Հացադուլը որպես ուղիղ ճանապարհ?

May 15, 2008

Ուսումնասիրում ես հացադուլների խրոնիկան եւ մտածում, որ եթե վերջին տարին հացադուլների տարի հայտարարած լինես, երեւի շատ սխալված չես լինի: Բանն այն է, որ միայն 2007-2008թ-ին թվաքանակներով եւ հասարակական հնչեղությամբ հացադուլների նախադեպերը այնքան շատ էին, որ հասարակությունը անգամ սովորել է սովորական վերաբերվել դրանց: Համեմատության կարգով նշեմ, որ հայկական ինտերնետային մամուլում որոնում կատարելիս այսօր կրկնակի անգամ ավել է հանդիպում “հացադուլ” բառը, քան 1999-ից մինչեւ 2007-ը ընկած ժամանակահատվածում միասին վերցրած:

Իսկ “բովանակությամբ” հացադուլները քաղաքական, քաղաքացիականից մինչեւ տնտեսական, սոցիալական ու բարոյական են եղել, իսկ վայրերը ամենատարբեր` գյուղերում, քաղաքներում, կառավարության, նախագահականի, պետական այլ կառույցների շենքերի դիմաց, մեկուսանարններում, քրեակատարողական հիմնարկներում, սեփական փողոցում տան դիմաց: Ու տրամաբանական է, որ ազգովի “դիետայի նստելու” փափագը չէ դրդում բոյկոտի նման ծայրագույն դրեւորման…

Բնականաբար, բոյկոտը եւ սեփական իրավունքների համար պայքարն ու ընդվզումը դիտարկվում է նվազագույնը ամուր բարոյական հարթության վրա եւ նշանակում, որ հասարակությանը չի հանդուրժում անարդարությունը: Բայց մյուս կողմից, չէ  որ անարդարությունները մեր երկրում մեդիա երեւույթ չեն?

Մի քանի հավանական վերլուծություններ. 1.Դարեր ի վեր “յոլա գնալու” վարժված ժողովուրդը (սա ապացուցել երեւի պետք էլ չէ, առանց պետականության դարեր ապրած ժողովուրդը այլ կերպ չի էլ կարող) հանկարծ որոշել է կամքի արտահայտություն դրսեւորել եւ պայքարել անարդարությունների դեմ ու սկսում է դա` երկրի ներսից բուժելով: Տարբերակ է: 2.Կամ գուցե փոքր ինչ սոցիալական գոյությունը բերելավելով` ժողովուրդը սկսել է մտածել նաեւ հագեւոր սնունդի եւ մյուս` հասարակական, սննդի մասին: Գուցե: 3.Կամ էլ դանակը ոսկորին է հասել եւ այլեւս հանդուրժել այս ամենը հնարավոր չէ: Շատ տարբերակներ կարելի է գտնել: 4.Վերջիններից մեկը կլինի երեւի, որ գործ ունենք մասսայական խելագարության երեւույթի կամ այլ ձեւակերպմամբ` հայկական սադոմազոխիստական նոր դրսեւորման հետ: Եվ երեւի նորմալ է նման տարբերակ մտքով անցկացնել, որովհետեւ հասցրեցի ուսումնասիրել ոչ միայն “հացադուլ” բառի պոպուլյարությունը, այլեւ վերընթերցեցի բոլոր միջադեպերը եւ դրանց հանգուցալուծումները:

Ներկայացնում եմ ձեզ հանգամանորեն… Քաղբանտարկյալների ազատ արձակման համար հացադուլների շարքից: Ներկայումս Շիրակի մարզում շարունակվում է 17 հոգու անժամկետ հացադուլը, (նշենք, որ մի քանի օր առաջ նրանց թիվը 14-ն էր) կամ երեկ մեկուսանում հացադուլ եւ ջրադուլ հայտարարեց նախնական կալանքում գտնվեղ Վարդգես Գասպարը: Հրազդանում նախազգուշական հացադուլ եղավ` բարձր հասարակական հնչեղությամբ: Արդյունքներից էր Արշավիր Բոզինյանի առեւանգման, հացադուլավորների վրա հարձակման դեպքերը: Կամ մի կողմից ողջ գյուղը հացադուլի էր պատրաստվում, մյուս կողմից հացադուլավորների վրա հոգեբանական ճնշում էր գործադրվում, եղավ նաեւ հացադուլավորներին ծեծելու միջադեպ:Իսկ հիմա հացադուլների մասին մեկուսարաններում քաղաքական հայացքների համար դատապարտված մարդկանց հացադուլների շարքից. Կարապետ Ռուբինյան, Հակոբ Հակոբյան, Ժիրայր Սեֆիլյան, Վարդան Մալխասյան, Արման Բաբաջանյան, ապա քաղբանտարկյալներից 24-ը դադարեցրեցին հացադուլը:Մինչ մարտի 1-ը Ազատության հրապարակում հացադուլ էին անումը 6 ՀՀ քաղաքացիներ, մեկը մինչեւ անգամ բերանը կարել էր:

Քաղաքական հացադուլներից զատ հիշենք նաեւ քաղաքացիական հացադուլները: Հացադուլով սպառնում էր որդեկորույս մայրը Գյումրիում, զինծառայողի սպանության մեջ մեղադրվողներն եւ նրանց ծնողներն էին հացադուլ անում, Կառավարության դիմաց մենակ հացադուլ էր անում եւ բերանը կարել էր մի քաղաքացի, ում հայցը հրաժարվել էին ընդունել դատարանում, "Պաշտպանիր իմ իրավունքը" խորագրի ներքո միավորված` թափառաշրջիկ բրոքերների կողմից տուժած քաղաքացիներն էին հացադուլ անում, օտարման գոտու բնակիչների հացադուլը հիշենք, կամ Սեֆիլյանին ի պաշտպանություն հացադուլը` որը Սահմանադրականի մոտ անում էր մի քաղաքացի, որ անձամբ չէր էլ ճանարում նրան կամ ցմահ դատապարտվածներից 17-ի միաժամանակ հացադուլըն էր, որոնք հանդիպում էին պահանջում:

Այստեղ կանգնեմ ու մի կարճ մեկնաբանություն անեմ. Մինչեւ հիմա հացադուլի նստած եւ ոչ մի քաղաքացի կամ քաղաքացիներ չկարողացան գոնե մասամբ լուծում ստանալ իրենց արդարացի պահանջներին… Գուցե շատերին դուր չգա ասածս, բայց եթե անգամ մասսայական հացադուլը չի կարողանում ոչինչ փոխել, ես արդեն կասկածում եմ, որ ինքնահրկիզումը արդյունավետ կլինի: Կամ նոր ուղիներ են պետք կամ էլ ազգովի դիետային նստելուց զատ պիտի հոգեբույժի մոտ հարմարվողականության նոր կուրսեր անցնենք եւ շարունակենք լռել, ինչպես նախորդ դարի խասիաթն է ավանդել: Ուղղեք ինձ, եթե սխալվում եմ:

Գլոբալ “բիսեդկա” Հայաստան

May 12, 2008

Այն, որ հայ հասարակությունը քաղաքականացված է շենքերի բակերում, չէ ավելի ճիշտ "բիսեթկաներում" հիմնականում քաղաքական գրազներ են գալիս, համոզելու կարիք չկա: Բայց այն, որ հայ ժողովուրդը` դպրոցականից մինչեւ կառավարության հարկաբաժնում նստող ցանկացած չինովնիկ նաեւ քաղաքական տեսաբաններ են, սա արդեն մեդիա երեւույթ է, բայց իրականում` օբյեկտիվ ռեալություն:

Նայեք շուրջը, հետեւեք մամուլին, կարճ ասած ուշադիր եղեք եւ կտեսնենք, որ օրինակ` ամեն պատահական օր տասնյակի հասնող անհասկանալի եւ անհայտ անուններով մարդիկ ասուլիս են տալիս եւ վերլուծում ներքաղաքական իրավիճակը, սեփական մոդելներ առաջարկում, զարգացնում եւ հաստատում: Բայց ավելի ցավալին այն է, որ մի խումբ հայտնի ու անհայտ, հեղինակավոր ու պատրաստված լրագրողներ խելոք-խելոք դեմքերով լուսաբանում են այդ ամենը եւ հասարակությանը հրամցնում որպես առաջնային, կարեւոր:

Հայկական ռադիոն ինչպես բոլոր դեպերի համար, այստեղ էլ սուս չեր մնա: Ուրեմն այսպես. հայկական ռադիոն լռում է, հետո խոսում, թե խուլերի համար հաղորդումն ավարտվեց": Կարեւոր հայտարարությունների առումով հայկական քաղաքական "էսթաբլիշմենթը" լռում է, հետո էլ ասում, օրինակ` "դե երկիրդ երկիր չի": Հա, գուցե նրանց ասածում ճշմարտություն կա, սա չեմ քննելու: Բայց քաղաքական վերնախավի լռության այս հնազանդությունը հաստատ նույն շեմին է, ինչ հայ փոփ աստղերի "քաղաքական ու բիզնես" դիրքորոշումը: Ու ցավալին այն չէ, որ շատ մարդիկ իրենց չվերաբերվող խնդիրների մասին են խոսում, ցավալին այն է, որ հասցեատերից պատասխան ի վերջո չի ստացվում: Օրինակ` ընդդիմությանը պատասխանում է հարկային տեսճությունը, իշխանական վերնախավին էլ` կազիոի շեֆությունը: Այս տրամաբանությամբ իհարկե տարօրինակ չէ արդեն նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանը առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` Ազգային կոնգրեսում հնչած ելույթին: Ես տեղեկություն ունեմ, որ նա հարցազրույց է տվել եւ երեկոյան արդեն կլսենք այդ մասին: Միայն մնում է հասկանալ, Քոչարյանը ինչու նորմալ չէր խոսում իր իրավասությունների ժամանակ կամ այն ժամանակ, երբ իրոք պետք էր այդ խոսքը:

Ոսկեղենիկ հայոց լեզվի եւ բլոգում կարգ ու կանոնի մասին

May 10, 2008

Անկասկած հայոց լեզվի ճկուն լեզվական հնարավորությունների պարագայում բառերի նորաձեւությունը առերես ոչ առաջնային, բայց ակնհայտորեն գոյություն ունեցող երեւույթներ են: Եւ ակնհայտ է, որ գոյություն ունի նաեւ պիտակավորում հասկացությունը:Պարզից էլ պարզ է, որ երբ, հայոց լեզվի ոսկեղենիկ լեզվական ճկունությունները շրջանցելով, օգտագործում ես մինչ այդ արդեն մի քանի անգամ ինչ-ինչ շահագրգիռ անձանց կողմից օգտագործված բառեր, պիտակավորումը անխուսափելի է:

Օրինակ` անվիճելի փաստ է, որ “քաղբանտարկյալ”, “ազատություն”, “պայքար” բառերը օգտագործելու դեպքում դու նվազագույնը ընդդիմադիր ես կամ էլ ծայրագույն դեպքում` ավազակ ու ազգի խուժան կարող ես դուրս գալ: Բայց սա դեռ ամենը չէ: Փորձեք օգտագործել օրինակ “առաջ” կամ “հին ընկեր” կամ էլ գոնե “դրամավարկային քաղաքականություն”: Սա էլ հեշտ չի մարսվի:

Բառապաշարային այս կապկություններում հավանաբար ամենադժվարը լրագրողի խնդիրն է, ու երբ փորձում ես պարզապես կատարել քո մասնագիտական պարտականությունները` անկողմկանալ նյութ գրել, բախվում ես “լինել-չլինելու այս ծայրագույն գոյությանը”. կամ պիտի այնպիսի բառերով գրես, որի տակ ենթատեքստ գտնել հնարավոր չէ (իսկ մեր լեզվամտածողության պարագայում գրեթե անհնար է այդպիսի բառեր գտնել, հատուկ ճշտել եմ լեզվաբաններից) կամ էլ պիտի համակերպվես կիտակավորման հետ եւ ստանաս մի այդպիսին “դոշի բրոշկա”:

Քիչ ավելի բառապաշարային կողմից եթե անցնենք բովանդակության, ապա պիտակավորում են ստանում նաեւ այն լրատվամիջոցները, ովքեր փորձում են ամբիոն տրամադրել գոյության իրավունք ունեցող բոլոր կողմերին եւ չվախենամ այդ բառից` ընդդիմությանը: Ու եթե գրում ես այն, ինչ եղել է, հաստատ մեկը կգտնվի, որ խոսքդ “թարախություն” կհանի, առանց վերլուծելու ,թե որն է գրողի մեղքը, եթե իրադարձությունն է “թարախ”:  

Հաճախ վերընթերցում եմ ձեր մեկնաբանությունները եւ փորձում եմ հասկանալ, թե ինչով եմ արժանացել ձեր կշտամբանքներին ու պիտակավորմանը: ՉԷ, պարզից էլ պարզ է, որ բլոգում չկան նյութեր, որոնց ընթերցումից մի խումբ մարդկանց սրտերը հովանալու է եւ հայհոյախառն պարզավանքներից կյանքի նկատմամբ իմունիտետը բարձրանալու: Ոչ մի “հակա” կամ “համար” նյութեր չենք էլ պատրաստվում գրել, սա մեր խնդիրը չէ:

Բայց զարմանում եմ` ինչու եք վրդովվում “ազատությունից”(ներողություն արտահայտությանս համար): Եթե ձեզ տրված է հնարավորություն քննարկելու, քննադատելու եւ ձեր ասելիքը լայն զանգվածներին հասցնելու, ուրեմն ինչումն է խնդիրրը? Առնվազն ստրկամտություն է ազատությունը ամենաթողության վերածելը եւ իմ այն համոզմունքը, թե բլոգում հավաքված են լուրջ, քաղաքականապես հասուն եւ հստակ քաղաքացիական դիրքորոշմամբ մարդիկ, կամաց-կամաց ի չիք է դառնում:

Իհարկե, չեմ ժխտում, որ այստեղ գրում են նաեւ "վարձու ակտիվիստներ” եւ առնվազն միամտություն կլինի ձեր կողմից կարծելը, թե բլոգը վարելով, նմանատիպ ինֆորմացիայի չեմ տիրապետում եւ չեմ հասկանում` “ով ում ջրաղացին է ջուր լցնում”, բայց անգամ այս պարագայում հավատացած եմ, որ կառուցողական բանավեճեր եւ քննարկումներ իրոք հնարավոր են, ի վերջո, հենց այս զանգվածի գոյությամբ պայմանավորված:

Վերջին 2 օրվա ընթացքում, գուցե ժամանակավորապես, մեկնաբանությունների բաժնում հաստատման կարգ ենք մտցրել եւ բազմաթիվ մեկնաբանություններ, որ քիչ առաջ հաստատեցի, ասում են, որ “լավ եք արել կամ վատ, որ գրաքննություն եք մտցրել”: Գրաքննություն է արդյոք այն, որ բազմաթիվ զգուշացումներից հետո կարգ ու կանոն ես մտցնում բլոգում եւ ոչ սահմանափակում ինչ-ինչ անձանց ասելիքը? Եթե այո, ես հակված եմ համակերպվել ձեր բոլոր` ընդդիմադիր, գրաքննող պիտակավորումների հետ, բայց շարունակել “գլուխս կախած իմ գործն անել”` եթե ոչ առաքելության կամ նման բարձրագոչ բառերի էությունը ի կատար ածելու, ապա գոնե իմ աշխատանքը ինչպես հարկն է կատարելու համար:

Ներողություն եմ խնդրում, որ այս հարցում ես լավատես եմ, բայց հավատացած եմ, որ այնուամենայինվ մենք ի զորու ենք կառուցողական, կրեատիվ ու հանրային կարեւորություն ունեցող քննարկումներ անել եւ ուզում եմ հիշեցնել, որ այստեղ օդ ու ջրի նման կարեւոր է ձեր ներկայությունն ու կարծիքը:

Թող ուշացումով, բայց առաջարկում եմ ստեղծել քննարկումների ՄԵՐ բաժինը եւ պարտավորվում եմ ամեն շաբաթվա վերջում ձեր կարծիքներից նյութ պատրաստել եւ որպես հանրային կարծիքի մի ցուցիչ հրապարակել լրատվամիջոցներում ու բլոգերում` այն ավելի հասանելի դարձնելու համար: Միեւնույն ժամանակ դուք էլ պիտի պարտավորվեք հետեւել բլոգում գրելու պարզ կանոններին եւ միայն այսքանը:

“+1 սկզբունքով” (համոզված եմ այս արտահայտության օգտագործումն էլ հեշտ չեմ մարսի), գրեք ձեր մշտական նիկը, որ օգտագործում եք կամ պատրաստվում եք այսուհետ օգտագործել եւ հայտնեք ձեր պատրաստակամությունը(եթե կա այդպիսին)` մասնակցելու բլոգի այս նոր ռազմավարությանն ու քննարկուներին: Առաջարկությունները ու առարկությունները չմոռանաք, լավ? Եվ սկսած հաջորդ նյութից մենք կփորձենք մեր նախընտրած թեմաները բարձրացնել, քննարկել, դրանց հանրային հնչեղություն տալ` ընդհուպ մինչեւ տարատեսակ ակցիաների եւ պարզապես օգտագործել մեզ ընձեռնված “ազատ խոսքի” ամբիոնը, էլի ներողություն արտահայտությանս համար: 

Ափսոս երկար ստացվեց ասելիքս: Լավագույն մաղթանքներով` Բլանշ