործով բոլոր վկաները, հետո պարզ կլինի` արդյոք քրեական գործ կհարուցվի:  Գյումրիի ՙԱսպարեզ՚ ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի խոսքերով վերջին օրերի բոլոր գործողությունները միտված է ԳԱԼԱ-ի փակելուն: Հիշեցնենք, որ Գյումրիի ԳԱԼԱ հեռուստանընկերությունում հոկտեմբերի 29-ից սկսել են հարկային ստուգումներ եւ մինչ օրս շարունակվում են: Հիմնական պատճառը համարվում է այն, որ հեռուստաընկերությունը ցույց է տվել Լեւոն Տեր-Պետրասյանի ելույթը: Այժմ հեռուստաընկերությունը շարունակում է աշխատանքը եւ լրատվական ծրագրերում պարբերաբար անդրադառնում հեռուստաընկերություն ներխուժումներին:

Կարդացեք ողջ պատմությունը այստեղ: Նկարը ըստ`Observer-ի:

Հարձակում “Առավոտի” լրագրողի վրա

October 11, 2007

Ժամը 20.30-ի դրությամբ` Կենտրոնի ոստիկանները դեռ հարցաքննում էին ՙԱռավոտ՚ թերթի աշխատակիցներին: ՙԱռավոտ՚ թերթի աշխատակիցները այսօր ստիպված են եղել պաշտպանել իրենց գործընկերուհուն` խմբագրություն ներխուժած անձանցից: Այսօր խմբագրություն գալով` լրագրող Ռուզան Մինասյանը հանդիպել է անկոչ հյուրերի, որոնք վիրավորել են նրան, հայհոյել սեռական բնույթի ամենաանպարկեշտ բառերով:

Մոտ 6 կին, Ռուզանի բառերով, իր աշխատասենյակի իրերը` սեղանին դրված ծաղկամանը, ձայնագրիչը, նետել են իր ուղղությամբ: ՙՆրանք շպրտում էին ուղիղ իմ դեմքին՚,- ՙԱ1+՚-ին հայտնեց Ռուզան Մինասյանը: Բարեբախտաբար, այդ նրանց չի հաջողվել: Նրանք միայն վնասել են Ռուզանի շրթունքը. այն կապտել է եւ ուռել: Վաղը նշանակված է դատաբժշկական փորձաքննություն: Ի դեպ, երբ կատաղած կանայք իրեր էին շպրտել Ռուզանի ուղղությամբ, մոտ 15 տղամարդ սպասել են խմբագրության միջանցքում:

Մոտ 20 անկոչ հյուրերը ՙԱռավոտ՚ էին եկել` Ռուզանի այսօրվա հրապարակման հետքերով: ՙՄեռածից փող չեն պահանջում. Գտնվելով Ուկրաինայում՝ սպանել է Հայաստանո՞ւմ ՚ հոդվածում Ռուզան Մինասյանը ներկայացրել էր Ուկրաինայի քաղաքացի, տնտեսագիտության թեկնածու, ցմահ ազատազրկման դատապարտված Արարատ Մուրադխանյանի խոսքը:

Ըստ հոդվածի` Ուկրաինայի Պոլտավա քաղաքում Արարատ Մուրադխանյանը զբաղվել է տնտեսական գործունեությամբ՝ շաքարավազ, պարենային ապրանքներ Հայաստան ներկրելով: Գործարքներից մեկի արդյունքում նա պետք է ստանար 700.000 ԱՄՆ դոլար, սակայն պարտապանները հրաժարվել են Մուրադխանյանին վճարել իր հասանելիքը: ՙՀրաժարվողներից էր ՙՕլիմպիյսկի Լյովիկ՚ մականունով Լյովա Մեհրաբյանը: 2002-ի հունիսի 24-ին, ժամը 23-ի սահմաններում, Տիգրան Մեծի փողոցի 3-րդ նրբանցքի 50 տան բակում խնջույքի սեղանի դիմաց ՏՏ ատրճանակով սպանվեցին այդ պահին Հայաստանում գտնվող Լյովա Մեհրաբյանը, նրա հայրն ու եղբայրը՝ Վազգեն եւ Ռուբեն Մեհրաբյանները, քեռին՝ Սուրեն Հասրաթյանը: Հրազենային վնասվածքներ ստացան Լյովայի քույրը՝ Քնարիկը եւ քեռու տղան՝ Արմեն Հասրաթյանը: Մեղադրանքը, որը պաշտպանում էին գլխավոր դատախազությունից Ա. Աշրաֆյանը, Գ. Երեմյանն ու Ա. Ամիրզադյանը, ուղղվեց Արարատ Մուրադխանյանի դեմ՚,- գրել է Ռուզան Մինասյանը իր հոդվածում` մեջբերելով ցմահ դատապարտված Արարատ Մուրադխանյանի` ՙԱռավոտին՚ ուղարկած 100 էջանոց նամակից մի հատված, որում նա գրում է, որ իրեն ձեռնտու չէր, որպեսզի Մեհրաբյանը զրկվի կյանքից, ՙորովհետեւ իմ պահանջները կբավարարվեր նրա կենդանության պայմաններում, մեռածը փող չի վերադարձնում՚:

Այսօր Ռուզան Մինասյանի վրա հարձակում են գործել սպանվածների հարազատները` մեղադրելով նրան ՙմարդասպանին խոսք տալու համար՚: ՙԵս միայն իմ մասնագիտական պարտքն եմ կատարել՚,-ՙԱ1+՚-ին ասաց Ռուզան Մինասյանը: Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել լրագորղի մասնագիտական գործունեություն ‎ ֆիզիկական սպառնալիքներով խոչընդոտելու մեղադրանքով:

Կարդացեք նաեւ այս նյութերը`1, 2, 3:

Ծեծի են ենթարկել լրագրողի

September 16, 2007

Այսօր, ժամը 19-ի սահմաններում փողոցում, մահակներով զինված մի քանի հոգի հարձակվել են ՙԻսկական Իրավունք՚ թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանի վրա եւ նրան դաժան ծեծի են ենթարկել: Գալաջյանը հիմա պահին հիվանդանոցում ստանում է առաջին բուժօգնություն: Դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինների ներկայացուցիչներ` պարզելու դեպքի հանգամանքները:

Նշենք, որ սա արդեն Հովհաննես Գալաջյանի վրա հարձակվելու երկրոդ դեպքն է: Առաջիը տեղի էր ունեցել 2006թ-ի սեպտեմբերի 6-ի առավոտյան: Դեպքից անմիջապես հետո Հ.Գալաջյանը դիմել էր Երևան քաղաքի Ոստիկանության Արաբկիրի բաժանմունք: Հետո սեպտեմբերի 6¬ին կատարված բռնության փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում քրեական գործ էր հարուցվել ՀՀ քր.օր.-ի 118-րդ (ծեծը) հոդվածի հատկանիշներով:

Հերթական անգամ ապացուցվեց, որ Հայաստանում սովորական են լրագրողի նկատմամբ ահաբեկումներն ու սպառնալիքները, որոնք խոչընդոտում են հանրությանը տեղեկացնելու գործընթացները,  եւ բնական է, սա էլ իր հերթին նպաստում է խոսքի ազատության սահմանափակմանը: Ցավալին այն է, որ Գալաջյանի եւ մյուս բոլոր միջադեպերի պարագայում ակնհայտ փորձում են խոչընդոտել լրագրողի մասնագիտական գործունեությանը, բայց փորձը ցույց է տալիս, որ մեղավորները երբեք չեն պատժվում համապատասխան հոդվածով (164-րդ):

“Հայմամուլը” վաճառվելու է “Նեմիրոֆֆին”?

September 5, 2007

"Սովռանո" ՍՊԸ-ն, որը "Նեմիրոֆֆ" ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում, պատրաստվում է գնել մամուլի տարածման "Հայմամուլ" ՓԲԸ-ն:  Ընկերության նախագահ Արման Սահակյանը, ում ի դեպ, պատկանում է նաեւ "Կապիտալ", "90 րոպե" թերթերն ու "Բիզնես կլաս" ամսագիրը, "Հայկական ժամանակին" հաստատել է իր հետաքրքրվածությունը "Հայմամուլ"-ի նկատմամբ եւ հաստատել է, որ բանակցություններ են ընթանում:

Հավանաբար ավելորդ չէ նշել, որ "Հայմամուլ"-ը տպագիր մամուլի տարածման շուկայում գերիշխող դիրք է գրավում եւ առաջիկա նախագահականի նախօրեին նվազագույնը քաղաքական շահարկումների առիթ կարող է դառնալ վերջինիս վաճառքը, եթե ոչ վնասել Հայաստանում բազմակարծության խոչընդոտմանը (թերթերի անբարեխիղճ տարածման դեպքում):

Իսկ ահա "Հայփաստ"-ը կառավարող հոլանդական "Dutch HayPost Trust Managment"-ը երեկ հաղորդագրություն էր տարածել, որտեղ ասվում է, որ ընկերությունը 300 մլդ դրամի վնաս է կրել «Նամականիշ» ՓԲԸ-ի կողմից նամականիշների ապօրինի թողարկման հետեւանքով եւ որ այս ամենը օժանդակել է Կապի եւ տրանսպորտի նախարարությունը: Նախարար Անդրանիկ Մանուկյանն էլ "Առավոտին" ասել է, որ "Հայփաստի"-ի հայտարարությունը շանտաժ է եւ ընկերություը ավելի լավ կանի մարել իր պարտքերը: 

Ու՞մ է նեղացրել “Ցայգը”

August 2, 2007

Օգոստոսի 9-ից դարադերցեվելու է Գյումրիի "Ցայգ" հեռուստաընկերության հանրայինի կապուղղիով հեռարձակումը: Օտարերկրյա ԶԼՄ-ների ազգային ծառայությունների գրասենյակների գործունեության վրա ազդող օրենքը թե ինչու ազդեց "Ցայգի" վրա, գոնե հիմա անհասկանալի է: "Առավոտ"-ին հեռուստաընկերության նախագահ Մարգարիտա Մինասյանը ասել է, որ չի բացառում քաղաքական հաշվեհարդարը, հատկապես առաջիկա նախագահականի նախօրեին: Հոդվածում ասվում է, որ "Ցայգը" համագործակցում է "Ա1+"-ի հետ` ակնարկելով, որ այդ համագործակցությունը քաղաքական հաշվեհարդարի հնարավոր պատճառներից մեկն է:

Մարգարիտա Մինասյանը նաեւ ասել է, որ "Հ1"-ով հայտարարությունից հետո, թե "Ցայգը" էլ չի հեռարձակվելու, մեծ խառնաշփոթ է առաջացել ընկերության եւ գովազդատուների, որոնց բացատրելու կարիք է եղել, որ "Ցայգը" շարունակելու է գործունեությունը դեցիմետրային ալիքով: Նշենք, որ Շիրակի հանրային հեռուստատեսության կապուղղով օրական 20 ժամյա հեռարձակման պայմանագիրը հաստատված է եղել մինչեւ 2007թ-ի դեկտեմբերի 31-ը:

Իսկ "Ազատության" պարագայում նոր բանակցություններ են տարվում: Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհրդի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ արդեն թարմեցվում է պայմանագիրը հայաստանյան մասնավոր կայանի հետ: Հավանաբար այդ կայանը "Ռադիո հայ"-ն է, որը ցանցեր ունի մարզերում եւ հեռարձակվում է արբանյակով: Նշենք, որ բավականին ժամանակ է, ինչ "Ազատության"-ը "Ռադիո հայ"-ով եթերային ժամեր ունի:

«Ազատություն» ռադիոկայանը փակելու մասին նախագիծ՝ ԱԺ–ում

June 28, 2007

Ազգային Ժողովի այսօր հրավիրված արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված երկու նախագծերը փոփոխություններ են առաջարկում «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում:

Մանրամասների մեջ չխորանալով ասեմ, որ երկու փոփոխությունների հետևանքով հնարավոր կդառնա լրիվ օրինական հիմունքներով արգելել «Ազատութուն» ռ/կ–ի գործունեությունը Հայաստանում, կամ ստեղծել այնպիսի պայմաններ, երբ ռադիոկայանը ստիպված կլինի վճարել օրեկան 280 հազ. դրամ հեռարձակումների այօրվա հաճախականությունը պահպանելու համար:

ՀՀ Նախագահի այս նոր նախաձեռնությունները զարմանալի կերպով հիշեցնում են Ադրբեջանի համանման քայլերը՝ նույնպես ուղղված ազատ մամուլի դեմ։ Հետաքրքիր է՝ Քոչարյանին կոնկրետ ի՞նչ դուր չի եկել  «Ազատութուն» ռ/կ–ի կողմից խորհրդարանական ընտրարշավի լուսաբանման մեջ։

“Ինչ արժե անկողմնակալ լուսաբանումը”

May 24, 2007

Հայկական ռադիոն լռում է, հետո հայտարարում է, որ խուլերի համար հաղորդումն ավարտվեց…

Հայկական ԶԼՄ-ները մի քիչ խոսում են, հետո լռում, ընտրություններն ավարտվեցին…

Հիմա, հետընտրական քիչ թե շատ պասսիվ գործընթացներում, երբ արդեն կարելի է գնահատականներ տալ, եկենք "առժանին" մատուցենք այն լրատվամիջոցներին, որոնք համարյա օբյեկտիվ լրատվություն տվեցին`չյանած նախորդած ամիսներին արդեն կարգին գովազդել էին "ում, որ պետք է": Խոսքը հետուստատեսությունների մասին է, որոնք հիմա կամաց-կամաց վերադառնում են նախորդ ռեժիմին` "գովքն կառավարության, ի նշան…"

Նշեմ, որ թերթերն իրենց տեմպից չընկան, համարյա: Ասել է թե վատ չաշխատեցին:

Առաջարկում եմ քննարկել հայկական լրատվամիջոցների աշխատանքը նախընտրական եւ հետընտրական շրջանում:

Երազ իմ անազատ երկիր Հայաստան

May 1, 2007

Մինչ  նորաձեւության  թելադրանքով   հայաստանյան բոլոր ամբիոններից դեմոկրատիա է պրոպոգանդվում, հայ ժողովուրդը եւ իրեն արժանի կառավարությունը <տոնում է իր հերթակա նվաճումը>. Հայաստանի մամուլը  արդեն որերորդ տարին անընդմեջ <ոչ ազատ> է որակվում Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից:
Այս տարի Հայաստանը կիսում է <պատվավոր> 142-րդ տեղը Զամբիայի հետ իսկ անցած տարի 137-րդ տեղում էր:

Նշենք, որ կազմակերպությունը ուսումնասիրությունը անցկացնում է 3 չափանիշներով` օրենսդրական միջավայր, որում աշխատում են ԶԼՄ-ները, քաղաքական ազդեցություն նյութերի վրա եւ տեղեկատվության մատչելիություն, լուրերի բովանդակության եւ տարածման նկատմամբ տնտեսական ճնշում: Արդյունքում Հայաստանը 64 միավորով դասվել է <ոչ ազատ> երկրների շարքում:

Զեկույցը անդրադարձել է ԶԼՄ-ներում ինքնագրաքննության մթնոլորտին, լրագրողների եւ լրատվամիջոցների նկատմամբ ճնշումներին եւ մատնանշել է կոտնկետ դեպքեր:

Հետաքրքիր է, որ այս անգամ էլ հետ չմնացինք հարեւան Ադրբեջանից, որը նույնպես <ոչ ազատ> է որակվել: Հուսախաբ չարեցինք այն հայերին, ովքեր կասեին, թե ինչով ենք պակաս???