“Ծեծող հատուկ խումբ կա”
March 1, 2008
Մյասնիկյան արձանի հարակից հրապարակը այս պահին լիքն է մարդկանցով: Բացի այս հրապարակից լիքն են նաեւ հարակից Կոմայգին, Երեւանի քաղաքապետարանի շրջակայքն ու ֆրանսիական եւ իտալական դեսպանատների շրջակայքը: Քիչ առաջ հարթակ բարձրացրին բարձրախոսներն ու միկրոֆոնները, որոնց ետեւից գնացել էր Նիկոլ Փաշինյանը: Հարթակին այս պահին ՙՀանրապետություն՚ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն է, ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը, Նիկոլ Փաշինյանը:
Հարթակին գտնվողները հանգստության կոչ էին մարդկանց, պարբերաբար հորդորում նրանց սադրանքների չենթարկվել: Մարդկանց մեջ հանդիպեցինք մի աղջկա, որին առավոտյան դասի գնալուց ոստիկանները հարձակվել ու ծեծել էին, իսկ հետո արցուքնաբեր գազ փչել աչքերին: Նա ամբողջովին դողում էր ու անընդմեջ լաց լինում:
Ոչ մի ոստիկան այս պահի դրությամբ Մյասնիկյանի արձանի մոտ չկա: Նրանց խիտ շարքերը կամաց-կամաց ցրվել ու գնացել էին: Ի դեպ, ոստիկաններից մի քանիսը մեզ խոստովանեցին, որ առավոտյան հարձակումը Ազատության հրապարակում գտնվող խաղաղ ցուցարարների վրա իրենք չեն արել:
Իսկ նրանցից մեկն ասաց. ՙիրենք ծեծող չեն, եթե ծեծող լինեին հիմա գործի կանցնեին՚: ՙԾեծող հատուկ խումբ կա, իրենք են արել՚,- ասաց նրանցից մեկը:
Մեկնաբանությունների բաժնում շարունակեք ծանոթանալ մյուս նորություններին:


“Դեսպանատան մոտից չգնաք”
Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին մամլո քարտուղար Լեւոն Զուրաբյանը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց հավաքված ցուցարարներին քիչ առաջ կոչ է արել՝ չհեռանալ այնտեղից: ՙՍիրելի ժողովուրդ, ես հենց նոր հանդիպեցի Լեւոն Տեր-Պետրասյանի հետ, կանգնում ենք այստեղ, տեղից չենք շարժվում, մինչեւ չլինի իր հրահանգը, որը դուք կլսեք անձամբ իրենից՚,- ասել է Զուրաբյանը:
Այս պահին դեսպանատան մոտ են եկել Ստեփան Դեմիրճյանը, Նիկոլ Փաշինյանը, Խաչատուր Սուքիասյանը:
Comment by blansh — March 1, 2008 @ 8:42 pm
ՀՀ Ոստիկանության Կենտրոն բաժնի դռները փակ են փաստաբանների առջեւ
Ինչպես հայտնեցին Հրանտ Բագրատյանի փաստաբանները՝ Նարինե Ռշտունին եւ Արթուր Գրիգորյանը, նրանց ներս չեն թողել ՀՀ Ոստիկանության Կենտրոն բաժին, որտեղ ենթադրաբար գտնվում է Հրանտ Բագրատյանը։ Փաստաբանների պնդմանը, որ ոտիկանները պարտավոր են իրենց ներս փողնել պաշտպանյալի մոտ, հնչել են հեգնալից եւ առհամարական պատասխաններ։
Comment by blansh — March 1, 2008 @ 8:43 pm
Տեր-Պետրոսյանի շտաբի հայտարարությունը
Այսօր, վաղ առավոտյան բիրտ ուժի կիրառմամբ խաղաղ ցուցարարները վտարվել են Ազատության հրապարակից: Այս պահից ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը գտնվում է անօրինական կալանքի տակ: Կան բազմաթիվ ծանր վիրավորներ, ձերբակալվածներ և, ըստ որոշ լրատվամիջոցների հաղորդման, նաև զոհեր: Վրդովված ցուցարարները և նրանց միացած մեր բյուրավոր համաքաղաքացիները ինքաբուխ կերպով հավաքվել են Մյասնիկյանի հրապարակում և հարակից տարածքում: Խաղաղ ցուցարարերի պահանջն է անմիջապես ազատ արձակել ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանին: Սույնով մենք հայտարարում ենք, որ միայն Լևոն Տեր-Պետրոսյանի անձնական ներկայությունը կարող է հանդարտեցնել հույզերը և թույլ չտալ իրավիճակի հետագա սրում: Ստեղծված պայթունավտանգ իրավիճակում, եթե Լևոն Տեր-Պետրոսյանը ամհապաղ ազատ չարձակվի և նրան հնարավորություն չտրվի անմիջականորեն դիմել մեր համաքաղաքացիներին, ապա իրավիճակի հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը ընկնում է Հայաստանի ներկա իշխանությունների և անձամբ Ռոբորտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի վրա:
Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբ
Comment by blansh — March 1, 2008 @ 8:43 pm
Լեոն Տեր-Պետրոսյանը անձեռնմխելի է
ՙԱյս իշխանություններն ընդունակ են ամեն ինչի, բայց քանի դեռ արտակարգ դրություն չի հայտարարվել, ցանկացած բռնություն այս մարդկանց վրա ապօրինություն է՚,- այսօր իր տանը հրավիրած ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Քանի դեռ արտակարգ դրություն չի հայտարարվել եւ պարետային ժամ չի հաստատվել, ինքնաբուխ հավաքները սահմանադրական երեւույթներ են, ըստ Տեր-Պետորսյանի. ՙԵւ մենք պարտավոր ենք դա վերահսկել, կառավարել, ղեկավարել. եթե ինձ հնարավորություն տրվի այստեղից դուրս գալու, ես ժողովրդի հետ պիտի լինեմ՚:
Իսկ կհաջողվի՞ դուրս գալ: ՙՏնային կալանքն այսօր, վաղը կվերացնեն եւ չգիտեմ, կձերբակալեն, կտանեն չգիտեմ ուր՚,-ասաց առաջին նախագահը եւ վստահեցրեց, որ ինքն այսօր ազատության մեջ է բացառապես այն բանի շնորհիվ, որ երեկ դիմել են ՍԴ եւ վերականգնվել է իր անձեռնմխելիությունը: Իսկ հետո ի՞նչ է լինելու. ՙԿգնանք, էլի կծեծեն՝ թող ծեծեն, էլի կջարդեն՝ թող ջարդեն, էլի կձերբակալեն, խնդիր չկա՚:
Լեւոն Տեր-Պետրոսյանը տեղեկացրեց, որ եվրոպացի դիտորդների նախնական զեկույցը շատ վատն է եղել. եթե ձեզ թվում է, թե դրական է եղել գնահատականը՝ սխալվում եք, դրական մի քանի խոսք էր ասված ընտրությունների նախապատրաստման, օրենսդրության կատարելագործման եւ կազմակերպչական հարցերի մասին, իսկ ամբողջ ընթացքը գնահատված էր բացասական,իսկ ընտրությունների արդյունքների մասին ընդհանրապես գնահատական չկա:
ՙՉեմ կարծում, թե ինչպես, մանավանդ այս դեպքից հետո կարելի է համարել, որ Հայաստանում ընտրություն է տեղի ունեցել: Հայաստանում տեղի ունեցածը ամենակոպիտ, ցինիկ, լկտի բռնություն է ոչ միայն կամքի, այլեւ մարմնի վրա, ֆիզիկական բռնություն: Մեր ժողովուրդը, որ չի ընդունելու այս ընտրությունների արդյունքները, ամեն հարմար պահի ընդվզելու է: տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ իրենք միշտ կոշտ ֆիզիկական շփումից խուսափել են, կարգադրված է եղել որեւէ շփում չունենալ իրավապահների հետ:
Ի դեպ, Տեր-Պետրոսյանը պատասխանելով հարցին, թե ճի՞շտ է, որ ժողովրդի վրա բռնություն կիրառածները Ղարաբաղի հատուկ նշանակության գնդից են եղել, պատասխանեց, որ ծեծի ենթարկված մարդիկ կան իր մտերիմներից, վիրավոր, որոնք մասնավոր բժիշկների հսկողության տակ են, նրանք հարցազրույցներ տվել, որտեղ ասոմ են, որ իրենց ծեծողները խոսում եւ հայհոյում էին ղարաբաղցու բարբառով: ՚Բայց ասում եմ, որ ես չեմ լսել, եթե այդպես լինի, դա ինձ համար ամենացավալին կլինի, որովհետեւ այն սեպը, որ կար, այն ճեղքը, որ կար անլցնելի կլիներ՚,- ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Նա հայտարարեց, որ քաղաքական գործունեությանը խանգարելու համար նախ պետք է քրեական գործ հարուցվի իր դեմ.ՙՀաստատվի, որ ես հանցագործ եմ, դրանից հետո չգիտեմ,կա՞ն նման սանկցիաներ, օրինակ Ֆրանսիայում կա, ասենք 5 տարով քաղաքականությամբ զբաղեցվելու իրավունք չունեն, գիտեմ, այստեղ կա՞ նման բան՚:
ՙՙԼեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած պետական հեղաշրջման փորձ՚` այս անունով քրեական գործ է հարուցվել եւ այս մեկ շաբաթվա ընթացքում փորձում էին նյութեր հավաքել այդ գործի տակ, այստեղ հանցակազմ չկա, նախ դրել են վերնագիրը, հարուցել են քրեական գործ, ապա տվել հարյուրավոր սանկցիաներ եւ այդ սանկցիաներում գրել են, որ ասենք, Սերյոժա Սիրադեղյանը մեղադրվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած հեղաշրջման փորձի մեջ, այսինքն, հղում են կատարում մի թղթի, որի տակ նյութ գոյություն չունի, նրանց խնդիրն էր որեւէ բիզ, դատարկ պարկուճ գտնել եւ դնել Լեւոն Տեր-Պետրոսյանի անվան կողքին: Գործը հարուցվել է ընտրություններից հետո՚,-ասաց նա:
Comment by blansh — March 1, 2008 @ 8:44 pm
Ցուցադրում են միակողմանի տեղեկատվություն
Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Այսօր առավոտից ՀՀ իշխանությունները, ուժ կիրառելով խաղաղ ցուցահարների դեմ և նրան նկատմամբ գործելով տարատեսակ և դաժան բռնություններ, փորձում են ամեն ինչ անել, որ այս մասին հայաստանյան հասարակությունը տեղեկացվի հնարավորինս քիչ: Մի կողմից հայկական հեռուստաընկերությունները հանրությանն են ներկայացնում ամբողջովին միակողմանի տեղեկատվություն (մասնակի բացառություն է կազմում Երկիր Մեդիա հեռուստակայանը): Մյուս կողմից`այսօր ողջ օրվա ընթացքում ՀՀ իշխանությունների հրահանգով և բացահայտ միջամտությամբ չեն ցուցադրվում արտասահմանյան հեռուստաընկերությունների հեռարձակած հաղորդումների այն հատվածները, որոնք առնչվում են այսօր Հայաստանում ընթացող իրադարձություններին: Խոսքը մասնավորապես վերաբերում է համառուսաստանյան OPT 1-ին, Եվրոնյուզ և CNN հեռուստաալիքին:
Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը, սա գնահատում է որպես քաղաքացիների` տեղեկություններ ստանալու հիմնարար իրավունքի խախտում, ինչպես նաև սեփական ժողովրդի նկատմամբ սանձազերծված տեղեկատվական ահաբեկչություն և բլոկադա:
Comment by blansh — March 1, 2008 @ 8:45 pm
Ոստիկանները Գլաձոր համալսարանում
Գլաձորի համալսարանի ուսանողուհիներից երկուսը պատմում էին, թե ինչպես են ականատես եղել, երբ ոստիկանները ներխուժել են համալսարան՝ ու անխնա ծեծի ենթարկել համալսարանի տղա ուսանողներին:
Ոստիկանները համալսարան են ներխուժել այն բանից հետո, երբ Ֆրանսիական դեսպանատան շրջակայքում ժամը 12-ի կողմերը հավաքված մի խումբ տղաների փորձել են ցրել: Տղաները դիմադրել են, այնուհետեւ պատսպարվել Գլաձոր համալսարանում:
Ոստիկանները հետևել են նրանց, ու համալսարան մտնելով, հարձակվել այնտեղ գտնվող բոլոր տղա ուսանողների վրա:
Ուսանողուհիները պատմում են, որ երբ մարդիկ նոր - նոր էին հավաքվում, ոստիկանները անխնա ծեծում էին բոլորին:
Comment by blansh — March 1, 2008 @ 8:46 pm
Ոստիկանները խախտել են անմեղության կանխավարկածը
Այսօր ոստիկանությունը տարածեց կադրեր, որտեղ ոստիկաններն արդեն խաղաղ ցուցարարներից ՙմաքրած՚ ՙԱզատության՚ հրապարակում իբր ծառերի ու թփերի տակից հայտնաբերում էին երկաթյա ձողեր, մեխեր, ատրճանակներ, որսորդական հրացաններ եւ այլն:
Նախ հիշեցնենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ ինքը տեսել է, թե ինչպես են ոստիկանության սպաներն իրենց ձեռքով բերում լցնում, ապա նկարահանում զենք զինամթերքը: Իսկ որ նրա ասածը իրականություն է, ապացուցին հենց ոստիկանության տարածած կադրերը. ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերված զենքերը վերցնում էին առանց ձեռնոցի եւ իրենց մատնահետքերը թողնում դրանց վրա:
Միջազգային կանոններով, ոստիկաններն իրավունք չունեն զենքը վերցնել առանց ձեռնոցի: Հետո, իհարկե, հայ ոստիկանները կփորձեն ապացուցել, որ այդ ոստիկանական մատնահետքերը պատկանում են խաղաղ ցուցարարներին:
Comment by blansh — March 1, 2008 @ 8:48 pm
Ռոբերտ Քոչարյանը նորից սահմանադրություն է խախտում
Այս պահին կառավարության շենքը, ֆինանսների նախարարությունը եւ ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակը հսկում են ՀՀ ԶՈՒ զորքերը` պաշտպանության փոխնախարար Յուրի Խաչատուրովի, բանակի երկրորդ կորպուսի հրամանատար Հայկազ Բաղմանյանի, սահմանապահ զորամասի հրամանատար Մուրադ Աբրահամյանի գլխավորությամբ: Նույն վայրում ծառայություն է իրականացնում ռազմական ոստիկանությունը՝ պետի տեղակալ Հայկ Ստեփանյանը
Նկատենք, որ ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ, ՀՀ զինված ուժերը օգտագործվում են միայն արտաքին թշնամու ագրեսիայի դեպքում, ներքին սպառնալիքի պարագայում օգտագործվում են ոստիկանության ուժերը:
Ընդգծենք, որ այս պահին Սահմանադրության եւ օրենքների կոպիտ ոտնահարմամբ, խաղաղ բնակչության դեմ է հանվել բանակը, ու բանակն է պաշտպանում կառավարության շենքը:
Երեւան են բերվել ոստիկանական բոլոր ուժերը հանրապետության ողջ տարածքից: Զորքերը շրջապատել են Հանրապետության հրապարակը՝ Տիգրան Մեծ պողոտայից սկսած՝ Մելիք Ադամյան եւ Նալբանդյան փողոցներով վերջացրած:
Ի դեպ, բանակայինները մոտեցել են ՙվերնիսաժ՚-ի առեւտրականներին, հայհոյել են եւ պահանջել հեռանալ այնտեղից: Այդ մասին պատմում էր իրերն արագ-արագ հավաքող առեւտրականներից մեկը, որ վախեցած շտապում էր հեռանալ վերնիսաժից:
Comment by blansh — March 1, 2008 @ 8:50 pm
ԱԿԱՆԱՏԵՍԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ. ծեծում էին ինչպես թշնամիներին
Վարդենիսի Ակունք գյուղի բնակիչ Պետրոսյան Հովհաննեսը, թեև ոստիկանների մահակներից տուժել է, բայց այնուամենայնիվ այսօր միացել է այն տասնյակ հազարավոր մարդանց, ովքեր Ֆրանսիական դեսպանատան շրջակայքում հավաքվել են, իրենց բողոքը արտահայտելու վաղ առավոտյան տեղի ունեցածի վերաբերյալ:
Հովհաննեսը պատմում է, որ առավոտյան ժամը 6:10 -ին վրանում են եղել, երբ տեղեկություն են ստացել, որ ոստիկանները հարձակվում են: ՙՄենք սկսեցինք այնտեղ եղած նստարաններով պաշտպանվել: Պաշտպանվեցինք, հետո լեզու գտանք էդ առաջին խմբի հետ: Հետո Ղարաբաղի զորքը հարձակվեց մեզ վրա: Ղարաբաղցի էին, որովհետեւ իրանց բարբառով էին խոսում՚:
Ըստ Հովհաննեսի, հրապարակում այդ ժամանակ մոտ 500 հոգի է եղել:
ՙԲոլորը քնած էին, ծեծում էին տատիկներին, պապիկներին, մերերին, էրեխեքին, ախրդ դրանք մենակ քնած մարդու վրա կարան ուժ ցույց տան … պալատկեքն էին վառում՚,-ասաց նա:
Հովհաննեսի աչքի առաջ իր համագյուղացիներից երեքին, առավոտյան ժամը 7-ի կողմերը, ծեծելով նստեցրել են ոստիկանական մեքենա ու տարել: Մինչ այս պահը նա չգիտե թե որտեղ են իր համագյուղացիները. Մանգասարի Դավիթ, Աղաս Մերուժ և Մհեր:
ԱԿԱՆԱՏԵՍԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ. ՈՍՏԻԿԱՆԸ ԲԱՀԻ ԿՈԹՈՎ ԾԵԾՈՒՄ ԷՐ ԿՆՈՋԸ
Ականատեսի վկայությամբ, Պեժո 101 ՈՍ 02 պետհամարանիշներով ավտոմեքենայի վարորդ-ոստիկանը, Թումանյան Մաշտոց խաչմերուկում ժամը 8:30-ի կողմերը, բահի կոթով հարվածներ էր տեղում մոտ 50-ին մոտ կնոջը, ով փորձում էր տեղեկություններ ստանալ, թե որտեղ են իր հարազատները, ովքեր գիշերը եղել են Ազատության հրապարակում:
Comment by blansh — March 1, 2008 @ 8:53 pm
“1996-ին էլ է ժողովրդի վրա կրակել Սերժ Սարգսյանը”
Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր պատասխանելով ՙԱզատություն՚ ռադիոկայանի թղթակցի հարցին, ըստ էության` բացահայտեց 1996 թվականի ռազմական գործողությունների կազմակերպչին: Իսկ հարցը հետեւյալն էր. քանի որ Տեր-Պետրոսյանը բազմիցս դատապարտել է 1996 թվականին ԱԺ-ի նախագահի եւ տեղակալի դեմ բռնությունները, ՙարդյո՞ք այսօր դատապարտում է այն ժամանակ տանկերը փողոց հանելը, կալանավայրերի վարչության պետի կողմից քաղաքական գործիչների դեմ բռնությունները՚:
Լեւոն Տեր Պետրոսյանը ասաց. ՙՈչ, չեմ դատապարտում, ես համաձայն եմ Քոչարյանի հետ, եթե մենք, ես՝ ժողովրդով գրավեինք որեւէ շենք, նա իրավունք ուներ ցրելու մեզ, այդ թվում՝ միջազգային օրենքներով սահմանված բոլոր տեխնիկական հնարավորություններով. այո, այդ իրավունքը ուներ. ցանկացած պետություն չպետք է թույլ տա զանգվածի կողմից մասսայական անկարգություններ, պետական շենքերի գրոհներ, պետական պաշտոնյաների առեւանգումներ, գլուխներ ջարդել: Եթե մենք գրոհեինք որեւէ շենք, ու Ռոբերտ Քոչարյանը աներ այն, ինչ արեց, դա կլիներ լրիվ օրինական՚:
Լեւոն Տեր-Պետրոսյանը հիշեցրեց, որ այսօր առավոտյան հարձակվել են ոչ թե շենքեր գրոհած զանգվածի, այլ խաղաղ նստացույցի մասնակիցների վրա:
Նա հիշեցրեց 1996թ դեպքերը, թե ինչպես էին ծեծի ենթարկել ԱԺ նախագահի տեղակալներին, իսկ նախագահին տարել անհայտ ուղղությամբ. ՙԻսկ ամբողջ օպերացիան ղեկավարում էր Սերժ Սարգսյանը: Վանո Սիրադեղյանը եւ Վազգեն Սարգսյանն ընդհանրապես կապ չունեին այդ գործողությունների հետ:
Սերժ Սարգսյանի տակ էին դրված բոլոր անվտանգության ուժերը, եւ ազգային անվտանգության, եւ ոստիկանության, նույնիսկ իմ թիկնազորի ուժերը: Երբ տեղի ունեցավ հարձակումը ԱԺ-ի վրա, Սերժ Սարգսյանը ասաց. ՙպետք է կրակել. ես 10 վայրկյան եմ տատանվել եւ ասել եմ՝ օդ՚: Նա հիշեցրեց, որ այդ ժամանակ հրազենից վիրավորված ոչ մի մարդ չի եղել:
Comment by blansh — March 1, 2008 @ 9:02 pm