Ուսամա Բեն_Լադենը գաղտնի ուղղերձ է հղել հայերին

September 20, 2007

"Ա1+"-ը գրում է, որ Երեւանի կրպակներում հայտնվել են որպես ՙՍամսունգ՚-ի արտադրության սովորական կրակայրիչներ, որոնց լուսարձակի տակ թաքնված է Ուսամա Բեն-Լադենի խորհրդավոր դեմքը: Այն միացնելու դեպքում` տեսնում ես Բեն-Լադենի դեմքը: Այն կրպակում, որտեղից գնել են այդ կրակայրիչը, չեն կարողացել հայտնել, թե վերավաճառման նպատակով որտեղից են գնել կրակայրիչների խմբաքանակը: Իհարկե, անմիջապես վստահեցրել են,որ առաջին անգամ են նման բան տեսնում, եւ հավանաբար հենց այդ մեկն է եղել ամբողջ խմբաքանակում:

Սպառողների շահերի պաշտպանության միության նախագահ Աբգար Եղոյանը մեզ հետ զրույցում խոստովանեց, որ շատ դժվար է պարզել ապրանքի ներկրման վայրը, որովհետեւ այն կոմերցիոն գաղտնիք է: Բայց կասկած հայտնեց, որ դա անլեգալ ճանապարհով կարող է ներկրված լինել. ՙՄեր երկրում դա իմանալը շատ դժվար է, ցավոք, մեր ներքին շուկայում կան ապրանքներ, որոնք սերտիֆիկացված չեն եւ եթե հարցնեիք կրպակավաճառից` հաշիվ ,ապրանքագիր ունես, դժվար թե ունենա՚:

Պարոն Եղոյանը նման փաստի առկայության մասին մեզանից իմացավ. ՙԻնձ համար ուղղակի եւ ծիծաղելի է, եւ անլրջություն, որ ամեն տեսակի ապրանք կարող է մտնել մեր շուկա, որեւէ օրենքով կամ օրենսդրական ակտով նման հարցերը չեն կարգավորվում: Այսօր նման ապրանք ներկրելը փաստորեն արգելված չի: Ու նա, ով ներկրել է` բարոյական նորմեր խախտելուց բացի, այլ օրենսդրական ակտ չի խախտել՚: Պարոն Եղոյանը փաստը բացատրեց կեսկատակ-կեսլուրջ` մեր շուկայի ազատականացվմամբ եւ կոմպլեքսների բացակայությամբ: Եվ խորհուրդ տվեց լուրջ քաղաքական աստառ դրան չհաղորդել:

Հեռու ենք փաստին քաղաքական աստառ հաղորդելուց, հատկապես Հայաստանում, որտեղ նման ահաբեկչությունների վտանգը զրոյական է: Բայց որ բավարար վերահսկողության պատճառով ներքին շուկայում կարող են հայտնվել անհայտ ծագման անորակ ապրանքներ` փաստ է: Եվ թերեւս արժե հիշեցնել, որ ԱՄՆ-ի կենցաղային ապրանքների խանութներում էլ վաճառվում են Բեն-Լադենի նույն դիմանկարով զուգարանի թղթեր:

"Ա1+"-ի կայում դիտեք նաեւ վիդեոն http://www.a1plus.am/am/?page=issue&iid=52467