“Ա1+”-ի բլոգը գործում է նոր հասցեում

July 24, 2008

Սիրելի ընթերցողներ,

ուրախ եմ վերջապես տեղեկացնել ձեզ, որ "Ա1+"-ի բլոգը վերսկսում է իր աշխատանքները, հիմա արդեն նոր հասցեով եւ որոշակի տեխնիկական ու սկզբունքային փոփոխություններով: Շարունակելու ենք ակտիվ, հիմա արդեն թեժ ամառային քննարկումները եւ ամենից շատ սպասում ենք ձեր  ներկայությունը բլոգում` ձեր կարծիքին, ձեր մեկնաբանությանն ու տեսակետին: Այցելեք http://a1plus.wordpress.com/: Բլոգի փոփոխությունների եւ նոր ծրագրերի մասին կարդացեք արդեն նոր հասցեում:

Ե.Գ. Հուսով եմ հիշում եք, որ բլոգը ՁԵՐ` ակտիվ ու մտահոգ քաղաքացիների հանդիպման վայրն է եւ այստեղ լսելի է ՁԵՐ ձայնը:

Տոնից տոն Սահմանադրություն

July 6, 2008

"Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է",-բարձրագոչ հռչակում է  ՀՀ Սահմանադրությունը եւ ամեն տարվա հուլիսի 5-ից հուլիսի 5-ին հրապարակավ հիշում ենք (կրկնում եմ` հիշում ենք) մայր օրենքի գոյության մասին: Անգամ մի քանի հեռուստաընկերություններ պատիվ են անում հիշատակելու, որ մայր օրենքը ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին` համազգային հանրաքվեի միջոցով, ապա տաս տարի անց` 2005 թ. նոյեմբերի 27-ին` սահմանադրական հանրաքվեի միջոցով հավանության է արժանացել գլխավոր փաստաթղթում առկա փոփոխությունները: ՀՀ Սահմանադրական դատարանում տեղի ունենեցող հանդիսավոր ընդունելություն կամ նախագահի շնորհավորական ուղերձի կամ այլ արարողական դեկորատիվ իրադարձությունների մասին չեմ էլ խոսում…

"ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին…" կամ "ՀՀ-ում ճանաչվում են գաղափարախոսական բազմակարծությունն…" կամ "Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք…" կամ "Յուրաքանյւոր ոչ ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ` տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը…" կամ "Պետությունն ապոհովում է շրջակա միջավայրի պահպանությունը եւ վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը…" կամ "Յուրաքանչյուր ոք ունի այլ անձնաց հետ միավորվորումներ կազմելու իրավունք…" կամ "Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունք…" կամ "Մտավոր սեփականությունը պաշտպանվում է օրենքով…" կամ "Պաշտոնական անձինք պատասխանատվություն են կրում բնապահպանական տեղեկատվությունը թաքցնելու կամ դրա տրամադրումը մերժելու համար…" կամ… շատ "կամ"-եր… Մտածում էի ողջ Սահմանադրությունը գրել` ամենամեծ տառատեսակով ու մուգ նշումով, բայց…

"Այն ոչ աշխատանքային օրերից է, որի ժամանակ ոչ Ծիծեռնակաբերդ են գնում, ոչ էլ երեխեքին "գազանանոց" տանում"… այսօր եմ լսել այս արտահայտությունը ու կարծում եմ իրավաչափ է ՀՀ բավականին մեծ թվով քաղաքացիների իրավական ու քաղաքացիական գիտակցության համար: Փոքրիկ նշում. «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով` 2001 թ. հուլիսի 24-ի որոշմամբ հուլիսի 5-ը նշվում է Սահմնադրության օր և հայտարարված է ոչ աշխատանքային: Իսկ Ձեզ համար նշանակություն ունի այս օրը?

Ե.Գ. Այս օրերին բլոգում թարմեցումները ոչ հաճախ են իրականացվում: Պարզապես բլոգը նոր հասցե ու տիրույթ է տեղափոխվելու եւ որոշ տեխնիկական խնդիրներ են լուծվում:

Լավ “PR” հանրահավաքի պատվին…

June 16, 2008

Թերեւս տարօրինակ չէ, որ վերջին մեկ շաբաթում մամուլում ու ամենուր ամենից հաճախ 20-ի հանրահավաքից է խոսվում: Հավանաբար եթե ֆուտբոլն(Եվրոպայի առաջնությունը) էլ չլիներ, Ազգային ժողովի հավանական նախագահի կամ Հանրային խորհրդի կամ էլ քաղբանտարկյալների մասին լուրերը, ապա ամեն օր բոլոր լրատվամիջոցները անխտիր դրական կամ բացասական “տոնով” հիշեցնելու էին մեզ հանրահավաքի մասին:

Ու եթե “Ազգ”-ին հետաքրքրում է հարցի` “որտեղ է ի վերո կայանալու” կողմը, ապա “Առավոտը” գրում է “Ազատության հրապարակի” նշանակության մասին, ապա հավելում. “Չափազանց դժվար, եթե չասենք՝ անհնար է քիչ թե շատ խելամիտ բացատրություն գտնել ընդդիմության նախատեսած հունիսի 20-ի հանրահավաքը չարտոնելու՝ ՀՀ իշխանությունների որոշմանը: Առարկությունը, թե այդ միջոցառումը կարող է անցկացվել «Հրազդան» մարզադաշտի մերձակայքում, ոչ մի քննություն չի բռնում. նույն հաջողությամբ ընդդիմությանը կարող էր առաջարկվել հանրահավաք անցկացնել «Պռոշյան» սովխոզի մոտ կամ, ասենք՝ Դալմայի այգիներում”:

“Ա1+”-ը տեղեկացնում է, որ Երեւանի քաղաքապետարանն այսօր Համաժողովրդական շարժման նրկայացուցիչների հետ քննարկել է հունիսի 20-ին Ազատության հրապարակում մերժված հանրահավաքը Մատենադարանի մոտ անցկացնելու դիմումը: Թեեւ քաղաքապետարանը դեռ պաշտոնապես չի պատասխանել դիմումին, սակայն քննարկման մասնակից` Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը վստահ է. “Քաղաքապետարանը մերժելու է նաեւ Մատենադարանի մոտ հանրահավաք անցկացնելու դիմումը“,-ասվում է:

 “Պանորաման”-ն մեջբերում է նախագահ Սարգսյանի խոսքերը այն մասին, որ Հայաստանում հանրահավաքներ եղել են ու կլինեն:  “Ցանկացած երկրում տեղի են ունենում բողոքի ակցիաներ, դրանց մասնակցում են հարյուրավոր, հազարավոր, տասնյակ հազարավոր մարդիկ: Ոստիկանության խնդիրն այդ միջոցառումներում հասարակական կարգի պահպանությունն է: Այսինքն, դուք պիտի անեք այնպես, որ ամեն ինչ ընթանա օրենքի շրջանակներում»,- ընդգծել է նա ոստիկանների հետ հանդիպմանը:Իսկ “Չորրորդ իշխանությունը” հավելում, որ հանրահավաքը արտոնելը կնշանակեր կոպիտուլացիա  ստորագրել. “Արտոնել հանրահավաքը` կնշանակեր համաձայնվել, որ մի քանի հարյուր հազար հոգի հավաքվեն Ազատության հրապարակում եւ պահանջեն հանցավոր ռեժիմի հրաժարականը”:

Ըստ “Հայկական ժամանակ”-ի երեխաների թիկունքում է իրականացվում այս ամենը.Մի՞թե Սերժ Սարգսյանի համար պարզ չէ, որ այդ օրը պետք է զորահանդես անցկացնել Ազատության հրապարակում` հայոց բանակի ամենավերջին սպառազինություններով: Միգուցե սա՞ «կջարդիե Ազատության ոգին եւ Համաժողովրդական շարժումը: Սակայն Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, Ռոբերտ Քոչարյան չէ. երեկվանից մեծ խաղահրապարակի վերածված Ազատության հրապարակը հուշում է, որ նա որոշել է պաշտպանվել ոչ թե ավտոմատների, այլ երեխաների ետեւում: Սա թերեւս բռնապետի նոր տեսակն է, որ ծնվում է մեր աչքի առաջ”:  

Ե.Գ. Հյուսիսային պողոտայում 28 կին անժամկետ հացադուլ է անում: Կրկին հիշեցում չէ՞ հանրահավաքի մասին:

Սկսվեց :)

January 21, 2008

Քարոզարշավը մեկնարկում է Արտաշես Գեղամյանի` ժողովրդին մայրուղի բերելու փորձերով եւ "Արարման ծրագրի" շնորհանդեսով, Վազգեն Մանուկյանի երիտասարդության հետ հանդիպմամբ եւ երկրին տեր կանգնելու կարգախոսով, Լեւոն Տեր-Պետրոսյանի "իր գլուխը մատաղ դնելու եւ երկիրը փրկելու" հայտարարությամբ մարզեր այցելության ժամանակ, Վահան Հովհաննիսյանի ու "իր ընկերների" տոնական երգ ու պարով, ՕԵԿ դատողություններով այն մասին, որ իշխանություններ էլ չեն միավորվել, ուրեմն երկրորդ փուլ անպայման կլինի եւ ընդդիմությունն էլ կարող է միավորվել…

Եթե որոշենք ներկայացնել, թե էլ ինչով նշանավորվեց քարոզարշավի մեկնարկը, հավանաբար էլի մանր ու խոշոր իրադարձություններ կթվենք եւ այնտեղ անկասկած կլինի քաղաքում նախընտրական պաստառների հոսքը կամ ԿԸՀ վերջին որոշումները կամ օրինակ` լուրերը ԵՊՀ-ում "համատարած բռնի հանրապետականացման" փորձերի մասին:

Այս լուրերի համատեքստում նշենք նաեւ այն ռեսուրսները, որտեղ կարող ենք ընտրություններին հետեւել օն-լայն  "Ա1+"-ի հատուկ ընտրություններ հավելվածում, Echannel-ում, "Մեդիամաքս"-ի ընտրությունների հավելվածում, բազմաթիվ բլոգերում ու ֆորումներում, ինչպես նաեւ ինտերնետային հասարակական համայնքների կոնկրետ թեկնածուին պաշտպանող կամ մերժող խմբերում:

Ու եթե "էքզիթ փոլեր" այս ընտրություններին չեն լինելու, ապա օն-լայն հարցումները գոնե ինտերնետ օգտագործողների շրջանում ինչ-որ ճշմարտանման ցուցիչ են ապահովում կամ գոնե բացահայտում են, թե որ թեկնածուների համախոհներն են ավելի շատ ինտերնետում լինում եւ սա էլ ինքնին հետաքրքիր արդյունք է: Քվեարկելու համար այցելեք armvote:

Քարոզարշավի մեկնարկին ու ընտրություններին օն-լայն հետեւելու համար կարեւոր ռեսուրսներն են նաեւ թեկնածուների կայքերը: Այցելեք Վազգեն Մանուկյանի, Վահան Հովհաննիսյանի, Լեւոն Տեր_Պետրոսյանի, Արթուր Բաղդասարյանի, Սերժ Սարգսյանի կայքերը: Չմոռանաք կիսվել տպավորություններով: Լավագույն մաղթանքներս: