“Ա1+”-ի բլոգը 1 տարեկան է

April 26, 2008

Մի տարի առաջ այս օրը "Ա1+"-ի կայքում հայտարարություն տրվեց, որ այսուհետ գործելու է "Ա1+"-ի բլոգը, կայքում գովազդային բաներ տեղադրվեց, բլոգում առաջին նյութը դրվեց…

Բլոգ բացելու գաղափարի համար դեռ երկար ժամանակ էինք մտածել, ընկերների հետ խորհրդակցել, անհրաժեշտությունը ծանր ու թեթեւ արել: Ի վերջո, հայկական ոչ լրատվամիջոց բլոգ չուներ դեռ, նախատիպը չկար, վերաբերմունքն էլ ամենաանլուրջից մինչեւ կարեւորագույն կամ սկանդալային կարող էր լինել…

Այսօր, բլոգի մեկ տարեկանին, ես մտածում եմ գրել բլոգի ձեռքբերումների, թերությունների կամ առավելությունների մասին, թե պարզապես ՁԵԶ շնորհակալություն հայտնել: Երեւի վերջինը, որովհետեւ "Ա1+"-ի բլոգը ի սկզբանե ստեղծվել էր ձեր` ընթերցողի կարծիքը լսելու, ձեզ հուզող թեման բարձրացնելու, քննարկելու այն ամենը, ինչը հրատապ է հատկապես ձեզ համար ու արդյունավետ ինֆորմացիայի փոխանակում ծավալելու հենց ձեր միջոցով: Ի վերջո, ճոռոմ չհնչի, բայց բլոգային քննարկումների միջոցով հույս ունեինք քաղաքացիական ակտիվության կոչելու` ինտերնետի այս դարում օրվա հրամայական այն համարելով:

Այսօր ամենից ավելի հույս ունեմ, որ մեր առջեւ դրված խնդիրները փոքր ինչ իրագործել ենք ու թեեւ պատահում ինչ-ինչ ուղղումներ չենք հասցնում անել կամ ինչ-ինչ թերացումներ ենք ունենում, բայց մեր գերխնդիրը` ձեր նեկրայությունը բլոգում ապահովում ենք, ինչը ամենակարեւորն է:

Ի վերջո, եթե փորձենք քիչ ավելի կրեատիվ  լինել, երբ մեկնաբանությունների միջոցով սկսում են ինչ-ինչ քարոզչություն անել,տեղեկատվություն կամ ապատեղեկատվություն տարածել, սա նվազագույնը նշանակում է, որ նման գործողությունների գնացողները քաջ գիտակցում են բլոգի օրական այցելությունների քանակի մասին եւ բլոգը լուրջ ամբիոն են համարում այն:

Այսօր, հենց բլոգի ծննդյան օրը, ուզում եմ քննարկել ձեզ հետ բոլոր բովանդակային, տեխնիկական եւ մյուս թերությունների ու խնդիրների մասին, որոնք պարբերաբար առաջանում են քննարկումների ժամանակ եւ որոնց լուծումը չեք ստանում: Մենք ձեր ակտիվության եւ առաջարկների կարիք ունենք, որովհետեւ սա ձեր բլոգն է եւ դուք պիտի առաջարկեք` ինչն է ձեզ հարմար կամ ոչ:

Եթե անուններով թվարկեի, շատ-շատ երկար նյութ պիսի ստացվեր: Ուստի միայն բավարարվում եմ ՁԵԶ բոլորիցդ շնորհակալություն հայտնելով եւ շնորհավորելով մեր բոլորի ընդհանուր մեծ ձեռքբերման համար` մենք բոլորս մասնակիցն ենք եղել հայկական լրատվական առաջին բլոգերից մեկի ստեղծման ու հայալեզու քննարկումների կուլտուրայի ձեւավորմանը: Խոնհարվում եմ ձեր`(ընթերցողներ կամ այցելուներ բառն այստեղ արդարացված չէ) բլոգի ակտիվիստների առաջ: Շնորհավոր: Լավագույն մաղթանքներով Բլանշ:

Բլոգում ամեինց հաճախ բարձրացված թեմաները

“Ա1+”-ի բլոգը իր գործունեության մեկ տարում հասցրել է բազմաթիվ վերելքներ ու անկումներ ունենալ, ակտիվ եւ պասիվ քննարկում կազմակերպել, նոր նախաձեռնություն իրականացնել կամ դադարեցնել: Հարկ եմ համարում բոլորի մասին ընդհանուր վերլուծականով ներկայացնել ձեզ:

Նախ այս մեկ տարում տարբեր նախաձեռնություններ ենք իրականացրել, հարոջվածներից էր նախագահի թեկնածուների կանանց հետ օն-լայն հարցազրույցների շարքը կամ ձեր առաջարկած թեմաների շուրջ քննարկումները:

Հետեւելով թեմաների արձագանքներին, մեկնաբանություններին եւ այցելությունների քանակին, եզրակացնում ենք, որ գործունեության առաջին վեցամսյակում ձեզ ամենից շատ հետաքրքրում էր, թե ով է զբաղեցնելու  նախագահի ապա մյուս կարեւոր պորտֆելները ով է: Հետաքրքրում էր հայ միլիոնատերների կյանքը, թե որտեղ եք հանգստանալու արձակուրդներին, բռնությունների, կրատվամիջոցների գործունեության, հոմոֆոբիայի դեմ պայքարի, Հայաստանում կրոնական ազատությունների, բողոքի ակցիաները, բոմժերն ու այլ թեմաներ:

Գործունեւության 2 վեցամսյակում նախագահական ընտրությունների եւ հետընտրական շրջանում ամեն ինչ քաղաքականացված էր եւ քննարկումները իրենցից ներկայացնում էին սուր վերլուծություններ ու քննադատություններ: Մինչեւ երկուհարյուրի հասնող մեկնաբանություններում բանավիճում էիք, քննարկում եւ թե ով է ավելի արժանավոր, ճիշտ ուղղության վրա կամ սխալ:Այս ժամանակաշրջանում էլ սկսվեցին ակնհայտ քարոզչությունն ու հակաքարոզչությունը, “տաքանալու դեպքում” նաեւ վիրավորանքները:

Արտակարգ դրության ժամանակաշրջանը պետք է առանձնացնեմ: Երբ, օրենքով սահմանաված կարգով դադարեցրեցինք նաեւ բլոգի գործունեությունը` կոչ անելով օգտվել ինֆորմացիայի փոխանակման ձեր իրավունքից, օրական բլոգի այցելությունները 68-72 հազարի հասան եւ ինֆորմացիոն հոսքը իրականում հսկակայակն էր, չհաշված նաեւ միտումնավոր ապատեղակատվությունն ու սադրանքները: Մեր տեղեկություններով բլոգում գրում էին բազմաթիվ լրագրողներ, բլոգերներ, քաղաքացիներ, որոնք ականատես էին միջադեպերի եւ այն մարդիկ, ովքեր առաջին ձեռքից տիրապետում էին ինֆորմացիայի:  Հենց այս շրջանում էլ սկսվեցին նաեւ հայհոյախառն մեկնաբանություններն ու մասնակիցների շրջանում անհանդուրժողական քննարկումները, ինչ ցավալի է:

Ներկայումս բլոգում աշխատում ենք շատ նյութերով չծանրաբեռնել եւ հնարավորություն տալ ձեզ քննարկումը ավելի զարգացնելու` համարերոլվ, որ ինֆորմացիան առանց այն էլ ստանում եք կայքից: Մեզ շարունակում է հետաքրքրել ձեր կարծիքը բոլոր զարգացումների մասին, որոնք տեղի են ունենում մեր երկրում, այդ իսկ պատճառով, վերլուծելով բլոգում թեմաատիկայի գործոնները, առաջարկում ենք ձեզ այս բաժնում առաջարկել բոլոր այն թեմաները, որոնք ձեզ հուզում են կամ որոնք քննարկումը ավելի նպատակահարմար եք տեսնում կամ որոնց մասին ինֆորմացիա չունեք, բայց կուզենայիք ունենալ: Գրեք մեզ: Լավագույն մաղթանքներով  Բլանշ

Բլոգում գրելու պարզ կանոններ

Հարգելի բլոգի ակտիվիստներ, ժողովուրդ ջան

Հաշվի առնելով այս մեկ տարվա փորձը եւ բլոգում մեկանաբանությունների նախադեպերը, հանրագումարի բերելով ձեր բոլոր առաջարկնեն ու պահանջները, մշակել ենք բլոգում գրելու պարզ կանոնների նախնական տարբերակ, որը պատրաստ ենք քննարկել ձեզ հետ եւ անհրաժեշտության դեպում փոփոխության ենթարկել:

Այսպես, բոգում գրելու առաջին նախապայմանը փոխադարձ հարգալից քննարկում ապահովվել է, ուստի արգելվում է բլոգում հայհոյանք, վիրավորանք եւ պիտակավում պարունակող բառեր գրել առհասարակ: Ծիծաղելի է, բայց բլոգում սպամ բառերի ցուցակ մտցնելուց հետո, որը բացառում է նմանատիպ բառերի մուտքը բլոգ ընդհանրապես, փոխում եք մի տառը կամ գրելաձեւը եւ շարունակում գրել այն, ինչ գրում եք: Խոսքը հայի ճկուն մտածողության մասին չէ, ոչ ոք դրան չի էլ կասկածում, ուղղակի կարծում եմ կարելի է այդքան պազրամիտ չլինել: 

Արգելվում է մեկ մեկնաբանության տեքստը մեկանգամից ավել դնել: Չի կարելի օգտագործել մինչեւ այդ ինչ-որ նիկով հանդես եկած մասնակցի անունը:  Հարգալից եւ հանդուրժողական եղեք հակառակ քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց հանդեպ եւ հարգեք խնդրում եմ բլոգի որդեգրած սկզբունքներն ու այստեղ գրող մարդկանց: Քննարկման թեմային կամ ընդհանուր քննարկմանը չվերաբերվող մեկնաբանությունները հեռացվելու են: "Ա1+"-ի բլոգը հայալեզու է եւ բլոգում խրախոսվում են հայատառ մեկնաբանությունները:

Որպես հետգրություն… սպասում ենք ձեր առաջարկություններին, դիտողություններին պարզ կանոնների եւ առհասարակ ցանկացած հարցի վերաբերյալ (տեխնիկական թերություններ, համակարգային սխալներ): Եթե դուք նոր բլոգ ունեք եւ ուզում եք ձեր մասին իմանան, գրեք մեզ եւ նպատակահարմարության դեպքում բլոգի հղումը կդնենք բլոգրոլում: Կարճ ասած ողջունում ենք ցանկացած առաջարկ: Հարգանքներով Բլանշ: