“Մարտի 1-ի” 9-րդ եւ 10-րդ զոհը

April 14, 2008

"Միքայելյան" հիվանդանոցում ապրիլի 11-ին մահացել 19-ամյա զինծառայող Տիգրան Աբգարյանը, ով վիրավորվել էր մարտի 1-ի լույս 2-ի գիշերը: Բժիշկները չեն կարողացել փրկել երիտաասարդի կյանքը, որը, ունեցել է պարոնոցային 6-րդ, 7-րդ ողների հրազենային-բեկորային կոտրվածքներ, իսկ վիրահատության ժամանակ պարզվել է, որ վնասվել է նաեւ ողնուղեղը: Ի դեպ, մարտի 4-ին ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ զինված ուժերից զոհեր եւ վիրավորներ չկան:

Այսօր մահացել է մարտի 1-ի իրադարձությունների հետեւանով վիրավոր Արարատի մարզի Լուսառատ գյուղի 29-ամյա բնակիչ Սամվել Հարությունյանը: Նա զինվորական չէր: Հարությունյանի ստացած հրազենային վնասվածքները բավականին խորն էին` վնասվել էր նրա գանգուղեղը, եւ ինչպես "Ա1+"-ին տեղեկացրեց Առողջապահության նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ռուսլանա Գեւորգյանը, նա առաջին օրվանից շատ ծանր վիճակում է եղել. միայն վերջին օրերին էր սկսել ինքնուրույն շնչել, եւ արհեստական շնչառության սարքավորումն անջատվել էր:

Թեեւ Սամվել Հարությունյանը գիտակցության այդպես էլ չեկավ, բայց վերջին օրերին արձագանքում էր արտաքին ազդակներին. մասնավորապես, երբ գդալը մոտեցնում էին բերանին, նա անգիտակից վիճակում բերանը բացում էր: Ապրիլի 11-ին նրա վիճակը կտրուկ վատացել է, եւ նա անմիջապես տեղափոխվել է "Արմենիա" բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, որտեղ էլ ժամը 19-ի սահմաններում մահացել է:

Մարտի 1-ի դեպքերից հետո դեռ 3 հոգի շարունակում են հիվանդանոցում գտնվել, որոնցից մեկի վիճակը հատկապես ծանր է. նա "Էրեբունի" բժշկական կենտրոնում է, նրա վիճակը կայուն էր, սակայն հանկարծ նկատվել է սեպսիս եւ վիճակի կտրուկ ապակայունացում: Նա կրկին տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք:

Երիտասարդներից մյուսը վաղը դուրս է գրվելու հիվանդանոցից. նա ուներ հրազենային վնասվածք` ոտքի կոտրվածք: Նրա ոտքը դեռ գիպսի մեջ է, սակայն արդեն թույլատրվում է անցնել ամբուլատոր բուժման: Գր. Լուսավորիչ հիվանդանոցում գտնվող տուժածի վիճակը կայուն է, բայց առայժմ դուրս գրվելու մասին խոսք չկա:

Հաջորդը ես եմ կամ դու

June 2, 2007

Լեւոն Գուլյանը  իրավապահ մարմինների միակ զոհը չէ: Վերջին տարիներին ոստիկանատներում ու մեկուսարաններում սպանվածների թիվը մեկ տասնյակը անցնում է: Այդ դեպքերի մասին կարդալիս նկատեցի Գուլյանի միջադեպին խիստ նման մեկը.

1998 թ-ին Աբովյան քաղաքի Ներքին գործերի վարչությունում սպանվել է Էդուրադ Վարդանյանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության` նա, փորձելով փախչել 3-րդ հարկի պատուհանից, ընկել եւ մահացել է: Ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել:

Բոլոր միջադեպերի ցուցակը հրապարակել է "ԱրմենիաՆաուն", որտեղ 7 դեպերում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել եւ միայն 3 դեպքում է չնչին պատիժ նշանակվել իրավապահներին, այն էլ պայմանական:

Առավել դաժաններից ու անհայտներից է 17-ամյա Սամվել Վիրաբյանի միջադեպը, ում 1997-ին Երեւանի Նոր Նորքի ՆԳ բաժին վերման են ենթարկել եւ մի քանի օր անց ծնողներին հանձնել նրա դիակը` բռնության ակնհայտ հետքերով: Էլի ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել:

Երկու միջադեպերում էլ 23-ամյա Գալուտ Դիլանյանի եւ Բաբկեն Սողոմոնյանի դեպում էլ պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ ինքնասպանություն են գործել` կախվելով:

Երեկ հրապարակված Գուլյանի դիակի դատաբժշկանան փորձաքննության եզրակացությունում ասվում է, որ Գուլյանի մահը պայմանավորված է կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներով: Ի դեպ, այնտեղ չի խոսվում ընկնելուց առաջ մարմնական վնասվածքների մասին, այնինչ Գուլյանի հարազատները պնդում են, որ միջադեպի նախօրեին Գուլյանը ծեծված է տուն վերադարձել:

Վերջին ժամանակներս շրջանառվում է այն վարկածը, որ իրոք հնարավոր է Գուլյանը փախուստի դիմելու անհոջող փորձի հետեւնաքով զոհված լինի` այն պատճառով, որ մայիսի 9-ի սպանության գործով նա հավանական կասկածյալ էր (իր ընկերների դեմ ցուցմունք չէր տա) եւ ոստիկանները հուշել են, որ աչքերը կփակեն վերջինիս փախուստի վրա:

Ի դեպ, "Առավոտը" գրում է դատախազության հայտարարության ապատեղեկատվության մասին, ըստ որի Գուլյանը հարցաքննվել է 1-ին բաժնի պետ Գեւորգ Թադեւոսյանի եւ նույն բաժնի պետի տեղակալ Արայիկ Մգոյանը, Երբ Գուլյանը ջուր է խնդրել Ա. Մգոյանից,  եւ երբ վերջինս ջուր բերելու համար դուրս է եկել, նա, միայնակ մնալով բաժնի պետի աշխատասենյակում, փորձել է պատուհանից փախուստի դիմել, սակայն վայր է ընկել ու մահացել: Սակայն իրականությունն այն է, որ Գուլյանը վայր է ընկել ոչ թե բաժնի պետ Գ. Թադեւոսյանի, այլ նրա տեղակալի, փոխգնդապետ Արայիկ Մգոյանի աշխատասենյակից: Դա փաստել են նաեւ լրագրողները, ովքեր ՀՀ ոստիկանության հրավերով եղել են դեպքի վայրում:

Խճճված է պատմությունը եւ սպասել է պետք փորձաքննության մյուս արդյուքներին: Այնուամենայնիվ, ինչպիսին էլ այն լինի, Լեւոն Գուլյանի սպանության համար պատասխանատու են իրավահապ մարմինները, մահվան դեպքն արձանագրվել է ոստիկանության շենքում: Ի վերջո, անպաշտպան են մենք` ՀՀ քաղաքացիներս, իրավապահ կառույցում: Աբսուրդ է… Հաջորդը ես եմ կամ դու…

Նկարը "Արմենիանաու"-ի` Գուլյանի ընտանեկան ալբոմից: