“Առաջին” հանրահավաքը մեկնարկեց

April 19, 2008

Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ Քաղաքապետարանի դիմացի այգում մեկնարկած հանրահավաքի հարթակը հոսանքազրկվել է: Հիշեցնենք, որ հանրահավաքը կազմակերպել է “Կանայք հանուն խաղաղության” հասարակական կազմակերպություն: Սա հայտնի դեպքերից հետո առաջին արտոնված հանրահավաքն է (Քաղաքապետարանը իրազեկումը ընդունել է ի գիտություն):

Այս պահի համար “Լրագիր”-ը գրել է, որ Մասնակիցների թիվը, որոշ գնահատականներով, մոտ 10 հազար մարդ է: Հանրահավաքի սկզբում մասնակիցները 1 րոպե լռությամբ հարգեցին մարտի 1-ի զոհերի հիշատակը: Հարթակում են Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը, նույն կուսակցության խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը, ում հանդեպ խափանման միջոցը երեկ է փոխվել, Նոր ժամանակներ կուսակցության վարչության անդամ Հրաչ Սարգսյանը, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, Լեւոն Տեր-պետրոսյանի շտաբի անդամ Լեւոն Զուրաբյանը: Հանրահավաքին միացել են Հրազդանի Վանատուր գյուղի բնակիչները, ովքեր տեւական ժամանակ բողոքի ցույցեր են անում ի պաշտպանություն ձերբակալված Սասուն Միքայելյանի: Հանրահավաքին մասնակցում է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի կինը` Լյուդմիլա Սարգսյանը, իսկ Տեր-Պետրոսյանը, հնարավոր է, կմասնակցի հանրահավաքին: Հանրահավաքի մասնակիցները պարզել են քաղբանտարկյալների նկարներով պաստառներ: Նոր տեղեկություններ ստանալու դեպքում, դրանք անմիջապես կդնենք բլոգում: Սպասենք: