Լավ “PR” հանրահավաքի պատվին…

June 16, 2008

Թերեւս տարօրինակ չէ, որ վերջին մեկ շաբաթում մամուլում ու ամենուր ամենից հաճախ 20-ի հանրահավաքից է խոսվում: Հավանաբար եթե ֆուտբոլն(Եվրոպայի առաջնությունը) էլ չլիներ, Ազգային ժողովի հավանական նախագահի կամ Հանրային խորհրդի կամ էլ քաղբանտարկյալների մասին լուրերը, ապա ամեն օր բոլոր լրատվամիջոցները անխտիր դրական կամ բացասական “տոնով” հիշեցնելու էին մեզ հանրահավաքի մասին:

Ու եթե “Ազգ”-ին հետաքրքրում է հարցի` “որտեղ է ի վերո կայանալու” կողմը, ապա “Առավոտը” գրում է “Ազատության հրապարակի” նշանակության մասին, ապա հավելում. “Չափազանց դժվար, եթե չասենք՝ անհնար է քիչ թե շատ խելամիտ բացատրություն գտնել ընդդիմության նախատեսած հունիսի 20-ի հանրահավաքը չարտոնելու՝ ՀՀ իշխանությունների որոշմանը: Առարկությունը, թե այդ միջոցառումը կարող է անցկացվել «Հրազդան» մարզադաշտի մերձակայքում, ոչ մի քննություն չի բռնում. նույն հաջողությամբ ընդդիմությանը կարող էր առաջարկվել հանրահավաք անցկացնել «Պռոշյան» սովխոզի մոտ կամ, ասենք՝ Դալմայի այգիներում”:

“Ա1+”-ը տեղեկացնում է, որ Երեւանի քաղաքապետարանն այսօր Համաժողովրդական շարժման նրկայացուցիչների հետ քննարկել է հունիսի 20-ին Ազատության հրապարակում մերժված հանրահավաքը Մատենադարանի մոտ անցկացնելու դիմումը: Թեեւ քաղաքապետարանը դեռ պաշտոնապես չի պատասխանել դիմումին, սակայն քննարկման մասնակից` Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը վստահ է. “Քաղաքապետարանը մերժելու է նաեւ Մատենադարանի մոտ հանրահավաք անցկացնելու դիմումը“,-ասվում է:

 “Պանորաման”-ն մեջբերում է նախագահ Սարգսյանի խոսքերը այն մասին, որ Հայաստանում հանրահավաքներ եղել են ու կլինեն:  “Ցանկացած երկրում տեղի են ունենում բողոքի ակցիաներ, դրանց մասնակցում են հարյուրավոր, հազարավոր, տասնյակ հազարավոր մարդիկ: Ոստիկանության խնդիրն այդ միջոցառումներում հասարակական կարգի պահպանությունն է: Այսինքն, դուք պիտի անեք այնպես, որ ամեն ինչ ընթանա օրենքի շրջանակներում»,- ընդգծել է նա ոստիկանների հետ հանդիպմանը:Իսկ “Չորրորդ իշխանությունը” հավելում, որ հանրահավաքը արտոնելը կնշանակեր կոպիտուլացիա  ստորագրել. “Արտոնել հանրահավաքը` կնշանակեր համաձայնվել, որ մի քանի հարյուր հազար հոգի հավաքվեն Ազատության հրապարակում եւ պահանջեն հանցավոր ռեժիմի հրաժարականը”:

Ըստ “Հայկական ժամանակ”-ի երեխաների թիկունքում է իրականացվում այս ամենը.Մի՞թե Սերժ Սարգսյանի համար պարզ չէ, որ այդ օրը պետք է զորահանդես անցկացնել Ազատության հրապարակում` հայոց բանակի ամենավերջին սպառազինություններով: Միգուցե սա՞ «կջարդիե Ազատության ոգին եւ Համաժողովրդական շարժումը: Սակայն Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, Ռոբերտ Քոչարյան չէ. երեկվանից մեծ խաղահրապարակի վերածված Ազատության հրապարակը հուշում է, որ նա որոշել է պաշտպանվել ոչ թե ավտոմատների, այլ երեխաների ետեւում: Սա թերեւս բռնապետի նոր տեսակն է, որ ծնվում է մեր աչքի առաջ”:  

Ե.Գ. Հյուսիսային պողոտայում 28 կին անժամկետ հացադուլ է անում: Կրկին հիշեցում չէ՞ հանրահավաքի մասին:

Քաղաքական նոր զարգացումնե՞ր. “ժամկետը” լրանում է…

June 4, 2008

Վերջին օրերին ներքաղաքական իրավիճակը մայրաքաղաքում, մեղմ ասած, հանդարտ չէ: Մոտենում է ԵԽԽՎ կողմից ՀՀ իշխանություններին ներկայացված պահանջների կատարման ժամկետը, այնինչ ցարդ շարունակվում են նախնական կալանքի տակ մնալ 96 քաղաքական հետապնդման ենթարկվող քաղաքացիներ: Միեւնույն ժամանակ ՀՀ արտաքին քաղաքականության ու ԼՂՀ հակամարտության կարգավորման համար կարեւոր Սարգսյան-Ալիեւ նախագահների հանդիպմանը ընդառաջ բարձրանում է քաղաքական կուսակցությունների ու հասարակական նախաձեռնությունների նոր ալիք, հացադուլավորների թիվը` ուղիղ համեմատական դժգոհությունների ալքին, շատանում է, ի վերջո մոտենում է համաժողավրդական շարժման նախանշած հանրահավաքի օրը:

"Այսօր, երբ մոտ մեկ ամիս է մնացել բանաձեւում նախանշված սույն պայմանների իրականացման համար նախատեսված վերջնաժամկետին, ակնհայտ է դառնում, որ որեւէ առաջընթաց չի գրանցվել ՀՀ իշխանությունների կողմից վերոնշյալ պայմանների իրականացման ուղղությամբ, իսկ ժողովրդավարական ազատությունների ու մարդու իրավունքների հետ կապված իրական պատկերը վատթարացել է, ինչի հետեւանքով առավել խորացել է ընդդիմության եւ իշխանությունների միջեւ գոյություն ունեցող անջրպետը",-ասվում է համաժողովրդական շարժման հայտարարությունում ու մեջբերում դեռ ԵԽԽՎ վերջնագրից` "1.Իրականացնել անկախ, թափանցիկ եւ վստահություն ներշնչող հետաքննություն մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ: 2. Անհապաղ ազատ արձակել ձերբակալված այն անձանց, ովքեր թե’ ձերբակալվել են ակնհայտ շինծու եւ քաղաքական դրդապատճառներով, թե’ անձամբ չեն իրականացրել որեւէ բռնի գործողություն կամ դրան առնչվող ծանր հանցանք: 3. Անհապաղ չեղյալ համարել “Հանրահավաքներ, ժողովներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին” օրենքում կատարված վերջին փոփոխությունները` Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին համապատասխան:

"Փետրվարի 19-ի նախագահի ընտրություններն առաջընթաց են բոլոր մյուս ընտրությունների համեմատ:Իսկ ԵԱՀԿ դիտորդական առաքելության մեջ գտնվում էին տարբեր երկրների ներկայացուցիչներ եւ կարծեմ` այդ խմբի մեջ ամենաշատ ԱՄՆ դիտորդներն էին` 3 տասնյակ, եւ, իհարկե, այդ զեկույցը արտահայտում է բոլորի կարծիքը: Իսկ զեկույցի մեջ վերահաստատվում է, որ ընտրությունները համապատասխանում են այն պարտավորություններին, որոնք Հայաստանն ունի այդ կառույցի մեջ",-ասում է ՀՀ ԱԳՆ Էդուարդ Նալբանդյանը: Կոմունիստներն էլ հարկ են համարում պատասխանել, թե "այդ առաջընթացը եղել է կեղծիքների, բռնությունների, վերջապես 10 զոհի եւ այսօր բանտերը լցված մարդկանցով":"ՀԿԿ 37-րդ համագումարը որոշում է կայացրել չսատարել ոչ մի քաղաքական ուժի, կամ թեկնածուի, որովհետեւ մենք գիտենք, որ այս երկրում նորմալ ընտրություններ տեղի չեն ունենում, ընթանում են կեղծիքներով եւ ավարտվում են ծեծ ու ջարդով",-հայտատարում են նրանք:

Դաշնակցության նախարարների "խմբային աթոռափոխությունից" հետո էլ հատկանշական է ԱԺ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանի կարծիքը, թե "իշխանությունները պարզ խաղիկները դարձնում են լուրջ խնդիրներ": Իսկ երկխոսության մասին ասում է. "Ով է ասում, որ ընդդիմությունը միայն Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Ես համարում եմ երկխոսությունը կայացած. ՀՅԴ-ն կոալիցիայի մաս է դարձել երկխոսության արդյունքում: Իսկ ինչպես եք պատկերացնում երկխոսությունը: Ես երկխոսությունը չեմ պատկերացնում այնքան պարզունակ, որ մի կողմում նստի Տեր-Պետրոսյանը, մյուսում` Սերժ Սարգսյանը, եւ երկխոսությունը կայանա: Ես որպես ՀՀ քաղաքացի բազմաթիվ հարցեր ունեմ, ինձ հետ էլ պետք է երկխոսեն: Երկխոսությունը ես համարում եմ Եվրոպայի կողմից պարտադրված, արհեստական եւ մտացածին":

"Ինչով եք կաշկանդված, որ չեք կատարում ձեր լիազորությունները, ինչու եք թույլ տալիս, որ ընտրությունների ընթացքում անխնա խախտվի օրենքը",-"Ժառանգության" պատգամավորն ուղղում է իր հարցը ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանին, իսկ Գյումրիի "Ասպարեզ" ժուռնալիսների ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը,հարցնում, թե օրենսդրական փոփոխություններից հետո արդյոք ՀՌԱՀ նախագահը չի կանչի իր մոտ "Գալլա" հեռուստաընկերության նախագահին եւ ասի, որ որ թեկնածուին եթեր չտրամադրեն, քննարկվում է մեկ այլ կարեւոր` ՀՌԱՀ-ի եւ ՀՀՌԸ խորհրդի ձեւավորման կարգի մասին լսումներին:

Ե.Գ. Հաշվի առնելով, որ բլոգի այցելությունների մի ստվար զանգվածի համար շատ կարեւոր է Սիրուշոյի կյանքն ու գործունեությունը, նշենք, որ նախագահականում նրան ընդունել է Սերժ Սարգսյանը  եւ պարգեւատրել ՀՀ նախագահի շնորհակալագիրով: