Քաղաքական նոր զարգացումնե՞ր. “ժամկետը” լրանում է…

June 4, 2008

Վերջին օրերին ներքաղաքական իրավիճակը մայրաքաղաքում, մեղմ ասած, հանդարտ չէ: Մոտենում է ԵԽԽՎ կողմից ՀՀ իշխանություններին ներկայացված պահանջների կատարման ժամկետը, այնինչ ցարդ շարունակվում են նախնական կալանքի տակ մնալ 96 քաղաքական հետապնդման ենթարկվող քաղաքացիներ: Միեւնույն ժամանակ ՀՀ արտաքին քաղաքականության ու ԼՂՀ հակամարտության կարգավորման համար կարեւոր Սարգսյան-Ալիեւ նախագահների հանդիպմանը ընդառաջ բարձրանում է քաղաքական կուսակցությունների ու հասարակական նախաձեռնությունների նոր ալիք, հացադուլավորների թիվը` ուղիղ համեմատական դժգոհությունների ալքին, շատանում է, ի վերջո մոտենում է համաժողավրդական շարժման նախանշած հանրահավաքի օրը:

"Այսօր, երբ մոտ մեկ ամիս է մնացել բանաձեւում նախանշված սույն պայմանների իրականացման համար նախատեսված վերջնաժամկետին, ակնհայտ է դառնում, որ որեւէ առաջընթաց չի գրանցվել ՀՀ իշխանությունների կողմից վերոնշյալ պայմանների իրականացման ուղղությամբ, իսկ ժողովրդավարական ազատությունների ու մարդու իրավունքների հետ կապված իրական պատկերը վատթարացել է, ինչի հետեւանքով առավել խորացել է ընդդիմության եւ իշխանությունների միջեւ գոյություն ունեցող անջրպետը",-ասվում է համաժողովրդական շարժման հայտարարությունում ու մեջբերում դեռ ԵԽԽՎ վերջնագրից` "1.Իրականացնել անկախ, թափանցիկ եւ վստահություն ներշնչող հետաքննություն մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ: 2. Անհապաղ ազատ արձակել ձերբակալված այն անձանց, ովքեր թե’ ձերբակալվել են ակնհայտ շինծու եւ քաղաքական դրդապատճառներով, թե’ անձամբ չեն իրականացրել որեւէ բռնի գործողություն կամ դրան առնչվող ծանր հանցանք: 3. Անհապաղ չեղյալ համարել “Հանրահավաքներ, ժողովներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին” օրենքում կատարված վերջին փոփոխությունները` Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին համապատասխան:

"Փետրվարի 19-ի նախագահի ընտրություններն առաջընթաց են բոլոր մյուս ընտրությունների համեմատ:Իսկ ԵԱՀԿ դիտորդական առաքելության մեջ գտնվում էին տարբեր երկրների ներկայացուցիչներ եւ կարծեմ` այդ խմբի մեջ ամենաշատ ԱՄՆ դիտորդներն էին` 3 տասնյակ, եւ, իհարկե, այդ զեկույցը արտահայտում է բոլորի կարծիքը: Իսկ զեկույցի մեջ վերահաստատվում է, որ ընտրությունները համապատասխանում են այն պարտավորություններին, որոնք Հայաստանն ունի այդ կառույցի մեջ",-ասում է ՀՀ ԱԳՆ Էդուարդ Նալբանդյանը: Կոմունիստներն էլ հարկ են համարում պատասխանել, թե "այդ առաջընթացը եղել է կեղծիքների, բռնությունների, վերջապես 10 զոհի եւ այսօր բանտերը լցված մարդկանցով":"ՀԿԿ 37-րդ համագումարը որոշում է կայացրել չսատարել ոչ մի քաղաքական ուժի, կամ թեկնածուի, որովհետեւ մենք գիտենք, որ այս երկրում նորմալ ընտրություններ տեղի չեն ունենում, ընթանում են կեղծիքներով եւ ավարտվում են ծեծ ու ջարդով",-հայտատարում են նրանք:

Դաշնակցության նախարարների "խմբային աթոռափոխությունից" հետո էլ հատկանշական է ԱԺ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանի կարծիքը, թե "իշխանությունները պարզ խաղիկները դարձնում են լուրջ խնդիրներ": Իսկ երկխոսության մասին ասում է. "Ով է ասում, որ ընդդիմությունը միայն Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Ես համարում եմ երկխոսությունը կայացած. ՀՅԴ-ն կոալիցիայի մաս է դարձել երկխոսության արդյունքում: Իսկ ինչպես եք պատկերացնում երկխոսությունը: Ես երկխոսությունը չեմ պատկերացնում այնքան պարզունակ, որ մի կողմում նստի Տեր-Պետրոսյանը, մյուսում` Սերժ Սարգսյանը, եւ երկխոսությունը կայանա: Ես որպես ՀՀ քաղաքացի բազմաթիվ հարցեր ունեմ, ինձ հետ էլ պետք է երկխոսեն: Երկխոսությունը ես համարում եմ Եվրոպայի կողմից պարտադրված, արհեստական եւ մտացածին":

"Ինչով եք կաշկանդված, որ չեք կատարում ձեր լիազորությունները, ինչու եք թույլ տալիս, որ ընտրությունների ընթացքում անխնա խախտվի օրենքը",-"Ժառանգության" պատգամավորն ուղղում է իր հարցը ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանին, իսկ Գյումրիի "Ասպարեզ" ժուռնալիսների ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը,հարցնում, թե օրենսդրական փոփոխություններից հետո արդյոք ՀՌԱՀ նախագահը չի կանչի իր մոտ "Գալլա" հեռուստաընկերության նախագահին եւ ասի, որ որ թեկնածուին եթեր չտրամադրեն, քննարկվում է մեկ այլ կարեւոր` ՀՌԱՀ-ի եւ ՀՀՌԸ խորհրդի ձեւավորման կարգի մասին լսումներին:

Ե.Գ. Հաշվի առնելով, որ բլոգի այցելությունների մի ստվար զանգվածի համար շատ կարեւոր է Սիրուշոյի կյանքն ու գործունեությունը, նշենք, որ նախագահականում նրան ընդունել է Սերժ Սարգսյանը  եւ պարգեւատրել ՀՀ նախագահի շնորհակալագիրով:

Հացադուլը որպես ուղիղ ճանապարհ?

May 15, 2008

Ուսումնասիրում ես հացադուլների խրոնիկան եւ մտածում, որ եթե վերջին տարին հացադուլների տարի հայտարարած լինես, երեւի շատ սխալված չես լինի: Բանն այն է, որ միայն 2007-2008թ-ին թվաքանակներով եւ հասարակական հնչեղությամբ հացադուլների նախադեպերը այնքան շատ էին, որ հասարակությունը անգամ սովորել է սովորական վերաբերվել դրանց: Համեմատության կարգով նշեմ, որ հայկական ինտերնետային մամուլում որոնում կատարելիս այսօր կրկնակի անգամ ավել է հանդիպում “հացադուլ” բառը, քան 1999-ից մինչեւ 2007-ը ընկած ժամանակահատվածում միասին վերցրած:

Իսկ “բովանակությամբ” հացադուլները քաղաքական, քաղաքացիականից մինչեւ տնտեսական, սոցիալական ու բարոյական են եղել, իսկ վայրերը ամենատարբեր` գյուղերում, քաղաքներում, կառավարության, նախագահականի, պետական այլ կառույցների շենքերի դիմաց, մեկուսանարններում, քրեակատարողական հիմնարկներում, սեփական փողոցում տան դիմաց: Ու տրամաբանական է, որ ազգովի “դիետայի նստելու” փափագը չէ դրդում բոյկոտի նման ծայրագույն դրեւորման…

Բնականաբար, բոյկոտը եւ սեփական իրավունքների համար պայքարն ու ընդվզումը դիտարկվում է նվազագույնը ամուր բարոյական հարթության վրա եւ նշանակում, որ հասարակությանը չի հանդուրժում անարդարությունը: Բայց մյուս կողմից, չէ  որ անարդարությունները մեր երկրում մեդիա երեւույթ չեն?

Մի քանի հավանական վերլուծություններ. 1.Դարեր ի վեր “յոլա գնալու” վարժված ժողովուրդը (սա ապացուցել երեւի պետք էլ չէ, առանց պետականության դարեր ապրած ժողովուրդը այլ կերպ չի էլ կարող) հանկարծ որոշել է կամքի արտահայտություն դրսեւորել եւ պայքարել անարդարությունների դեմ ու սկսում է դա` երկրի ներսից բուժելով: Տարբերակ է: 2.Կամ գուցե փոքր ինչ սոցիալական գոյությունը բերելավելով` ժողովուրդը սկսել է մտածել նաեւ հագեւոր սնունդի եւ մյուս` հասարակական, սննդի մասին: Գուցե: 3.Կամ էլ դանակը ոսկորին է հասել եւ այլեւս հանդուրժել այս ամենը հնարավոր չէ: Շատ տարբերակներ կարելի է գտնել: 4.Վերջիններից մեկը կլինի երեւի, որ գործ ունենք մասսայական խելագարության երեւույթի կամ այլ ձեւակերպմամբ` հայկական սադոմազոխիստական նոր դրսեւորման հետ: Եվ երեւի նորմալ է նման տարբերակ մտքով անցկացնել, որովհետեւ հասցրեցի ուսումնասիրել ոչ միայն “հացադուլ” բառի պոպուլյարությունը, այլեւ վերընթերցեցի բոլոր միջադեպերը եւ դրանց հանգուցալուծումները:

Ներկայացնում եմ ձեզ հանգամանորեն… Քաղբանտարկյալների ազատ արձակման համար հացադուլների շարքից: Ներկայումս Շիրակի մարզում շարունակվում է 17 հոգու անժամկետ հացադուլը, (նշենք, որ մի քանի օր առաջ նրանց թիվը 14-ն էր) կամ երեկ մեկուսանում հացադուլ եւ ջրադուլ հայտարարեց նախնական կալանքում գտնվեղ Վարդգես Գասպարը: Հրազդանում նախազգուշական հացադուլ եղավ` բարձր հասարակական հնչեղությամբ: Արդյունքներից էր Արշավիր Բոզինյանի առեւանգման, հացադուլավորների վրա հարձակման դեպքերը: Կամ մի կողմից ողջ գյուղը հացադուլի էր պատրաստվում, մյուս կողմից հացադուլավորների վրա հոգեբանական ճնշում էր գործադրվում, եղավ նաեւ հացադուլավորներին ծեծելու միջադեպ:Իսկ հիմա հացադուլների մասին մեկուսարաններում քաղաքական հայացքների համար դատապարտված մարդկանց հացադուլների շարքից. Կարապետ Ռուբինյան, Հակոբ Հակոբյան, Ժիրայր Սեֆիլյան, Վարդան Մալխասյան, Արման Բաբաջանյան, ապա քաղբանտարկյալներից 24-ը դադարեցրեցին հացադուլը:Մինչ մարտի 1-ը Ազատության հրապարակում հացադուլ էին անումը 6 ՀՀ քաղաքացիներ, մեկը մինչեւ անգամ բերանը կարել էր:

Քաղաքական հացադուլներից զատ հիշենք նաեւ քաղաքացիական հացադուլները: Հացադուլով սպառնում էր որդեկորույս մայրը Գյումրիում, զինծառայողի սպանության մեջ մեղադրվողներն եւ նրանց ծնողներն էին հացադուլ անում, Կառավարության դիմաց մենակ հացադուլ էր անում եւ բերանը կարել էր մի քաղաքացի, ում հայցը հրաժարվել էին ընդունել դատարանում, "Պաշտպանիր իմ իրավունքը" խորագրի ներքո միավորված` թափառաշրջիկ բրոքերների կողմից տուժած քաղաքացիներն էին հացադուլ անում, օտարման գոտու բնակիչների հացադուլը հիշենք, կամ Սեֆիլյանին ի պաշտպանություն հացադուլը` որը Սահմանադրականի մոտ անում էր մի քաղաքացի, որ անձամբ չէր էլ ճանարում նրան կամ ցմահ դատապարտվածներից 17-ի միաժամանակ հացադուլըն էր, որոնք հանդիպում էին պահանջում:

Այստեղ կանգնեմ ու մի կարճ մեկնաբանություն անեմ. Մինչեւ հիմա հացադուլի նստած եւ ոչ մի քաղաքացի կամ քաղաքացիներ չկարողացան գոնե մասամբ լուծում ստանալ իրենց արդարացի պահանջներին… Գուցե շատերին դուր չգա ասածս, բայց եթե անգամ մասսայական հացադուլը չի կարողանում ոչինչ փոխել, ես արդեն կասկածում եմ, որ ինքնահրկիզումը արդյունավետ կլինի: Կամ նոր ուղիներ են պետք կամ էլ ազգովի դիետային նստելուց զատ պիտի հոգեբույժի մոտ հարմարվողականության նոր կուրսեր անցնենք եւ շարունակենք լռել, ինչպես նախորդ դարի խասիաթն է ավանդել: Ուղղեք ինձ, եթե սխալվում եմ: