Համարձակ քայլերով դեպի դիկտատուրա

March 27, 2008

Մի քանի օր է անընդմեջ քաղաքական զբոսանքները Հյուսիսային պողոտայում ավարտվում են "մարդաորսով": Ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել այս տարածքում զբոսնող մարդկանց, պատահական անցորդներին, շանը զբոսանքի հանած քաղաքացուն, բոլորին-բոլորին, երեկվա օրինակով մինչեւ 60 քաղաքացու` (ոստիկանների բացատրությամբ քաղաքացիներին բերման են ենթարկում քանի որ հետախուզման մեջ գնտվող անձինք կան եւ շատ հավանական է, որ հենց Հյուսիսային պողոտայում շրջեն հետախուզվող մարդիկ): Վերլուծելով քաղաքական զբոսանքների վերջին օրերին խրոնիկան, արդեն կարելի է առանձնացնել օրինաչափություն դարձած կետեր` մասնավորապես. ամեն երեկո Հյուսիսային պողոտայում ոստիկաններն ու ազգային անվտանգության աշխատակիցները` քաղաքացիական հագուստով կամ տեսախցիկներով ավելի շատ են քան անցորդները միասին վերցրած, պատգամավորների ներկայությամբ ոստիկանների գործողությունները ավելի կորեկտ են, մարդկանց "ցրում են" երեկոյան մութ ընկնելուց հետո` չնայած վերջին օրերին դրան էլ բանը չի հասնում:

"Այսպես, վերջին օրերի լրահոսից: "Այսօր Հյուսիսային պողոտայում զբոսնողների այն կարծիքը, թե զբոսանքը կավարտվի առանց միջադեպերի` խաբկանք էր: Ժամը 20-ի սահմաններում, երբ արդեն մթնշաղ էր, ոստիկանները խմբերով սկսեցին մոտենալ պողոտայով զբոսնողներին եւ նրանց ձեռքերը ոլորած տարան դեպի ոստիականության մեքենաներ":

"ՀԺԿ մամլո քարտուղար, խորհրդի անդամ Ռուզան Խաչատրյանը պատրաստվում է դիմել ՀՀ գլխավոր դատախազություն` պահանջելով պատասխանատվության ենթարկել այն մարդկանց, ովքեր սահմանափակում են զբոսնելու իր իրավունքը: Նա հասկանում է, որ օրենքում փոփոխություն է արված չարտոնված հանրահավաքներն արգելելու մասին, բայց Ռուզան Խաչատրյանը այդ օրենքում չի հանդիպել զբոսանքը կամ զրույցն արգելող դրույթներ":

"ՀՀ Գլխավոր դատախազության խոսնակ Սոնա Տռուզյանի հաղորդմամբ մինչ այս պահը մարտի 1-ին հարուցված ՙՍահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ իրացնելուն ուղղված գործողություններ, որոնք ուղորդվել են հրկիզումներով, սպանություններով, պայթուցիկ նյութերի եւ հարմարեցված այլ առարկանների գործադրմամբ՚ գործով միայն վկայի կարգավիճակով հարցաքննության է հրավիրվել մոտ 1000 քաղաքացի: Տռուզյանը նաեւ նշեց, որ մարտի 1-ի հարուցված գործին միացվել են նաեւ մինչ այդ ոստիկանությունում եւ ԱԱԾ-ում հարուցված գործերը": 
 

Սգո երթից առաջ եւ հետո

March 22, 2008

Մարտի 21-ի սգո երթը ավարտվեց ձերբակալություններով. զոհերի հիշատակին նվիրված երեկվա սգո երթի ընթացքում Ոստիկանությունը բերման է ենթարկել 6 մարդու: Աժ "ժառանգություն"  խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Լարիսա Ալավերդյանը եւ Անահիտ Բախշյանը երեկ մինչեւ ուշ երեկո Ոստիկանության կենտրոնի բաժնի մոտ էին` պարզելու համար, թե ինչ հիմնավորմամբ են սգո երթի մասնակիցներին բերման ենթարկել:  Այսօր Զարհուի Փոստանջյանը "Ա1+"-ին տեղեկացրեց, որ բերման ենթարկվածներից 4-ին, Ոստիկանությունում օրենքով սահմանված ժամանակից երկար պահելուց հետո, հայտնել են որ վարչական տույժի են ենթարկվել անօրինական միջոցառման մասնակցելու համար, իսկ 2-ին` Սառաջանյան էդուարդին եւ Սեմիրջյան Հակոբին տարել են Դատախազություն` մեղադրանք առաջադրելու համար:

"Մոտ 40 րոպե Դատախազությունում նրանց պահելուց հետո ազատ արձակեցին` առանց հարցաքննելու: Այսօր նրանց կրկին հրավիրել են Դատախազություն` որպես վկա հարցաքննելու համար",-ասաց տիկին Փոստանջյանը:Նա նաեւ նշեց, որ երեկ ոստիկանության աշխատակիցները սգո երթի ժամանակ շարունակում էին նկարահանել երթի մասնակիցներին, որպեսզի պարզեին, նրանք մասնակցել են մարտի 1-ի միջոցառմանը, թե` ոչ: Ոստիկանություն բերման ենթարկված այն քաղաքացիները, ովքեր վարչական տույժի են ենթարկվել, պետք է տուգանվեն 50-ից 100. հազար դրամով: Ի դեպ, վարչական տույժի է ենթարկվել նաեւ երեկ Ոստիկանության կենտրոնի բաժին բերման ենթարկված Լեւոն Տեր-Պետրոսյանի քրոջորդին` Առաքել Սեմիրջյանը, որը Ոստիկանությունում պահվել է 9 ժամ եւ ազատ Է արձակվել միայն երեկոյան: 

Նշենք, որ երեկ սգո երթը Ոստիկանության կողմից դադարեցվեց Մաշտոցի պողոտայում` Մարգարյանի անվան հիվանդանոցի մոտ: Այստեղ ոստիկանները պատ կազմեցին եւ բարձրախոսով հայտարարվեց. "Ձեր երթը անօրինական է, դադարեցրեք": Երբ ոստիկանները տեսան, որ երթի մասնակիցները շարունակում են առաջ քայլել, նրանց առաջարկեցին անցնել դիմացի մայթ, իսկ մինչ այդ հասցրեցին փակել նաեւ դիմացի մայթը: Բազմաթիվ խմբերի բաժանելով երթի մասնակիցներին` ոստիկաններն այսօր նրանց ցրեցին` երթի ավարտին: Երթի մասնակիցները Մաշտոցի պողոտայով փորձում էին վերադառնալ օպերայի շենքի մոտ, որտեղից էլ սկսել էին տարերային երթը: Երթի մասնակիցներին, որոնք սեւ ժապավեններով եւ մոմերով Ազատության հրապարակից Հյուսիսային պողոտայով, ԱԳ նախարարության, դատախազության շենքերի մոտով հասել էին Մյասնիկյանի արձանի մոտ, չկարողացան նաեւ մոտենալ արձանին` ոստիկանական արգելքի պատճառով: Կարդացեք սգո երթի մանրամասները այստեղ, այստեղ եւ այստեղ:

Վերսկսում ենք աշխատանքները

March 21, 2008

Ուրախ ենք վերջապես ողջունել ձեզ բլոգում եւ տեղեկացնել, որ վերսկսում ենք մեր աշխատանքները:Թեեւ որոշ տեխնիկական խափանումներով, բայց այսուհետեւ հասանելի է լինելու մեր լրատվական կայքը`www.a1plus.am, youtube-ի ալիքը www.youtube.com/a1plusnews, եւ իհարկե բնականոն հունով աշխատելու է բլոգը:

Սկզբում ուզում եմ շնորհակալությունս հայտնել բոլորիդ արտակարգ դրության օրերին` ինֆորմացիան բլոկադայի պայմաններում, ձեր ցուցաբերած ակտիվության եւ քաղաքացիական բարձր պատասխանատվության համար: Ապա հայտնելով, որ այսուհետ Ա1-ը ոչ միայն հետեւելու է, այլեւ ներկայացնելու, քննարկելու եւ մեկնաբանելու է ձեզ հետ, ուզում եմ մի քանի պարզաբանումներ անել եւ պատասխանել այս օրերին ձեր "ադմինին" ուղղված հարցերին:

Նախ ինչ էր կատարվում բլոգում վերջին 20 օրերի ընթացքում: Ինֆորմացիայի փոխանակման համատեքստում, որին միացել էին նաեւ լուրջ տեսաբաններ, լրագրողներ ու պարազապես ակտիվ մարդիկ, լինում էր նաեւ կազմակերպված ապատեղեկատվություն եւ հրահրության միտումնավոր փորձեր, որոնց մի մասը ընթերցողներիդ հաջողվում էր կասեցնել: Արտակարգ դրության արդեն 3-րդ օրից սադրանքների նոր մեթոդը միչեւ այդ բլոգում մեկնաբանություններ անձանց անունով գրելն էր, ինչին հետեւեցին նաեւ հայհոյախառն մեկնաբանությունների տարափը: Նշեմ, որ այս բնույթի մեկնաբանությունները գալիս էին հիմնականում նույն այն IP-ներից, որոնք կարգ ու կանոն էին պահանջում եւ որոնք այլ անուններով տարբեր հայրենասիրական կոչեր էին անում:

Բլոգում օրական 69-72 հազար այցելությունների պարագայում, երբ դժվարությամբ էր բացվում անգամ ադմինիստրատիվ մասը, ընթերցողների կողմից դրվում էին նույն մեկնաբանությունները մինչեւ 50 անգամ (շատ հաճախ այն կայքերի պաշտոնական հղորդագրությունները, որոնք փակված էլ չէին), դրանով իսկ ծանրաբեռնելով բլոգը եւ խափանումների բերելով: Մենք, որ դեմոնստրատիվ լռությամբ ոչ մի կերպ չէր միջամտում աշխատանքներին, միայն ժամանակ առ ժամանակ հեռացնում էր հայհոյանք պարունակող մեկնաբանությունները: Այսուհետ ոչ միայն կհետեւենք  բլոգում բնականոն գործունեւությանը, այլեւ կհետեւենք, որպեսզի վերոնշված նախադեպերը այլեւս չկրկնվեն մեր իրավասությունների ու բնականոն աշխատանքի պարագայում:

Ավելին արդեն արված են տեխնիկական որոշ լուծումներ եւ ուղղակի հնարավոր չէ մուտքագրել որոշ բառեր եւ արգելափակված են մասնակիցներից 2-ի IP-հասցեները: Հանգամանորեն ուսումնասիրված են բոլոր մեկնաբանությունները եւ հիմա արդեն առանց ավելորդ զգուշացումների ու բացատրությունների կնախաձեռնվեն բոլոր անհրաժեշտ միջոցները բլոգի բոլոր մասնակիցների իրավունքները պաշտպանելու համար: Պահանջում ենք նաեւ հարգել միմյանց, բլոգի որդեգրած սկզբունքները եւ պարզաբանումներից հետո գոնե հանդուժողական եւ քաղաքակիրթ քննարկում վարել: Շնորհակալություն:

“Հայաստանում իրականացվում է գրաքննություն”

March 17, 2008

«Երեւանում արտակարգ դրություն հայտարարելու հաջորդ օրը՝ մարտի 2-ին, Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցներն այցելեցին թերթերի խմբագրություններ` ներկայացնելով անստորագիր եւ չկնքված մի երկտող, որով զգուշացվում էր, որ եթե թերթերի հրապարակումները պարունակեն պաշտոնականից տարբերվող տեղեկատվություն, ապա տվյալ թերթի գործունեությունը կդադարեցվի: Նույն գիշեր տպարան տարված թերթերի նյութերը մանրակրկիտ ստուգել են ԱԱԾ աշխատակիցները եւ բանավոր հրահանգով արգելել տպագրությունը: Նկատի ունենալով, որ պաշտոնական կոչվող տեղեկատվությունն առնվազն միակողմանի է, չի արտացոլում կատարվածի ամբողջական պատկերը եւ առանց ընդհատումների եթեր է սփռվում շուրջ մեկ տասնյակ հեռուստաալիքներով` առանձին թերթեր պարզապես հրաժարվեցին լույս տեսնել, մյուսներն էլ հայտնվեցին հարկադիր պարապուրդի մեջ: Սա մեզ հիմք է տալիս հայտարարելու, որ ՀՀ իշխանությունները պարզապես արգելել են իրենց համար անցանկալի լրատվամիջոցների գործունեությունը: Մանավանդ որ, արտակարգ դրության պայմաններում հրատարակվող «յուրային» պարբերականների վրա ամենեւին էլ չէր տարածվել բացառապես պաշտոնական լրատվություն հրապարակելու պահանջը: Տեղեկատվական տեռորը լիակատար դարձնելու համար արգելափակվել են նաեւ ինտերնետային կայքէջերը: Ավելին, CNN ու Euronews հեռուստաալիքների թողարկումները, որոնք անդրադառնում են Հայաստանում կատարվող իրադարձություններին, ընդհատվում են, եւ փոխարենը հեռարձակվում են գովազդային հոլովակներ, իսկ «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումը ընդհանրապես դադարեցվեց:Մենք հայտարարում ենք, որ այս ամենը ոչ միայն չի նպաստում հասարակության մեջ առկա լարվածության թուլացմանը, այլեւ խորացնում է ատելության ու թշնամանքի մթնոլորտը£ Պաշտոնական կոչվող տեղեկատվություն սփռող լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը եւ մանավանդ մամուլի խոսնակները իրենց ագրեսիայով ընդամենը նպաստում են անառողջ տրամադրությունների բորբոքմանը եւ խորացնում են անվստահությունը պետության նկատմամբ£Ստեղծված իրավիճակում ոտնահարվել է տեղեկություններ տարածելու եւ ստանալու մեր սահմանադրական իրավունքը, խախտվել են խոսքի եւ մամուլի ազատության համընդհանուր ճանաչված սկզբունքները, լրատվամիջոցները կրում են նյութական կորուստներ, Հայաստանում իրականացվում է գրաքննություն, եւ մեր երկիրը հայտնվել է տեղեկատվական լիակատար շրջափակման մեջ:

«Ա1+»-ի նախագահ
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Երեւանի մամուլի ակումբի նախագահ
«Ժամանակ Երեւան» օրաթերթի խմբագիր
«Ինտերնյուս» կազմակերպության ղեկավար
«Լրագիր» կայքէջի գլխավոր խմբագիր
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի տեղակալ
«Հայք» օրաթերթի գլխավոր խմբագիր
«168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր
«Հետք» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր
«Չորրորդ իշխանություն» թերթի գլխավոր խմբագիր
«Տարեգիր» թերթի գլխավոր խմբագիր
«ԱրմենիաՆաու» էլեկտրոնային հանդեսի խմբագիր

Ե.Գ. Հարգելի բլոգի ակտիվիստներ, կրկին անգամ հիշեցնում ենք, որ խուսափեք հայհոյանք, վիրավորանք եւ զրպարտություն պարունակող մեկնաբանություններից: Փոխադարձ հանդուրժողականության կոչ ենք անում եւ հուսով ենք զերծ կմնաք տարբեր սադրանքներից ու քաշքշուկից: Պարզապես օգտվեք ինֆորմացիայի փոխանակման ձեր իրավունքից եւ շարունակեք դրսեւորել քաղաքացիական ակտիվություն: Շնորհակալություն:

Շարունակեք այստեղ

March 11, 2008

Հարգելի ընթերցողներ, առաջարկում ենք քննարկումը պարզապես շարունակել այստեղ: Նախորդները ծանրաբեռնված են եւ արդեն դժվարությամբ են բացվում: Շնորհակալ ենք ձեր ակտիվության համար:

Ինֆորմացիոն բլոկադա

March 7, 2008

ՕՐ 7-ՐԴ [15:12]

Քննարկումների նոր բաժինը բացում ենք նախորդների ծանրաբեռնվածությունը մեղմելու համար:
Շարունակում ենք զգուշացնել, որ խուսափեք վիրավորանք, սադրանք, հրահրություն եւ միտումնավոր ապատեղեկատվություն պարունակող մեկնաբանություններից, այլապես, խախտելով բլոգում մեկնաբանություններ անելու կոնֆիդենցիալության սկզբունքը, կհրապարարակենք մեկնաբանությունների հեղինակների տվյալները:Հուսով ենք նման խնդրի առաջ մեզ չեք դնի: Մաղթում ենք քաղաքակիրթ քննարկում: Շնորհակալություն

Քննարկումների նոր բաժին

March 5, 2008

Հարգելի ընթերցողներ, վերջին հաղորդագրության տակ մեկնաբանությունների մեծաքանակության արդյունքում առաջացած ծանրաբեռնվածությունը մեղմելու համար առաջարկում եմ ձեզ քննարկումներն ու ինֆորմացիայի փոխանակումը տեղափոխել մեկնաբանությունների այս բաժին: Տեղեկացնում եմ նաեւ, որ բլոգի մեկնաբանությունների համակարգը այնպես է ստեղծված, որ 3-ից ավելի հղում պարունակող մեկնաբանությունները չեն երեւում մեկնաբանությունների բաժնում եւ սպասում են հաստատման: Այնպես որ կարիք չկա բազմաթիվ անգամ մուտքագրել նույն մեկնաբանությունը: Պարզապես սպասեք մինչեւ այն հաստատեն: Շնորհակալություն եմ հայտնում ձեր ակտիվության եւ քաղաքացիական բարձր պատասխանատվության համար: Խնդրում եմ դեռ չմոռանալ այն հանգամանքը, որ մեկնաբանությունների բաժնում տեղ գտած ինֆորմացիայի հավաստիության համար մենք պատասխանատվություն չենք կրում: Լավագույն մաղթանքներով Բլանշ:

Ուշադրություն

March 2, 2008

Հարգելի ընթերցողներ, տեղեկացնում ենք ձեզ, որ "Ա1+"-ը դադարեցնում է իր աշխատանքը արտակարգ դրության այս 20 օրերին, քանի որ նպատակահարմար չի տեսնում միայն պաշտոնական տեղեկատվության հրամցնումը ձեզ (այլ բան նախատեսված չէ օրենքով): Բացի այդ հայկական տարբեր պրովայդերների կողմից արդեն արգելափակված է "Ա1+"-ի լրատվական կայքը եւ մեր հայաստանաբնակ ընթերցողների մեծ մասին հասանելի չէ անգամ կայքի արխիվը: Շարունակեք գրել մեզ բլոգում, օգտվեք ձեր` ներկայացնելու, քննարկելու եւ մեկնաբանելու իրավունքից: Մաղթում ենք ձեզ քաջ առողջություն եւ համբերություն: Կհանդիպենք 20 օրից: Լավագույն մաղթանքներով "Ա1+":

Երկրում արտակարգ դրություն է

March 1, 2008

[22:32] 01 Մարտի, 2008

Երկրում 20 օրով արտակարգ դրություն է հայտարարված: Ահա նախագահ Քոչարյանի հրամանագիրը:

Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգին սպառնացող վտանգը կանխելու եւ բնակչության իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու նպատակով, ղեկավարվելով Հայաստանի Հարապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ եւ 117-րդ հոդվածի 6-րդ կետերով` որոշում եմ.

1. Երեւան քաղաքում 2008 թվականի մարտի 1-ից 20 օր ժամկետով հայտարարել արտակարգ դրություն:
2. Արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքների վերացման եւ այլ հրատապ հարցերի կանոնակարգման եւ իրականացման ղեկավարումը վերապահել Հայաստանի Հանրապետության Նախագահին:
3. Արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովումը վերապահել Հայաս­տանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարա­րու­թյանը:
4. Սահմանել արտակարգ դրություն հայտարարված տարածքում հետեւյալ
ժա­մանակավոր սահմանափակումները
1) ժողովների, հանրահավաքների, ցույցերի, երթերի եւ այլ զանգվածային միջո­ցա­ռումների իրականացման արգելում.
2) գործադուլների եւ կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումների արգելում.
3) իրավապահ մարմինների կողմից, անհրաժեշտության դեպքում, անձանց, տրանս­պորտային միջոցների տեղաշարժի սահմանափակում եւ զննության իրակա­նա­ցում.
4) զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում.
5) առանց համապատասխան պետական մարմինների թույլտվության թռուցիկ­ների եւ այլ ձեւով քաղաքական քարոզչության իրականացման արգելում.
6) արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքների վերացմանը խոչընդոտող կուսակցությունների եւ այլ հասարակական կազմակերպությունների գործունեության ժամանակավոր կասեցում.
7) արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած եւ տվյալ տարածքում չբնակվող անձանց վտարում` նրանց միջոցների հաշվին, իսկ միջոցներ չլինելու դեպ­քում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` կատար­ված ծախսերի հետագա փոխհատուցման պայմանով:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ սույն հրամանագրի իրականացումն ապահովելու ուղղությամբ:
6. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում տեղեկացման պահից:

Առանց մեկնաբանության

Շահումյանի հրապարակը այս պահին [19:51]

Վրայերթի ենթարկված կինը:

Մեկնաբանությունների բաժնում շարունակեք ծանոթանալ մյուս նորություններին: