Ինչ է իրականում կատարվում?

March 1, 2008

[10:01] 01 Մարտի, 2008

Այսօր առավոտյան ժամը 6.20-ի սահմաններում Ոստիկանության մի ջոկատ հարձակվել է Ազատության հրապարակում նստացույց հայտարարած խաղաղ մարդկանց վրա: Մահակներով սաղավարտավոր ոստիկանները հյուսիսային պողոտայի կողմից հարձակման են անցել, սակայն ստանալով արժանի պաշտպանություն, նահանջել են: Սակայն ավելի ուշ, արդեն 6.45-ի սահմանում բազմապատկած ուժերով կրկին հարձակվել են եւ դաժան ծեծի ենթարկել խաղաղ ցուցարարներին:

"Հիմա" էիր ասում. բա ինչի չես ասում",- ասելով ծեծում էին իրենց ընտրությունը պաշտպանող, արդար ընտրություններ պահանջող մարդկանց: Մեկ ժամվա ընթացքում ոստիկանությունը "ազատել" է "Ազատության" հրապարակը:Այրել են վրանները, ծեծել մարդկանց: Մեր ունեցած տեղեկություններով, մարդկանց մի մասը, որին հաջողվել է դուրս գալ "օղակից" շտապել է դեպի տարբեր երկրների դեսպանատների մոտ:

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը միայնակ մնացել էր կանգնած "Ազատության" հրապարակում եւ հայտարարել, որ ոչ մի տեղ չի հեռանա, եթե ուզում են կարող են իրեն ձերբակալել:Այդ ժամանակ մեծ քանակի զորքեր շրջապատել էին հրապարակը եւ նրա ողջ հարող տարածքը: Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարգսյանը անձամբ բռնի ուժով խցկել է մեքենայի մեջ եւ բռնի տեղափոխել Լեւոն Տեր-Պետրոսյանին իր առանձնատուն: Ձերբակալվածների մասին առայժմ տեղեւկություններ չկան: Օպարեյին հարող տարածքը` ՀԺԿ գրասենյակից սկսած շրջափակված է ոստիկանական ուժերով:

Տեղեկությունները ժամ-առ ժամ փոխվում են եւ վիճակը դեռ լարված է: Վերջին նորությունները կարդացեք մեր լրատվական կայքում: Ապա եթե դուք էլ որեւէ ինֆորմացիա ունեք, ականատեսն եք եղել դեպքերին կամ պարզապես ձեզ հուզող հարցեր ունեք, գրեք մեկնաբանությունների բաժնում: Անպայման կարձագանքենք:Շնորհակալություն:

Ծեծի են ենթարկել

November 15, 2007

[12:05] 15 Նոյեմբերի, 2007

Մոտ մեկ ժամ առաջ Նորք տանող ճանապարհին կանգնեցվել է տաքսի ծառայության մեքենան, որի մեջ եղել է Սոցիալ-Դեմոկրատական Հնչակյան կուսակցության ՙՍարգիս Տխրունի՚ ուսանողական միության նախագահ Նարեկ Գալստյանը: Նրան ծեծի են ենթարկել, տեղափոխել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, ապա Նոր-Նորքի Շտապ օգնության, ապա ՙՍուրբ Գրիգոր Լուսավորիչ՚ հիվանդանոց:

Ինչպես ՙԱ1+՚-ին հայտնեց հայրը` Միհրան Գալստյանը, Նարեկն այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բավականին շատ արյուն է կորցրել: Հարձակվողների անձը հայտնի չէ, միայն, ըստ նրա հոր տեղեկատվության, եղել են երեք դիմակավոր անձինք Ժիգուլի 06 մակնիշի ավտոմեքենայով:

ՙԵս այս ամենը կապում եմ երեկ չէ առաջին օրը թռուցիկներ կպցնելու հետ, պարզ չի, թե Հայաստանում ինչի համար են մարդկանց ծեծում՚,- ասաել է Միհրան Գալստյանը:

Հիշեցնենք, որ երեք օր առաջ Նարեկ Գալստյանը բերման էր ենթարկվել Ոստիկանության բաժին` թռուցիկներ բաժանելու համար: Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների` այդ թռուցիկների վրա գրված է եղել` ՙՍարգսյան Սերժին հայը կմերժի՚:

Ինչու են լռում, երբ հայ է սպանվել?

October 25, 2007

Էլի հայ են սպանել Մոսկվայում… Այսօր դանակի հարվածներից մահացել է 24-ամյա Հովհաննես Հայրումյանը, ով դարձել է ֆուտբոլային ֆանատների զոհը, որոնց զոհեր են դարձել հիմնականում ՙոչ ռուսները՚:

Ամենից անտանելին այն է, որ ռուսական իշխանությունները համարյա բոլոր` ազգայնական հողի վրա կատարված սպանությունները տեղափոխում են կենցաղային դաշտ, ասենք խուլիգանություն կամ կողոպուտ որակում, դրանով իսկ պետական մակարդակով խրախուսելով ազգայնամոլությունը: Միայն հիշեցնեմ, որ անցած տարի Ռուսաստանում սպանվեց 12 հայ, հիմնականում երիտասարդ: Իսկ ընդհանրապես, Հելսինկյան կոմիտեի տվյալներով անցած տարի Ռուսաստանում 402 այլազգիներ են ենթարկվել բռնության, մեծ մասը կովկասցիներ…

Արդեն սովորական եք լսում այսպիսի միջադեպերի մասին? Ռուսական շովինիզմն ու պետական քաղաքականությունը մի կողմ դնելով` եկեք քննարկենք մեր պետության դիրքորոշումը այս հարցում. եթե հիշում եք նախկինում Ռուսաստանում ՀՀ քաղաքացիների սպանություններից ոչ մեկի դեպքում հայկական դիվանագիտությունը խիստ դիքորոշում չունեցավ, դրանով իսկ, փաստորեն, չպաշտպանելով իր երկրի քաղաքացիներին…  Այսքանից հետո դուք ձեզ ապահով եք զգում որպես ՀՀ քաղաքացի?Ինչ է, լռությունը օրինաչափ է մեր արտգործնախարարության համար?

Ոստիկանությունը մեքենաներն է լցրել ու տարել

October 23, 2007

[19:50] 23 Հոկտեմբերի, 2007

Քիչ առաջ Կորյուն-Աբովյան խաչմերուկներում ոստիկանները շրջափակել են ՙԱյլընտրանք՚ հասարակական նախաձեռնության անդամների երթի մասնակիցներին, խոչընդոտել նրանց միջոցառմանը, արցունքաբեր գազ փչել նրանց վրա եւ նախաձեռնության անդամներին քաշքելով մտցրել ոստիկանության ավտոմեքենաներ ու տարել Կենտրոնի ոստիկանություն:

Մեր ունեցած տեղեկություններով նրանց թվում է նաեւ ՙԱյլընտրանք՚-ի նախաձեռնող Նիկոլ Փաշինյանը, ՙՉորրորդ իշխանություն՚ թերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյանը:

Երթի նպատակն էր ընդամենը բարձրախոսով իրազեկել քաղաքացիներին հոկտեմբերի 26-ի հանրահավաքի մասին, սակայն երբ ոստիկանները պահանջել են իրենց հանձնել բարձրախոսը, իսկ երթի մասնակիցները հրաժարվել են դա անել, երթը վերածվել է փոքրիկ պիկետի:

ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը այս առիթով ասել է."Սա հոգեվարք է, նյարդային ջղաձգումներ են, բայց մենք չենք կանգնելու սրա առջեւ: Իրենք հասկացել են, որ Հայաստանում մթնոլորտը փոխվել է: Բայց միեւնույնն է, չեն կարող բիրտ ուժով մեր դեմ պայքարել": Իսկ ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը ասել է."Եթե մեր ընկերներին ողջամիտ ժամանակահատվածում բաց չթողնեք կամ գոնե չհայտնեք նրանց վիճակն ինչպես է, մենք մտնելու ենք ներս եւ նրանց ազատ արձակենք":

Կրակել են ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի վրա

September 26, 2007

Մոսկվայի կենտրոնում` ՙՄետրոպոլ՚ կազինոյի շենքում գիշերը ժամը 4-ի մոտ տեղի է ունեցել փոխհրաձգություն: Ըստ ՙԻնտերֆաքսի՚` ականատեսները վկայել են, որ խաղասրահում վեճը բռնկվել է երեք հյուրերի միջեւ, որոնց արտաքին տեսքը հուշել է, որ նրանք կովկասցիներ են: Նրանցից մեկը երկու անգամ կրակել է մյուսի վրա: Վերջինս տեղափոխվել է Սկլիֆասովսկու անվան շտապ օգնության ինստիտուտ:  Ըստ ՙԻնտերֆաքսի՚` կրակել են ատրճանակից եւ վիրավորվածը 41-ամյա հայաստանցի է: Վիրավորի վիճակը վատ է:

Վիրավորվածը Հայաստանի Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՙԳրեյթ Վելլի՚ընկերության սեփականատեր Տիգրան Արզաքանցյանն է: Նրա վրա կրակած տղամարդը փախել է: ՙԳրեյթ Վելլի՚ ընկերությունում այս տեղեկատվությունը ճշտել մեզ չհաջողվեց. նրանք տեղյակ չէին: Չնայած ռուսական լրավամիջոցների տարածած տեղեկատվությանը ՀՀԿ լրատվական կենտրոնից ժամը 11.30-ի մոտ ՙԱ1+՚-ին հայտնեցին, որ եթե այդպիսի բան լիներ, իրենք հաստատ կիմանային:Ավելի ուշ ՀՀԿ-ականները հաստատեցին տեղեկատվությունը:

Հիշեցնենք, որ 2006թ մարտին Արզաքանցյանին Մոսկվայի կազինոներից մեկում ծեծել էին եւ թալանել: Ավելացնենք, որ այս օրերին Մոսկվայում է ՀՀ կառավարական պատվիրակությունը` վարչապետ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը տարածել է տեղեկություն, որ Տիգրան Արզաքանցյանը Մոսկվայում է մասնավոր այցով եւ որեւէ կապ չունի վարչապետի պաշտոնական այցի հետ: