Քաղաքական նոր զարգացումնե՞ր. “ժամկետը” լրանում է…

June 4, 2008

Վերջին օրերին ներքաղաքական իրավիճակը մայրաքաղաքում, մեղմ ասած, հանդարտ չէ: Մոտենում է ԵԽԽՎ կողմից ՀՀ իշխանություններին ներկայացված պահանջների կատարման ժամկետը, այնինչ ցարդ շարունակվում են նախնական կալանքի տակ մնալ 96 քաղաքական հետապնդման ենթարկվող քաղաքացիներ: Միեւնույն ժամանակ ՀՀ արտաքին քաղաքականության ու ԼՂՀ հակամարտության կարգավորման համար կարեւոր Սարգսյան-Ալիեւ նախագահների հանդիպմանը ընդառաջ բարձրանում է քաղաքական կուսակցությունների ու հասարակական նախաձեռնությունների նոր ալիք, հացադուլավորների թիվը` ուղիղ համեմատական դժգոհությունների ալքին, շատանում է, ի վերջո մոտենում է համաժողավրդական շարժման նախանշած հանրահավաքի օրը:

"Այսօր, երբ մոտ մեկ ամիս է մնացել բանաձեւում նախանշված սույն պայմանների իրականացման համար նախատեսված վերջնաժամկետին, ակնհայտ է դառնում, որ որեւէ առաջընթաց չի գրանցվել ՀՀ իշխանությունների կողմից վերոնշյալ պայմանների իրականացման ուղղությամբ, իսկ ժողովրդավարական ազատությունների ու մարդու իրավունքների հետ կապված իրական պատկերը վատթարացել է, ինչի հետեւանքով առավել խորացել է ընդդիմության եւ իշխանությունների միջեւ գոյություն ունեցող անջրպետը",-ասվում է համաժողովրդական շարժման հայտարարությունում ու մեջբերում դեռ ԵԽԽՎ վերջնագրից` "1.Իրականացնել անկախ, թափանցիկ եւ վստահություն ներշնչող հետաքննություն մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ: 2. Անհապաղ ազատ արձակել ձերբակալված այն անձանց, ովքեր թե’ ձերբակալվել են ակնհայտ շինծու եւ քաղաքական դրդապատճառներով, թե’ անձամբ չեն իրականացրել որեւէ բռնի գործողություն կամ դրան առնչվող ծանր հանցանք: 3. Անհապաղ չեղյալ համարել “Հանրահավաքներ, ժողովներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին” օրենքում կատարված վերջին փոփոխությունները` Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին համապատասխան:

"Փետրվարի 19-ի նախագահի ընտրություններն առաջընթաց են բոլոր մյուս ընտրությունների համեմատ:Իսկ ԵԱՀԿ դիտորդական առաքելության մեջ գտնվում էին տարբեր երկրների ներկայացուցիչներ եւ կարծեմ` այդ խմբի մեջ ամենաշատ ԱՄՆ դիտորդներն էին` 3 տասնյակ, եւ, իհարկե, այդ զեկույցը արտահայտում է բոլորի կարծիքը: Իսկ զեկույցի մեջ վերահաստատվում է, որ ընտրությունները համապատասխանում են այն պարտավորություններին, որոնք Հայաստանն ունի այդ կառույցի մեջ",-ասում է ՀՀ ԱԳՆ Էդուարդ Նալբանդյանը: Կոմունիստներն էլ հարկ են համարում պատասխանել, թե "այդ առաջընթացը եղել է կեղծիքների, բռնությունների, վերջապես 10 զոհի եւ այսօր բանտերը լցված մարդկանցով":"ՀԿԿ 37-րդ համագումարը որոշում է կայացրել չսատարել ոչ մի քաղաքական ուժի, կամ թեկնածուի, որովհետեւ մենք գիտենք, որ այս երկրում նորմալ ընտրություններ տեղի չեն ունենում, ընթանում են կեղծիքներով եւ ավարտվում են ծեծ ու ջարդով",-հայտատարում են նրանք:

Դաշնակցության նախարարների "խմբային աթոռափոխությունից" հետո էլ հատկանշական է ԱԺ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանի կարծիքը, թե "իշխանությունները պարզ խաղիկները դարձնում են լուրջ խնդիրներ": Իսկ երկխոսության մասին ասում է. "Ով է ասում, որ ընդդիմությունը միայն Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Ես համարում եմ երկխոսությունը կայացած. ՀՅԴ-ն կոալիցիայի մաս է դարձել երկխոսության արդյունքում: Իսկ ինչպես եք պատկերացնում երկխոսությունը: Ես երկխոսությունը չեմ պատկերացնում այնքան պարզունակ, որ մի կողմում նստի Տեր-Պետրոսյանը, մյուսում` Սերժ Սարգսյանը, եւ երկխոսությունը կայանա: Ես որպես ՀՀ քաղաքացի բազմաթիվ հարցեր ունեմ, ինձ հետ էլ պետք է երկխոսեն: Երկխոսությունը ես համարում եմ Եվրոպայի կողմից պարտադրված, արհեստական եւ մտացածին":

"Ինչով եք կաշկանդված, որ չեք կատարում ձեր լիազորությունները, ինչու եք թույլ տալիս, որ ընտրությունների ընթացքում անխնա խախտվի օրենքը",-"Ժառանգության" պատգամավորն ուղղում է իր հարցը ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանին, իսկ Գյումրիի "Ասպարեզ" ժուռնալիսների ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը,հարցնում, թե օրենսդրական փոփոխություններից հետո արդյոք ՀՌԱՀ նախագահը չի կանչի իր մոտ "Գալլա" հեռուստաընկերության նախագահին եւ ասի, որ որ թեկնածուին եթեր չտրամադրեն, քննարկվում է մեկ այլ կարեւոր` ՀՌԱՀ-ի եւ ՀՀՌԸ խորհրդի ձեւավորման կարգի մասին լսումներին:

Ե.Գ. Հաշվի առնելով, որ բլոգի այցելությունների մի ստվար զանգվածի համար շատ կարեւոր է Սիրուշոյի կյանքն ու գործունեությունը, նշենք, որ նախագահականում նրան ընդունել է Սերժ Սարգսյանը  եւ պարգեւատրել ՀՀ նախագահի շնորհակալագիրով:

Հայաստանի խայտառակություն ԵԽԽՎ-ում

April 17, 2008

93 կողմ, 8 դեմ, 8 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԵԽԽՎ-ում ընդունվեց Հայաստանի դեմոկրատական հաստատությունների գործունեության մասին բանաձեւը:Այն պատրաստել էին Ջոն Պրեսկոտը եւ Ջորջ Կոլումբիեն: Ձեր ուշադրության եմ ներկայացնում բանաձեւը:

ԵԽԽՎ-ն բարեփոխումների եւ քաղաքական ուժերի միջեւ երկխոսության կոչ է անում, որպեսզի Հայաստանը կարողանա առաջ շարժվել (Ստրասբուրգ, 17.04.2008թ.)

Առաջ շարժվելու համար Հայաստանը անհապաղ պետք է բարեփոխի քաղաքական համակարգը եւ ընտրական գործընթացը, երաշխավորի դատավորների եւ հանրային լրատվամիջոցների անկախությունն ու հավաքների ազատությունը, եւ դադարեցնի ընդդիմության լրատվամիջոցների դեմ ոտնձգությունները, կամայական ձեռբակալությունները եւ քաղաքական դրդապատճառներով կալանքները, ասել է այսօր Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ):

Համաձայան ընդուված բանաձեւի, "վերոհիշյալ հրատապորեն անհրաժեշտ բարեփոխումներով առաջ շարժվելու հնարավորություն տվող միակ ուղին քաղաքական ուժերի միջեւ բաց եւ կառուցողական երկխոսությունն է",-ասել են խորհրդարանականները:

Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ զեկուցողների`(Ժորժ Կոլոմբյե, Ֆրանսիա Եվրոպայի ժողովրդական կուսակցություն խումբ եւ Ջոն Պրեսկոտ, Միացյալ Թագավորություն, Սոցիալիստներ խումբ) առաջարկություններով խորհրդարանականները նշել են մի շարք պայմաններ երկխոսությունը սկսելու համար: Մասնավորապես` անհապաղ սկսել մարտի 1-ի իրադարաձությունների (որոնց զոհ են գնացել 10 եւ վիրավորվել 200 հոգի) վերաբերյալ անկախ հետաքննություն, անհապաղ ազատ արձակել առերեւույթ արհեստական եւ քաղաքական շարժառիթներով կալանավորված անձանց եւ անհապաղ վերացնել եւ ուժը կորցրած համարել Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին օրենքում Ազգային ժողովի կողմից վերջերս ընդունված փոփոխությունները:

Եթե այս պայմանները չապահովվեն եւ վերոնշյալ բարեփոխումների վերաբերյալ բաց երկխոսություն լրջորեն չծավալվի "Հայաստանի վստահելիությունը որպես Եվրոպայի խորհրդի անդամ կասկածի տակ կհայտնվի",-ասել են խորհրդարանականները:

"Վեհաժողովը, հետեւաբար, պետք է 2008թ. հունիսյան նստաշրջանի բացման ժամանակ դիտարկի Վեհաժողովում Հայաստանի պատվիրակության քվեարկելու իրավունքները կասեցնելու հնարավորությունը, եթե մինչ այդ վերոնշյալ պահանջների ուղղությամբ ձեռք բերված չլինի զգալի առաջընթաց",-եզրափակում է բանաձեւը:

Կարդացեք նաեւ հայաստանյան կողմի եւ այլ երկրների ներկայացուցիչների դիրքորոշումների մասին այստեղ, այստեղ, այստեղ եւ այստեղ: