“Ա1+”-ի բլոգը 1 տարեկան է

April 26, 2008

Մի տարի առաջ այս օրը "Ա1+"-ի կայքում հայտարարություն տրվեց, որ այսուհետ գործելու է "Ա1+"-ի բլոգը, կայքում գովազդային բաներ տեղադրվեց, բլոգում առաջին նյութը դրվեց…

Բլոգ բացելու գաղափարի համար դեռ երկար ժամանակ էինք մտածել, ընկերների հետ խորհրդակցել, անհրաժեշտությունը ծանր ու թեթեւ արել: Ի վերջո, հայկական ոչ լրատվամիջոց բլոգ չուներ դեռ, նախատիպը չկար, վերաբերմունքն էլ ամենաանլուրջից մինչեւ կարեւորագույն կամ սկանդալային կարող էր լինել…

Այսօր, բլոգի մեկ տարեկանին, ես մտածում եմ գրել բլոգի ձեռքբերումների, թերությունների կամ առավելությունների մասին, թե պարզապես ՁԵԶ շնորհակալություն հայտնել: Երեւի վերջինը, որովհետեւ "Ա1+"-ի բլոգը ի սկզբանե ստեղծվել էր ձեր` ընթերցողի կարծիքը լսելու, ձեզ հուզող թեման բարձրացնելու, քննարկելու այն ամենը, ինչը հրատապ է հատկապես ձեզ համար ու արդյունավետ ինֆորմացիայի փոխանակում ծավալելու հենց ձեր միջոցով: Ի վերջո, ճոռոմ չհնչի, բայց բլոգային քննարկումների միջոցով հույս ունեինք քաղաքացիական ակտիվության կոչելու` ինտերնետի այս դարում օրվա հրամայական այն համարելով:

Այսօր ամենից ավելի հույս ունեմ, որ մեր առջեւ դրված խնդիրները փոքր ինչ իրագործել ենք ու թեեւ պատահում ինչ-ինչ ուղղումներ չենք հասցնում անել կամ ինչ-ինչ թերացումներ ենք ունենում, բայց մեր գերխնդիրը` ձեր նեկրայությունը բլոգում ապահովում ենք, ինչը ամենակարեւորն է:

Ի վերջո, եթե փորձենք քիչ ավելի կրեատիվ  լինել, երբ մեկնաբանությունների միջոցով սկսում են ինչ-ինչ քարոզչություն անել,տեղեկատվություն կամ ապատեղեկատվություն տարածել, սա նվազագույնը նշանակում է, որ նման գործողությունների գնացողները քաջ գիտակցում են բլոգի օրական այցելությունների քանակի մասին եւ բլոգը լուրջ ամբիոն են համարում այն:

Այսօր, հենց բլոգի ծննդյան օրը, ուզում եմ քննարկել ձեզ հետ բոլոր բովանդակային, տեխնիկական եւ մյուս թերությունների ու խնդիրների մասին, որոնք պարբերաբար առաջանում են քննարկումների ժամանակ եւ որոնց լուծումը չեք ստանում: Մենք ձեր ակտիվության եւ առաջարկների կարիք ունենք, որովհետեւ սա ձեր բլոգն է եւ դուք պիտի առաջարկեք` ինչն է ձեզ հարմար կամ ոչ:

Եթե անուններով թվարկեի, շատ-շատ երկար նյութ պիսի ստացվեր: Ուստի միայն բավարարվում եմ ՁԵԶ բոլորիցդ շնորհակալություն հայտնելով եւ շնորհավորելով մեր բոլորի ընդհանուր մեծ ձեռքբերման համար` մենք բոլորս մասնակիցն ենք եղել հայկական լրատվական առաջին բլոգերից մեկի ստեղծման ու հայալեզու քննարկումների կուլտուրայի ձեւավորմանը: Խոնհարվում եմ ձեր`(ընթերցողներ կամ այցելուներ բառն այստեղ արդարացված չէ) բլոգի ակտիվիստների առաջ: Շնորհավոր: Լավագույն մաղթանքներով Բլանշ:

Բլոգում գրելու պարզ կանոններ

Հարգելի բլոգի ակտիվիստներ, ժողովուրդ ջան

Հաշվի առնելով այս մեկ տարվա փորձը եւ բլոգում մեկանաբանությունների նախադեպերը, հանրագումարի բերելով ձեր բոլոր առաջարկնեն ու պահանջները, մշակել ենք բլոգում գրելու պարզ կանոնների նախնական տարբերակ, որը պատրաստ ենք քննարկել ձեզ հետ եւ անհրաժեշտության դեպում փոփոխության ենթարկել:

Այսպես, բոգում գրելու առաջին նախապայմանը փոխադարձ հարգալից քննարկում ապահովվել է, ուստի արգելվում է բլոգում հայհոյանք, վիրավորանք եւ պիտակավում պարունակող բառեր գրել առհասարակ: Ծիծաղելի է, բայց բլոգում սպամ բառերի ցուցակ մտցնելուց հետո, որը բացառում է նմանատիպ բառերի մուտքը բլոգ ընդհանրապես, փոխում եք մի տառը կամ գրելաձեւը եւ շարունակում գրել այն, ինչ գրում եք: Խոսքը հայի ճկուն մտածողության մասին չէ, ոչ ոք դրան չի էլ կասկածում, ուղղակի կարծում եմ կարելի է այդքան պազրամիտ չլինել: 

Արգելվում է մեկ մեկնաբանության տեքստը մեկանգամից ավել դնել: Չի կարելի օգտագործել մինչեւ այդ ինչ-որ նիկով հանդես եկած մասնակցի անունը:  Հարգալից եւ հանդուրժողական եղեք հակառակ քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց հանդեպ եւ հարգեք խնդրում եմ բլոգի որդեգրած սկզբունքներն ու այստեղ գրող մարդկանց: Քննարկման թեմային կամ ընդհանուր քննարկմանը չվերաբերվող մեկնաբանությունները հեռացվելու են: "Ա1+"-ի բլոգը հայալեզու է եւ բլոգում խրախոսվում են հայատառ մեկնաբանությունները:

Որպես հետգրություն… սպասում ենք ձեր առաջարկություններին, դիտողություններին պարզ կանոնների եւ առհասարակ ցանկացած հարցի վերաբերյալ (տեխնիկական թերություններ, համակարգային սխալներ): Եթե դուք նոր բլոգ ունեք եւ ուզում եք ձեր մասին իմանան, գրեք մեզ եւ նպատակահարմարության դեպքում բլոգի հղումը կդնենք բլոգրոլում: Կարճ ասած ողջունում ենք ցանկացած առաջարկ: Հարգանքներով Բլանշ: