Քարոզարշավի վերջին օրը եւ ընտրական գոռգոռոցների վերջին շունչը զգացնել է տալիս իրեն առավոտից, չէ, ավելի ճիշտ երեկվանից: Նախ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը որակվեց որպես վարչական ռեսուրսների օգտագործման գագաթնակետ եւ ամբողջություն, ապա միաշանակ քննադատվեց թեկնածուներից մեկի օգտին քարոզչությունն ու մյուսի օգտին` հակաքարոզչությունը (վերջինին պատասխանը չուշացրեց Տեր-Պետրոսյանը):
Բայց կարեւորությամբ հանրահավաքներն ու բազմամարդ այլ ակցիաները չէին զրջում նախագահ Քոչարյանի հարցազրույցին: Ավելին, տեսնելով, որ Սերժ Սարգսյանի հանրահավաքը նկարահանում էին ամեն հեռուստաընկերությունից առնվազն 7-8 օպերատոր, այսինքն համարյա ողջ կազմով, ենթադրում եմ, որ վերջին օրերի կարեւորագույն իրադարձությունը հենց սա էր: Մարզերից բերված ժողովրդի քանակն ու շփոթմունքն էլ առավելագույնս կարեւորացնում էին իրադարձությունը, վերջում տեղի ունեցած վթարներն էլ` լրջացնում:
Մյուս կողմից, Ազատության հրապարակը լցնելու կամ ավելի հայկական տարբերակով` "փակել տալու" (մի ժամանակ ռեստորաններ էին փակում, իրենց լեզվով ասած`օբյեկտներ, հիմա դե նորաձեւությունը հրապարակների կողմն է) առումով Լեւոն Տեր-Պետրոսյանի ու նրա թիմի ռեկորդները կարծես թե առաջատար դիրքերում մնացին: Շաբաթ օրվա հանրահավաքը, ապա երթը եւ բազմամարդ էր, եւ զգացմունքախառը շոկային, եւ ի վերջո ժողովրդի պոռթկումներով լի…
Թեկնածուներից Արթուր Բաղդասարյանը քարոզչության վերջին օրը ամփոփեց Գյումրիում` ասելով, որ Շիրակի հող ու ջրի զավակն է: Սակայն պակաս հետաքրքիր չէր նրա Երեւանյան շտաբի հայտարարությունը:
Վահան Հովհաննիսյանը ամփոփեց երիտասարդության հետ հանդիպմամբ: "Իմ հետեւում երիտասարդներ են, առջեւում նույնպես երիտասարդներ են, ես նահանջելու տեղ չունեմ",-ասաց: Անցել են այն ժամանակները, երբ Հայաստանում թերագնահատում են երիտասարդության ներուժը, եւ սա ցույց տվեցին բոլոր թեկնածուները, բայց ապացուցեց "թեզը" ՀՅԴ-ն` ողջ քարոզարշավի ընթացքում, նաեւ վերջում:
Վազգեն Մանուկյանը` Օշականում, Գեղամյանը`հեռավոր գյուղերում հարսանիքին, Արամ Հարությունյանն ու Արման Մելիքյանը ասուլիսներին, քարոզարշավի ընթացքից իրենց վերաբերմունքը հայտնելիս, ահա այսպես ամփոփեցին իրենց քարոզարշավը մյուս թեկնածուները:
Տիգրան Կարապետյանի Մատենադարանի մոտ մոմավառությունն ու ընտրողների հետ հանդիպումը ամենավառն ու սիրառատն էին: "Ով ասում է, որ սեր չկա, թող մտածի, թե ինքը որտեղից ա ծնվել: Այն խոստումները, որոնք նրանք շռայլում են, կարելի է փոխարինել մեկ խոսքով` ես ձեզ սիրում եմ եւ ծառայելու եմ ձեզ: Եթե չլինի սերը, չի լինի ոչ մի բան",-ասաց:
Ե.Գ.Ինձ համար քարոզարշավի "ժողովդական" ամփոփումը խմբագրության շենքի պահակների խոսակցությունն էր, որ ուշ երեկոյան տուն գնալիս պատահաբար լսեցի: "Մեղք ա ժողովուրդը, գոնե էս անգամ չկոտրեն, չնայած ցեխից դուրս եկած խոզը ավելի պինդ ա քաշում խալին, սաղ թափում ցեխը, էդ թեկնածուներից ոչ մեկը չի զիջի…",-ասաց մեկը, մյուսը թե. "է… ախպեր, ով էշ, մենք փալան…"