Սգո երթից առաջ եւ հետո

March 22, 2008

Մարտի 21-ի սգո երթը ավարտվեց ձերբակալություններով. զոհերի հիշատակին նվիրված երեկվա սգո երթի ընթացքում Ոստիկանությունը բերման է ենթարկել 6 մարդու: Աժ "ժառանգություն"  խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Լարիսա Ալավերդյանը եւ Անահիտ Բախշյանը երեկ մինչեւ ուշ երեկո Ոստիկանության կենտրոնի բաժնի մոտ էին` պարզելու համար, թե ինչ հիմնավորմամբ են սգո երթի մասնակիցներին բերման ենթարկել:  Այսօր Զարհուի Փոստանջյանը "Ա1+"-ին տեղեկացրեց, որ բերման ենթարկվածներից 4-ին, Ոստիկանությունում օրենքով սահմանված ժամանակից երկար պահելուց հետո, հայտնել են որ վարչական տույժի են ենթարկվել անօրինական միջոցառման մասնակցելու համար, իսկ 2-ին` Սառաջանյան էդուարդին եւ Սեմիրջյան Հակոբին տարել են Դատախազություն` մեղադրանք առաջադրելու համար:

"Մոտ 40 րոպե Դատախազությունում նրանց պահելուց հետո ազատ արձակեցին` առանց հարցաքննելու: Այսօր նրանց կրկին հրավիրել են Դատախազություն` որպես վկա հարցաքննելու համար",-ասաց տիկին Փոստանջյանը:Նա նաեւ նշեց, որ երեկ ոստիկանության աշխատակիցները սգո երթի ժամանակ շարունակում էին նկարահանել երթի մասնակիցներին, որպեսզի պարզեին, նրանք մասնակցել են մարտի 1-ի միջոցառմանը, թե` ոչ: Ոստիկանություն բերման ենթարկված այն քաղաքացիները, ովքեր վարչական տույժի են ենթարկվել, պետք է տուգանվեն 50-ից 100. հազար դրամով: Ի դեպ, վարչական տույժի է ենթարկվել նաեւ երեկ Ոստիկանության կենտրոնի բաժին բերման ենթարկված Լեւոն Տեր-Պետրոսյանի քրոջորդին` Առաքել Սեմիրջյանը, որը Ոստիկանությունում պահվել է 9 ժամ եւ ազատ Է արձակվել միայն երեկոյան: 

Նշենք, որ երեկ սգո երթը Ոստիկանության կողմից դադարեցվեց Մաշտոցի պողոտայում` Մարգարյանի անվան հիվանդանոցի մոտ: Այստեղ ոստիկանները պատ կազմեցին եւ բարձրախոսով հայտարարվեց. "Ձեր երթը անօրինական է, դադարեցրեք": Երբ ոստիկանները տեսան, որ երթի մասնակիցները շարունակում են առաջ քայլել, նրանց առաջարկեցին անցնել դիմացի մայթ, իսկ մինչ այդ հասցրեցին փակել նաեւ դիմացի մայթը: Բազմաթիվ խմբերի բաժանելով երթի մասնակիցներին` ոստիկաններն այսօր նրանց ցրեցին` երթի ավարտին: Երթի մասնակիցները Մաշտոցի պողոտայով փորձում էին վերադառնալ օպերայի շենքի մոտ, որտեղից էլ սկսել էին տարերային երթը: Երթի մասնակիցներին, որոնք սեւ ժապավեններով եւ մոմերով Ազատության հրապարակից Հյուսիսային պողոտայով, ԱԳ նախարարության, դատախազության շենքերի մոտով հասել էին Մյասնիկյանի արձանի մոտ, չկարողացան նաեւ մոտենալ արձանին` ոստիկանական արգելքի պատճառով: Կարդացեք սգո երթի մանրամասները այստեղ, այստեղ եւ այստեղ: