Ընդդիմություն, որ ընդդիմանում է զմիմիյանս…

February 14, 2008

Ընդդիմության իրար հերթ չտվող փոխադարձ "սիրո խոստովանությունները" այսօր դեռ բազում բացատրությունների կարիք ունեն, այնինչ սկսվեց այս ամենը շատ պարզ…

"Հայկական ժամանակը" հրապարակեց, որ Սերժ Սարգսյանը առաջին փուլի հաղթանակը խոստացել է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին: Ըստ այդ սցենարի` առաջին թուլը կեղծվելու է այնպես , որ առաջին տեղում հայտնվի Արթուր Բաղդասարյանը, երկրորդ տեղում`Սերժ Սարգսյանը: Իսկ երկրորդ փուլում կհաղթի Սերժ Սարգսյանը եւ այս քայլով կկանխվի ընտրությունների կեղծ լինելու վարկածը:

Ապա մեկնաբանելով վերոնշվածը`Արթուր Բաղդասարյանի շտաբի պետ Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ "Լեւոն Տեր-Պետրոսյանը երեւի պայմանավորվածություններ ունի Սերժ Սարգսյանի հետ` քանդելու եւ պառակտելու ընդդիմության ամբողջ դաշտը": Իսկ այն հարցին, թե ինչու է ՕԵԿ-ը շարունակում բանակցությունները Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի հետ, եթե այդպես է կարծում, ՕԵԿ փոխնախագահը հարցը հակադարձել է` նշելով, որ եթե առաջին նախագահի թիմն է իրենց կասկածում իշխանության հետ համագործակցելու մեջ, ապա իրենք ինչո՞ւ են շարունակում բանակցությունները:

Իրեն սպասեցնել չտվեց նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը այս առիթով, ով մեղրեցիների հետ հանդիպման ժամանակ ասաց. "եթե առաջիկայում "Օրինաց երկիր" կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը չմիանա իրենց, կվերանա որպես քաղաքական գործիչ:Եթե Արթուր Բաղդասարյանը չի միանում շարժմանը, կատարում է դավաճանություն ժողովրդի նկատմամբ":

Համաձայնեք, որ խառը պատմություն է… Մնում է միայն հասկանալ "ով ում բարեկամն է":

Պայքար, պայքար մինչեւ…

February 9, 2008

Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրան աջակցող թիմի հանրահավաքը Ազատության հրապարակում շարունակվեց բազմահազարանող երթով, ապա նորից տեղափոխվեց Ազատության հրապարակ, որտեղ Տեր-Պետրոսյանը իր եզրափակիչ խոսքն ուղղեց հավաքվածներին:

"Դուք փետրվարի 19-ին գնալու եք ընտրատեղամասեր մեկ գիտակցությամբ` դուք եք այս երկրի տերը, դուք եք այս երկրի ազատ քաղաքացիները, դուք եք, որ թույլ չեք տալու որեւէ մեկին բռնանալ ձեր կամքի ազատ դրսեւորման վրա: Ես վստահ եմ, որ այս հպարտ, այս արժանապատիվ ժողովրդին ոչ ոք չի կարող ընկճել: Ուրեմն` վերջին խոսքս հետեւյալն է` դուք կատարում եք ձեր պարտքը, ես եւ իմ ընկերները` ոչինչ չենք խնայում մինչեւ վերջ կատարելու մեր պարտքը",-մեջբերում եմ նրա վերջին ուղերձից:Երթի մասին կարդացեք այստեղ:

Հանրահավաքի մյուս մանրամասները կարդացեք այստեղ, այսետղ եւ այստեղ:  

Արթուր Բաղդասարյանին ուզում են սպանել?

February 3, 2008

Լեփ-լեցուն Ազատության հրապարակում մեծ ու փոքր բազմաթիվ պաստառներից զատ աչքդ չէր վրիպի երիտասարդ ու մեծ կանանց զվարթ դեմքերից: Ինչ ուզում եք ասեք, Արթուր Բաղդասարյանը հայ կանանց ամենասիրելի թեկնածուն է… Երբ վերջինս ՕԵԿ կարմիր շապիկներ հագած երիտասարդների շարքով եկավ դեպի բեմ, կանայք առաջ էին գցվում, որ գոնե մի փոքր դիպչեն իրենց սիրելիին: Հետաքրքիր տեսարան էր…

Բայց պակաս հետաքրքիր չէր նաեւ Արթուր Բաղդասարյանի եւ նրա թիմի ելույթը: Ընդգծեմ օրվա կարեւոր հայտարարությունները: Նախ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ երեկ ուշ երեկոյան իր եւ իր անձի հասցեին հնչեցրել են սպանության սպառնալիք ու դա խաղ ու պար չէ ըստ նրա խոսքերի: "Եթե ինձ հետ կպատահի որեւիցե մի բան, դրա անմիջական պատասխանատուն այսօրվա գործող իշխանություններն են: Սա հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ",-ասաց նա:

Երկրորդ կարեւոր մասը այն էր, որ ըստ Բաղդասարյանի  ներկայիս իշխանությունը խուճապի մեջ է: Իսկ դրա կանկրետ վկայությունը այն է, որ ուղիղ 21 բնակավայրներից ժողովրդին արգելել են մասնակցել այսօրվա հանրահավաքին:

"Անկախ այդ արգելքներին այսօր այսքան մարդ է հավաքվել եւ "ոչ" է ասում այս իշխանություններին: Ես համոզված եմ, որ այս բազմահազարանոց հանրահավաքին վաղը միանալու է Լեւոն Տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, բոլոր այն մարդիկ, ովքեր ուզում են ապրել ազատ երկրւոմ, ազատ երկրում` արժանապատիվ կյանքով: Այսօր շատ է խոսվում , թե ով ում կմիանա: Այսօր կարեւոր չէ, թե ով ում կմիանա, բայց համախմբումը շատ կարեւոր է",-ասաց Արթուր Բաղդասարյանը:

Նշեմ, որ նա իր ելույթը բաժանել էր 3 մասի` երկրի ներկայիս վիճակը, իր ծրագրերը եւ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ զարգացումները: Նա խոստացավ, որ հաջորդ հանրահավաքը լինելու է ավելի մեծ."Ջարդելու ենք բոլոր նրանց ուղեղները,ովքեր ձեզ արգելում են գալ հանրահավաք":

“Ցանկապատներ չեմ կոտրելու, շենքեր չեմ գրավելու, խորհրդարանի նախագահի գլուխ չեմ ջարդելու”

January 12, 2008

"Ես անելու եմ այն, ինչ արել եմ մինչեւ հիմա. գիտակցելով իմ իրավունքները, շատ լավ ծանոթ լինելով մեր Սահմանադրությանը, օրենքներին, միջազգային օրենսդրությանը` անելու եմ այդ օրենսդրությունից բխող բոլոր քայլերը: Բոլոր` ցույցեր, երթեր, պիկետներ, դատավարություններ. սա է լինելու իմ ճանապարհը",- այսօր հրավիրած առաջին ասուլիսում ընտրությունների արդյունքները կեղծելու դեպքում հնարավոր քայլերի վերաբերյալ իր գործողությունները հստակեցրել է  ներկա լրագրողների եւ քաղաքացիների համար նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Նա նաեւ ընդգծել է, թե ինչ չի անելու. առանց անուն նշելու, 1996 թվականի դեպքերը ակնարկելով հայտարարել է. "Ցանկապատներ չեմ կոտրելու, շենքեր չեմ գրավելու, խորհրդարանի նախագահի գլուխ չեմ ջարդելու: Եվ ի դեպ, այդ թեկնածուն/ Վազգեն Մանուկյանը-խմբ./ կործանվեց հենց այդ պատճառով. նա 96-ին ուներ 41 տոկոս ձայն, հաջորդ ընտրություններում ստացավ 13 տոկոս, 2003-ին` 0,9 տոկոս. սա է ժողովրդի վերաբերմունքը 1996 թվականի նրա կատարած այդ ահավոր հարվածին` ուղղված պետության դեմ: Ուրիշ ոչ մի պատճառ չկա: Ժողովուրդը բնազդաբար չի ընդունում այդպիսի քաղաքական գործելակերպը: Եվ դա իմ կողմից երբեք չի լինի",-ասել է:

Խոսելով ԼՂՀ հիմնախնդրից` ասել է, որ չի մեկնաբանում Սերժ Սարգսյանի տեսակետները, ուստի 100 տարի անց էլ չի մեկնաբանի Վարդան Օսկանյանինը`հրաժարվելով մեկնաբանել իր տեսակետներին տված Վարդան Օսկանյանի գնահատականը: Սակայն ԼՂՀ հիմնախնդրի մասին խոսելով նշել է, որ գործընթացը չիպատրաստվում սկսել 1998թ.-ից:

"ԼՂ բանակցությունների գործընթացը մի համակարգ է, որը սկսվել է 1992թ.-ից, ունեցել է տարբեր աստիճաններ եւ այսօր գտնվում է բոլորովին այլ աստիճանի վրա, քան 1998թ.-ին: Այսօր կա մի նոր, գրավոր առաջարկ: Համանախագահների կողմից վերջին գրավոր առաջարկը` ընդհանուր պետության մասին է: Դրանից հետո համանախագահները կողմերին որեւէ գրավոր առաջարկ չեն ներկայացրել: Այսինքն` վերականգնում են նախկին ավանդույթները, ավելի են լրջացնում գործընթացը",-ասել է Տեր-Պետրոսյանը:

Խոսելով քաղաքականություն վերադառնալու մասին, ասել է, որ վերադարձել է իր պարտքը կատարելու: "Եթե կարող եմ նպաստել խնդրի լուծմանը, ուրեմն ես չեմ կարող այլեւս տանը նստել. սա խղճի հարց չէ, սա հստակ քաղաքական գիտակցություն է, մանավանդ, որ ես էլ որոշակի մեղք ունեմ այս վարչախմբի գոյության համար. վերջին հաշվով, ես եմ այդ մարդկանց հրավիրել Հայաստան, իհարկե, ես պատասխանատու չեմ, թե նրանք ինչպիսի պաշտոններ են զբաղեցրել, ընտրվել կամ չեն ընտրվել հանրապետության նախագահ, բայց փաստ է, որ եթե ես նրանց չհրավիրեի Հայաստան, նրանք այսօր մեր գլխին նստած չէին լինի",-ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Նա խոստացել է անել իրենից կախված ամեն ինչ. "Կփորձեմ համոզել ժողովրդին, ձեզ, հասարակությանը, որ այս իշխանությունները չարիք են. կարծում եմ, միայն մղձավանջային երազներում կարելի է պատկերացնել այս վարչախմբի եւս 10 տարվա իշխանավարությունը: Ես չեմ ուզում ապոկոլիպտիկ իրավիճակներ ներկայացնել, բայց որ մենք շատ դժբախտությունների ենք հանդիպելու այդ պարագայում` բացարձակապես չեմ կասկածում":

Կարդացեք այս ամենի մասին մանրամասն այստեղ, այստեղ, այստեղ, այստեղ եւ այստեղ: "Փռշտալու" վիդեոն դիտեք այստեղ:

“Շնորհակալ է Ս. Սարգսյանից ու Ռ. Քոչարյանից”

December 8, 2007

Այսօր հանրահավաքը մարդաշատ է եղել եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր ելույթի ընթացքում մանրամասն նկարագրել է ընդհանրապես թաթար-մոնղոլական իշխանության էությունը: Իսկ այդպիսի իշխանության հիմնական բնորոշ գիծը սեփականությունն է, նրանք իրենց սեփական կալվածքն են համարում երկիրը, իսկ սեփական ծառաներ` ժողովրդին:

Մանրամասն գիտականորեն բացատրելով բուն թաթար-մոնղոլական իշխանության էությանը` Լեւոն Տեր-Պետրոսյանը զուգահեռներ է անցկացրել այսօր Հայաստանում ղեկավարող վարչախմբի միջեւ: Դրանք, ըստ ՀՀ Առաջին նախագահի, ՙապշեցուցիչ նմանություն, եթե չասենք, նույնություն ունեն՚: Նրանք էլ կարծում են, թե Հայաստանը իրենց սեփական կալվածքն է, եւ ամեն ինչ, ամեն բարիք բաժանում են իրենց մտերիմներին, բարեկամներին, ընկերներին, քավորներին ու սանիկներին: Բավական է միայն Ղարաբաղում մի պաշտոնյա ազատվի աշխատանքից, նրան անմիջապես Հայաստանում պաշտոնի են նշանակում: Ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, այսպիսի դավաճանական քաղաքականության արդյունքում կարող ենք կորցնել Ղարաբաղը, քանի որ այն ուղղակի դատարկվում է: ՙՄենք կանգնած ենք ազգային աղետի, կատաստրոֆայի առջեւ՚,- արձանագրեց Առաջին նախագահը:

Թաթար-մոնղոլներին բնորոշ գիծ է եղել նաեւ կրոնափոխությունը` Լեւոն Տեր-Պետրոսյանը ընդհանրությունն ընդգծելու համար նկատել է, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը սկզբում եղել են կոմունիստ, հետո դարձել է ՀՀՇ անդամներ, ապա` Քոչարյանը երդվյալ դաշնակցական, իսկ Սերժ Սարգսյանը ղեկավարեց նժդեհացեղակրոն կուսակցությունը: ՙՎաղն էլ կարող են դառնալ մուսաֆաթական՚,- ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:

"Խորապես ցավում եմ, բայց կրկին պիտի հիասթափեցնեմ Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին: Նախ մինչ այժմ արձակված փամփուշտները դեռ սլանում են, եւ, հազար տարի էլ անցնի, նրանք չեն ազատվելու ավազակապետի պիտակից: Եւ երկրորդ, ինչպես ակնհայտորեն հետեւում է այս ելույթից, իմ փամփուշտներն անսպառ են, որքան անսպառ են անբաժան զույգի դեռեւս մինչեւ վերջ չբացահայտված օրինազանցությունները՚: Լեւոն Տեր-Պետրոսյանը արժանապատվության որոշակի վիրավորանք է ապրում, երբ լսում է, որ Սերժ Սարգսյանի միակ այլընտրանքը ինքն է` Տեր-Պետրոսյանը. ՙՕրինական ընտրություններ անցկացնելու պարագայում ՀՀ ցանկացած քաղաքացի կարող է հաղթել նախագահացու վարչապետին: Այնպես որ Սերժ Սարգսյանն իրականում այլընտրանք չունի: Իսկ եթե, այնուամենայնիվ, ունի, ապա այդ այլընտրանքը Սաշիկն է կամ Թոխմախի Մհերը՚:

Տեր-Պետրոսյանը անդրադարձել է նաեւ ինքնաթիռին, որ 45 մլն դոլարով գնել է ՀՀ նախագահը. ՙԿարծում եմ, մեր երկիրն այսօր այն վիճակում չէ, որ իրեն շռայլություն թույլ տա 45 միլիոն դոլար արժողությամբ ինքնաթիռ գնել: Այդ գումարը կբավականացներ առնվազն 200 դպրոց վերանորոգել կամ Սփյուռքից տարեկան 4-5 միլիոն դոլար մուրալու փոխարեն, կառուցել Ղարաբաղի բոլոր ճանապարհները Ուստի պաշտոնապես հայտարարում եմ. նախագահ դառնալու դեպքում ես կկարգադրեմ անմիջապես վաճառել այդ ինքնաթիռը եւ գումարը մուտքագրել պետական բյուջե՚:

Ի դեպ, հանրահավաքի ավարտին, Տեր-Պետրոսյանն խորին շնորհակալություն  է հայտնել Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, ՙորոնց հանճարեղ մտքերն ու ոսկեղենիկ արտահայտությունները՚ մեծապես նպաստում են իր քարոզարշավին. ՙՆրանց յուրաքանչյուր խոսք, յուրաքանչյուր դիմախաղ, յուրաքանչյուր կեղծ ժպիտ անսահմանորեն հզորացնում է ձեր շարժումը: Ուստի մի գանգատվեք, մի բողոքեք նրանցից, այլ գոհացեք, որ Աստված ձեզ այդպիսի անճարակ մրցակիցներ է պարգեւել: Նրանք այսօր ամենաօգտակար գործիքն են մեր ընդհանուր նպատակի իրականացմանը ծառայեցնելու համար՚:

Այսօրվա հանրահավաքին Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը կարդացեք այստեղ եւ այստեղ: Կարդացեք նաեւ հանրահավաքի մասին այլ նյութեր այստեղ, այստեղ եւ այստեղ:

Դեմ է Սերժ Սարգսյանին, ուրեմն ում կողմից է?

November 29, 2007

Արամ Կարապետյանի գործողությունները փաստորեն չեն պասիվանալու, եթե նույնիսկ ինքը չմասնակցի ընտրություններին:  ՆԺԿ-ն շարունակելու է այցելել մարզեր եւ հանդիպել մարդկանց հետ, որովհետեւ իր ելույթները բավականաչափ ակտիվացնում են հասարակությանը: Այսօր այս մասին հայտարարել է Արամ Կարապետյանը: Նա նաեւ ասել է.

"Կատեգորիկ կոչ եմ անելու չպաշտպանել գործող իշխանությանը: Իսկ  "Ա1+"-ի հարցին, թե արդեն իսկ ակնհայտ է, որ հեղափոխական զանգվածը հավաքվում է Տեր-Պետրոսյանի շուրջ, հնարավոր է, որ ինքը բարձրանա հարթակ, Արամ Կարապետյանը չի բացառել, ավելին, նույնիսկ շատ հավանական է համարել, որ կմասնակցի հանրահաքավաքներին: Նա իր խոսքում անընդհատ շեշել է, որ կկանգնի միայն իրական ընդդիմադիրների կողքին, ովքեր չեն ծախվի եւ ընտրությունների երկրորդ փուլում չեն լեգիտիմացնի Սերժ Սարգսյանի իշխանությունը: Արամ Կարապետյանն բնակության վայրի մասին իրեն փաստաթուղթ չտրամադրելու հանգամանքը համարում է քաղաքական պատվեր. "Քաղաքական պատվերի հեղինակներն են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, կատարողները` ԱԱ-ն եւ ոստիկանությունը":

Արամ կարապետյանը շատ է կարեւորել միավորումը գաղափարի շուրջ, իսկ գաղափարն այսօր միակն է, ազատվել գործող իշխանությունից: Ինչ եք կարծում այս ամենի մասին?

Տեր-Պետրոսյանը ներողություն խնդրեց

November 16, 2007

"Ազատության" մինչեւ արձաները փակ հրապարակում մեկնարկեց Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած հանրահավաքը, որին մասնակցեցին վերջինիս սատարող քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպություններն ու պարզապես ՀՀ քաղաքացիներ: Առաջին բանը, որ կարող էիր տեսնել հրապարակում, դա մուգ հագուստով հոգնած մարդիկ էին` հոգնած հայացքով եւ թաքուն հույսով դեպի բեմահարդակը. "մարդ ես, մի բան փոխվի էս երկրում": Թումանյան փողոցի վրա էլ մի խումբ հիաստաթված երիտասարդներ էին, "հավաքված մարդիկ էին տեսել, կարծել էին, թե Դիմա Բիլանի համերգն է սկսվում, բայց բեմահարդակին ինչ-որ ուրիշ աստղեր էին":

Այդ "աստղերից" Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա "թիմը" մի քանի կարեւոր հայտարարություններ արեցին: Առանձնացնեմ մի քանի հետաքրքիրները: Տեր-Պետրոսյանը ներողություն խնդրեց ժողովրդիցից "Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին նրանց վզին փաթաթելու համար": Արձագանքը` հանրահավաքի մասնակիցների բուռն ու որոտընդոստ ծափահարություններն էին: Տեր-Պետրոսյանը խոստովանեց, որ իր կատարած թերեւս ամենամեծ սխալը եղել է վերոհիշյալ անձանց Ղարաբաղից բերելը եւ հայ ժողովրդի "վզին փաթեթելը": Ապա հայցեց ժողովրդի օգնությունը. "Օգնեք ինձ` ուղղելու իմ սխալը": Կարդացեք ողջ ելույթը այստեղ:

ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դենիրճյանը հայտատարեց, որ սեփական առաջիկա նախագահական ընտրությանը սեփական թեկնածուով հանդես չի գալու եւ սատարելու է Տեր-Պետրոսյանին: "Եթե ոմանց միավորում է ցինիզմը, իշխանական մարմիններից օգտվելու մոլուցքը, ապա մեզ բոլորիս համախմբում է մեր երկրում արժանապատիվ կյանքով ապրելու ձգտումը",-ասաց նա եւ ավելացրեց, որ " խաչակրաց արշավանքը", որը սկսվել է Տեր-Պետրոսյանի դեմ, ցույց է տալիս այն նույն ձեռագիրը, որ կար ու իրագործվեց 1998թ` Կարեն Դեմիրճյանի, 2003թ` իր նկատմամբ: "Սա վկայում է, որ Տեր-Պետրոսյանը հաղթող թեկնածու է",- ասաց նա:

Հայ գործարարներից "Լիլ" կոնցեռնի նախագահ, պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը (Գրզոն) հայտարարեց, որ  որպես մարդ  հպարտ է, որ կանգնած է Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին: Նա նաեւ կոչ արեց թողնել հարմարվողականությունը եւ սատարել Տեր-Պետրոսյանին` ավելացնելով, թե միջին եւ փոքր բիզնեսը աջակցում է նրան: Ըստ նրա` Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը բխում է մեր երկրի շահերից: Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանի` Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու հայտարարությունից հետո, նրան պատկանող ձեռնարկություններում սկսվեցին ստուգումներ:

Կարդացեք նաեւ ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանի, Հայաստանի ազատական-առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի ելույթներն ու հանրահավաքի այլ մանրամասներ:    Հանրահավաքին ներկա էր Օհան Դուրյանը, ով հազիվ լսելի ձայնով ասաց, որ "Լեւոնի հաղթանակը Հայաստանի հաղթանակն է":

Ե.Գ. Վերջին նկարում հանրահավաքին ներկա կանանցից է, ով "տնական շաքարաքլոր" էր վաճառում: "90-ականների հոտ եկավ": emoticon

Ինչ է մտքին դրել Լեւոն Տեր-Պետրասյանը?

November 8, 2007

Այսօր Լեւոն Տեր-Պետրասյանը հանդիպել է "Ժառանգություն" կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: ՙԺառանգություն՚ կուսակցության լրատվական ծառայությունից հաղորդում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկրի առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրները, արտաքին քաղաքականության մարտահրավերները, առաջիկա նախագահական ընտրություններին եւ ներքաղաքական զարգացումներին առնչվող հարցեր: 

Ինչ եք կարծում, նշանակում է սա արդյոք, որ առաջիկա նախագահականին "Ժառանգությունը" կաջակցի Լեւոն Տեր-Պետրասյան? Ձեր կարծիքով ՀՀ առաջին նախագահը շանսեր ունի ընդդիմության միասնական թեկնածուն լինելու?

Զուգահեռ ներկայացնենք, որ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի հնարավորությունները գնահատում է մինչեւ 60 տոկոս` դրանիվ իսկ կանախատեսելով, որ ընտրությունները մեկ փուլով են ընթանալու: Եթե հաշվի առնենք քաղաքագետների այն կարծիքը, որ ընդդիմությունը միասնական թեկնածուի շուրջ կհամախմբվի ընտրությունների առաջին փուլից հետո, (ընդդիմության այն թեկնածուի, ով առավելագույնս ձայներ կհավաքի), իսկ ըստ ՀՀԿ-ի, երկրորդ փուլ չի լինելու, ապա ՀՀԿ-ական տրամաբանությամբ ընդդիմությունը մինչեւ միավորվի, ուշ կլինի:

Հավանաբար սա զգոնության պիտի բերի ընդդիմությանը, քանի որ առաջին փուլը

Ինչ կսերտեն մեր իշխանությունները?

November 7, 2007

ՙԱնհամեմատելի է Վրաստանի հասարակության քաղաքացիական կամքը, պայքարելու կամքը Հայաստանի հասարակության քաղաքացիական կամքի հետ. մարդիկ մինչեւ վերջ կանգնում են, պայքարում են իրենց իրավունքների համար եւ ոչ թե 100 կամ 200 հոգի, այլ ողջ հասարակությունը: Ջրցան մեքենան ուղղակի ջրաշիթը բաց է թողնում մարդու վրա, իսկ նա կանգնած է դիմացը, եւ ձեռքերը վեր բարձրացրած` ցույց տալով, որ անզեն է, չի փախչում՚,- ՙԱ1+՚-ի հետ հեռախոսազրույցում ասել է Թբիլիսիում գտնվող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Նրա գնահատմամբ այն, ինչ կատարվում է Վրաստանում այսօր մարդու իրավունքի ոտնահարում է, խոսքի ազատության, կարծիքի արտահայտման ոտնահարում:

Նա ասել է, որ Վրաստանում իրավիճակը ժամ առ ժամ բարդանում է. կեսօրից սկսած ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ խաղաղ ցուցարարներին դուրս են մղել Ռուսթավելի պողոտայի` պառլամենտին հարակից հատվածից: Կիրառել են ջրցան մեքենաներ` շատ մեծ ճնշման տակ ջրաշիթ է ուղղվել խաղաղ եւ անզեն ցուցարարների վրա, օգտագործվել են ռետինե մահակներ, արցունքաբեր, նաեւ անհայտ ծագման գազ, որից անգամ թունավորումներ են եղել: Իսկ երեկոյան Սահակաշվիլին արդեն զորք է մտցրել քաղաք եւ պարետային ժամ է հայտարարվել:

"Սահակաշվիլին չդարձավ Վրաստանի նախագահ, այլ մնաց Ազգային առաջադիմական կուսակցության նախագահ, իսկ այն մեթոդները, որ կիրառեց, ուղղակի նշանակում է, որ ինքը չի կարող համարվել ժողովրդավարական լիդեր. նույնիսկ Շեվարդնաձեի օրոք այն, ինչ իր նկատմամբ չկիրառվեց, ինքը այսօր իր ընտրողների նկատմամբ է կիրառում",-կարծում է Արթուր Սաքունցը: Նրա տեղեկացմամբ, ճնշումները սաստկացել են դեռ երեկ գիշերը, երբ մի խումբ հացադուլավորների ու ցուցարարների ուժով հեռացրին հրապարակից, նաեւ ձերբակալեցին կոնֆլիկտների լուծման նախկին նախարար Գեորգի Խայնդրավային:

Նկատենք, որ ընդդիմությունն ընդամենը պահանջում է խորհրդարանական ընտրություններն անցկացնել ճիշտ ժամանակին` ապրիլին, այնինչ խորհրդարանը որոշում է կայացրել իր լիազորությունները երկարաձգելու մասին, որպեսզի ընտրությունները անցնեն նախագահականի հետ միաժամանակ: Հասարակությունը նաեւ պահանջում է ազատ արձակել քաղբանտարկյալներին: Այստեղ դիտեք ցույցի վիդենո:

Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջապես ասաց “այդ”

October 26, 2007

"Այս պահից ինձ հայտարարում եմ ՀՀ նախագահի թեկնածու: Ասածս սոսկ հայտարարություն չէ, այլ իմ որպես ՀՀ քաղաքացու կարգավիճակի կտրուկ փոփոխություն. հետեւաբար, այսուհետեւ իմ կողմնակիցների նկատմամբ գործադրված որեւէ բռնություն, կամ հարկային ծառայության սանձազերծած որեւէ տեռոր դիտվելու է որպես քաղաքացիների ընտրական իրավունքի նկատմամբ գործված ընտրական իրավունքի խախտում, եւ այդպես էլ ներկայացվելու է ինչպես մեր հասարակությանն, այնպես էլ միջազգային ատյաններին",-այսօր հանրահավաքում  19:22-ին հայտարարեց ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Միայն այս հայտարարությունը հերիք էր ներկա գտնվողների սպասումը արդարացնելու համար: Բայց Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսեց սեփական քաղաքական գնահատականներով, հոկտեմբերի 27-ի գործով սեփական բացահայտումներով, ի դեպ, ըստ որոշ կանխորոշումների` առանց արդարացումների եւ ապաշխարհանքի խոսքերի: Ըստ "Ա1+"-ի` հանրահավաքին ներկա են եղել 35-40 հազար մարդ եւ ողջ ընթացքում մարդիկ ուշադիր, կլանված լսում էին, ոգեւորվում, "Լեւոն" վանկարկում եւ "դե ասա, էլի" գոչում: Նրա 19:22 րոպեի "դե ասա"-ից հետո ներկաների խանդավառությունը կրկնապատկվեց:

Լեւոն Տեր-Պետրոսյանը իր որոշումը բացատրեց իր կողմակիցների նկատմամբ իրականացվող ճնշումներով. ՙԻմ վերջական որոշումը մտադրվել էի կայացնել ընտրությունների նախընտրական գործընթացի սկբնավորման նախօրյակին, սակայն իմ համակիրների նկատմամբ իշխանությունների կողմից վերջերս կիրառված բռնությունները, ինչպես նաեւ այս հանրահավաքի հսկայական էներգետիկան, այլեւս անհետաձգելի է դարձնում նման որոշման կայացումը՚,- ասաց նա:

Ե.Գ. Հանրահավաքի ներկաներից մեկն ինձ ասաց, որ այնքան է զզվում ներկայիս իշխանական կլանից, որ պատրաստ է մոռանալ Լեւոնի օրոք եղած մութ ու ցուրտ տարիները: "Այն ժամանակ հույս ունեինք, իսկ հիմա մեզ դրանից էլ են զրկել, համատարած գաղափարական անբարոյականություն է":