6 տարի անց. “Ա1+”-ը դեռ եթերում չէ
April 2, 2008
Ա1+՚-ը դեռ եթերում է… Բայց ուղիղ կեսգիշերին սիրտը դադարեց բաբախել ու տեղը լցվեց սեւ խշշոցով: Ուղիղ 6 տարի առաջ, 2002թ ապրիլի 2-ին ՙԱ1+՚ անկախ հեռուստաընկերությունը զրկվեց եթերից: Նրա փոխարեն եթերում լցված խշշոշը այս 6 տարիների ընթացքում չդարձավ ՙԱ1+՚-ի ձայն: 2002թ ապրիլի 2-ին Հեռուստատեսային եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամների ձեռամբ հարված հասցվեց Հայաստանում խոսքի ազատությանը: Վերջին 6 տարիների ընթացքում Հայաստանն այդպես էլ չհայտնվեց այն երկրների շարքում,որտեղ խոսքի ազատության մակարդակը որակվում է ազատ: Այս տարիների ընթացքում ՙԱ1+՚-ը մասնակցել է հեռուստառադիոկապուղիների 12 մրցույթների , բայց այդպես էլ ՀՌԱՀ-ը/ բնականաբար ոչ միայն իր որոշմամբ/ նրան հնարավորություն չտվեց եթերում հայտնվելու:
ՙԱ1+՚-ի եթերազրկվեց 2003թ նախագահի ընտրություններից մեկ տարի առաջ: Այս փաստը շատերի համար սպասելի էր, շատերի համար` ոչ: Եթերեզրկմանը նախորդող օրը ՙԱ1+՚-ը ուղիղ եթերում վերջին հնարավորությունն էր տվել տարբեր քաղաքական հայացքների ու տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին արտահայտելու իրենց տեսակետը: Նրանք, ովքեր հյուրընկալվել էին ՙԱ1+՚-ի տաղավարներում, անկախ իրենց կուսակցական պատկանելիությունից` հայտարարում էին, որ ՙԱ1+՚-ը չպետք է եթերազրկվի: Բայց հակառակ սրան ու եթերազրկմանը հաջորդած`ՀՀ քաղաքացիների բողոքի ինքնաբուխ ակցիաներին ՙԱ1+՚-ը եթերազրկվեց:
Եթերազրկվեց, բայց չփակվեց: 6 տարի անց ՙԱ1+՚-ը շարունակում է հավատարիմ մնալ իր սկզբունքներին ու իր հեռուստադիտողին, այսօր` նաեւ ընթերցողին:
ՙԴիտեք մեզ, ճանաչեք Ձեզ՚…
ՙԿարդացեք մեզ, Ճանաչեք Ձեզ՚…
Ու բոլոր նրանց համար, ովքեր սիրում էին ու սիրում են մեզ, ՙԱ1+՚ դեռ եթերում է: Դեռ եթերում է, թեեւ մարդկային միջամտությամբ, ոչ թե բնական ճանապարհով 6 տարի առաջ դադարեց բաբախել հեռուստաընկերության սիրտը` բազմակողմանի, անաչառ, հրատապ տեղեկատվության փոխարեն հեռուստադիտողին հարկադրելով լսել սեւ խշշոց:

