Ադրբեջանցին բռնվել է ԼՂՀ սահմանը հատելիս

August 3, 2007

"Պանարաման" գրում է, որ երեկ ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հյուսիս արևելյան ուղղությամբ, ղարաբաղյան կողմն անցնելիս ձերբակալվել է Ադրբեջանի մի քաղաքացի: ԼՂՀ ռազմագերիների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովից հայտնել են,որ ձերբակալվածն իր մոտ անձը հաստատող փաստաթղթեր չի ունեցել: Ադրբեջանցու ներկայացմամբ, ինքը Ալիև Անար Մարիֆն է, ծնված 1978 թվականին ադրբեջանական Միր-Բաշիր քաղաքում, որտեղ և ապրել է:

ԼՂՀ համապատասխան մարմիններն  ուսումնասիրում են Ադրբեջանի քաղաքացու կողմից ղարաբաղյան կողմն անցնելու պատճառներն ու շարժառիթները: Տեղի ունեցած դեպքի մասին տեղյակ է պահվել ԵԱՀԿ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ղարաբաղում հավատարմագրված գրասենյակներին: Կարմիր Խաչի Ստեփանակերտի գրասենյակի ներկայացուցիչներն արդեն այսօր այցելել են ձերբակալվածին, ով նամակ է հանձնել նրանց խնդրելով փոխանցել իր հարազատներին: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքում է այդ տեղեկատվությունը, նշելով, որ Ադրբեջանի զինված ուժերում նման անուն ազգանունով զինծառայող չկա:

Նկատե՞լ եք` վերջին ժամանակներս ինչ-որ շատ ադրբեջանցիներ են շեղվում սահմանին… Ի՞նչ եք կարծում, սա Ադրբեջանի նոր քաղաքականությու՞նն է (եթե այդպես է, նպատակը չեմ հասկանում), թե այնուամենայնիվ պատահականությունների շարան է, որ մեզ մոլորության մեջ է գցում կամ էլ ուրիշ բան է…

Կարդացեք նաեւ` ԼՂՀ սահմանը հատած ադրբեջանցիների այլ միջադեպերի մասին այստեղ եւ այստեղ: