Ոսկեղենիկ հայոց լեզվի եւ բլոգում կարգ ու կանոնի մասին

May 10, 2008

Անկասկած հայոց լեզվի ճկուն լեզվական հնարավորությունների պարագայում բառերի նորաձեւությունը առերես ոչ առաջնային, բայց ակնհայտորեն գոյություն ունեցող երեւույթներ են: Եւ ակնհայտ է, որ գոյություն ունի նաեւ պիտակավորում հասկացությունը:Պարզից էլ պարզ է, որ երբ, հայոց լեզվի ոսկեղենիկ լեզվական ճկունությունները շրջանցելով, օգտագործում ես մինչ այդ արդեն մի քանի անգամ ինչ-ինչ շահագրգիռ անձանց կողմից օգտագործված բառեր, պիտակավորումը անխուսափելի է:

Օրինակ` անվիճելի փաստ է, որ “քաղբանտարկյալ”, “ազատություն”, “պայքար” բառերը օգտագործելու դեպքում դու նվազագույնը ընդդիմադիր ես կամ էլ ծայրագույն դեպքում` ավազակ ու ազգի խուժան կարող ես դուրս գալ: Բայց սա դեռ ամենը չէ: Փորձեք օգտագործել օրինակ “առաջ” կամ “հին ընկեր” կամ էլ գոնե “դրամավարկային քաղաքականություն”: Սա էլ հեշտ չի մարսվի:

Բառապաշարային այս կապկություններում հավանաբար ամենադժվարը լրագրողի խնդիրն է, ու երբ փորձում ես պարզապես կատարել քո մասնագիտական պարտականությունները` անկողմկանալ նյութ գրել, բախվում ես “լինել-չլինելու այս ծայրագույն գոյությանը”. կամ պիտի այնպիսի բառերով գրես, որի տակ ենթատեքստ գտնել հնարավոր չէ (իսկ մեր լեզվամտածողության պարագայում գրեթե անհնար է այդպիսի բառեր գտնել, հատուկ ճշտել եմ լեզվաբաններից) կամ էլ պիտի համակերպվես կիտակավորման հետ եւ ստանաս մի այդպիսին “դոշի բրոշկա”:

Քիչ ավելի բառապաշարային կողմից եթե անցնենք բովանդակության, ապա պիտակավորում են ստանում նաեւ այն լրատվամիջոցները, ովքեր փորձում են ամբիոն տրամադրել գոյության իրավունք ունեցող բոլոր կողմերին եւ չվախենամ այդ բառից` ընդդիմությանը: Ու եթե գրում ես այն, ինչ եղել է, հաստատ մեկը կգտնվի, որ խոսքդ “թարախություն” կհանի, առանց վերլուծելու ,թե որն է գրողի մեղքը, եթե իրադարձությունն է “թարախ”:  

Հաճախ վերընթերցում եմ ձեր մեկնաբանությունները եւ փորձում եմ հասկանալ, թե ինչով եմ արժանացել ձեր կշտամբանքներին ու պիտակավորմանը: ՉԷ, պարզից էլ պարզ է, որ բլոգում չկան նյութեր, որոնց ընթերցումից մի խումբ մարդկանց սրտերը հովանալու է եւ հայհոյախառն պարզավանքներից կյանքի նկատմամբ իմունիտետը բարձրանալու: Ոչ մի “հակա” կամ “համար” նյութեր չենք էլ պատրաստվում գրել, սա մեր խնդիրը չէ:

Բայց զարմանում եմ` ինչու եք վրդովվում “ազատությունից”(ներողություն արտահայտությանս համար): Եթե ձեզ տրված է հնարավորություն քննարկելու, քննադատելու եւ ձեր ասելիքը լայն զանգվածներին հասցնելու, ուրեմն ինչումն է խնդիրրը? Առնվազն ստրկամտություն է ազատությունը ամենաթողության վերածելը եւ իմ այն համոզմունքը, թե բլոգում հավաքված են լուրջ, քաղաքականապես հասուն եւ հստակ քաղաքացիական դիրքորոշմամբ մարդիկ, կամաց-կամաց ի չիք է դառնում:

Իհարկե, չեմ ժխտում, որ այստեղ գրում են նաեւ "վարձու ակտիվիստներ” եւ առնվազն միամտություն կլինի ձեր կողմից կարծելը, թե բլոգը վարելով, նմանատիպ ինֆորմացիայի չեմ տիրապետում եւ չեմ հասկանում` “ով ում ջրաղացին է ջուր լցնում”, բայց անգամ այս պարագայում հավատացած եմ, որ կառուցողական բանավեճեր եւ քննարկումներ իրոք հնարավոր են, ի վերջո, հենց այս զանգվածի գոյությամբ պայմանավորված:

Վերջին 2 օրվա ընթացքում, գուցե ժամանակավորապես, մեկնաբանությունների բաժնում հաստատման կարգ ենք մտցրել եւ բազմաթիվ մեկնաբանություններ, որ քիչ առաջ հաստատեցի, ասում են, որ “լավ եք արել կամ վատ, որ գրաքննություն եք մտցրել”: Գրաքննություն է արդյոք այն, որ բազմաթիվ զգուշացումներից հետո կարգ ու կանոն ես մտցնում բլոգում եւ ոչ սահմանափակում ինչ-ինչ անձանց ասելիքը? Եթե այո, ես հակված եմ համակերպվել ձեր բոլոր` ընդդիմադիր, գրաքննող պիտակավորումների հետ, բայց շարունակել “գլուխս կախած իմ գործն անել”` եթե ոչ առաքելության կամ նման բարձրագոչ բառերի էությունը ի կատար ածելու, ապա գոնե իմ աշխատանքը ինչպես հարկն է կատարելու համար:

Ներողություն եմ խնդրում, որ այս հարցում ես լավատես եմ, բայց հավատացած եմ, որ այնուամենայինվ մենք ի զորու ենք կառուցողական, կրեատիվ ու հանրային կարեւորություն ունեցող քննարկումներ անել եւ ուզում եմ հիշեցնել, որ այստեղ օդ ու ջրի նման կարեւոր է ձեր ներկայությունն ու կարծիքը:

Թող ուշացումով, բայց առաջարկում եմ ստեղծել քննարկումների ՄԵՐ բաժինը եւ պարտավորվում եմ ամեն շաբաթվա վերջում ձեր կարծիքներից նյութ պատրաստել եւ որպես հանրային կարծիքի մի ցուցիչ հրապարակել լրատվամիջոցներում ու բլոգերում` այն ավելի հասանելի դարձնելու համար: Միեւնույն ժամանակ դուք էլ պիտի պարտավորվեք հետեւել բլոգում գրելու պարզ կանոններին եւ միայն այսքանը:

“+1 սկզբունքով” (համոզված եմ այս արտահայտության օգտագործումն էլ հեշտ չեմ մարսի), գրեք ձեր մշտական նիկը, որ օգտագործում եք կամ պատրաստվում եք այսուհետ օգտագործել եւ հայտնեք ձեր պատրաստակամությունը(եթե կա այդպիսին)` մասնակցելու բլոգի այս նոր ռազմավարությանն ու քննարկուներին: Առաջարկությունները ու առարկությունները չմոռանաք, լավ? Եվ սկսած հաջորդ նյութից մենք կփորձենք մեր նախընտրած թեմաները բարձրացնել, քննարկել, դրանց հանրային հնչեղություն տալ` ընդհուպ մինչեւ տարատեսակ ակցիաների եւ պարզապես օգտագործել մեզ ընձեռնված “ազատ խոսքի” ամբիոնը, էլի ներողություն արտահայտությանս համար: 

Ափսոս երկար ստացվեց ասելիքս: Լավագույն մաղթանքներով` Բլանշ 

Համարձակ քայլերով դեպի դիկտատուրա

March 27, 2008

Մի քանի օր է անընդմեջ քաղաքական զբոսանքները Հյուսիսային պողոտայում ավարտվում են "մարդաորսով": Ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել այս տարածքում զբոսնող մարդկանց, պատահական անցորդներին, շանը զբոսանքի հանած քաղաքացուն, բոլորին-բոլորին, երեկվա օրինակով մինչեւ 60 քաղաքացու` (ոստիկանների բացատրությամբ քաղաքացիներին բերման են ենթարկում քանի որ հետախուզման մեջ գնտվող անձինք կան եւ շատ հավանական է, որ հենց Հյուսիսային պողոտայում շրջեն հետախուզվող մարդիկ): Վերլուծելով քաղաքական զբոսանքների վերջին օրերին խրոնիկան, արդեն կարելի է առանձնացնել օրինաչափություն դարձած կետեր` մասնավորապես. ամեն երեկո Հյուսիսային պողոտայում ոստիկաններն ու ազգային անվտանգության աշխատակիցները` քաղաքացիական հագուստով կամ տեսախցիկներով ավելի շատ են քան անցորդները միասին վերցրած, պատգամավորների ներկայությամբ ոստիկանների գործողությունները ավելի կորեկտ են, մարդկանց "ցրում են" երեկոյան մութ ընկնելուց հետո` չնայած վերջին օրերին դրան էլ բանը չի հասնում:

"Այսպես, վերջին օրերի լրահոսից: "Այսօր Հյուսիսային պողոտայում զբոսնողների այն կարծիքը, թե զբոսանքը կավարտվի առանց միջադեպերի` խաբկանք էր: Ժամը 20-ի սահմաններում, երբ արդեն մթնշաղ էր, ոստիկանները խմբերով սկսեցին մոտենալ պողոտայով զբոսնողներին եւ նրանց ձեռքերը ոլորած տարան դեպի ոստիականության մեքենաներ":

"ՀԺԿ մամլո քարտուղար, խորհրդի անդամ Ռուզան Խաչատրյանը պատրաստվում է դիմել ՀՀ գլխավոր դատախազություն` պահանջելով պատասխանատվության ենթարկել այն մարդկանց, ովքեր սահմանափակում են զբոսնելու իր իրավունքը: Նա հասկանում է, որ օրենքում փոփոխություն է արված չարտոնված հանրահավաքներն արգելելու մասին, բայց Ռուզան Խաչատրյանը այդ օրենքում չի հանդիպել զբոսանքը կամ զրույցն արգելող դրույթներ":

"ՀՀ Գլխավոր դատախազության խոսնակ Սոնա Տռուզյանի հաղորդմամբ մինչ այս պահը մարտի 1-ին հարուցված ՙՍահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ իրացնելուն ուղղված գործողություններ, որոնք ուղորդվել են հրկիզումներով, սպանություններով, պայթուցիկ նյութերի եւ հարմարեցված այլ առարկանների գործադրմամբ՚ գործով միայն վկայի կարգավիճակով հարցաքննության է հրավիրվել մոտ 1000 քաղաքացի: Տռուզյանը նաեւ նշեց, որ մարտի 1-ի հարուցված գործին միացվել են նաեւ մինչ այդ ոստիկանությունում եւ ԱԱԾ-ում հարուցված գործերը": 
 

Եթե հետեւում եք վերջին զարգացումներին…

February 13, 2008

Կարդում ես մամուլը ու չես հասկանում այսքան շրջադարձային իրադարձությունների պարագայում "որը" կարելի է առանձնացնել որպես օրվա կարեւոր թեմա եւ քննարկել: Քայլում ես փողոցում, տանը, բակում, ուսումնական հաստատություններում, աշխատանքի վայրում, խանութում, տրանսպորտում… այլուր, որտեղ միայն մտքովդ կանցնի ու լսում ես մարդկանց անվերջ բանավեճերը, խոսակցություններն ու կռիվները. բոլորը ոգեւորված կամ կոտրված, բայց հետաքրքրված եւ մտահոգ, ակտիվ ու վճռական… "Էլ օր չմնաց ընտրություններին…": Ակնհայտ է, վերջին օրերի լարվածությունը կապված է ոչ միայն ընտրության օրվա "գալստյան" հետ: Մթնոլորտը իրոք լարված է…

Ուրեմն այսպես. առանձնացնում եմ վերջին օրերի այն իրադարձությունները, որոնց մասին բուռն քննարկումներին առավել հաճախ եմ ականատես եղել: Ամենատարբեր մեկնաբանություններ եմ լսել Արդարադատության նախարարության արխիվի այրման մասին, ամեն ինչ, բացի պատահականության վարկածից: Իսկ երեկվա "Գրանդ քենդի" ֆիրմայի պահեստների այրման փոքրիկ լուրը անմիջապես հիշեցրեց, որ հրդեհների շարքը դեռ երկար կքննարկվի:

Անկասկած Լեւոն Տեր-Պետրոսյանի անձի ու քաղաքական հավակնությունների թեմաների քննարկումը ամենավիճահարույցն ու թեժն էին. դիմումը Սահմանադրական դատարան, մեկնումը Մոսկվա, հանրահավան ու քարոզարշավի ընթացքը: Իսկ "Ժառանգություն" կուսակցության որոշումը` սատարելու Տեր-Պետրոսյանին, ամենաբուռն քննարկվող թեման էր օրինակ` ուսանողության շրջանում: Ուշադրության կենտրոնում էր մի խումբ քաղաքացիների` Լեւոն Տեր-Պետրոսյանին հեռացնելու ակցիան, սկզբից կառավարության դիմաց, ապա երթով Նալբանդյան փողոցով մինեչեւ թեկնածուի նախընտրական շտաբի դիմաց: Այլ  վիճահարույց թեմա էր Մանուկ Գասպարյանի որդու հետ կապված միջադեպը:

Չմոռանանք եթերային քարոզարշավի  մասին, որոնց "կռիվ կինո" ժանրի ամենօրյա զարգացումները հերիք են անպակաս քննարկման թեմա ունենալու համար: Իսկ ամենակարեւորը քաղաքացիական ակտիվությունն է եւ այն համատարած պատասխանատու զգացողությունը, որ այս ընտրությունները գուցե փոխեն շատ բան` անկախ արդյունքից: Այս ընտրությունները կփոխեն քաղաքացիներին եւ նրանց` "պետություն" ընկալումը:

ՙ

Ինչ “տեսաք” Ամանորին?

January 6, 2008

2008 թվականում առաջին անգամ ողջունում է ձեզ "Ա1+"-ի բլոգը եւ մաղթում, որ այս տարի լինի հաջողությունների եւ բարեկեցության տարի: Թող այս տարին միայն բարիք բերի մեր հայրենիքին: 

Իսկ հիմա եկեք խոսենք, թե ինչպես դիմավորեցիք Նոր տարին, ինչ ակնկալիքներ ունեք այս տարուց եւ ի վերջո, ՀԱՎԱՆԵՑԻՔ ԱՄԱՆՈՐՅԱ ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ? Շատ եմ լսել, որ հատկապես այս տարի բոլոր ալիքներով անխտիր մեղմ ասած "ոչինչ" ցույց չեն տվել:

Ե.Գ. "Ա1+"-ը տոների նախօրեին հետաքրքրվել էր նախագահի թեկնածուներից, թե ինչպես են դիմավորելու Նոր տարին եւ ինչ ուտեստներ են նախընտրում տոնական սեղանից: Բավականին հետաքրքիր էին պատասխանները.

ԱժՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը այս տարի էլ ամանորը կանցկացնի տանը` ընտանիքի հետ: Վերջինիս ամենասիրելի ուտեստը`"թփով տոլման" է: "Ազգային միաբանություն" կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը ամանորի գիշերը կանցկացնի Ամիրյան 20, բնակարան 20 հասցեում` ընտանիքի, հարեւանների, հարազատների հետ միասին: Ամանորի լեփ լեցուն սեղանից նա նախընտրում է համտեսել հաց, պանիրը: ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը ամանորը կդիմավորի տանը ընտանիքի հետ : Նրա ամանորյա սիրելի ուտեստը պասուց տոլման է: Ժողովրդական կուսակցության՚ առաջնորդ, ԱԼՄ հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանը 2008թ.-ի գալուստը կդիմավորի սեփական ԱԼՄ հոլդինգում. ամեն տարվա պես այնտեղ տոնական միջոցառում են կազմակերպել: Ընտանիքի անդամները կլինեն իր կողքին: Նրա սիրած ամանորյա ուտեստը խաշլաման ու խորովածն է: Սիրում է բաժակ բարձրացնել եւ խմել ազգի, հայրենիքի, Հայաստանի կենացը: Շարունակություն կարդացեք այստեղ:

Բողոքում են հատկապես Հ1-ից

December 3, 2007

"Ընտրությունների ազատության եւ արդարության կարեւոր չափորոշիչներից մեկը տեղեկատվության մատչելիությունն է: Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնության համար տեղեկատվության տպագիր միջոցները տարբեր պատճառներով մատչելի չեն եւ ներքաղաքական զարգացումների մասին տեղեկատվության հիմնական աղբյուրը նրանց համար հեռուստատեսային եթերն է:

ԶԼՄ-ները, հեռուստատեսությունները ընդհանրապես, եւ Հանրային հեռուստաընկերությունը հատկապես պարտավոր են հանրությանը տրամադրել ամբողջական, համակողմանի, հավասարակշռված եւ անաչառ տեղեկատվություն: Մեր խորին համոզմամբ Հայաստանյան հեռուստաընկերությունների ջախջախիչ մեծամասնությունը, Հանրային հեռուստատեսության առաջնորդությամբ, չեն կատարում այս գործառույթը:

Վերը նշված հեռուստաընկերություններին, եւ մասնավորապես Հանրային հեռուստատեսությանը կոչ ենք անում չմոռանալ հանրության առաջ ունեցած պարտավորությունների մասին եւ վերջ դնել հասարակության լայն շերտերին տեղեկատվական շրջափակման մեջ առնելու քաղաքականությանը":

Այսպիսին է ԵՊՀ մի խումբ դասախոսների մտահոգությունն ու վրդովմունքն արտահայտող հայտարարությունը, որում ասվում է, որ 2008 թվականի փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների որակը վճռական նշանակություն է ունենալու երկրի ապագայի համար եւ պետք չէ վատագույնս դրսեւորմամաբ ազդել այդ ապագայի վրա: Կարդացեք ամբողջությամբ այստեղ:

Ինչ կասեք ժողովուրդ?

“Քեզ համար Սերժ Սարգսյան ջան”

November 23, 2007

Աժ պատգամավորները կարող են ոչ միայն օրենքներ հեղինակել, այլեւ երգեր ու բանաստեղծություններ: Ահա վառ ապացույցը ՀՀԿ-ական երիտասարդ եւ բազապրոֆիլ Արմեն Աշոտյանը, ում ռուսերեն անվանումով "Զա.." ձայնասկավառակի շնորհանդեսը այսօր էր: Սկավառակում ընդգրկված 8 ռուսերեն երգերի երաժշտության, ինչպես նաեւ մի քանի երգերի խոսքերի հեղինակը պատգամավորն է, իսկ մնացած երգերը Սերգեյ Եսենինի եւ Աննա Ախմատովայի խոսքերով են: Երգերը կատարում են վաղամեռիկ երգչուհի Վարդուհի Վարդանյանը, Անչոկը, Աննա Արմենակյանը, Էրիկ Մակարյանը, Գագիկ Համբարձումյանը, Լուսինե Մկրտումյանը, "Շիկեր", Տիգրան Պետրոսյանը:

Արմեն Աշոտյանը պատմել է, որ ձայնասկավառակի գաղափարը եղել է իր ընկերներից մեկինը, ով մի օր լսելով Աշոտյանի` իր երգերի կատարումը եւ դաշնամուրով նվագակցումը, առարկել է CD սարքել: Աշոտյանը նաեւ ասել է, որ ստեղծագործելը հնարավորություն է` հանգստանալու այլայլված առօրյայից, որը ըստ նրա, ուղեկցում է ցանկացած քաղաքական գործչի, առավել եւս նախընտրական էտապում:

Աշոտյանը նաեւ ասել է.  "իմ առաջին սկավառակը, որ լույս է տեսնելու, կոչվում է "ԶԱ", եւ հասկանալի է` զա կավո, Սերժ Սարգսյանի համար է":

Ե.Գ. Հիշեցի Առնո Բաբաջանյանի խոսքերը. "Հայ ժողովրդի 99 տոկոսը տաղանֆավոր ա, էն մի տոկոսն էլ կասկածելի ա…": Ափոս այդ տաղանդով ոչ թե աշխատում են ի բարօրրություն ժողովրդի, այլ ինչ-որ մեկի գովքն անելու ՀԱՄԱՐ":

Դուք կուզենայիք ՀՀ նախագահը լինել?

November 21, 2007

Հենց այսօրվանից մինչեւ դեկտեմբերի 6-ը` ժամը 18:00-ը ՀՀ նախագահի ընտրություններին մասնակցել ցանկացողները պետք է առաջադրեն իրենց թեկնածությունը:Անձը կարող է ինքնառաջադրվել, կամ նրա թեկնածությունը կարող է առաջադրել մեկ կուսակցություն: Գրավի չափը, ըստ փոփոխությունների 8 մլն դրամ է` նախկին 5 մլն-ի փոխարեն, իսկ նախընտրական հիմնադրամի գումարի չափը 70 մլն դրամ: Ըստ ԿԸՀ ժամանակացույցի` ՀՀ նածագահի ընտրության օրը փետրվարի 19-ն է:

Մենք հաճախ քննարկում ենք, թե ով պիտի լինի ՀՀ ապագա նախագահը,  ինչքան փող ունի, ովքեր են կանգած թիկունքում, կհաջողացնի միավորվել այլ թեկնածուների կամ կուսակցությունների հետ: Ու հաճախ քաղաքական շահարկումների համատեքստում անտեսում ենք կարեւորը. ինչ առաջարկներով է պատրաստվում այս մարդը երկրի ղեկավարությունը ստանձնել, առաջարկում է ինչ-որ նոր բան, թե ոչ: Պարզ տրամաբանությամբ հետեւում է, որ թեկնածուները պիտի ժողովրդին համոզեն, թե ինչու իրենց ընտրեն եւ ոչ թե ինչու չընտրեն մյուսին: Մինչեւ հիմա իրենց առաջադրվելու մասին հայտարարած քաղաքական գործիչները ցավոք դեռ դուրս չեն գալիս վերոնշված կատեգորիայից:

Հետեւաբար, մեզ` ՀՀ քաղաքացիներիս, մնում է միայն քննարել, թե մեզանից յուրաքանչյուրը նախագահ առաջադրվելու դեպքում ինչ ծրագիր կառաջարկեր ու ինչ կաներ իր ծրագրերը իրականացնելու համար: Խնդրում եմ լուրջ վերաբերվել առաջարկիս եւ առավել եւս լուրջ պատասխանել այս 3 հարցերին:

1.Ինչպիսին պիտի լինի ՀՀ ապագա նախագահը?

2.Ինչ է անհրաժեշտ նախագահականին առաջադրվելու համար?

3.Դուք կուզենայիք ՀՀ նախագահը լինել ?(եթե այո` ինչու, եթե ոչ` ինչու)

Ի դեպ, եթե որոշեք, որ ոչինչով պակաս չեք առաջադրվողներից ու ցանկություն ունեք մասնակցելու առաջիկա նախագահականին, ապա լրացնեq ինքնաառաջադրման դիմումի ձեւը:

Ե.Գ. Քիչ առաջ բռնցքամարտի "ալամ աշխարհի չեմպիոն" Իսրայել Հակոբկոխյանը հաստատեց, որ աճուրդի է հանել իր ՙԲարի կամքի երկրորդ խաղերի՚ մեդալը, որպեսզի 2008թ. նախագահական ընտրություններին իր թեկնածությունը առաջադրի: Առաջադրման համար անհրաժեշտ է 8 մլն դրամ: Փաստորեն պետք չէ հեռու գնալ` ապացուցելու համար, որ հայերից նվազագույնը ամեն 10-րդը նախագահ է, որ կա:)

Սիրոշոն կներկայացնի մեր երկիրը?

November 14, 2007

Արդեն հայտնի է 2008թ Հայաստանը ՙԵվրատեսիլ՚-ում ներկայացնող երգիչը, սակայն նրա անունը կհրապարակվի միայն մի քանի ժամից: Նրան ներքին որոշմամբ արդեն ընտրել է Հանրային հեռուստաընկերության գեղարվեստական խորհուրդը: Ըստ պտտվող լուրերիª այդ երգչուհին Սիրուշոն է:

ՙՔանի որ ամեն տարի, ամեն երկիր փոխում է երգչի ընտրության իր ֆորմատը, այնպես էլ Հայաստանն այս տարի կօգտվի Հոլանդիայի նախորդ տարիների փորձից՚,-ՙԱ1+՚-ին հայտնեց Հանրային հեռուստաընկերության արտաքին կապերի բաժնի պետ Դիանա Մնացականյանը:

Հենց այդ ‎‎ֆորմատի համաձայն` երգչի ընտրությունը կատարվել է ներքին կարգով, իսկ երգի ընտրությունը կանի հանրությունը: Այսինքնª կոմպոզիտորներին շուտով առաջադրանք կտրվի գրել ընտրված երգչի համար 5 կամ 7 երգ, որոնք ուղիղ եթերում ունկնդրելովª հեռուստադիտողը կկատարի իր ընտրությունը: Նախատեսվում էª մրցույթին հավակնող երգերը ներկայացնել հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին, բայց քանի որ այդ ժամանակահատվածում երկրում Նախագհի ընտրություններ են, ապա կոնկրետ ժամկետները դեռ չեն որոշվել: Կարդացեք շարունակությունը այստեղ:

Ինչ եք մտածում այս մասին? Սիրուշոն կկարողանա մեր երկիրը ըստ արժանավույնս ներկայացնել? Իսկ ինչ եք մտածում Եվրատեսիլի մասին ընդհանրապես?

Ե.Գ. Երգչի անունը կհրապարակվի այսօր Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում` ժամը 22:25-ին:

Ինչու է ռազմական ոստիկանությունում արջ ու վագր պահվում?

November 5, 2007

Արդեն մի քանի օրը  է, ինչ ոչ մի լրացուցիչ տեղեկություն չի հաջողվում պարզել Ռազմական ոստիկանությունում տեղի ունեցած միջադեպի մասին: Միայն հայտնի է, որ մի քանի օր առաջ այս կառույցում պարհվող արջը դուրս է եկել վանդակից եւ հարձակվել հավաքարարի վրա: Վնասվածքները այնքան խորն են եղել, որ կինը հիվանդանոցում մահացել է:

Եվ Ռազմական ոստիկանությունը, եւ մահացածի ընտանիքի անդամները հրաժարվում են որեւէ պարզաբանումներ տալ, սակայն "Արմենիանաուն" պարզել է, որ հինգշաբթի օրը զոհված կնոջ անունը Ժասմին է եղել եւ նա 59 տարեկան է եղել: Արջը նրա վրա հարձակվել է այն բանից հետո, երբ կերակրելու նպատակով բացվել է բանդակը:

Արջը, որին սպանել են` կնոջը ազատելու համար, պատկանել է ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին: Ասվում է, որ ռազմական ոստիկանությունում պահվում է նաեւ նրա վագրը: "Ա1+"-ը գրել է, որ մի քանի ամիս առաջ ռազմական ոստիկանությունը առաջարկել է արջը տեղափոխել կենդանաբանական այգի, սակայն ազատ վանդակ չլինելու պատճառով այդպես էլ մնացել է տեղում: Ուրեմն, ում է ձեռնատու ռազմականությունում արջ եւ վագր պահել եւ ինչին են ծառայելու այս կենդաներները?

Ովքեր եւ ինչու են գրում այս բլոգում?

November 2, 2007

“Ա1+”-ի ընթերցողներին ամենաշատը հետաքրքրում է ՀՀ ապագա նախագահը, նախագահի կինը, թե որտեղ են հանգստանալու ամռանը եւ լրատվամիջոցների անկողմնակալ լուսաբանումը: Ահա սա պարզեցինք “Ա1+”-ի բլոգի 6 ամիսների արխիվում դիտանցից: Թվաքանակով ամենաշատ մեկնաբանությունները եղել են այս թեմաների շուրջ եւ ընթերցողները ամենաակտիվը եղել են այս թեմաների քննարկման ժամանակաշրջանում:

25-ից մինչեւ 67 մեկնաբանություն մեկ թեմայով եղել են հիմնականում քաղաքական վերնախավի եւ առաջիկա նախագահականի մասին նյութերում, 3 նյութերում էլ լրագրողների նկատմամբ բռնարարքների եւ լրատվամիջոցի գործունեության դադարեցման առթիվ: Քիչ մեկնաբանությամբ, բայց արագ արձագանքով եւ ակտիվ դիսկուսներով ընթացել են նաեւ ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի ազատման, հոմոֆոբիայի դեմ պայքարի եւ միասեռականների խնդիրների օրը, ինչպես նաեւ Հայաստանում կրոնական ազատությունների խնդրով նյութում:

Նյութերի թեմաներն ու մեկնաբանությունների ձեւն ու ասելիքը հաշվի առնելով` կարելի է ենթադրել, որ “Ա1+”-ի բլոգը կարդում են հիմնականում միջին տարիքի մարդիկ` խիստ քաղաքականացված, որոշակի ձեւավորված ճաշակով եւ սեփական կարծիքով` ինչի արդյունքում հաճախ բանավեճերը մինչեւ 2-3 օր անընդմեջ շարունակվում են:

“Ա1+”-ը առաջարկում է Ձեզ գրել բոլոր այն թեմաները, որոնց մասին կուզեիք խոսել եւ նյութ տեսնել բլոգում: Սպասում ենք նաեւ Ձեր դիմում-բողոքներին ու առաջարկներին, ինչպես նաեւ կարծիքին` բլոգի ընթերցողների "տեսակի" մասին: Շնորհակալություն: