Սիրոշոն կներկայացնի մեր երկիրը?

November 14, 2007

Արդեն հայտնի է 2008թ Հայաստանը ՙԵվրատեսիլ՚-ում ներկայացնող երգիչը, սակայն նրա անունը կհրապարակվի միայն մի քանի ժամից: Նրան ներքին որոշմամբ արդեն ընտրել է Հանրային հեռուստաընկերության գեղարվեստական խորհուրդը: Ըստ պտտվող լուրերիª այդ երգչուհին Սիրուշոն է:

ՙՔանի որ ամեն տարի, ամեն երկիր փոխում է երգչի ընտրության իր ֆորմատը, այնպես էլ Հայաստանն այս տարի կօգտվի Հոլանդիայի նախորդ տարիների փորձից՚,-ՙԱ1+՚-ին հայտնեց Հանրային հեռուստաընկերության արտաքին կապերի բաժնի պետ Դիանա Մնացականյանը:

Հենց այդ ‎‎ֆորմատի համաձայն` երգչի ընտրությունը կատարվել է ներքին կարգով, իսկ երգի ընտրությունը կանի հանրությունը: Այսինքնª կոմպոզիտորներին շուտով առաջադրանք կտրվի գրել ընտրված երգչի համար 5 կամ 7 երգ, որոնք ուղիղ եթերում ունկնդրելովª հեռուստադիտողը կկատարի իր ընտրությունը: Նախատեսվում էª մրցույթին հավակնող երգերը ներկայացնել հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին, բայց քանի որ այդ ժամանակահատվածում երկրում Նախագհի ընտրություններ են, ապա կոնկրետ ժամկետները դեռ չեն որոշվել: Կարդացեք շարունակությունը այստեղ:

Ինչ եք մտածում այս մասին? Սիրուշոն կկարողանա մեր երկիրը ըստ արժանավույնս ներկայացնել? Իսկ ինչ եք մտածում Եվրատեսիլի մասին ընդհանրապես?

Ե.Գ. Երգչի անունը կհրապարակվի այսօր Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում` ժամը 22:25-ին:

Գիշերային ֆուտբոլին ավարտվում է “ռազբորկայով”

September 11, 2007

Երեւանի տարբեր թաղամասերում ապրող 16-25 տարեկան երիտասարդներ գրեթե ամեն գիշեր հավաքվում են որեւէ մարզադաշտում կամ բաց դաշտում ֆուտբոլ խաղալու: Տղաների խոսքերով` իրենք գիշերն են խաղում, որովհետեւ ՙցերեկն ամաչում են բակում խաղալ,արդեն մեծ են, իսկ գիշերը իրենց ոչ ոք չի տեսնում՚: Չեն տեսնում, բայց լսում են: Շենգավիթի մարզադպրոցի հարեւանությամբ գտնվող բարձրահարկ շենքերի բնակիչները բողոքում են, որ գիշերը չեն կարողանում քնել տղաների ձայներից:

ՙԲարձր գոռում են,ճչում, մեկ-մեկ էլ ժամերով կռիվ են անում,հայհոյում են իրար բարձրաձայն,-պատմում է Նազիկ տատիկը,- էտ էրեխեքի պատճառով քնել չի լինում՚: Իսկ կռիվների պատճառը փողն է: Բանն այն է, որ տղաները ՙգռազով՚ են խաղում, պարտվող թիմը հաղթողին տալիս է 20-25 հազար դրամ: ՙՍկզբում գարեջրի վրա էինք խաղում, հետոª փողի, թվերը գնալով մեծացան ու հասան 25 հազարի,-պատմում է 18-ամյա Գեւորգը,- Թիմում 5 հոգի ենք, պարտվելու դեպքում ամեն մեկս 5000 հազար է տալիս՚: Գիշերային ֆուտբոլը բավականին լարված է անցնում, քանի որ ՙմեջը փող կա՚: Հաճախ թիմակիցների միջեւ վեճ է ծագում , եթե խաղացողներից մեկը թեք հարված է կատարում կամ պատահաբար գնդակը հակառակորդին է փոխանցում: ՙՄենք շատ ենք նյարդայնանում հատկապես երբ պարտվում ենք,- ասում է 21-ամյա Դավիթը,- բոլորն էլ հասկանում են, որ պետք է փող պարտվեն ու իրար վրա մունաթ են գալիս, միմյանց պարտության մեջ մեղադրում՚:

Ավելի հաճախ տղաները վիճում են հակառակորդների հետ: Վեճերը ծագում են, որովհետեւ տղաները ՙփողոցային՚ ֆուտբոլ են խաղում` առանց պահպանելու սպորտային կանոնները: Մրցավար էլ չի լինում, ու եթե մեկը սխալ է թույլ տալիս, եւ հարցը չեն կարողանում լուծել, խաղն ավարտվում է ՙռազբորկայով՚, որը սովորաբար շարունակվում է նաեւ հաջորդ օրը մասնակիցների ավելի մեծ քանակով: 24-ամյա Գարիկը, ով ՙռազբորկաների՚ ամենաակտիվ մասնակիցն է ՙԱ1+՚-ին պատմեց. ՙՎիճում ենք, որովհետեւ հակառակորդները խարդախ են խաղում եւ չեն ուզում իրենց սխալն ընդունել՚: Նկատենք, որ պարտվողներն ավելի ագրեսիվ են լինում եւ փորձում են ՙկռիվ սարքել՚:

Արդարության համար նշենք, որ կան նաեւ երիտասարդներ, որոնց գիշերային խաղերը խաղաղ եւ ընկերական միջավայրում են անցնում:

Սերժ Սարգսյանի “միակ”-ը

September 4, 2007

Հավանաբար հանրահայտ "Comedy club"-ական Գարիկ Մարտիրոսյանի համբավը իր ուրույն դերակատարությունն է ունեցել եղբոր նշանակման հարցում: Ի անակնկալ շատերի` նրա եղբայր, ՄԻԱԿ կուսակցության գլխավոր քարտուղար Լեւոն Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական: Կուսակցության կայքի պաշտոնական հաղորդագրությունում ասվում է, որ Լեւոնը առայժմ պահպանելու է իր պաշտոնը կուսակցությունում, իսկ դրանից հրաժարվելու դեպքում էլ մնալու է ՄԻԱԿ-ի խորհրդի անդամ:

Կուսակցության մյուս "ձեռքբերումը" ՕԵԿ-ական Սամվել ֆարմանյանի անդամությունն է, ով ըստ իր բառերի` ուրիշ այլ կուսակցությունում իրեն չէր պատկերացնում, մանավանդ որ ծանոթ է կուսակցության կազմին դեռեւս ԵՊՀ-ի ուսանողական տարիներից: Ի դեպ, հենց Ֆարմանյանը "Առավոտին" ասել է, որ իրենց կուսակցությունը առաջիկա նախագահականին սեփական թեկնածուով հանդես չի գալու եւ հավանական է թեկնածուներից մեկին սատարումը, այն է ակտիվ:

Կարծում եմ` առաջիկա նախագահականի եւ կուսակցությունների` թիմերի հարաբերակցության մասին այս ակտիվ քննարկումների շրջանում  մի կուսակցության կողմնորոշումն էլ կարելի է կանխատեսել… Ի դեպ, ՄԻԱԿ-ի ծրագիրը բավականին հաջող է, երիտասարդներն էլ` կարծում եմ բավականին խելացի` ճիշտ կողմնորոշվելու եւ կարիերայում առաջ գնալու ճիշտ ուղղին գտնելու համար:

<Հույսը> կտրեց շատ ուսանողների հույսը

May 8, 2007

<Գովքն վարչապետի` ի բարորություն Հայաստանի>… ԵՊՀ ուսանողության < հանրապետական ակտիվ> եւ մի քանի տասնյակ < ոչ հանրապետական ակտիվ> ուսանողները այսօր ծափողջույններով, հոտընկայս, այլ կերպ ասած նախագահավայել դիմավորեցին Սերժ Սարգսյանին, ով եկել էր պատասխանելու < Հույս> ուսանողական շարժման` նախօրեին ներկայացրած հարցերին:

Ցավոք, այսօր < Հույսը> կտրեց շատ ուսանողների հույսը, ովքեր օգեւորված էին ուսանողական շարժում գաղափարից… պարզաբանեմ…

Այսօրվա հանդիպումը ցույց տվեց, շարժումը ոչ ինքնաբուխ, ռեկտորատի հովանու ներքո եւ Սերժ Սարգսյանի վաղաժամ նախագահական քարոզարշավին ծառայող չձեւավորված կառույց է: Վարչապետին տրվելիք հարցերը նախօրոք պատրաստվել էին եւ < գլավլիտի> տակով անցել…< մարդ ես…ավել-պակաս>:   Չնայած կարծում եմ` այստեղ արջի ծառայություն էին մատուցել: Իսկ արդեն հոգնած կամ դահլիճի մեծամասնության կարծիքը չկիսող ուսանողներին թույլ չտրվեց դուրս գալ: Հույսականները կանգնել էին մուտքի դռների մոտ եւ հորդորում էին սպասել հանդիպման ավարտին:

Հետաքրքիր մանրամասներ… Սերժ Սարգսյանը ասաց, որ մայիսի 13-ին` քվերակությոնից հետո, հայտարարությամբ հանդես կգա, եթե որոշի դնել իր թեկնածությունը 2008-ի նախագահականին: Այն կախված է խորհրդարանական ընտրություններին շատ քվեներ հավաքելու հետ: Ինքը ակնկալում է ժողովրդի աջակցությունը:

Վարչապետը գտնում է, որ միասնության շրջանը լավ նախաձեռնություն է, սակայն ճիշտ ժամանակ չի ծրագրված: Մայիսի 9-ի օրով փակել ճանապարհները, խցանումներ առաջացնել այդքան էլ տեղին չէ եւ ինքը կփորձի նպաստել վերջինիս հետաձգվելուն:

<Հույսին> վերաբերվող այլ մանրամասներ  E-channel-ի բլոգում: Կարդացեք նաեւ այս: