Առանց մեկնաբանության

March 1, 2008

Շահումյանի հրապարակը այս պահին [19:51]

Վրայերթի ենթարկված կինը:

Մեկնաբանությունների բաժնում շարունակեք ծանոթանալ մյուս նորություններին:

Տեխնիկական խափանում

Գերծանրաբեռնվածության եւ հակերային հարձակումների պատճառով մեր կայքն այսօր շատ դժվարությամբ է բացվում: Առաջարկում ենք մեր տեսանյութերը դիտել դիտել ՙԱ1+՚-ի պաշտոնական youtube-ում` www.youtube.com/a1plusnews, իսկ նորությունները կարդալ ՙԱ1+՚-ի բլոգում` http://a1plus.blogsome.com/ եւ ընտրությունների վերաբերյալ հատուկ էջում`http://elections.a1plus.am/: Հայցում ենք Ձեր ներողմատությունը:

Մեկնաբանությունների այս բաժնում կարդացեք մինչեւ կեսօր տեղի ունեցած նորությունները:

Ինչ է իրականում կատարվում?

[10:01] 01 Մարտի, 2008

Այսօր առավոտյան ժամը 6.20-ի սահմաններում Ոստիկանության մի ջոկատ հարձակվել է Ազատության հրապարակում նստացույց հայտարարած խաղաղ մարդկանց վրա: Մահակներով սաղավարտավոր ոստիկանները հյուսիսային պողոտայի կողմից հարձակման են անցել, սակայն ստանալով արժանի պաշտպանություն, նահանջել են: Սակայն ավելի ուշ, արդեն 6.45-ի սահմանում բազմապատկած ուժերով կրկին հարձակվել են եւ դաժան ծեծի ենթարկել խաղաղ ցուցարարներին:

"Հիմա" էիր ասում. բա ինչի չես ասում",- ասելով ծեծում էին իրենց ընտրությունը պաշտպանող, արդար ընտրություններ պահանջող մարդկանց: Մեկ ժամվա ընթացքում ոստիկանությունը "ազատել" է "Ազատության" հրապարակը:Այրել են վրանները, ծեծել մարդկանց: Մեր ունեցած տեղեկություններով, մարդկանց մի մասը, որին հաջողվել է դուրս գալ "օղակից" շտապել է դեպի տարբեր երկրների դեսպանատների մոտ:

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը միայնակ մնացել էր կանգնած "Ազատության" հրապարակում եւ հայտարարել, որ ոչ մի տեղ չի հեռանա, եթե ուզում են կարող են իրեն ձերբակալել:Այդ ժամանակ մեծ քանակի զորքեր շրջապատել էին հրապարակը եւ նրա ողջ հարող տարածքը: Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարգսյանը անձամբ բռնի ուժով խցկել է մեքենայի մեջ եւ բռնի տեղափոխել Լեւոն Տեր-Պետրոսյանին իր առանձնատուն: Ձերբակալվածների մասին առայժմ տեղեւկություններ չկան: Օպարեյին հարող տարածքը` ՀԺԿ գրասենյակից սկսած շրջափակված է ոստիկանական ուժերով:

Տեղեկությունները ժամ-առ ժամ փոխվում են եւ վիճակը դեռ լարված է: Վերջին նորությունները կարդացեք մեր լրատվական կայքում: Ապա եթե դուք էլ որեւէ ինֆորմացիա ունեք, ականատեսն եք եղել դեպքերին կամ պարզապես ձեզ հուզող հարցեր ունեք, գրեք մեկնաբանությունների բաժնում: Անպայման կարձագանքենք:Շնորհակալություն:

Արթուր Բաղդասարյանը Սերժ Սարգսյանի կողքին է

February 29, 2008

"Օրինաց երկիր" կուսակցության նախագահ, Նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանն այս պահին համագործակցության հուշագիր է ստորագրում Սերժ Սարգսյանի հետ: Նրան առաջարկվել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, որն էլ Արթուր Բաղդասարյանն ընդունել է: Այդ մասին "Ա1+"-ին ասաց ՕԵԿ մամուլի քարտուղար Սուսաննա Աբրահամյանը: Հայտարարություն կտարածվի ավելի ուշ: Հիշեցնենք, որ երկու օր առաջ Սերժ Սարգսյանը ԱԺ-ում հայտարարել էր, որ կան ընդդիմադիր թեկնածուներ, որոնք համաձայնել են իր հետ համագործակցելու առաջարկին: Կարդացեք նաեւ այստեղ եւ այստեղ:

Ով ի վերջո տեղի կտա?

February 28, 2008

Թեեւ ընտրություններից, ընտրախախտումների ու շարունակական հանրահավաքներից հետո կարծես թե այլ թեմաներ ուշադրության կենտրոնում լինելու համար պիտի շատ "պայքարեն" բայց արի ու տես, լարված ու հակասական նորությունները իրար դեռ հերթ չեն տալիս:

Փորձելով հանրագումարի բերել դրանք, սկսում եմ նախ 26-ի հանրահավաքներից, դրանց արձագանքներից եւ շարունակվող հետեւանքներից:Այդ օրը մոտ 15 րոպեով մարդաշատ էր Հանրապետության Հրապարակում, ապա շարունակվող ժամերին մինչ երեկո ու գիշեր կրկին ավելանում էր մարդկանց թիվը Ազատության հրապարակում: Հանրապետականի հանրահավաք անելու իմաստը թեեւ շատերի կարծիքով պայծառափայլության տեսակետից ոչ այդքան նպատակակահարմար, բայց Սերժ Սարգսյանի ելույթի առումով տպավորիչ էր, մյուս թեկնածուների հետ "ընդհուպ մինչեւ կոալիցիոն կառավարություն համագործակցելու առաջարկը" մինչեւ այսօր լուրջ քննարկվող:

Լեւոն Տեր-Պետրոսյանի շարունական պայքարը Ազատության հրապարակում, շարունակական երթերն ու համակիրների շրջանում շարունակական ոգեւորությունը ուղիղ համեմատական ձերբակալությունների շարքին դեռ սպասողական վիճակում են պահում բոլորիս: Լավ է, հացադուլավորները դադարեցրին իրենց հոգեմաշ գործը… մեկ է բժշկական հսկաղություն չկար… Այնպիսի տպավորություն է, որ երկու կողմերից էլ սպասում են դիմացինի սայթաքմանը: Տեսնենք

Դաշնակցության նախարարական պորտֆելներից հնարավոր հրաժարականի հայտարարությունը, ՕԵԿ սպասողական վիճակը, Կարապետիչի հայտարարությունն ու դիմումը Սահմանադրական դատարան դիմելը "հեչ", բայց Գեղամյանը մեջ է ու մեջ: Ասել է, որ հավանաբար կընդունեի Սերժ Սարգսյանի առաջարկը:

Վերջին օրերի "փունջը" ամբողջական դարձնելու համար կարդացեք նաեւ պատգամավորներին հերթական անգամ ծեծի ենթարկելու եւ լրագրողի մասնագիտական գործունեությունը հերթական անգամ խոչընդոտելու մասին:

“Հիմա” մի բան է լինելու…

February 24, 2008

 

 

 

 

 

 

 

 

 

 

"Հիմա", հենց հիմա, հիմա արդեն որերորդ օրն անընդմեջ շարունակվում է "Հիման" ու "Պայքարը" Ազատության հրապարակում: Հազարավոր մարդկանց աննախադեպ ոգեորություններ, պոռթկումներ ու "մարտական" տրամադրության. ահա ինչին կարող ես ականատես լինել այս մի քանի օրերի ընթացքում: Հետաքրքրական է, որ օրինաչափություն է բազմաթիվ մտավորականների ներկայությունն ու վարակիչ ոգեւորող դատողությունները հրապարակում ու երթերին: Կարեւոր է նաեւ ընդդիմության` սադրանքից, ոչ կորեկտ ու անմտածված քայլերից խոսափելու տրամադրվածությունը:


 

 

 

 

 

Վճռական են ինչպես երբեւէ նաեւ երիտասարդությունն ու հատկապես ուսանողության մասսայական դասադուլերն ու ակցիաները: Իսկ կանանց երթը դեպի ռադիոտուն ու վճռականությունը արդեն կասկածից վեր են դարձնում այն, որ փոփոխություններ կլինեն…հիմա հստակ չէ ինչ (որովհետեւ երբ ոտքի են ելնում տիկնայք փափկասուն…): Իսկ 6 անձանց հայտարարած հացադուլը արդեն գագաթնակետն է… Բոլորի նյարդերը կրպված են, հատկապես ամեն փողոցների ամեն անկյունում "հանգրվածան" ներքին զորքերի… Չէ, հաստատ մի բան լինելու է…

 

 

 

 

 

Հետընտրական Հայաստան

February 22, 2008

ԿԸՀ նախնական արդյունքները  ուղիղ համեմատական անթիվ-անհամար ընտրկեղծիքների դեպքերին, ամբողջական են դարձնում վերջին օրերի "պատկերը": Առանձնացնեմ այս "պատկերից" մի քանի ամենահիշարժանները…

Դիտորդական առաքելության գնահատականները: ԵԱՀԿ`"ընտրությունները համապատասխանել են երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին, չնայած անհրաժեշտ են հետագա բարելավումներ գոյություն ունեցող մարտահրավերներն անդրադառնալու համար": Կարդացեք այստեղ ավելի ծավալուն տարբերակով:

Ապա չմոռանանք շնորհավորանքների տարափը ՀՀ նոր նախագահին… Դեռ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից, ապա Սոլանայի, Սարկոզիի, Սահակաշվիլու, շատ-շատերի կողմից, հեռուստացույց միացրեք, կտեսնեք ինչքան "բարեմաղթողներ" կան նոր նախագահին, Թուրքիայից նույնպես

Հետաքրքրական են նաեւ նախագահի թեկնածուների հայտարարություններն ու գնահատականները… Արման Մելիքյանի, Վազգեն Մանուկյանի, Արթուր Բաղդասարյանը դեռ սպասում է, Կարապետիչը հիասթափությունից էլ հեռուստացույց չի միացնում, Արամ Հարությունյանը երջանիկ է: Վահան Հովհաննիսյանը մեր երկրի քաղաքական կուրսի համար տարօրինակ, դեմոկրատական երկրներում ընդունված քայլ արեց` հրաժարականը զբաղեցրած պոստից, ինչը սովորաբար անում են բարոյական քաղաքական գործիչները ժողովրդի ոչ բավարար քվեներ ստանալուց հետո: Սակայն, հիշենք, որ ընտրակեղծիքներից մեծապես տուժել է նաեւ նա, այսինքն Վահանին վստահում է ավելի քան հարյուր հազար մարդ, ապա արդարացի չէ հրաժարականը "ժողովրդի անվստահություն" որակել, սա հավանաբար շատ այլ խորը ենթատեքստ ունի (հուսով եմ խոհեմորեն մտածված):

Ընդդիմությունն ու վերջինիս կազմին շատ եւ շատ այլ անհատների ու խմբերի միացումը շատ եւ շատ հիասթափված քաղաքացիների վերջին հույսն է: Նախ 20-ի մեծաքանակ հանրահավաքը` Մատենադարանից մինչեւ "Պոնչիկանոց", ապա երթն ու դարձյալ հանրահավաքը Ազատության հրապարակում: Հետո նաեւ նստացույցն ու շարունակական կարեւոր հայտարարությունները արդեն նյարդայնացնում են հակառակ կողմին: Փողոց դուրս գաս, ոստիկանության եւ ներքին զորքերի հատուկ գումարտակներն են ամեն խաչմերուկին, տանկերն են պակասում ողջ "կոմպլեկտի" համար, գուցե սա էլ սպասեցնել չտա: Գնում ես Ազատության հրապարակ, ոգեւորված ժողովուրդն է ու շատ-շատ ուսանողներ, որ քեզ ներշնչում է փոփոխություններ: Ապրենք, տեսնենք…

Ե.Գ. Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել ընտրությունների ընթացքում եւ հաջորդ օրերին լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու դեպքերին: Կարգին ժամանակներ են, չէ?

Ընտրակեղծիքները որպես ուղիղ ճանապարհ

February 20, 2008

Եթե գրող լինեի, հավանաբար կասեի, որ այդ օրը ի հեճուկս փողոցային հազիվ նշմարելի շարժի, շրջում էին միայն "ջիպազգի" ու "համերազգի" մեքենաներ ու այս ու այն կողմ հրահանգներ տալիս… Իրականում ամեն ինչ ավելի բարդ էր, քան դեդեկտիվներում ու սարսափելի էժանագին մեքսիկական հասարակաց տների պես…

Տարածքային գզիրները այնպես էին ուզում գոհացնել իրենց տերերին, որ գերակատարեցին ընտրակեղծիքների պլանը ու զրկեցին մեզ լեգիտիմ նախագահ ունենալու իրավունքից: Սարսափած ժողովուրդը, որ դարեր իր վեր վարժվել է "յոլա գնալուն", այս անգամ էլ վախեցավ…լափեց…նստեց…

Լսում էի արձագանքներ…"ինչու դիտորդները չեն արձանագրում ընտրակեղծիքները?": "Յոլա գնացող" ժողովուրդ, միջազգային դիտորդները չէ, որ պիտի քեզ համար երկիր կառուցեն… Դիտորդները մինչեւ ժամը 12-ը քնած էին Ծաղկաձորում, "փողերն" էլ տված էր, բա այդպես է…

Ե.Գ.Աբովյան քաղաքում, երբ ծեծված վստահված անձի դուռը ծեծեցինք, տանեցիները սարսափահար թաքնվել էին, կարծում էին իրենց հետեւից ենք եկել… Ծեծել էին այս մարդուն խախտման մասին արձանագրություն կազմել պահանջելու համար ու վախեցրել, որ ընտանիքիդ, թոռներիդ "հախից կգանք": Հենց նրա աչքերում տեսա իսկական ընտրությունները…

Ընտրությունները “Ա1+”-ի հետ…

February 19, 2008

Հարգելի ընթերցողներ, տեղեկացնում ենք ձեզ, որ "Ա1+"-ը այսօր աշխատելու է մինչեւ լույս եւ ընտրությունների ընթացքին կարող եք րոպե շուտ ծանոթանալ մեր լրատվական կայքում, ինչպես նաեւ ընտրությունների հատուկ բաժնում: Կիսվեք մեզ հետ ձեր կարծիքներով, մեկնաբանություններով, սպասում ենք ձեր տեսակետին եւ ինչու ոչ նորություններին մեկնաբանությունների բաժնում: Գրեք մեզ…

Ե.Գ. Լրատվական կայքի խափանումները պայմանավորված են կայքի գերծանրաբեռնվածությամբ ու "հարձակումներով": Հայցում ենք ձեր ներողամտությունը:

“Ցեխից դուրս եկած խոզի պատմությունը” եւ ՀՀ 9-ը նախագահացուները

February 17, 2008

Քարոզարշավի վերջին օրը եւ ընտրական գոռգոռոցների վերջին շունչը զգացնել է տալիս իրեն առավոտից, չէ, ավելի ճիշտ երեկվանից: Նախ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը որակվեց որպես վարչական ռեսուրսների օգտագործման գագաթնակետ եւ ամբողջություն, ապա միաշանակ քննադատվեց թեկնածուներից մեկի օգտին քարոզչությունն ու մյուսի օգտին` հակաքարոզչությունը (վերջինին պատասխանը չուշացրեց Տեր-Պետրոսյանը)

Բայց կարեւորությամբ հանրահավաքներն ու բազմամարդ այլ ակցիաները չէին զրջում նախագահ Քոչարյանի հարցազրույցին: Ավելին, տեսնելով, որ Սերժ Սարգսյանի հանրահավաքը նկարահանում էին ամեն հեռուստաընկերությունից առնվազն 7-8 օպերատոր, այսինքն համարյա ողջ կազմով, ենթադրում եմ, որ վերջին օրերի կարեւորագույն իրադարձությունը հենց սա էր: Մարզերից բերված ժողովրդի քանակն ու շփոթմունքն էլ առավելագույնս կարեւորացնում էին իրադարձությունը, վերջում տեղի ունեցած վթարներն էլ` լրջացնում:

Մյուս կողմից, Ազատության հրապարակը լցնելու կամ ավելի հայկական տարբերակով` "փակել տալու" (մի ժամանակ ռեստորաններ էին փակում, իրենց լեզվով ասած`օբյեկտներ, հիմա դե նորաձեւությունը հրապարակների կողմն է) առումով Լեւոն Տեր-Պետրոսյանի ու նրա թիմի ռեկորդները կարծես թե առաջատար դիրքերում մնացին: Շաբաթ օրվա հանրահավաքը, ապա երթը եւ բազմամարդ էր, եւ զգացմունքախառը շոկային, եւ ի վերջո ժողովրդի պոռթկումներով լի

Թեկնածուներից Արթուր Բաղդասարյանը քարոզչության վերջին օրը ամփոփեց Գյումրիում` ասելով, որ Շիրակի հող ու ջրի զավակն է: Սակայն պակաս հետաքրքիր չէր նրա Երեւանյան շտաբի հայտարարությունը:

Վահան Հովհաննիսյանը ամփոփեց երիտասարդության հետ հանդիպմամբ: "Իմ հետեւում երիտասարդներ են, առջեւում նույնպես երիտասարդներ են, ես նահանջելու տեղ չունեմ",-ասաց: Անցել են այն ժամանակները, երբ Հայաստանում թերագնահատում են երիտասարդության ներուժը, եւ սա ցույց տվեցին բոլոր թեկնածուները, բայց ապացուցեց "թեզը" ՀՅԴ-ն` ողջ քարոզարշավի ընթացքում, նաեւ վերջում:

Վազգեն Մանուկյանը` Օշականում, Գեղամյանը`հեռավոր գյուղերում հարսանիքին, Արամ Հարությունյանն ու Արման Մելիքյանը ասուլիսներին, քարոզարշավի ընթացքից իրենց վերաբերմունքը հայտնելիս, ահա այսպես ամփոփեցին իրենց քարոզարշավը մյուս թեկնածուները:

Տիգրան Կարապետյանի Մատենադարանի մոտ մոմավառությունն ու ընտրողների հետ հանդիպումը ամենավառն ու սիրառատն էին: "Ով ասում է, որ սեր չկա, թող մտածի, թե ինքը որտեղից ա ծնվել: Այն խոստումները, որոնք նրանք շռայլում են, կարելի է փոխարինել մեկ խոսքով` ես ձեզ սիրում եմ եւ ծառայելու եմ ձեզ: Եթե չլինի սերը, չի լինի ոչ մի բան",-ասաց:

Ե.Գ.Ինձ համար քարոզարշավի "ժողովդական" ամփոփումը խմբագրության շենքի պահակների խոսակցությունն էր, որ ուշ երեկոյան տուն գնալիս պատահաբար լսեցի: "Մեղք ա ժողովուրդը, գոնե էս անգամ չկոտրեն, չնայած ցեխից դուրս եկած խոզը ավելի պինդ ա քաշում խալին, սաղ թափում ցեխը, էդ թեկնածուներից ոչ մեկը չի զիջի…",-ասաց մեկը, մյուսը թե. "է… ախպեր, ով էշ, մենք փալան…"