“Ցանկապատներ չեմ կոտրելու, շենքեր չեմ գրավելու, խորհրդարանի նախագահի գլուխ չեմ ջարդելու”

January 12, 2008

"Ես անելու եմ այն, ինչ արել եմ մինչեւ հիմա. գիտակցելով իմ իրավունքները, շատ լավ ծանոթ լինելով մեր Սահմանադրությանը, օրենքներին, միջազգային օրենսդրությանը` անելու եմ այդ օրենսդրությունից բխող բոլոր քայլերը: Բոլոր` ցույցեր, երթեր, պիկետներ, դատավարություններ. սա է լինելու իմ ճանապարհը",- այսօր հրավիրած առաջին ասուլիսում ընտրությունների արդյունքները կեղծելու դեպքում հնարավոր քայլերի վերաբերյալ իր գործողությունները հստակեցրել է  ներկա լրագրողների եւ քաղաքացիների համար նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Նա նաեւ ընդգծել է, թե ինչ չի անելու. առանց անուն նշելու, 1996 թվականի դեպքերը ակնարկելով հայտարարել է. "Ցանկապատներ չեմ կոտրելու, շենքեր չեմ գրավելու, խորհրդարանի նախագահի գլուխ չեմ ջարդելու: Եվ ի դեպ, այդ թեկնածուն/ Վազգեն Մանուկյանը-խմբ./ կործանվեց հենց այդ պատճառով. նա 96-ին ուներ 41 տոկոս ձայն, հաջորդ ընտրություններում ստացավ 13 տոկոս, 2003-ին` 0,9 տոկոս. սա է ժողովրդի վերաբերմունքը 1996 թվականի նրա կատարած այդ ահավոր հարվածին` ուղղված պետության դեմ: Ուրիշ ոչ մի պատճառ չկա: Ժողովուրդը բնազդաբար չի ընդունում այդպիսի քաղաքական գործելակերպը: Եվ դա իմ կողմից երբեք չի լինի",-ասել է:

Խոսելով ԼՂՀ հիմնախնդրից` ասել է, որ չի մեկնաբանում Սերժ Սարգսյանի տեսակետները, ուստի 100 տարի անց էլ չի մեկնաբանի Վարդան Օսկանյանինը`հրաժարվելով մեկնաբանել իր տեսակետներին տված Վարդան Օսկանյանի գնահատականը: Սակայն ԼՂՀ հիմնախնդրի մասին խոսելով նշել է, որ գործընթացը չիպատրաստվում սկսել 1998թ.-ից:

"ԼՂ բանակցությունների գործընթացը մի համակարգ է, որը սկսվել է 1992թ.-ից, ունեցել է տարբեր աստիճաններ եւ այսօր գտնվում է բոլորովին այլ աստիճանի վրա, քան 1998թ.-ին: Այսօր կա մի նոր, գրավոր առաջարկ: Համանախագահների կողմից վերջին գրավոր առաջարկը` ընդհանուր պետության մասին է: Դրանից հետո համանախագահները կողմերին որեւէ գրավոր առաջարկ չեն ներկայացրել: Այսինքն` վերականգնում են նախկին ավանդույթները, ավելի են լրջացնում գործընթացը",-ասել է Տեր-Պետրոսյանը:

Խոսելով քաղաքականություն վերադառնալու մասին, ասել է, որ վերադարձել է իր պարտքը կատարելու: "Եթե կարող եմ նպաստել խնդրի լուծմանը, ուրեմն ես չեմ կարող այլեւս տանը նստել. սա խղճի հարց չէ, սա հստակ քաղաքական գիտակցություն է, մանավանդ, որ ես էլ որոշակի մեղք ունեմ այս վարչախմբի գոյության համար. վերջին հաշվով, ես եմ այդ մարդկանց հրավիրել Հայաստան, իհարկե, ես պատասխանատու չեմ, թե նրանք ինչպիսի պաշտոններ են զբաղեցրել, ընտրվել կամ չեն ընտրվել հանրապետության նախագահ, բայց փաստ է, որ եթե ես նրանց չհրավիրեի Հայաստան, նրանք այսօր մեր գլխին նստած չէին լինի",-ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Նա խոստացել է անել իրենից կախված ամեն ինչ. "Կփորձեմ համոզել ժողովրդին, ձեզ, հասարակությանը, որ այս իշխանությունները չարիք են. կարծում եմ, միայն մղձավանջային երազներում կարելի է պատկերացնել այս վարչախմբի եւս 10 տարվա իշխանավարությունը: Ես չեմ ուզում ապոկոլիպտիկ իրավիճակներ ներկայացնել, բայց որ մենք շատ դժբախտությունների ենք հանդիպելու այդ պարագայում` բացարձակապես չեմ կասկածում":

Կարդացեք այս ամենի մասին մանրամասն այստեղ, այստեղ, այստեղ, այստեղ եւ այստեղ: "Փռշտալու" վիդեոն դիտեք այստեղ:

Վազգեն Մանուկյանին դաժան ապագա է սպասվում

December 27, 2007

Իմ քաղաքական ապագան շատ դաժան է լինելու ընտրություններից հետո՚,-ՙԱ1+՚-ի հարցին պատասխանելով` նկատել է ԱԺՄ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը: Նա վստահ է, որ ընտրություններից հետո իր կարիերան շարունակելու է որպես հանրապետության նախագահ, որի աշխատանքային ծանրաբեռնվածությունն ու պատասխանատվությունն այնքան մեծ է, որ ինքը չի ցանկանա նույնիսկ իր թշնամուն, բայց իրեն ցանկանում է: ՙԻսկ հակառակ դեպքում, եթե չընտրվեք, ինչպիսին է լինելու ձեր քաղաքական ապագան՚ եւ հարցին Մանուկյանն չի պատասխանել` հակառակ դեպքերը շատ են` ասելով:

Վազգեն Մանուկյանի վստահությունը, որ ինքը ընտրվելու է, պայմանավորված է նրանով, որ ինքը միշտ, որտեղ եղել է` հաղթել է. հաղթել է, երբ պաշպանության նախարար էր, ՙԵրբ մարտադաշտում պարտություններ էին, 1996 թ ապացուցել ենք, որ կարող ենք հաղթել՚: Բայց չէ որ 1998 եւ 2003 թթ-ին էլ ընտրություններ են եղել, որտեղ Վազգեն Մանուկյանը առնվազն չի հաղթել: Մեր այս դիտարկման հետ ԱԺՄ նախագահը համաձայնեց մասամբ. ՙ2003 թվականին վրեժխնդրությունը շատ ավելի մեծ էր, եւ այդ ալիքը բերեց նոր հերոսներ՚: Իսկ 1998 թ Վազգեն Մանուկյանի հաստատ համոզմամբ` կամ առաջին փուլում հաղթելու էր Կարեն Դեմիրճյանը, կամ երկրորդ փուլում լինելու էին ինքն ու Կարեն Դեմիրճյանը, բայց ոչ մի դեպքում Ռոբերտ Քոչարյանը: Բայց, ըստ նրա, ուժային կառույցները, Վանո Սիրադեղյանը, Վազգեն Սարգսյանը, ՀՀՇ-ն այն ժամանակ կանգնած էին Ռոբերտ Քոչարյանի թիկունքին, եւ 1996 թ–ի շարունակություն թույլ չտալու համար ամբողջ վարչական ռեսուրսը պայքարել է հենց Վազգեն Մանուկյանի դեմ: Շարունակությունը կարդացեք այստեղ.

ՕԵԿ-ը հանրահավաք կանի

December 26, 2007

"Ոչ ոք չի սիրում թոռոմած ծաղիկներ",- 2008թ. նախագահի ընտրություններում ՕԵԿ առաջնորդը Արթուր Բաղդասարյանը առաջնորդվելու է այս սկզբունքով: Որպեսզի իր հայտարարությունը տարաբնույթ մեկնաբանությունների առիթ չդառնա, Բաղդասարյանը շարունակել է իր միտքը. "Մեզ պետք է նոր սկիզբ, մեզ պետք են նոր մոտեցումներ, մեզ պետք է նորարարություն, ստեղծարարություն, համարձակություն եւ պետք է մեր հասարակությունը տանել որակական նոր զարգացումների ճանապարհով: Եվ մենք ասենք, որ գնալու ենք այս ճանապարհով եւ նույնը կոչ ենք անում մեր հայրենակիցներին, որոնցից յուրաքանչյուրը, ցանկության դեպքում կարող է միանալ այս ճանապարհին":

Բացի թարմ ծաղիկներից ՕԵԿ-ն , որ 2008թ. նախագահի ընտրություններին մասնակցում է քաղաքացիական շարժումով եւ վստահեցրել, որ շարժմանն այս պահին արդեն աջակցում են ավելի քան 10 հազար խմբեր:

Արթուր Բաղդասարյանը մեկ անգամ հայտարարեց, որ պատրաստ է աջակցել բոլոր այն ուժերին, որոնք միտված են ազատ եւ արդար ընտրությունների անցկացմանը: "Եթե որեւէ մեկը կարծում է, որ կարող է կեղծիքով դառնալ նախագահ, ապա ՕԵԿ-ն ասում է` "չես կարող": Եթե նախագահն ընտրվի կեղծիքով, ապա դա վատ է լինելու թե նախագահի, թե նաեւ ազգի ու պետության համար:Հայաստանին պետք է նախագահ, որը լինի լեգիտիմ, որպեսզի լեգիտիմ լինեն նաեւ այդ նախագահի որոշումներն ու քայլերը",-նշել է Բաղդասարյանը:

ՕԵԿ առաջնորդը նաեւ ողջունել է բոլոր այն քաղաքացիներին, որոնք իրենց մեջ ուժ ու համարձակություն են գտնում եւ մասնակցում հանրահավաքների. "Հանրապետությունում նկատելի է վախի մթնոլորտի կոտրում, նվազում, ինչն արտահայտվում է, օրինակ` Երեւանում անցկացվող հանրահավաքներին մարդկանց մասնակցության քանակով` չնայած այն բանին, որ իշխանությունը ճնշումներ է բանեցնում, որ մարդիկ չգնան հանրահավաքի":

Իսկ ինչ վերաբերում է հանրահավաքներին, ապա Բաղդասարյանը, պատասխանելով "Ա1+"-ի հարցին` տեղեկացրել է, որ 2008 թ. հունվարից ՕԵԿ-ը հանրահավաքային շղթա է սկսելու. "Մենք հունվարից սկսելու ենք հանրահավաքներ: Կոնկրետ ժամանակացուցյը քննարկման փուլում է":

“Շնորհակալ է Ս. Սարգսյանից ու Ռ. Քոչարյանից”

December 8, 2007

Այսօր հանրահավաքը մարդաշատ է եղել եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր ելույթի ընթացքում մանրամասն նկարագրել է ընդհանրապես թաթար-մոնղոլական իշխանության էությունը: Իսկ այդպիսի իշխանության հիմնական բնորոշ գիծը սեփականությունն է, նրանք իրենց սեփական կալվածքն են համարում երկիրը, իսկ սեփական ծառաներ` ժողովրդին:

Մանրամասն գիտականորեն բացատրելով բուն թաթար-մոնղոլական իշխանության էությանը` Լեւոն Տեր-Պետրոսյանը զուգահեռներ է անցկացրել այսօր Հայաստանում ղեկավարող վարչախմբի միջեւ: Դրանք, ըստ ՀՀ Առաջին նախագահի, ՙապշեցուցիչ նմանություն, եթե չասենք, նույնություն ունեն՚: Նրանք էլ կարծում են, թե Հայաստանը իրենց սեփական կալվածքն է, եւ ամեն ինչ, ամեն բարիք բաժանում են իրենց մտերիմներին, բարեկամներին, ընկերներին, քավորներին ու սանիկներին: Բավական է միայն Ղարաբաղում մի պաշտոնյա ազատվի աշխատանքից, նրան անմիջապես Հայաստանում պաշտոնի են նշանակում: Ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, այսպիսի դավաճանական քաղաքականության արդյունքում կարող ենք կորցնել Ղարաբաղը, քանի որ այն ուղղակի դատարկվում է: ՙՄենք կանգնած ենք ազգային աղետի, կատաստրոֆայի առջեւ՚,- արձանագրեց Առաջին նախագահը:

Թաթար-մոնղոլներին բնորոշ գիծ է եղել նաեւ կրոնափոխությունը` Լեւոն Տեր-Պետրոսյանը ընդհանրությունն ընդգծելու համար նկատել է, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը սկզբում եղել են կոմունիստ, հետո դարձել է ՀՀՇ անդամներ, ապա` Քոչարյանը երդվյալ դաշնակցական, իսկ Սերժ Սարգսյանը ղեկավարեց նժդեհացեղակրոն կուսակցությունը: ՙՎաղն էլ կարող են դառնալ մուսաֆաթական՚,- ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:

"Խորապես ցավում եմ, բայց կրկին պիտի հիասթափեցնեմ Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին: Նախ մինչ այժմ արձակված փամփուշտները դեռ սլանում են, եւ, հազար տարի էլ անցնի, նրանք չեն ազատվելու ավազակապետի պիտակից: Եւ երկրորդ, ինչպես ակնհայտորեն հետեւում է այս ելույթից, իմ փամփուշտներն անսպառ են, որքան անսպառ են անբաժան զույգի դեռեւս մինչեւ վերջ չբացահայտված օրինազանցությունները՚: Լեւոն Տեր-Պետրոսյանը արժանապատվության որոշակի վիրավորանք է ապրում, երբ լսում է, որ Սերժ Սարգսյանի միակ այլընտրանքը ինքն է` Տեր-Պետրոսյանը. ՙՕրինական ընտրություններ անցկացնելու պարագայում ՀՀ ցանկացած քաղաքացի կարող է հաղթել նախագահացու վարչապետին: Այնպես որ Սերժ Սարգսյանն իրականում այլընտրանք չունի: Իսկ եթե, այնուամենայնիվ, ունի, ապա այդ այլընտրանքը Սաշիկն է կամ Թոխմախի Մհերը՚:

Տեր-Պետրոսյանը անդրադարձել է նաեւ ինքնաթիռին, որ 45 մլն դոլարով գնել է ՀՀ նախագահը. ՙԿարծում եմ, մեր երկիրն այսօր այն վիճակում չէ, որ իրեն շռայլություն թույլ տա 45 միլիոն դոլար արժողությամբ ինքնաթիռ գնել: Այդ գումարը կբավականացներ առնվազն 200 դպրոց վերանորոգել կամ Սփյուռքից տարեկան 4-5 միլիոն դոլար մուրալու փոխարեն, կառուցել Ղարաբաղի բոլոր ճանապարհները Ուստի պաշտոնապես հայտարարում եմ. նախագահ դառնալու դեպքում ես կկարգադրեմ անմիջապես վաճառել այդ ինքնաթիռը եւ գումարը մուտքագրել պետական բյուջե՚:

Ի դեպ, հանրահավաքի ավարտին, Տեր-Պետրոսյանն խորին շնորհակալություն  է հայտնել Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, ՙորոնց հանճարեղ մտքերն ու ոսկեղենիկ արտահայտությունները՚ մեծապես նպաստում են իր քարոզարշավին. ՙՆրանց յուրաքանչյուր խոսք, յուրաքանչյուր դիմախաղ, յուրաքանչյուր կեղծ ժպիտ անսահմանորեն հզորացնում է ձեր շարժումը: Ուստի մի գանգատվեք, մի բողոքեք նրանցից, այլ գոհացեք, որ Աստված ձեզ այդպիսի անճարակ մրցակիցներ է պարգեւել: Նրանք այսօր ամենաօգտակար գործիքն են մեր ընդհանուր նպատակի իրականացմանը ծառայեցնելու համար՚:

Այսօրվա հանրահավաքին Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը կարդացեք այստեղ եւ այստեղ: Կարդացեք նաեւ հանրահավաքի մասին այլ նյութեր այստեղ, այստեղ եւ այստեղ:

Ավարտվեց թեկնածուների գրացումը

December 6, 2007

  • Այսօր` ժամը 18:00-ին ավարտվեց նախագահական ընտրությունների թեկնածուների առաջադրումը եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ ամփոփեց արդյունքները, ըստ որի` առաջադրվել են 9-ը թեկնածուներ, ինչպես 2003-ի ընտրություներին:

Այդ թեկնածուների ցուցակում չկան "Ժառանգություն" կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն ու "Նոր ժամանակներ" կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Նրանք չեն կարողացել առաջադրվել` ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների բաժինից  վերջին 10 տարիներին Հայաստանույմ մշտական բնակության մասին տեղեկանք չստանալու պատճառով: Իսկ նախագահի թեկնածուներն են.

    • Վազգեն Մանուկյան (ԱԺՄ)
    • Արթուր Բաղդասարյան (ՕԵԿ)
    • Տիգրան Կարապետյան (ԺԿ)
    • Վահան Հովհաննիսյան (ՀՅԴ)
    •  Արման Մելիքյան (ինքնառաջադրում)
    • Լեւոն Տեր-Պետրոսյան (ինքնառաջադրում)
    • Արտաշես Գեղամյան (ԱՄ)
    • Սերժ Սարգսյան (ՀՀԿ)
    • Արամ Հարությունյան (ԱՀԿ)

    Բողոքում են հատկապես Հ1-ից

    December 3, 2007

    "Ընտրությունների ազատության եւ արդարության կարեւոր չափորոշիչներից մեկը տեղեկատվության մատչելիությունն է: Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնության համար տեղեկատվության տպագիր միջոցները տարբեր պատճառներով մատչելի չեն եւ ներքաղաքական զարգացումների մասին տեղեկատվության հիմնական աղբյուրը նրանց համար հեռուստատեսային եթերն է:

    ԶԼՄ-ները, հեռուստատեսությունները ընդհանրապես, եւ Հանրային հեռուստաընկերությունը հատկապես պարտավոր են հանրությանը տրամադրել ամբողջական, համակողմանի, հավասարակշռված եւ անաչառ տեղեկատվություն: Մեր խորին համոզմամբ Հայաստանյան հեռուստաընկերությունների ջախջախիչ մեծամասնությունը, Հանրային հեռուստատեսության առաջնորդությամբ, չեն կատարում այս գործառույթը:

    Վերը նշված հեռուստաընկերություններին, եւ մասնավորապես Հանրային հեռուստատեսությանը կոչ ենք անում չմոռանալ հանրության առաջ ունեցած պարտավորությունների մասին եւ վերջ դնել հասարակության լայն շերտերին տեղեկատվական շրջափակման մեջ առնելու քաղաքականությանը":

    Այսպիսին է ԵՊՀ մի խումբ դասախոսների մտահոգությունն ու վրդովմունքն արտահայտող հայտարարությունը, որում ասվում է, որ 2008 թվականի փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների որակը վճռական նշանակություն է ունենալու երկրի ապագայի համար եւ պետք չէ վատագույնս դրսեւորմամաբ ազդել այդ ապագայի վրա: Կարդացեք ամբողջությամբ այստեղ:

    Ինչ կասեք ժողովուրդ?

    ՀՅԴ թեկնածուն Վահան Հովհաննիսյանն է

    November 30, 2007

    ՀՅԴ նախագահի թեկնածուն Վահան Հովհաննիսյանն է. նա այսօր ընտրվել է ՀՅԴ Գերագույն ժողովում: ՀՅԴ մյուս թեկնածու Արմեն Ռուստամյանը մինչ փակ գաղտնի քվեարկությունը ինքնաբացարկ է հայտնել, որից հետո վճռական ձայների իրավունք ունեցող 82 դաշնակցականից ընտրություններին մասնակցել է 79-ը: Նրանցից 3-ը կողմ էր քվեարկել երկու թեկնածուին էլ, 16-ը ինքնաբացարկի փաստը հաշվի առնելով հանդերձ` քվեարկել էր Արմեն Ռուստամյանի օգտին: 

    ՀՅԴ Գերագույն ժողովում ընտրության արդյունքների հրապարակումից հետո, մոտ 5 րոպե ամբողջ դահլիճն, ընդ որում լեփ-լեցուն, թնդացել է ծափահարություններից. առաջինն ինչ արել է նախագահի թկնածու Վահան Հովհաննիսյանը, ողջագուրվել է իր կողքին նստած Արմեն Ռուստամյանի հետ, ապա համաժողովի պատվիրակները սկսել են մոտենալ եւ շնորհավորել Հովհաննիսյանին: "Այ, հիմա է սկսվելու իսկական պայքարը",-հայտարարել է Վահան Հովհաննիսյանը, եւ ավելացրել, որ իր համար բացարձակապես միեւնույնն էր` Արմեն Ռուստամյանը կընտրվեր, թե ինքը, հատկապես որ ժողովրդական, ոչ թե կուսակցական քվեարկության արդյունքները շատ չէին տարբերվում: Ռուստամյանի օգտին քվեարկել էր քաղաքային ընտրությունների մասնակցած մարդկանց 47 տոկոսը, իսկ Վահան Հովհաննիսյանի օգտին` 53 տոկոսը:

    Վահան Հովհաննիսյանը ասել է. անկախ ընտրությունների արդյունքներից, իրենք ՀՀԿ-ի հետ էլի համագործակցելու ենք. "ՀՀԿ-ն հայկական առաջատար քաղաքական ուժերից մեկն է, մենք չենք կարող Լեւոն Տեր-Պետրոսյանի նման հայտարարել, որ բոլոր ուժերի հետ կհանդիպեմ, Հանրապետականի հետ չեմ հանդիպի, այդ սեւ սպիտակի բաժանելը, ատելությունը, իրար չեզոքացնելու փորձերը չենք ընդունում, ով էլ լինի երկրում նախագահը, մենք ՀՀԿ-ի հետ համագործակցելու ենք":  Վահան Հովհաննիսյանը նաեւ ասել է, որ չի կաշկանդվում իր եւ Սերժ Սարգսյանի խնամիական կապերից եւ ընտրություններին դա չի խանգարի:Մանրամասն կարդացեք այստեղ:

    Դեմ է Սերժ Սարգսյանին, ուրեմն ում կողմից է?

    November 29, 2007

    Արամ Կարապետյանի գործողությունները փաստորեն չեն պասիվանալու, եթե նույնիսկ ինքը չմասնակցի ընտրություններին:  ՆԺԿ-ն շարունակելու է այցելել մարզեր եւ հանդիպել մարդկանց հետ, որովհետեւ իր ելույթները բավականաչափ ակտիվացնում են հասարակությանը: Այսօր այս մասին հայտարարել է Արամ Կարապետյանը: Նա նաեւ ասել է.

    "Կատեգորիկ կոչ եմ անելու չպաշտպանել գործող իշխանությանը: Իսկ  "Ա1+"-ի հարցին, թե արդեն իսկ ակնհայտ է, որ հեղափոխական զանգվածը հավաքվում է Տեր-Պետրոսյանի շուրջ, հնարավոր է, որ ինքը բարձրանա հարթակ, Արամ Կարապետյանը չի բացառել, ավելին, նույնիսկ շատ հավանական է համարել, որ կմասնակցի հանրահաքավաքներին: Նա իր խոսքում անընդհատ շեշել է, որ կկանգնի միայն իրական ընդդիմադիրների կողքին, ովքեր չեն ծախվի եւ ընտրությունների երկրորդ փուլում չեն լեգիտիմացնի Սերժ Սարգսյանի իշխանությունը: Արամ Կարապետյանն բնակության վայրի մասին իրեն փաստաթուղթ չտրամադրելու հանգամանքը համարում է քաղաքական պատվեր. "Քաղաքական պատվերի հեղինակներն են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, կատարողները` ԱԱ-ն եւ ոստիկանությունը":

    Արամ կարապետյանը շատ է կարեւորել միավորումը գաղափարի շուրջ, իսկ գաղափարն այսօր միակն է, ազատվել գործող իշխանությունից: Ինչ եք կարծում այս ամենի մասին?

    Կա գաղափարական այլակարծություն Հայաստանում?

    November 28, 2007

    Այսօր արդեն փողոցներում Նոր տարին եւ սուրբ ծնունդը շնորհավորող գովազդային վահանակներ կան, այսինքն Ամանորը մոտենում է: Մինչդեռ առաջիկայի մյուս կարեւոր` քաղաքացիական առաջին հերթին ու քաղաքական կարեւոր իրադարձության մոտ լինելը դեռ ամիսներ, ավելի շուտ` տարի առաջ էինք զգում: Հավանաբար սա այն պատճառով, որ շատ քաղաքական այրեր "ձեռ ու ոտ ընկած" հայտարարություններ էին անում առաջիկա նախագահականին իրենց առաջադրվելու եւ հաղթանակի հավանականությունների մասին: Ու հիմա, երբ մեկը մյուսի հետեւից հաստատում է իր արած հայտարարությունները, ոչ ոք անակնկալի չի գալիս, ինչպես եւ մեր երկրում անակնկալի չեն գալիս ընտրությունների արդյունքից:

    Այնուամենայնիվ, առաջարկելով ձեզ քննարկել վերջին օրերի անցքերի մասին, ուզում էի հարցնել ձեզ, ինչ եք կարծում, կա Հայաստանում գաղափարական այլակարծություն եւ առաջիկա նախագահականին առաջադրվող թեկնածուները ասում են ինչ-որ իրարից տարբերվող գաղափարներ, թե այլընտրանք են միայն իրար?

    Այս համատեքստում կուզենայի քննարկեինք նաեւ նախագահի թեկնածուների շանսերի մասին` առաջին փուլ հասնելու: Եվ այսպես, այսօր ԿԸՀ-ում արդեն գրանցվել է Ազգային միաբանություն կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, Արամ Կարապետյանն էլ պատրաստվում դատարանի միջոցով հաստատել արդարություն եւ առաջադրվել, շատերտ դեռ հույսը չեն կորցնում Ռաֆֆի Հովհաննիսյանին թեկնածու տեսնել, Վազգեն Մանուկյանը լուրջ է տրամադրված, Արթուր Բաղդասարյանը, Լեւոն Տեր-Պետրոսյան, Սերժ Սարգսյան, ՀՅԴ թեկնածուն,  Տիգրան Կարապետյան: Ինչ եք կարծում, ով ինչ ակնկալիքներով են առաջադրվում եւ կարդարանան արդյոք նրանց ակնկալիքները?

    Ոզում էի խոսեինք նաեւ վերջին օրերս դոլլարի կտրուկ արժեզրկման եւ վերջինիս տրամաբանական  կապի հետ առաջիկա նախագահականին:

    Ընտրությունները օն-լայն “Ա1+”-ի նոր կայքում

    November 24, 2007

    Սիրելի ընթերցողներ ու բլոգի ակտիվիստներ… ՀՀ նախագահի ընտրություններից 70 օր առաջ առաջարկում ենք Ձեզ նոր տեղեկատվական կայք-ռեսուրս, որը արդեն գործում է http://elections.a1plus.am հասցեում: Այս էջը ստեղծվել է հատուկ ընտրական գործընթացները բազմակողմանի ներկայացնելու համար եւ այնտեղ դուք կարող եք ծանոթանալ տարբեր կուսակցությունների, ՀԿ-ների, պետական կառույցների` ընտրական գործընթացին վերաբերող հայտարարություններին: Կայքը բացի լրահոսից ունի նաեւ թեկնածուներին նվիրված բաժիններ, որտեղ կտեղակայվի տեղեկատվություն թեկնածուների կյանքի, գործունեության, նրանց նախընտրական ծրագրի եւ այլնի մասին: Նաեւ կտեղադրվեն նրանց քարոզարշավի 1-1,5ր տեւողությամբ հեռուստահոլովակները: Կայքում կտեղակայվեն նաեւ սոցիալական հոլովակներ:Դրանք կարող եք գնահատել բալային սանդղակով:

    Մեր կայքը իրական հնարավորություն է տալիս Նախագահի թեկնածուներին, նրանց սատարող ուժերին` հասարակությանը հասցնել իրենց տեղեկատվությունը` անվճար ու հավասար հնարավորություններով: Ի դեպ, լրահոսի առաջին նորությունները երեւում են http://www.a1plus.am/ կայքում /նայեք մեր կայքի վերեւի աջ անկյունը-խմբ/ եւ սեղմելով համապատասխան վերնագիրը, անմիջապես կհայտնվեք ընտրական կայքում:

    Սպասում ենք նոր կայքի վերաբերյալ ձեր կարծիքներին, առաջարկներին ու մեկնաբանություններին, որովհետեւ ամենակարեւորը ձեր կարծիքն է: Եթե ինչ-որ թերություն կամ տեխնիկական խնդիրներ են առաջանում կայքը օգտագործելիս, դարձյալ գրեք մեզ այստեղ:  Շնորհակալություն: