Հայաստանին սպառնում է ազատություն?

April 29, 2008

Քայլում ես փողոցով, մի խումբ երիտասարդներ դատապարտյալների հագուստով "Ազատ, անկախ Հայաստան" են գոռում, գնում ես մարզեր, մի խումբ կանայք "Ազատություն" են երգում, պտտվում ես հրապարակում, մի քաղաքացի բերանը կարել, "Արդարություն" է պահանջում, շրջում ես փողոցներով, առանձնակի դաշանությամբ պարան են թռնում: Այսօր երիտասարդների երթի ժամանակ մի մեքենա կանգնեց, վարորդը ապակին իջեցրեց, թե "էս ինչ են ուզում, բան ա եղել?": Լավ հարց էր, գիտեք:  ԽՍՀՄ-ի "մուրճին" ու պատմականորեն ժառանգած Տեր Թոդիկի փայտին սովոր "հայ հասարակության" համար իրոք տարօրինակ է փողոցում բողոքող մարդ տեսնել:"Ախր հայը պիտի տանը բողոքի, դրում հանկարծ մարդ չիմանա": Ու ավելի տարօրինակ է, որ մեր հասարակության համար "այս տարօրինակ լինելը" փոքր ինչ ուշացումով եկավ:

Այսօր, երբ հաճախ կրկնվող ակցիաները սովորություն, ապա բնավորություն են դառնում, ավելի շատ ինձ հետաքրքրում է, թե դուք ինչ եք մտածում այս ամենի մասին: Ձեզ համար էլ է տարօրինակ, թե ինչու են մարդիկ փողոց դուրս գալիս? Անկասկած, մեր օրերի լավագույն ձեռքբերումը քաղաքացիների գլուխը կախ սեփական գործն անելու կոմպլեքսը հանելն էր, հասարակությանը այն գիտակցության բերելն էր, որ "բողոքել կարելի է", բայց արդյոք սա բավական է մեր զավակներին նորմալ, դեմոկրատական երկիր թողնելու համար (եթե պաթետիկ է հնչում,ներեցեք) կամ փողոց դուրս գալն է այն ճիշտ ուղին, որով մենք պետք է հասնենք արդարության? Ի վերջո, ինչ ենք ուզում, ժողովուրդ?

Համարձակ քայլերով դեպի դիկտատուրա

March 27, 2008

Մի քանի օր է անընդմեջ քաղաքական զբոսանքները Հյուսիսային պողոտայում ավարտվում են "մարդաորսով": Ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել այս տարածքում զբոսնող մարդկանց, պատահական անցորդներին, շանը զբոսանքի հանած քաղաքացուն, բոլորին-բոլորին, երեկվա օրինակով մինչեւ 60 քաղաքացու` (ոստիկանների բացատրությամբ քաղաքացիներին բերման են ենթարկում քանի որ հետախուզման մեջ գնտվող անձինք կան եւ շատ հավանական է, որ հենց Հյուսիսային պողոտայում շրջեն հետախուզվող մարդիկ): Վերլուծելով քաղաքական զբոսանքների վերջին օրերին խրոնիկան, արդեն կարելի է առանձնացնել օրինաչափություն դարձած կետեր` մասնավորապես. ամեն երեկո Հյուսիսային պողոտայում ոստիկաններն ու ազգային անվտանգության աշխատակիցները` քաղաքացիական հագուստով կամ տեսախցիկներով ավելի շատ են քան անցորդները միասին վերցրած, պատգամավորների ներկայությամբ ոստիկանների գործողությունները ավելի կորեկտ են, մարդկանց "ցրում են" երեկոյան մութ ընկնելուց հետո` չնայած վերջին օրերին դրան էլ բանը չի հասնում:

"Այսպես, վերջին օրերի լրահոսից: "Այսօր Հյուսիսային պողոտայում զբոսնողների այն կարծիքը, թե զբոսանքը կավարտվի առանց միջադեպերի` խաբկանք էր: Ժամը 20-ի սահմաններում, երբ արդեն մթնշաղ էր, ոստիկանները խմբերով սկսեցին մոտենալ պողոտայով զբոսնողներին եւ նրանց ձեռքերը ոլորած տարան դեպի ոստիականության մեքենաներ":

"ՀԺԿ մամլո քարտուղար, խորհրդի անդամ Ռուզան Խաչատրյանը պատրաստվում է դիմել ՀՀ գլխավոր դատախազություն` պահանջելով պատասխանատվության ենթարկել այն մարդկանց, ովքեր սահմանափակում են զբոսնելու իր իրավունքը: Նա հասկանում է, որ օրենքում փոփոխություն է արված չարտոնված հանրահավաքներն արգելելու մասին, բայց Ռուզան Խաչատրյանը այդ օրենքում չի հանդիպել զբոսանքը կամ զրույցն արգելող դրույթներ":

"ՀՀ Գլխավոր դատախազության խոսնակ Սոնա Տռուզյանի հաղորդմամբ մինչ այս պահը մարտի 1-ին հարուցված ՙՍահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ իրացնելուն ուղղված գործողություններ, որոնք ուղորդվել են հրկիզումներով, սպանություններով, պայթուցիկ նյութերի եւ հարմարեցված այլ առարկանների գործադրմամբ՚ գործով միայն վկայի կարգավիճակով հարցաքննության է հրավիրվել մոտ 1000 քաղաքացի: Տռուզյանը նաեւ նշեց, որ մարտի 1-ի հարուցված գործին միացվել են նաեւ մինչ այդ ոստիկանությունում եւ ԱԱԾ-ում հարուցված գործերը": 
 

Սգո երթից առաջ եւ հետո

March 22, 2008

Մարտի 21-ի սգո երթը ավարտվեց ձերբակալություններով. զոհերի հիշատակին նվիրված երեկվա սգո երթի ընթացքում Ոստիկանությունը բերման է ենթարկել 6 մարդու: Աժ "ժառանգություն"  խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Լարիսա Ալավերդյանը եւ Անահիտ Բախշյանը երեկ մինչեւ ուշ երեկո Ոստիկանության կենտրոնի բաժնի մոտ էին` պարզելու համար, թե ինչ հիմնավորմամբ են սգո երթի մասնակիցներին բերման ենթարկել:  Այսօր Զարհուի Փոստանջյանը "Ա1+"-ին տեղեկացրեց, որ բերման ենթարկվածներից 4-ին, Ոստիկանությունում օրենքով սահմանված ժամանակից երկար պահելուց հետո, հայտնել են որ վարչական տույժի են ենթարկվել անօրինական միջոցառման մասնակցելու համար, իսկ 2-ին` Սառաջանյան էդուարդին եւ Սեմիրջյան Հակոբին տարել են Դատախազություն` մեղադրանք առաջադրելու համար:

"Մոտ 40 րոպե Դատախազությունում նրանց պահելուց հետո ազատ արձակեցին` առանց հարցաքննելու: Այսօր նրանց կրկին հրավիրել են Դատախազություն` որպես վկա հարցաքննելու համար",-ասաց տիկին Փոստանջյանը:Նա նաեւ նշեց, որ երեկ ոստիկանության աշխատակիցները սգո երթի ժամանակ շարունակում էին նկարահանել երթի մասնակիցներին, որպեսզի պարզեին, նրանք մասնակցել են մարտի 1-ի միջոցառմանը, թե` ոչ: Ոստիկանություն բերման ենթարկված այն քաղաքացիները, ովքեր վարչական տույժի են ենթարկվել, պետք է տուգանվեն 50-ից 100. հազար դրամով: Ի դեպ, վարչական տույժի է ենթարկվել նաեւ երեկ Ոստիկանության կենտրոնի բաժին բերման ենթարկված Լեւոն Տեր-Պետրոսյանի քրոջորդին` Առաքել Սեմիրջյանը, որը Ոստիկանությունում պահվել է 9 ժամ եւ ազատ Է արձակվել միայն երեկոյան: 

Նշենք, որ երեկ սգո երթը Ոստիկանության կողմից դադարեցվեց Մաշտոցի պողոտայում` Մարգարյանի անվան հիվանդանոցի մոտ: Այստեղ ոստիկանները պատ կազմեցին եւ բարձրախոսով հայտարարվեց. "Ձեր երթը անօրինական է, դադարեցրեք": Երբ ոստիկանները տեսան, որ երթի մասնակիցները շարունակում են առաջ քայլել, նրանց առաջարկեցին անցնել դիմացի մայթ, իսկ մինչ այդ հասցրեցին փակել նաեւ դիմացի մայթը: Բազմաթիվ խմբերի բաժանելով երթի մասնակիցներին` ոստիկաններն այսօր նրանց ցրեցին` երթի ավարտին: Երթի մասնակիցները Մաշտոցի պողոտայով փորձում էին վերադառնալ օպերայի շենքի մոտ, որտեղից էլ սկսել էին տարերային երթը: Երթի մասնակիցներին, որոնք սեւ ժապավեններով եւ մոմերով Ազատության հրապարակից Հյուսիսային պողոտայով, ԱԳ նախարարության, դատախազության շենքերի մոտով հասել էին Մյասնիկյանի արձանի մոտ, չկարողացան նաեւ մոտենալ արձանին` ոստիկանական արգելքի պատճառով: Կարդացեք սգո երթի մանրամասները այստեղ, այստեղ եւ այստեղ:

Ինչ կսերտեն մեր իշխանությունները?

November 7, 2007

ՙԱնհամեմատելի է Վրաստանի հասարակության քաղաքացիական կամքը, պայքարելու կամքը Հայաստանի հասարակության քաղաքացիական կամքի հետ. մարդիկ մինչեւ վերջ կանգնում են, պայքարում են իրենց իրավունքների համար եւ ոչ թե 100 կամ 200 հոգի, այլ ողջ հասարակությունը: Ջրցան մեքենան ուղղակի ջրաշիթը բաց է թողնում մարդու վրա, իսկ նա կանգնած է դիմացը, եւ ձեռքերը վեր բարձրացրած` ցույց տալով, որ անզեն է, չի փախչում՚,- ՙԱ1+՚-ի հետ հեռախոսազրույցում ասել է Թբիլիսիում գտնվող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Նրա գնահատմամբ այն, ինչ կատարվում է Վրաստանում այսօր մարդու իրավունքի ոտնահարում է, խոսքի ազատության, կարծիքի արտահայտման ոտնահարում:

Նա ասել է, որ Վրաստանում իրավիճակը ժամ առ ժամ բարդանում է. կեսօրից սկսած ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ խաղաղ ցուցարարներին դուրս են մղել Ռուսթավելի պողոտայի` պառլամենտին հարակից հատվածից: Կիրառել են ջրցան մեքենաներ` շատ մեծ ճնշման տակ ջրաշիթ է ուղղվել խաղաղ եւ անզեն ցուցարարների վրա, օգտագործվել են ռետինե մահակներ, արցունքաբեր, նաեւ անհայտ ծագման գազ, որից անգամ թունավորումներ են եղել: Իսկ երեկոյան Սահակաշվիլին արդեն զորք է մտցրել քաղաք եւ պարետային ժամ է հայտարարվել:

"Սահակաշվիլին չդարձավ Վրաստանի նախագահ, այլ մնաց Ազգային առաջադիմական կուսակցության նախագահ, իսկ այն մեթոդները, որ կիրառեց, ուղղակի նշանակում է, որ ինքը չի կարող համարվել ժողովրդավարական լիդեր. նույնիսկ Շեվարդնաձեի օրոք այն, ինչ իր նկատմամբ չկիրառվեց, ինքը այսօր իր ընտրողների նկատմամբ է կիրառում",-կարծում է Արթուր Սաքունցը: Նրա տեղեկացմամբ, ճնշումները սաստկացել են դեռ երեկ գիշերը, երբ մի խումբ հացադուլավորների ու ցուցարարների ուժով հեռացրին հրապարակից, նաեւ ձերբակալեցին կոնֆլիկտների լուծման նախկին նախարար Գեորգի Խայնդրավային:

Նկատենք, որ ընդդիմությունն ընդամենը պահանջում է խորհրդարանական ընտրություններն անցկացնել ճիշտ ժամանակին` ապրիլին, այնինչ խորհրդարանը որոշում է կայացրել իր լիազորությունները երկարաձգելու մասին, որպեսզի ընտրությունները անցնեն նախագահականի հետ միաժամանակ: Հասարակությունը նաեւ պահանջում է ազատ արձակել քաղբանտարկյալներին: Այստեղ դիտեք ցույցի վիդենո:

ՙԿներես, չենք կարող՚,-ասել են

October 19, 2007

Հեռուստաընկերությունները հրաժարվում են ցուցադրել հոկտեմբերի 26-ի` ընդդիմության հանրահավաքի մասին իրազեկող գովազդային հոլովակը:Այս մասին “Ա1+”-ին հայտնել են հանրահավաքի կազմակերպիչները: Ընդ որում, գովազդն այն հանրահավաքի մասին է, որն ի գիտություն է ընդունել քաղաքապետարանն ու փաստորեն երաշխավորել հանրահավաքի անցկացման անվտանգությունը: Հիշեցնենք, որ այս ուրբաթ ՙԱզատության՚ հրապարակում նախատեսված է ընդդիմադիր ուժերի հանրահավաք` առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) ղեկավար Ստեփան Դեմիրճյանի, ՙՀանրապետություն՚ կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի մասնակցությամբ:

Խնդիրն այն է, որ հեռուստատեսային պատասխանատուները, չընդունելով հանրահավաքի մասին հոլովակը, ըստ կազմակերպիչների, խախտում են ՀՀ ԱԺ ընդունած ՙԺողովներ հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին՚ օրենքը, որի 6-րդ հոդվածը`ՙՀրապարակային միջոցառման կազմակերպիչների իրավունքները եւ պարտականությունները՚, ապահովում է կազմակերպիչների` ՙզանգվածային լրատվության, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ միջոցներով անձամբ կամ այլոց միջոցով տեղեկատվություն տարածելու հրապարակային միջոցառման օրվա, ժամի, վայրի, նպատակների, ընթացակարգի մասին, ինչպես նաեւ կոչ անելու այդ միջոցառմանը մասնակցելու համար՚ իրավունքը:

Իսկ այն մասին, որ իրենք օրենք են խախտում, հեռուստաընկերությունների պատասխանատուները չիմանալ չեն կարող այն պարզ պատճառով, որ հանրահավաքի կազմակերպիչները պաշտոնական գրություններին կից ուղարկում են նաեւ օրենքի պահանջը ներկայացնող դրույթի վերաբերյալ գրություն, որոնք իրենք հրաժարվում են վերցնել կամ ստորագրել, որ ստացել են այդպիսի գրություն: Իսկ հրաժարվում են շատ պարզ ձեւակերպմամբ.ՙԿներես, չենք կարող՚:

Հայաստանի տարածքում հեռարձակվող բոլոր հեռուստաընկերությունները փաստորեն, խախտում են ՀՀ համապատասխան օրենքը, բացառությամբ ՙԵրկիր Մեդիայի՚, ում պարզապես հանրահավաքի կազմակերպիչներն առայժմ չեն դիմել:

Նշենք, որ նույն օրը Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադահլիճում տեղի է ունենալու “Ոսկե աշուն” համերգային ծրագիրը, որը նախաձեռնել է Հանրապետական կուսակցությունը:

ՙԱ1+՚-ն իր կայքում ներկայացնում է այն տեսահոլովակը, որ հրաժարվում են ցուցադրել հեռուստաընկերությունները:

Ինչ կասեք?

Ինչն է Հայաստանում սովորական

September 27, 2007

Հոկտեմբերի 3-ին Ռոբերտ Քոչարյանը կստանա նամակ, որում Հյուսիսային պողոտայի բնակիչները զարմանք կհայտնեն` ինչպես է նա երաշխավորում, որ Սերժ Սարգսյանը դառնա Նախագահ իրենից հետո, երբ նա իր ոչ մի խոստումը չի կատարում: ՙՆախագահին ասելու ենք` ինչպես եք երաշխավորում այս սուտասանին՚,- ասում է ՙՍեփականության իրավունքի պաշտպանություն՚ ՀԿ նախագահ Վաչագան Հակոբյանը:

ՙԵթե 40 ընտանիքի հարց չի կարողանում լուծել, ինչպես կարող է երկիր կառավարել՚,- ավելացնում է ՙՊետական կարիքների զոհեր՚ ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը: Կառավարության շենքի մոտ այսօր վերստին բողոքում էին Հյուսիսային պողոտայի, Գլխավոր պողոտայի, Դալմայի այգիների եւ Կողբացի փողոցի բնակիչները:

ՙ4 տարի է, մեզ ծեծով, ջարդով վտարել են մեր տներից, վարչապետը խոստացավ, որ ընտրություններից հետո մեր հարցերը կլուծվի, սակայն մինչեւ հիմա դեռ ոչինչ չի լուծվել: Չենք հասկանում, ում հավատանք, ում չհավատանք, ինչ անենք: Փաստը մնում է փաստ, որ մենք անօթեւան մնացել ենք փողոցներում՚,- ասում է պետական կարիքների համար իր տնից վտարված Ծովինար Դավթյանը: ՙՍեփականության իրավունքի պաշտպանություն՚ ՀԿ նախագահ եւ Կենտրոնի շարժման հիմնադիր Վաչագան Հակոբյանն նշեց նաեւ , որ իրենք պահանջելու են նաեւ կառավարության հրաժարականը, քանի որ հիասթափված այս դեպքերից` արդեն 20 ընտանիք հեռացել է Հայաստանից:

Իսկ օրեր առաջ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի այցելությունը Ֆիրդուսի թաղամաս ՙՊետական կարիքների զոհեր՚ ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանն մեկնաբանում է այսպես.ՙԴա դիտմամբ էր արված, որպեսզի նրանք չմիանան մեզ եւ պայքարը ավելի չակտիվանա՚:

Կուսակցություններին ուղարկված նամակներից ցուցարարները դեռ ոչ մի պատասխան չեն ստացել: Չնայած դրան` ցուցարարները պատրաստվում են նամակներ ուղարկել նաեւ Հայաստանում գտնվող օտարերկրյա դեսպանություններին:

Կարդացիք նյութը եւ չզարմացաք? Զարմանալին այն է, որ սովորական է դարձել, որ մի խումբ անտուն մնացած ՀՀ քաղաքացիներ ամեն հինգշաբթի` կառավարությունում նիստերի օրը պիտի ցույց անեն եւ ոչինչ այդպես էլ չփոխվի: Հնարավոր է վաղը որոշեն հենց մեր թաղամասում մի “էլիտար, աննախադեպ ու առաջին անգամ Հայաստանում” մի նոր շենք կառուցեն եւ գավառական մտածողությամբ բնականաբար հինը քանդելու ծրագիր ունենան եւ տրամաբանական է` մեզ տանից դուրս կշպրտեն: Եվ մենաք էլ արդեն սովորական դարձած ծրագրով ամեն հինգշաբթի կառավարության դիմաց…