Այսօր հանրահավաքը մարդաշատ է եղել եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր ելույթի ընթացքում մանրամասն նկարագրել է ընդհանրապես թաթար-մոնղոլական իշխանության էությունը: Իսկ այդպիսի իշխանության հիմնական բնորոշ գիծը սեփականությունն է, նրանք իրենց սեփական կալվածքն են համարում երկիրը, իսկ սեփական ծառաներ` ժողովրդին:
Մանրամասն գիտականորեն բացատրելով բուն թաթար-մոնղոլական իշխանության էությանը` Լեւոն Տեր-Պետրոսյանը զուգահեռներ է անցկացրել այսօր Հայաստանում ղեկավարող վարչախմբի միջեւ: Դրանք, ըստ ՀՀ Առաջին նախագահի, ՙապշեցուցիչ նմանություն, եթե չասենք, նույնություն ունեն՚: Նրանք էլ կարծում են, թե Հայաստանը իրենց սեփական կալվածքն է, եւ ամեն ինչ, ամեն բարիք բաժանում են իրենց մտերիմներին, բարեկամներին, ընկերներին, քավորներին ու սանիկներին: Բավական է միայն Ղարաբաղում մի պաշտոնյա ազատվի աշխատանքից, նրան անմիջապես Հայաստանում պաշտոնի են նշանակում: Ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, այսպիսի դավաճանական քաղաքականության արդյունքում կարող ենք կորցնել Ղարաբաղը, քանի որ այն ուղղակի դատարկվում է: ՙՄենք կանգնած ենք ազգային աղետի, կատաստրոֆայի առջեւ՚,- արձանագրեց Առաջին նախագահը:
Թաթար-մոնղոլներին բնորոշ գիծ է եղել նաեւ կրոնափոխությունը` Լեւոն Տեր-Պետրոսյանը ընդհանրությունն ընդգծելու համար նկատել է, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը սկզբում եղել են կոմունիստ, հետո դարձել է ՀՀՇ անդամներ, ապա` Քոչարյանը երդվյալ դաշնակցական, իսկ Սերժ Սարգսյանը ղեկավարեց նժդեհացեղակրոն կուսակցությունը: ՙՎաղն էլ կարող են դառնալ մուսաֆաթական՚,- ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:
"Խորապես ցավում եմ, բայց կրկին պիտի հիասթափեցնեմ Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին: Նախ մինչ այժմ արձակված փամփուշտները դեռ սլանում են, եւ, հազար տարի էլ անցնի, նրանք չեն ազատվելու ավազակապետի պիտակից: Եւ երկրորդ, ինչպես ակնհայտորեն հետեւում է այս ելույթից, իմ փամփուշտներն անսպառ են, որքան անսպառ են անբաժան զույգի դեռեւս մինչեւ վերջ չբացահայտված օրինազանցությունները՚: Լեւոն Տեր-Պետրոսյանը արժանապատվության որոշակի վիրավորանք է ապրում, երբ լսում է, որ Սերժ Սարգսյանի միակ այլընտրանքը ինքն է` Տեր-Պետրոսյանը. ՙՕրինական ընտրություններ անցկացնելու պարագայում ՀՀ ցանկացած քաղաքացի կարող է հաղթել նախագահացու վարչապետին: Այնպես որ Սերժ Սարգսյանն իրականում այլընտրանք չունի: Իսկ եթե, այնուամենայնիվ, ունի, ապա այդ այլընտրանքը Սաշիկն է կամ Թոխմախի Մհերը՚:
Տեր-Պետրոսյանը անդրադարձել է նաեւ ինքնաթիռին, որ 45 մլն դոլարով գնել է ՀՀ նախագահը. ՙԿարծում եմ, մեր երկիրն այսօր այն վիճակում չէ, որ իրեն շռայլություն թույլ տա 45 միլիոն դոլար արժողությամբ ինքնաթիռ գնել: Այդ գումարը կբավականացներ առնվազն 200 դպրոց վերանորոգել կամ Սփյուռքից տարեկան 4-5 միլիոն դոլար մուրալու փոխարեն, կառուցել Ղարաբաղի բոլոր ճանապարհները Ուստի պաշտոնապես հայտարարում եմ. նախագահ դառնալու դեպքում ես կկարգադրեմ անմիջապես վաճառել այդ ինքնաթիռը եւ գումարը մուտքագրել պետական բյուջե՚:
Ի դեպ, հանրահավաքի ավարտին, Տեր-Պետրոսյանն խորին շնորհակալություն է հայտնել Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, ՙորոնց հանճարեղ մտքերն ու ոսկեղենիկ արտահայտությունները՚ մեծապես նպաստում են իր քարոզարշավին. ՙՆրանց յուրաքանչյուր խոսք, յուրաքանչյուր դիմախաղ, յուրաքանչյուր կեղծ ժպիտ անսահմանորեն հզորացնում է ձեր շարժումը: Ուստի մի գանգատվեք, մի բողոքեք նրանցից, այլ գոհացեք, որ Աստված ձեզ այդպիսի անճարակ մրցակիցներ է պարգեւել: Նրանք այսօր ամենաօգտակար գործիքն են մեր ընդհանուր նպատակի իրականացմանը ծառայեցնելու համար՚:
Այսօրվա հանրահավաքին Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը կարդացեք այստեղ եւ այստեղ: Կարդացեք նաեւ հանրահավաքի մասին այլ նյութեր այստեղ, այստեղ եւ այստեղ: