Քաղաքական նոր զարգացումնե՞ր. “ժամկետը” լրանում է…

June 4, 2008

Վերջին օրերին ներքաղաքական իրավիճակը մայրաքաղաքում, մեղմ ասած, հանդարտ չէ: Մոտենում է ԵԽԽՎ կողմից ՀՀ իշխանություններին ներկայացված պահանջների կատարման ժամկետը, այնինչ ցարդ շարունակվում են նախնական կալանքի տակ մնալ 96 քաղաքական հետապնդման ենթարկվող քաղաքացիներ: Միեւնույն ժամանակ ՀՀ արտաքին քաղաքականության ու ԼՂՀ հակամարտության կարգավորման համար կարեւոր Սարգսյան-Ալիեւ նախագահների հանդիպմանը ընդառաջ բարձրանում է քաղաքական կուսակցությունների ու հասարակական նախաձեռնությունների նոր ալիք, հացադուլավորների թիվը` ուղիղ համեմատական դժգոհությունների ալքին, շատանում է, ի վերջո մոտենում է համաժողավրդական շարժման նախանշած հանրահավաքի օրը:

"Այսօր, երբ մոտ մեկ ամիս է մնացել բանաձեւում նախանշված սույն պայմանների իրականացման համար նախատեսված վերջնաժամկետին, ակնհայտ է դառնում, որ որեւէ առաջընթաց չի գրանցվել ՀՀ իշխանությունների կողմից վերոնշյալ պայմանների իրականացման ուղղությամբ, իսկ ժողովրդավարական ազատությունների ու մարդու իրավունքների հետ կապված իրական պատկերը վատթարացել է, ինչի հետեւանքով առավել խորացել է ընդդիմության եւ իշխանությունների միջեւ գոյություն ունեցող անջրպետը",-ասվում է համաժողովրդական շարժման հայտարարությունում ու մեջբերում դեռ ԵԽԽՎ վերջնագրից` "1.Իրականացնել անկախ, թափանցիկ եւ վստահություն ներշնչող հետաքննություն մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ: 2. Անհապաղ ազատ արձակել ձերբակալված այն անձանց, ովքեր թե’ ձերբակալվել են ակնհայտ շինծու եւ քաղաքական դրդապատճառներով, թե’ անձամբ չեն իրականացրել որեւէ բռնի գործողություն կամ դրան առնչվող ծանր հանցանք: 3. Անհապաղ չեղյալ համարել “Հանրահավաքներ, ժողովներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին” օրենքում կատարված վերջին փոփոխությունները` Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին համապատասխան:

"Փետրվարի 19-ի նախագահի ընտրություններն առաջընթաց են բոլոր մյուս ընտրությունների համեմատ:Իսկ ԵԱՀԿ դիտորդական առաքելության մեջ գտնվում էին տարբեր երկրների ներկայացուցիչներ եւ կարծեմ` այդ խմբի մեջ ամենաշատ ԱՄՆ դիտորդներն էին` 3 տասնյակ, եւ, իհարկե, այդ զեկույցը արտահայտում է բոլորի կարծիքը: Իսկ զեկույցի մեջ վերահաստատվում է, որ ընտրությունները համապատասխանում են այն պարտավորություններին, որոնք Հայաստանն ունի այդ կառույցի մեջ",-ասում է ՀՀ ԱԳՆ Էդուարդ Նալբանդյանը: Կոմունիստներն էլ հարկ են համարում պատասխանել, թե "այդ առաջընթացը եղել է կեղծիքների, բռնությունների, վերջապես 10 զոհի եւ այսօր բանտերը լցված մարդկանցով":"ՀԿԿ 37-րդ համագումարը որոշում է կայացրել չսատարել ոչ մի քաղաքական ուժի, կամ թեկնածուի, որովհետեւ մենք գիտենք, որ այս երկրում նորմալ ընտրություններ տեղի չեն ունենում, ընթանում են կեղծիքներով եւ ավարտվում են ծեծ ու ջարդով",-հայտատարում են նրանք:

Դաշնակցության նախարարների "խմբային աթոռափոխությունից" հետո էլ հատկանշական է ԱԺ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանի կարծիքը, թե "իշխանությունները պարզ խաղիկները դարձնում են լուրջ խնդիրներ": Իսկ երկխոսության մասին ասում է. "Ով է ասում, որ ընդդիմությունը միայն Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Ես համարում եմ երկխոսությունը կայացած. ՀՅԴ-ն կոալիցիայի մաս է դարձել երկխոսության արդյունքում: Իսկ ինչպես եք պատկերացնում երկխոսությունը: Ես երկխոսությունը չեմ պատկերացնում այնքան պարզունակ, որ մի կողմում նստի Տեր-Պետրոսյանը, մյուսում` Սերժ Սարգսյանը, եւ երկխոսությունը կայանա: Ես որպես ՀՀ քաղաքացի բազմաթիվ հարցեր ունեմ, ինձ հետ էլ պետք է երկխոսեն: Երկխոսությունը ես համարում եմ Եվրոպայի կողմից պարտադրված, արհեստական եւ մտացածին":

"Ինչով եք կաշկանդված, որ չեք կատարում ձեր լիազորությունները, ինչու եք թույլ տալիս, որ ընտրությունների ընթացքում անխնա խախտվի օրենքը",-"Ժառանգության" պատգամավորն ուղղում է իր հարցը ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանին, իսկ Գյումրիի "Ասպարեզ" ժուռնալիսների ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը,հարցնում, թե օրենսդրական փոփոխություններից հետո արդյոք ՀՌԱՀ նախագահը չի կանչի իր մոտ "Գալլա" հեռուստաընկերության նախագահին եւ ասի, որ որ թեկնածուին եթեր չտրամադրեն, քննարկվում է մեկ այլ կարեւոր` ՀՌԱՀ-ի եւ ՀՀՌԸ խորհրդի ձեւավորման կարգի մասին լսումներին:

Ե.Գ. Հաշվի առնելով, որ բլոգի այցելությունների մի ստվար զանգվածի համար շատ կարեւոր է Սիրուշոյի կյանքն ու գործունեությունը, նշենք, որ նախագահականում նրան ընդունել է Սերժ Սարգսյանը  եւ պարգեւատրել ՀՀ նախագահի շնորհակալագիրով:

Պայքար, պայքար մինչեւ…

February 9, 2008

Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրան աջակցող թիմի հանրահավաքը Ազատության հրապարակում շարունակվեց բազմահազարանող երթով, ապա նորից տեղափոխվեց Ազատության հրապարակ, որտեղ Տեր-Պետրոսյանը իր եզրափակիչ խոսքն ուղղեց հավաքվածներին:

"Դուք փետրվարի 19-ին գնալու եք ընտրատեղամասեր մեկ գիտակցությամբ` դուք եք այս երկրի տերը, դուք եք այս երկրի ազատ քաղաքացիները, դուք եք, որ թույլ չեք տալու որեւէ մեկին բռնանալ ձեր կամքի ազատ դրսեւորման վրա: Ես վստահ եմ, որ այս հպարտ, այս արժանապատիվ ժողովրդին ոչ ոք չի կարող ընկճել: Ուրեմն` վերջին խոսքս հետեւյալն է` դուք կատարում եք ձեր պարտքը, ես եւ իմ ընկերները` ոչինչ չենք խնայում մինչեւ վերջ կատարելու մեր պարտքը",-մեջբերում եմ նրա վերջին ուղերձից:Երթի մասին կարդացեք այստեղ:

Հանրահավաքի մյուս մանրամասները կարդացեք այստեղ, այսետղ եւ այստեղ:  

“Ցանկապատներ չեմ կոտրելու, շենքեր չեմ գրավելու, խորհրդարանի նախագահի գլուխ չեմ ջարդելու”

January 12, 2008

"Ես անելու եմ այն, ինչ արել եմ մինչեւ հիմա. գիտակցելով իմ իրավունքները, շատ լավ ծանոթ լինելով մեր Սահմանադրությանը, օրենքներին, միջազգային օրենսդրությանը` անելու եմ այդ օրենսդրությունից բխող բոլոր քայլերը: Բոլոր` ցույցեր, երթեր, պիկետներ, դատավարություններ. սա է լինելու իմ ճանապարհը",- այսօր հրավիրած առաջին ասուլիսում ընտրությունների արդյունքները կեղծելու դեպքում հնարավոր քայլերի վերաբերյալ իր գործողությունները հստակեցրել է  ներկա լրագրողների եւ քաղաքացիների համար նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Նա նաեւ ընդգծել է, թե ինչ չի անելու. առանց անուն նշելու, 1996 թվականի դեպքերը ակնարկելով հայտարարել է. "Ցանկապատներ չեմ կոտրելու, շենքեր չեմ գրավելու, խորհրդարանի նախագահի գլուխ չեմ ջարդելու: Եվ ի դեպ, այդ թեկնածուն/ Վազգեն Մանուկյանը-խմբ./ կործանվեց հենց այդ պատճառով. նա 96-ին ուներ 41 տոկոս ձայն, հաջորդ ընտրություններում ստացավ 13 տոկոս, 2003-ին` 0,9 տոկոս. սա է ժողովրդի վերաբերմունքը 1996 թվականի նրա կատարած այդ ահավոր հարվածին` ուղղված պետության դեմ: Ուրիշ ոչ մի պատճառ չկա: Ժողովուրդը բնազդաբար չի ընդունում այդպիսի քաղաքական գործելակերպը: Եվ դա իմ կողմից երբեք չի լինի",-ասել է:

Խոսելով ԼՂՀ հիմնախնդրից` ասել է, որ չի մեկնաբանում Սերժ Սարգսյանի տեսակետները, ուստի 100 տարի անց էլ չի մեկնաբանի Վարդան Օսկանյանինը`հրաժարվելով մեկնաբանել իր տեսակետներին տված Վարդան Օսկանյանի գնահատականը: Սակայն ԼՂՀ հիմնախնդրի մասին խոսելով նշել է, որ գործընթացը չիպատրաստվում սկսել 1998թ.-ից:

"ԼՂ բանակցությունների գործընթացը մի համակարգ է, որը սկսվել է 1992թ.-ից, ունեցել է տարբեր աստիճաններ եւ այսօր գտնվում է բոլորովին այլ աստիճանի վրա, քան 1998թ.-ին: Այսօր կա մի նոր, գրավոր առաջարկ: Համանախագահների կողմից վերջին գրավոր առաջարկը` ընդհանուր պետության մասին է: Դրանից հետո համանախագահները կողմերին որեւէ գրավոր առաջարկ չեն ներկայացրել: Այսինքն` վերականգնում են նախկին ավանդույթները, ավելի են լրջացնում գործընթացը",-ասել է Տեր-Պետրոսյանը:

Խոսելով քաղաքականություն վերադառնալու մասին, ասել է, որ վերադարձել է իր պարտքը կատարելու: "Եթե կարող եմ նպաստել խնդրի լուծմանը, ուրեմն ես չեմ կարող այլեւս տանը նստել. սա խղճի հարց չէ, սա հստակ քաղաքական գիտակցություն է, մանավանդ, որ ես էլ որոշակի մեղք ունեմ այս վարչախմբի գոյության համար. վերջին հաշվով, ես եմ այդ մարդկանց հրավիրել Հայաստան, իհարկե, ես պատասխանատու չեմ, թե նրանք ինչպիսի պաշտոններ են զբաղեցրել, ընտրվել կամ չեն ընտրվել հանրապետության նախագահ, բայց փաստ է, որ եթե ես նրանց չհրավիրեի Հայաստան, նրանք այսօր մեր գլխին նստած չէին լինի",-ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Նա խոստացել է անել իրենից կախված ամեն ինչ. "Կփորձեմ համոզել ժողովրդին, ձեզ, հասարակությանը, որ այս իշխանությունները չարիք են. կարծում եմ, միայն մղձավանջային երազներում կարելի է պատկերացնել այս վարչախմբի եւս 10 տարվա իշխանավարությունը: Ես չեմ ուզում ապոկոլիպտիկ իրավիճակներ ներկայացնել, բայց որ մենք շատ դժբախտությունների ենք հանդիպելու այդ պարագայում` բացարձակապես չեմ կասկածում":

Կարդացեք այս ամենի մասին մանրամասն այստեղ, այստեղ, այստեղ, այստեղ եւ այստեղ: "Փռշտալու" վիդեոն դիտեք այստեղ: