Կրոնական ազատությունը Հայաստանում
September 17, 2007
ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է Կրոնական ազատությունների մասին 2007թ-ի զեկույցը, որտեղ Հայաստանին վերաբերվող հատվածում ասվում է, որ մեր հասարակությունում դեռեւս առկա են խտրականության դրսևորումներ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ: Նաեւ ասվում է, որ վերջին ժամանակներս Կառավարության կողմից կրոնական ազատության նկատմամբ հարգանքի մասով փոփոխություն չի եղել:
Որոշ կրոնական հարանվանությունների ներկայացուցիչներ նշում են, որ երբեմն նկատվել են խտրականության դրսևորումներ միջին կամ ցածր օղակի պետական պաշտոնյաների կողմից, սակայն բարձրաստիճան պաշտոնյաները դրսևորել են հանդուրժողականություն: Եհովայի վկաների կողմից եղել են հաղորդումներ, որ այլընտրանքային զինվորական ծառայությունից խուսափելու համար դատավորները իրենց դատապարտել են ազատազրկման ավելի երկար ժամկետով, քան նախկինում, սակայն պատիժն այնուամենայնիվ եղել է օրենքով նախատեսված պատժի սահմաններում:
Փաստորեն Հայաստանում կրոնական փոքրամասնությունների ճշգրիտ հաշվառման տվյալներ չկան, իսկ ծխական համայնքների ներկայացուցիչների կողմից ներկայացվող հաշվարկներն էլ նշանակալիորեն տարբերվում են միմյանցից: Կաթոլիկ եկեղեցու ` այդ թվում Հռոմի պապի հետևորդ և Հայկական Մխիթարյան միաբանության կաթոլիկների թիվը հասնում է 120.000-ի: Եհովայի վկաների տվյալներով իրենց հետևորդները կազմում են 9.000 հոգի: Խմբերը, որոնք կազմում են բնակչության 5 տոկոսից պակաս մասը, ներառում են եզդիներ` էթնիկ քրդական մշակութային խումբ, որի կրոնում ներառված են զորոաստրիանիզմի, իսլամի և անիմիզմի տարրեր, չմասնավորեցված «խարիզմատիկ» քրիստոնյաներ, հայկական ավետարանչական եկեղեցի, մոլոկաններ` ազգությամբ ռուս, խաղաղասեր քրիստոնյա կրոնական խումբ, որն անջատվել է ռուսական ուղղափառ եկեղեցուց 17-րդ դարում, բապտիստներ, Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի (մորմոններ), ուղղափառ քրիստոնյաներ, յոթերորդ օրվա ադվենտիստներ, հիսունականներ, հրեաներ և բահայականներ: Աթեիստների թվի վերաբերյալ տվյալներ չկան:
2007թ. հունիսի 1-ին Եհովայի վկաների երկու անդամներ Լուսառատ գյուղի կենտրոնական հրապարակում մի կնոջ հետ Աստվածաշունչը քննարկելիս արժանացել են այդտեղով անցնող Հայաստանյայց եկեղեցու քահանայի լուտանքներին ու ենթարկվել հարձակման վերջինիս կողմից: Մինչ Եհովայի վկաները պատրաստ էին հարձակման մեղադրանքը ետ վերցնել, եթե քահանան ներողություն խնդրեր, դա տեղի չունեցավ: Ոստիկանությունն ապացույցների բացակայության հիմքով փակեց գործը, երբ քահանան հերքեց այդ միջադեպը:
Եհովայի վկաների երկու անդամներ բողոք են ներկայացրել տեղի ոստիկանությանը այն բանից հետո, երբ 2007թ. ապրիլի 15-ին հասարակական քարոզչության ժամանակ մի մարդ սպառնացել էր նրանց ատրճանակով: Ոստիկանությունը հետաքննություն չսկսեց` դա հիմնավորելով ապացույցների բացակայությամբ:
Հաշվետու ժամանակահատվածի ավարտին Եհովայի վկաների մի անդամ ետ է վերցրել իր վրա հարձակում գործած աշխատանքային գործընկերոջ դեմ իր բողոքը: Ոստիկանությունն այս առնչությամբ որևէ քայլ չէր ձեռնակել: 2007թ. մարտի 29-ին աշխատանքային գործընկերը փորձել էր աշխատանքի վայրում խեղդել նրան այն բանից հետո, երբ իմացել էր, որ վերջինս անդամակցում է Եհովայի վկաներին:

