ԵԽԽՎ 6 ամիսը…

June 28, 2008

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի չորքեքշաբթի օրը ընդունած բանաձեւին քաղաքական վերնախավում սպասում էին շունչները պահած` շահարկման եւ արդարացման բոլոր հնարավոր սցենարներով, բայց… ԵԽԽՎ-ն ընդունեց 1609 բանաձևի կատարման մասին զեկույցը, որով Հայաստանի իշխանություններին ևս 6 ամիս ժամանակ է տրվում `բանաձևի պահանջները կատարելու համար, նաեւ պայման, որ եթե Հայաստանը չկատարի նշված պահանջները, ապա «վեհաժողովը 2009 թ. հունվարի նստաշրջանում կքննի Հայաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու հարցը»:

Թեման, ինչ խոսք, կարեւոր է ու ենթադրվում է, որ կարեւոր կլինի մինչ 2009 հունվարը: Ու արդեն շաբաթվա վերջում մամուլում հրապարակումներն ու քաղաքական գործիչների "կրկնակի ճկուն" հայտարարությունները հաշվի առնելով, կարող ենք ենթադրել, որ ԵԽԽՎ-ական բարձր հովանու ու պարավորությունների կատարման անվան տակ քաղաքական ճամբարներում փոխադարձ ցեխ շպրտոցին դեռ երկար է շարունակվելու:

Նախագահը, ապա արտգործնախարարը առիթ կունենա համանախագահների հետ հանդիպմանը կամ պաշտոնական այլ հանդիպումների ժամանակ խոսելու այդ թեմայով եւ վստահեցնելու, որ ամեն ինչ նորմալ է: Ապա ընդդիմության ներկայացուցիչները նույնպես առիթ են ունենենալու հիշելու ԵԽԽՎ բանաձեւը, հանրահավաքներին խոսելու այդ մասին: Ու մինչեւ ժողովրդավարության թեսթի հանձնման լավագույն տարբերակ փնտրող մեր քաղաքական գործիչները ստանդարտացման ժողովրդավարության կոչեր են անում ու հանգստացնում հանրությանը, թե փոխվելու է ամեն ինչ, հետքրքիր կլիներ լսել հենց քաղաքացիների կարծիքը այս ամենի մասին: Ինչ նշանակություն ունի ձեզ համար ԵԽԽՎ պահանջներն ու արդյոք սա է այսօր ժողովրդավարության հասնելու արդյունավետ ճանապարհը?

“Ա1+” հաղթեց Եվրոդատարանում…

June 17, 2008

Նախ ներեցեք, չեմ կարող զսպել զգացմունքներս…Ուռաաաաաաաա… "Ա1+" հաղթեց Եվրոդատարանում…Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարեց "Ա1+" -ի` "Մելտեքս" ՍՊԸ-ի եւ նրա նախագահ Մեսրոպ Մովսեսյանի հայցը ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Եվրոպական դատարանը համարել է, որ "Ա1+"-ի եթերազրկմամբ խախտվել է Կոնվենցիայի 10-րդ հոդվածը/ Խոսքի ազատություն/:  Դատարանը որոշել է, որ Հայաստանի կառավարությունը պետք է վճարի երեք ամսվա ընթացքում 30000 եվրո "Մելտեքս"-ին, որից 10000 եվրոն պետք է փոխանցվի անգլիացի փաստաբաններին: "Ա1+"-ի վերաբերյալ դատավճիռը կայացվել է միաձայն: Կողմ է քվեարկել նաեւ ՀՀ- ի ներկայացուցիչ-դատավոր Ալվինա Գյուլումյանը:

ՀՌԱՀ-ի "Ա1+"-ին արտոնագիր չտրամադրելու վերաբերյալ բոլոր որոշումները կամայական են եղել եւ պատճառաբանված չեն եղել. սա է այն հիմնական գաղափարը, որ ընկած է ԵԴ-ի վճռի հիմքում: Անգամ մերժումների բոլոր տեքստը, եթե հիշում եք, նույնն էր, ստորակետի տարբերություն նույնիսկ չկար,-"Ա1+"-ին պարզաբանել է փաստաբաններից Արա Ղազարյանը:

Ի՞նչ է վճիռն իրենից ներկայացնում, ի՞նչ պետք է անի հայրենի կառավարությունը հարցի պատասխանին Արա Ղազարյանը ասել է, որ անհատական ու ընդհանուր միջոցառումների ցանկ է մշակելու ԵԽ նախարարների կոմիտեն ՀՀ կառավարության համար, այն գործողությունների, ինչ պետք է անի ոտնահարված իրավունքը վերականգնելու ուղղությամբ եւ ամեն կատարած քայլի համար պետք է զեկուցի: Անհատական գործողությունների ցանկը վերաբերում է փոխհատուցման գումարին` 3 ամսում պետք է ՀՀ կառավարությունը: Ընդհանուր բնույթի միջոցառումների թվում կարող է օրենսդրության փոփոխությունը դիտվել, հանձնաժողովի կազմի փոփոխությունը եւ այլն:

Փաստաբաններից էլ Տիգրան Տեր-Եսայանը ասում է. ես համոզված եմ, որ "Ա1+"-ը կունենա եթեր. հիմա արդեն իրավիճակ է փոխվել, հիմա հնարավոր է, որ իշխանությունները դիրքորոշումը փոխեն: Իսկ թե այդպիսի իրավունքի վերականգնում ենթադրում է ԵԴ դատավճիռը` Տիգրան Տեր-Եսայանը պատասխանել է, թե "Եվրոդատարանը իր որոշումներում չի նշում, որ, ասենք պետք է վերականգնել բնակարանը, կորցրած գույքը, այլ գրվում է` իրավունքի ճանաչում: Դրա հետ մեկտեղ աշխատում է մեխանիկական բնույթը, եւ նախարարների կոմիտեն տվյալ պետության կառավարության առջեւ հարց է բարձրացնում, որ տվյալ ֆիզիկական անձի կամ սուբյեկտի իրավունքը պետք է վերականգնվի":

Արդյո՞ք սա իրավական առումով ավելի ծանրակշիռ փաստաթուղթ է, քան ԵԽԽՎ բանաձեւերը, որոնցում արդեն մի քանի տարի շարունակ կոչ էր արվում "Ա1+"-ի եթերի վերականգնման համար պայմաններ ստեղծել հարցին Տեր-Եսայանը ասել է. "Այո, միանշանակ, իհարկե, սա արդեն դատարանի որոշում է, եւ նման որոշում ամբողջ Եվրադատարանի նախադեպերում չկա, սա իր բնույթով ու բովանդակությամբ առաջինն է, այսինքն, եթե Մարդու իրավունքների ԵԴ վարույթում լինեն նմանատիպ գործեր` հղում է արվելու "Ա1+"-ի գործին,-ապա ավելացրել,-Ես ափսոսում եմ, որովհետեւ կազմակերպությունը տարիներով դատական պրոցեսի մեջ լինելով շատ բան կորցրեց, իսկ ավելի մեծ բան կորցրեց հասարակությունը, որովհետեւ տեղեկատվություն ստանալը դա հասարակության իրավունքն է, իսկ մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում մեր եթերում: Ցավալի է: Ուրախալի լուր է, բայց հետեւություններ անել պետք":

Լավ “PR” հանրահավաքի պատվին…

June 16, 2008

Թերեւս տարօրինակ չէ, որ վերջին մեկ շաբաթում մամուլում ու ամենուր ամենից հաճախ 20-ի հանրահավաքից է խոսվում: Հավանաբար եթե ֆուտբոլն(Եվրոպայի առաջնությունը) էլ չլիներ, Ազգային ժողովի հավանական նախագահի կամ Հանրային խորհրդի կամ էլ քաղբանտարկյալների մասին լուրերը, ապա ամեն օր բոլոր լրատվամիջոցները անխտիր դրական կամ բացասական “տոնով” հիշեցնելու էին մեզ հանրահավաքի մասին:

Ու եթե “Ազգ”-ին հետաքրքրում է հարցի` “որտեղ է ի վերո կայանալու” կողմը, ապա “Առավոտը” գրում է “Ազատության հրապարակի” նշանակության մասին, ապա հավելում. “Չափազանց դժվար, եթե չասենք՝ անհնար է քիչ թե շատ խելամիտ բացատրություն գտնել ընդդիմության նախատեսած հունիսի 20-ի հանրահավաքը չարտոնելու՝ ՀՀ իշխանությունների որոշմանը: Առարկությունը, թե այդ միջոցառումը կարող է անցկացվել «Հրազդան» մարզադաշտի մերձակայքում, ոչ մի քննություն չի բռնում. նույն հաջողությամբ ընդդիմությանը կարող էր առաջարկվել հանրահավաք անցկացնել «Պռոշյան» սովխոզի մոտ կամ, ասենք՝ Դալմայի այգիներում”:

“Ա1+”-ը տեղեկացնում է, որ Երեւանի քաղաքապետարանն այսօր Համաժողովրդական շարժման նրկայացուցիչների հետ քննարկել է հունիսի 20-ին Ազատության հրապարակում մերժված հանրահավաքը Մատենադարանի մոտ անցկացնելու դիմումը: Թեեւ քաղաքապետարանը դեռ պաշտոնապես չի պատասխանել դիմումին, սակայն քննարկման մասնակից` Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը վստահ է. “Քաղաքապետարանը մերժելու է նաեւ Մատենադարանի մոտ հանրահավաք անցկացնելու դիմումը“,-ասվում է:

 “Պանորաման”-ն մեջբերում է նախագահ Սարգսյանի խոսքերը այն մասին, որ Հայաստանում հանրահավաքներ եղել են ու կլինեն:  “Ցանկացած երկրում տեղի են ունենում բողոքի ակցիաներ, դրանց մասնակցում են հարյուրավոր, հազարավոր, տասնյակ հազարավոր մարդիկ: Ոստիկանության խնդիրն այդ միջոցառումներում հասարակական կարգի պահպանությունն է: Այսինքն, դուք պիտի անեք այնպես, որ ամեն ինչ ընթանա օրենքի շրջանակներում»,- ընդգծել է նա ոստիկանների հետ հանդիպմանը:Իսկ “Չորրորդ իշխանությունը” հավելում, որ հանրահավաքը արտոնելը կնշանակեր կոպիտուլացիա  ստորագրել. “Արտոնել հանրահավաքը` կնշանակեր համաձայնվել, որ մի քանի հարյուր հազար հոգի հավաքվեն Ազատության հրապարակում եւ պահանջեն հանցավոր ռեժիմի հրաժարականը”:

Ըստ “Հայկական ժամանակ”-ի երեխաների թիկունքում է իրականացվում այս ամենը.Մի՞թե Սերժ Սարգսյանի համար պարզ չէ, որ այդ օրը պետք է զորահանդես անցկացնել Ազատության հրապարակում` հայոց բանակի ամենավերջին սպառազինություններով: Միգուցե սա՞ «կջարդիե Ազատության ոգին եւ Համաժողովրդական շարժումը: Սակայն Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, Ռոբերտ Քոչարյան չէ. երեկվանից մեծ խաղահրապարակի վերածված Ազատության հրապարակը հուշում է, որ նա որոշել է պաշտպանվել ոչ թե ավտոմատների, այլ երեխաների ետեւում: Սա թերեւս բռնապետի նոր տեսակն է, որ ծնվում է մեր աչքի առաջ”:  

Ե.Գ. Հյուսիսային պողոտայում 28 կին անժամկետ հացադուլ է անում: Կրկին հիշեցում չէ՞ հանրահավաքի մասին:

Քաղաքական նոր զարգացումնե՞ր. “ժամկետը” լրանում է…

June 4, 2008

Վերջին օրերին ներքաղաքական իրավիճակը մայրաքաղաքում, մեղմ ասած, հանդարտ չէ: Մոտենում է ԵԽԽՎ կողմից ՀՀ իշխանություններին ներկայացված պահանջների կատարման ժամկետը, այնինչ ցարդ շարունակվում են նախնական կալանքի տակ մնալ 96 քաղաքական հետապնդման ենթարկվող քաղաքացիներ: Միեւնույն ժամանակ ՀՀ արտաքին քաղաքականության ու ԼՂՀ հակամարտության կարգավորման համար կարեւոր Սարգսյան-Ալիեւ նախագահների հանդիպմանը ընդառաջ բարձրանում է քաղաքական կուսակցությունների ու հասարակական նախաձեռնությունների նոր ալիք, հացադուլավորների թիվը` ուղիղ համեմատական դժգոհությունների ալքին, շատանում է, ի վերջո մոտենում է համաժողավրդական շարժման նախանշած հանրահավաքի օրը:

"Այսօր, երբ մոտ մեկ ամիս է մնացել բանաձեւում նախանշված սույն պայմանների իրականացման համար նախատեսված վերջնաժամկետին, ակնհայտ է դառնում, որ որեւէ առաջընթաց չի գրանցվել ՀՀ իշխանությունների կողմից վերոնշյալ պայմանների իրականացման ուղղությամբ, իսկ ժողովրդավարական ազատությունների ու մարդու իրավունքների հետ կապված իրական պատկերը վատթարացել է, ինչի հետեւանքով առավել խորացել է ընդդիմության եւ իշխանությունների միջեւ գոյություն ունեցող անջրպետը",-ասվում է համաժողովրդական շարժման հայտարարությունում ու մեջբերում դեռ ԵԽԽՎ վերջնագրից` "1.Իրականացնել անկախ, թափանցիկ եւ վստահություն ներշնչող հետաքննություն մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ: 2. Անհապաղ ազատ արձակել ձերբակալված այն անձանց, ովքեր թե’ ձերբակալվել են ակնհայտ շինծու եւ քաղաքական դրդապատճառներով, թե’ անձամբ չեն իրականացրել որեւէ բռնի գործողություն կամ դրան առնչվող ծանր հանցանք: 3. Անհապաղ չեղյալ համարել “Հանրահավաքներ, ժողովներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին” օրենքում կատարված վերջին փոփոխությունները` Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին համապատասխան:

"Փետրվարի 19-ի նախագահի ընտրություններն առաջընթաց են բոլոր մյուս ընտրությունների համեմատ:Իսկ ԵԱՀԿ դիտորդական առաքելության մեջ գտնվում էին տարբեր երկրների ներկայացուցիչներ եւ կարծեմ` այդ խմբի մեջ ամենաշատ ԱՄՆ դիտորդներն էին` 3 տասնյակ, եւ, իհարկե, այդ զեկույցը արտահայտում է բոլորի կարծիքը: Իսկ զեկույցի մեջ վերահաստատվում է, որ ընտրությունները համապատասխանում են այն պարտավորություններին, որոնք Հայաստանն ունի այդ կառույցի մեջ",-ասում է ՀՀ ԱԳՆ Էդուարդ Նալբանդյանը: Կոմունիստներն էլ հարկ են համարում պատասխանել, թե "այդ առաջընթացը եղել է կեղծիքների, բռնությունների, վերջապես 10 զոհի եւ այսօր բանտերը լցված մարդկանցով":"ՀԿԿ 37-րդ համագումարը որոշում է կայացրել չսատարել ոչ մի քաղաքական ուժի, կամ թեկնածուի, որովհետեւ մենք գիտենք, որ այս երկրում նորմալ ընտրություններ տեղի չեն ունենում, ընթանում են կեղծիքներով եւ ավարտվում են ծեծ ու ջարդով",-հայտատարում են նրանք:

Դաշնակցության նախարարների "խմբային աթոռափոխությունից" հետո էլ հատկանշական է ԱԺ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանի կարծիքը, թե "իշխանությունները պարզ խաղիկները դարձնում են լուրջ խնդիրներ": Իսկ երկխոսության մասին ասում է. "Ով է ասում, որ ընդդիմությունը միայն Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Ես համարում եմ երկխոսությունը կայացած. ՀՅԴ-ն կոալիցիայի մաս է դարձել երկխոսության արդյունքում: Իսկ ինչպես եք պատկերացնում երկխոսությունը: Ես երկխոսությունը չեմ պատկերացնում այնքան պարզունակ, որ մի կողմում նստի Տեր-Պետրոսյանը, մյուսում` Սերժ Սարգսյանը, եւ երկխոսությունը կայանա: Ես որպես ՀՀ քաղաքացի բազմաթիվ հարցեր ունեմ, ինձ հետ էլ պետք է երկխոսեն: Երկխոսությունը ես համարում եմ Եվրոպայի կողմից պարտադրված, արհեստական եւ մտացածին":

"Ինչով եք կաշկանդված, որ չեք կատարում ձեր լիազորությունները, ինչու եք թույլ տալիս, որ ընտրությունների ընթացքում անխնա խախտվի օրենքը",-"Ժառանգության" պատգամավորն ուղղում է իր հարցը ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանին, իսկ Գյումրիի "Ասպարեզ" ժուռնալիսների ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը,հարցնում, թե օրենսդրական փոփոխություններից հետո արդյոք ՀՌԱՀ նախագահը չի կանչի իր մոտ "Գալլա" հեռուստաընկերության նախագահին եւ ասի, որ որ թեկնածուին եթեր չտրամադրեն, քննարկվում է մեկ այլ կարեւոր` ՀՌԱՀ-ի եւ ՀՀՌԸ խորհրդի ձեւավորման կարգի մասին լսումներին:

Ե.Գ. Հաշվի առնելով, որ բլոգի այցելությունների մի ստվար զանգվածի համար շատ կարեւոր է Սիրուշոյի կյանքն ու գործունեությունը, նշենք, որ նախագահականում նրան ընդունել է Սերժ Սարգսյանը  եւ պարգեւատրել ՀՀ նախագահի շնորհակալագիրով:

Լռություն պարտքի դիմա՞ց

June 2, 2008

Վաղը տեղի կունենա Ռուսաստանի դաշնությունում սպանված հերթական հայի հուղարկավորությունը: Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ գյուղի 37-ամյա բնակիչ Արթուր Միշայի Բաղինյանը մահացել է ծոծրակին բութ գործիքով հարվածիցՌԴ Ստավրոպոլ քաղաքում:Նրա դիակը կտեղափոխում են հայրենի գյուղ:

Հավանաբար այս տողերին, ինչպես արդեն ընդունված է, առանձնապես ուշադրություն չի դարձվի, լավագույն դեպքում մեկ կամ երկու լրատվամիջոց փոքրիկ անդրադարձ կանեն միջադեպի մասին: Ու կշարունակի լռել "կոմպլիմենտար" անգործությունը: Ինչ է եղել որ? Ռուսական շովինիստական դրսեւորումները ուղղված են ոչ միայն հայերին…

Ուսումնասիրում եմ ՌԴ-ում հայերի սպանության քրոնիկան ու նկատում, որ եթե տարի առաջ Ռուսական պաշտոնական աղբյուրները կատարված միջադեպերի վերաբերյալ մեկնաբանություններ էին անում(ռուսական իշխանությունները համարյա բոլոր` ազգայնական հողի վրա կատարված սպանությունները տեղափոխում են կենցաղային դաշտ, ասենք խուլիգանություն կամ կողոպուտ որակում, դրանով իսկ պետական մակարդակով խրախուսելով ազգայնամոլությունը), այսօր կարծես ընդհանրապես "պատիվ չեն անում" մեկնաբանել միջադեպերը: Հելսինկյան կոմիտեի տվյալներով վերջին տասնամյակում ամեն տարի Ռուսաստանում մոտ 400 այլազգիներ են ենթարկվում բռնության, մեծ մասը կովկասցիներ:

Բայց ամենից կարեւորը հարցի հայաստանյան արմատների էությունն է: Այն, որ հայկական դիվանագիտությունը “լռություն պարտքի դիմաց” կոմպլիմենտար ռուսասիրական քաղաքականությամբ ոչ մի կոշտ դիրքորոշում կամ հետաքննությունների մասնակցելու նախաձեռնություն կամ պարզապես սեփական քաղաքացիներին պաշտպանելու քաղաքականություն չորդեգրեց: Ու հասարական պահանջն էլ կարծես չկա: Թվում է` հայերը հաշտվել են “ֆորփոստ” կամ “հեռավոր գուբերնիա” պիտակի հետ, ինչը արդեն ամուր հասարական կարծիք է:

Չէ, ըստ երեւույթին, ամենից կարեւորը ձեր կարծիքն է: Ինչ եք մտածում ռուսական աճող շովինիզմի եւ Հայաստանի դիրքորոշման մասին? Գուցե Հայաստանը այսօր շատ ավելի կարեւոր հարցեր ունի լուծելու, բայց արդյոք սա այդ հարց է, որը կարելի է երկրորդական համարել?