Մահափորձ Տեր-Պետրոսյանի նկատմամբ

February 6, 2008

Այսօր Արարատի մարզի Արտաշատ քաղաքում ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ իրականացվել է մահափորձ. նրա ուղղությամբ է նետվել հսկայական սառցե կտոր. բարեբախտաբար առաջին նախագահը չի վնասվել: Փոխարենը նրա անվտանգության ծառայության պետի տեղակալն է մարմնական լուրջ վնասվածքներ ստացել. նախնական տեղեկություններով` կոտրված է նրա ծնոտը:

Այս պահին նա գտնվում է Արարատի ոստիկանությունում, որտեղ ցուցմունք է տալիս դեպքի կապակցությամբ: Իսկ ամեն ինչ սկսվել է հանրահավաքի ժամանակ: Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման եկած բնակիչները մատնացույց են արել մի քանի կնոջ, ովքեր 5000 դրամի դիմաց պարտավոր էին սադրանք կազմակերպել, ինչը բարեհաջող իրականացրել են: Դրանից հետո առանց պետհամարանիշի ավտոմեքենայից իջած երիտասարդներ սկսել են քարեր նետել դեպի հարթակ, նույնիսկ բետոնի կտորներ: Ապա կռվի են բռնվել թիկնապահներից մեկի` Սարգիսի հետ, ում հասցրել են ծանր մարմնական վնասվածքներ:

Լեւոն Տեր-Պետրոսյանն ուղղակի բարձախոսով հայտարարել է. "Սա ուղղակիորեն մահափորձ էր իմ դեմ, եւ այն ինչ կատարվեց` Մխչյանի Մկան կազմակերպածն է": Հետագայում պարզվել է, որ անկարգություններ սադրողը Ջոնիկ Աբրահամյանի` Հովիկ Աբրահամյանի եղբորորդին է: Տեր-Պետրոսյանը հրապարակայնորեն պահանջելէ քրեական գործ հարուցել փաստի առթիվ:

Ի դեպ, առանց պետհամարանիշի ավտոմեքենաների առկայությունը տեսել են տեղում գտնվող մի քանի ոստիկաններ, որոնք չեն պաշտպանել կարգուկանոնը: Տեր-Պետրոսյանը դիմել է մարզպետին` Ալիկ Սարգսյանին, ասելով, որ ինքն է պատասխանատու կատարվածի համար: Մարզպետը բարձրացել է հարթակ եւ հայտարարել, որ ես չեմ նկատել այդ անկարգությունը, իսկ երկու-երեք ոստիկանները չեն կարող տեսնել ամեն ինչ. ամեն ինչ ավարտվելուց հետո մարզպետը հայտարարել է. "այս պահից ես եմ պատասխանատու կարգուկանոնի համար եւ կոչ է արել զսպվածության": Բայց նույնիսկ դրանից հետո լեզվակռիվը շարունակվել է:

Տեր-Պետրոսյանը գնացել է Արտաշատի ոստիկանություն եւ տեղեկացրել անձամբ ոստիկանապետին, որ նա պարտավոր է պաշտպանել իրենց անվտանգությունը:

Ինչ եք կարծում, այս ինչ կատարվում ընդդիմության շարքերում? Արթուր Բաղդասարյանի հայտարարությունը` իրեն սպանել սպառնացողների, Տեր-Պետրոսյանի հետ կապված այս միջադեպը…

Միջադեպի իրական պատկերը արձանագրել է "Ա1+"-ի տեսախցիկը:Դիտեք այն այստեղ եւ այստեղ: