Արդեն հայտնի է Հայաստանի այս տարվա գեղեցկուհին. "Միսս Հայաստան 2007" տիտղոսին արժանացել է երեվանցի 18 ամյա Մարգարիտա Սարուխանյանը: Նրա մասին. հասակը 174սմ է, սիրում է պար, թենիս, երաժշտություն: Մրցույթի ժամանակ մոտ մեկ րոպե չի կարողացել ասել, թե ինչ կարգախոսով ու նպատակով է մասնակցում մրցույթին, ի վերջո ասել է. "Իմ կարգախոսն է չհուզվել. միշտ առաջ": "Ա1+"-ի թղթակցի հողորդմամբ առաջին գեղեցկուհու ընտրությունը հանդիսատեսի մեջ դժգոհության ալիք է բարձրացրել. նրա անունը հնչելուց հետո դահլիճում ոչ թե բուռն ծափողջյուններ ու ուրախության բացականչություններ են եղել, այլ բոլորը շտապել են դուրս գալ: Ասվում է, որ մարդիկ խմբերով դուրս են եկել նաեւ ողջ երեկոյի ընթացքում:
Երկրորդ մրցանակին արժանացել է Սվետլանա Միրժոյանը, ով մրցանակը ստանալուց հետո անմիջապես լքել է բեմը` շատերի մոտ տպավորություն ստեղծելով, թե նեղացել է: Հետո պարզաբանել է, որ ոտքն էր ցավում:Իսկ "Միսս մամուլ" մրցանակին արժանացել է Արփինե Աթոլյանը:
Բուն մրցույթը զվարճալի ընթացք է ունեցել: Չի եղել սցենար. հաղորդավարները հիմնականում "իմպրովիզացիա" են արել եւ ամեն պատեհ-անպատեհ առիթներով հիշել հովանավորների հսկայական ցուցակն ու սկսել ոչ միայն թվարկել նրանց, այլեւ ներկայացնել նրանց մի էջանոց գովազդը: Հանդիսատեսի համար մի քանի դրվագներ այդպես էլ անհասկանալի են մնացել: Օրինակ` գեղեցկուհիները բեմ են բարձրացել ռոք երաժշտության հնչյունների տակ` ազգային տարազներով, հայկական պարային շարժումներով:
Իսկ աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Հացագործյանի ելույթի ընթացքում բեմի վրա սարսափելի իրարանցում սկսվեց, որը թույլ չտվեց լսել նրա կատարումը: Այդ ժամանակ գեղեցկուհիները սկսել են լքել բեմը, ու նրանցից յուրաքանչյուրը բեմից հեռանում էր ինչպես ուզում էր: Օրինակ՝ 4-րդ համարի գեղեցկուհին բավականին անհարգալից պահվածք ուներ՝ ծիծաղում էր, խոսում կողքի աղջիկների հետ, ամեն կերպ փորձում իր վրա ուշադրություն հրավիրել: Ամենազավեշտալին էլ եղել է հետո, երբ Հասմիկ Հացագործյանի ելույթի ժամանակ էկրանին հայտնվել փոքրիկ արջուկի՝ պանդայի նկարը: Ամբողջ դահլիճը, մոռանալով աշխարահառչակ երգչուհու հրաշալի կատարումը, սկսել է բարձր ձայնով անզուսպ ծիծաղել:
Ինչ վերաբերում է գեղեցկուհիների ինտելեկտուալ կարողություններին, ապա նրանցից ոչ մեկը առանձնապես չի փայլել: Նրանցից մեկը օրինակ` այդպես չի կարողացել պատասխանել ժյուրիի այն հարցին, թե ով է Օպերայի շենքի ճարտարապետը: Կարճ ասած` մյուս մանրամաները չպատմեմ, կարդացեք այստեղ եւ այստեղ էլ վիդեն դիտեք:
Մի քանի օր առաջ "Առավոտը" մի նյութ էր հրապարակել, որտեղ խոսում էր "Միսս Հայաստան 2006-ի" մասնակիցներից Մարինա Կարապետյանը եւ պատմում էր, թե ինչ է կատարվում այնտեղ, որ էկրանին ցույց չի տրվում եւ չի ասվում: Հետաքրքիր է, կարդացեք, մեջբերում եմ.
"Չեմ խոսի վաղուց արդեն ծեծված ու մարսված թեմաներից, ինչպիսին է, օրինակ՝ «թագը նախօրոք պատկանում է, հետո կազմակերպվում է մրցույթը»: Այստեղ հատկանշական է այլ երեւույթ. աղջիկները դիտվում են գլխաքանակով, հաճախ նույնիսկ՝ փաթեթներով: Իհարկե, նմանատիպ ցանկացած մրցույթ աշխարհում իր մեջ ներառում է խոշոր գումարների շրջանառություն եւ եկամուտներ: Մեր երկրում էլ դա կազմակերպվում Է գումարներ վաստակելու նպատակով, բայց եւ այնպես, իր որակի ու մակարդակի առումով հայտնված է ստորին վերջույթներում: 2006թ. «Միսս Հայաստանի» համար հովանավորչական յուրաքանչյուր փաթեթը կազմում էր շուրջ $1000: Մեկ-երկու հովանավոր ձեռք գցելով, մասնակիցների սննդի եւ քնելաժամի «zip» էկոնոմիայի հաշվին էլ կազմակերպվում էր մրցույթը. հազիվ շոու-ներկայացում, որ բեմում «միայն թե մի բան ցուցադրվի», ոչինչ, որ դահլիճում միայն հրավիրված ծնողներն են: Ստացվում է՝ շատ փոքրիկ գումարի համար, ամբողջ երկրին խառնում են իրար":
Նախապատրաստական օրերին Կարեն Արիստակեսյանը հայորդաց օրիորդների գլուխը կլցնի այնպիսի հանապազօրյա խոստումներով, ինչպիսին, ասենք, «կմասնակցեք 100 տարին մեկ կազմակերպվող «Միսս Չուչա-մաչուչա» մրցույթին, որի հաղթողը կստանա բոլոր մոլորակներով անվճար երթեւեկելու ուղեգիր, իսկ ինքը՝ Արիստակեսյանը, ամեն ինչ կանի, որ դա լինի հայուհի»: Աղջիկները լայն բացված աչքերով կզարմանան, կհիանան «մեծ պապայի» ընձեռած հնարավորություններով, հետո կլսեն դիետայի մասին դեկլարացիա, կուտեն խաշած խմորը, կկռվեն հացի համար, ուտելիք կթռցնեն խոհանոցից ու սենյակում իրար կբզկտեն սնունդը բաժան անելիս, գիշերը երկու ժամ կքնեն, կքայլեն ամբողջ օրը, կգունատվեն, կդեղնեն, կկանաչեն, հետո զսպանակաձեւ ճոճուն մարմիններով դուրս կգան բեմ: Մի օր էլ Արիստակեսյանը կփորձի բացահայտել ձեր ներաշխարհը: Անվանի արվեստագետների կկանչի, կհավաքի մասնակիցներին, խելոք ու խորը հարցեր կպահանջի, իսկ ինքը կնստի հյուրի կողքը ու, չլսելով հյուրին, կսկսի օպերատորին աչքերով ցուցումներ տալ՝ ում նկարել:
Վերջում նա ասում է, որ աղջիկները մեղովոր չեն այս անշուք եւ կուլմինացիայից զուրկ ֆարսում ու փաստ է, որ շատ աղջիկներ կցանկանային ճեմել մրցույթի բեմահարթակում, ինչու չէ, նաեւ դառնալ թագակիր, թեկուզ՝ նախօրոք որոշված:
Փաստ է, թե ինչ նյութական ու ֆիզիկական պայմանների, հոգեբանական խիստ ճնշման, վերաբերմունքի, թիկունքից ու առերես վիրավորանքների ներքո է դա արվում: Թույլ մի տվեք համոզել, թե կարեւորը մասնակցությունն է. իրականում ակամա ու անվճար խաղում եք շոու-ներկայացման մեջ՝ որպես ֆոն ու դեկորացիա:
Ե.Գ. Ուզում եմ քննարկենք, թե Ձեզ դուր է գալիս մեր առաջին գեղեցկուհին? Ինչ եք մտածում վերեւում ասվածի մասին եւ ինչ եք մտածում գեղեցկության մրցույթների մասին առհասարակ?