Խոսում է Հրանտ Դինքը…
January 19, 2008
Առանց ավելորդ մեկնաբանությունների ներկայացնում եմ Հրանտ Դինքի խոհերից…
"ՀԱՅ ԲԱՌԸ ՀԱՅՀՈՅԱՆՔ ԷՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ"
"Վերջին 30 տարիների ընթացքում հայ բառն իբրեւ հայհոյանք էր հնչում Թուրքիայում: ԱՍԱԼԼԱ-ի գործողությունները, Կիպրոսի հարցը, քրդական շարժումը, ԼՂ հիմնախնդիրը եւ նման բոլոր խնդիրները նպաստեցին, որ հայերի հանդեպ մանավանդ մամուլով ու հեռուստատեսությամբ խիստ թշնամական վերաբերմունք ձեւավորվի: Մեր թերթը նախ եւ առաջ ստեղծվեց իբրեւ պաշտպանության մարմին",- ասում էր հայազգի մտավորականը եւ փորձում երկխոսություն սկսել թուրք ժողովրդի հետ: Ի տարբերություն մյուսների՝ նա համարձակվում էր հայոց Ցեղասպանության մասին բարձրաձայն խոսել՝ ապրելով Թուրքիայում: Իր գործունեությամբ Դինքը բազմաթիվ թշնամիներ էր ձեռք բերել Թուրքիայում: Նրա նկատմամբ առաջին սպառնալիքները Թուրքիայում հնչեցին, երբ նա համարձակություն ունեցավ "Ակոսում" հրապարակել, որ Աթաթուրքի դուստրը մայրական կողմից հայ է: Հրապարակամանը հետեւեցին բողոքի ակցիաներ խմբագրության մուտքի մոտ եւ միայն ոստիկանների միջամտությամբ էր հնարավոր լինում ցրել Թուրքիայի աջ ազգայնականների կազմակերպած ցույցերը: Այդ ամենը Հրանտ Դինքին չէր վախեցնում.
"Այս հարցում իմ դիրքորոշումն անփոփոխ է: Ես գիտեմ, որ տեղի է ունեցել ցեղասպանություն, բայց ոչ ոքի չեմ կարող ասել, որ այն ընդունի կամ ճանաչի":
"ԵԹԵ ՄԵԿԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ 1915Թ.-Ը՝ ԴԱ ԹՈՒՐՔԻԱՆ Է"
Նա մեծ հույսեր չէր կապում նաեւ միջազգային հանրության կողմից 1915թ-ի Հայոց ցեղասպանության ճանաչման հետ. "Ես շատ լավ գիտեմ, որ աշխարհը տարիներ շարունակ այս հարցը Թուրքիայի դեմ որպես խաղաքարտ է օգտագործում: Դա տեսնելով՝ ասում եմ, որ աշխարհի ճանաչման կարիքը չունեմ: Եվ ես շատ հանգիստ եմ: Երկրորդ, եթե մեկը, որ պետք է ճանաչի եւ ընդունի ցեղասպանությունը, ապա դա Թուրքիան է: Թերեւս այս նպատակի համար եմ ես աշխատում, սակայն ես որեւէ պատրանք չունեմ: Եթե թուրքերը չպետք է քննարկեն եւ տեսնեն իրականությունը, ապա մեղքն իրենցն է: Ի վերջո, եթե Թուրքիան ուզում է ժողովրդավարական դառնալ, ապա պետք է սթափ նայի այս հարցին": 2006թ-ին Հրանտ Դինքի նկատմամբ սպառնալիքներին փոխարինեցին հստակ գործողություններ: Թուրքիայի իշխանությունները քրեական գործ հարուցեցին նրա նկատմամբ՝ "թուրքական ինքնությունը վիրավորելու մեղադրանքով": Թուրքիայում այս հոդվածով քրեական գործ է հարուցվում բոլոր նրանց դեմ, ովքեր օգտագործում են "1915թ-ի ցեղասպանություն արտահայտությունը": Միջազգային հանրության ճնչումների արդյունքում Դինքը պայմանական ազատազրկման դատապարտվեց 6 ամիս ժամանակով:
"ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՆԱԵՒ ՄՏԱԾՈՂ ՈՒ ԱՌԱՋԱԴԻՄԱԿԱՆ ՄԱՐԴԻԿ ԿԱՆ"
Հրանտ Դինքը համակիրներ ուներ նաեւ թուրքերի մեջ: "Թուրքիայում որոշակի փոփոխություն կա, առաջադիմական կեցվածք կա: Անձնական խոսակցությունների ժամանակ կարող ենք ցեղասպանության հարցն ազատ քննարկել, անգամ կգտնվեն մարդիկ, ովքեր ընդունում են ճշմարտությունը: Չկարծեք, թե Թուրքիայում միայն ամբոխավարություն է: Թուրքիայում նաեւ մտածող ու առաջադիմական մարդիկ կան: Ես գիտեմ, որ այն մարդիկ, ովքեր իմ դուռն էին եկել՝ եկել էին ինձ ոչնչացնելու համար, սակայն թուրքերի մեջ գտնվեցին մարդիկ, ովքեր իմ դուռն եկան՝ ինձ նրանցից պաշտպանելու համար":
"ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ՇԱՏ ԿԱՐԵՒՈՐ Է ԵՐԿՈՒ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ"
ՙՀայ-թուրքական սահմանի բացման հարցում ստամբուլահայ մտավորականի դիրքորոշումը հստակ էր: Նա չէր կիսում այն մարդկանց տեսակետները, որոնք մեծ վտանգ էին տեսնում սահմանի բացման դեպքում.
"Սահմանի բացումը շատ կարեւոր է երկու ժողովուրդների մեջ ամրացած հոգեբանական, պատմական հիվանդությունից ազատվելու համար: Տնտեսական հարաբերություններից, առեւտրից շատ ավելի կարեւոր է այս հանգամանքը:Ես հետեւում էի հայաստանյան մամուլին եւ տեսա, որ կան մարդիկ, ովքեր մտավախություն ունեն եւ մեծ վտանգ են տեսնում սահմանի բացման մեջ: Այս առաջադիմական ժամանակներում նման վախ չպետք է ապրենք: Գլոբալ աշխարհի մեջ այդպիսի հարցադրումներն ինձ համար անհասկանալի են: Եթե Հայաստանը հիմա էլ տարված է նման հարցերով, ապա դա էլ լուրջ հոգեբանական բարդույթ է":
"ԻՄ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ Է ԹՈՒՐՔԻԱՆ ՏԵՍՆԵԼ ԵՄ-Ի ՄԵՋ"
Ինչ վերաբերում է ԵՄ անդամակցությանն ուղղված Թուրքիայի ջանքերին, ապա Հրանտ Դինքն ասում էր.
"Իմ ցանկությունն է Թուրքիան տեսնել Եվրամիության մեջ: Ես համոզված եմ, որ Թուրքիան ժողովրդավարական լինելով պետք է ճանաչի 1915թ-ի Հայոց ցեղասպանությունը: Չեմ կարծում, որ Թուրքիան, Հայոց ցեղասպանությունն ընդունելով, կդառնա ժողովրդավար: Հակառակ դեպքում 1915թ.-ը ոչ ժողովրդավար Թուրքիայի կողմից ճանաչվելը քիչ բան կտա հայերիս: Մեծ տերությունների ճնշումով Թուրքիան մի օր կճանաչի, բայց դա թուրքերի մտածողության մեջ շատ բան չի փոխի: Եթե պատմության մեջ նորից ինչ-որ բան տեղի ունենա, ապա թուրքերը նորից առիթ կգտնեն հայերին վատություն անելու համար: Եթե Թուրքիան մի օր պետք է Եվրամիություն մտնի, ապա այդ օր Թուրքիայում ցեղասպանության հարցն արդեն պետք է լուծված լինի":
"ՀՀ ԱԳՆ-Ի ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՔԻՉ Է ԵՒ ՈՉ ԲԱՎԱՐԱՐ"
Հրանտ Դինքին խիստ մտահոգում էր նաեւ Հայաստանի ճակատագիրը, հատկապես արտաքին քաղաքականության ոլորոտում որդեգրած ուղենիշը: "Ինձ համար աշխարհի ու Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ընդունումից շատ ավելի կարեւոր է Հայաստանի կայունությունն ու հզորացումը: Ցեղասպանության զոհ դարձած իմ պապերի ոսկորները կհանգստանան միայն այն ժամանակ, երբ Հայաստանը դառնա ուժեղ, ամուր երկիր: Եվ մի փափագ ես ունեմ. եթե Հայաստանի իշխանություններն ուզում են Հայոց աշխարհն ամուր պահել, արտասահմանում գտնվող մեր հայրենակիցներին դեպի Հայաստան բերել ու կապել երկրին, ապա շատ կարեւոր է սփյուռքի նախարարության ստեղծումը: Սփյուռքի որեւէ անհատ չպետք է անտեսվի: Այն աշխատանքը, որը տանում է ՀՀ ԱԳ-ն, քիչ է եւ ոչ բավարար",- ցավով նկատում էր "Ակոս" թերթի գլխավոր խմբագիր, հայազգի մտավորական Հրանտ Դինքը:
Հրանտ Դինքի վերջին հարցազրույցներից մեկը դիտեք այստեղ:


Hazar apsos, vor Dinker el chkan…
Comment by no name — January 20, 2008 @ 4:13 pm
ISk vor mer AGN-i ashxatanqy voch bavavar er gnahatum Dinky, emankarevor masn e, bayc ushadrutiun darcnox chka
Comment by no name — January 20, 2008 @ 4:20 pm
Դինքը մահապարտ էր: Որքան էլ որ ցավալի լինի նրա կորուստը, այն ինչ-որ չափով կանխատեսելի էր:
Իմ համար ամենամեծ անակնկալն այն հոծ բազմության երթն էր, որ լցրել էր փողոցները որպես բողոքի նշան սպանության դեմ: Փաստորեն թուրք հասարակության մեջ կա մի ստվար զանգված, որն ընդունում ու դատապարտում ա երիտթուրքերի ղալաթները: Կարծում եմ, որ հենց իրանց հետ էլ պետք ա սկսել երկխոսությունը` հասարակական կազմակերպությունների, խմբակցությունների, միությունների մակարդակով:
Թե չէ եթե հույսը դնենք միայն ԱԳՆ-ի ու կառավարական մակարդակով հարցի լուծման վրա, հեռու չենք հասնի:
Comment by Լուսինե — January 23, 2008 @ 5:52 am
Դինքը մեր հերոսներից մեկն եր որ իր կյանքը նվիրեց իր ազգին և ընթանրապես մարդկանց ազատության համար: Շատերն են այսօր խոսում հայրենասիրության, մարդու ազատության և իրավունքների մասին բայց ինչ են անում դրան հասնելու համար՞. ՈՉԻՆՉ: Երեկվա դիկտատորը այսօր դարձել է ժողովուրդավար (կամ ավելի ճիշտ ներկայացնում է իրեն որպես այդպիսին), երեկվա թալանիչը դարձել է այսօրվա բիզնեսմենը և այլն: Սրանք չեն կարող համեմատվել Դինքի հետ որը բազմաթիվ անգամներ զգուշացումներ ստանալուց հետո նույնիսկ չշեղվեց իր հայացքներից:
Նա իսկական ՀԱՅ եր և մարդու իրավունքների պաշտպան: Ճիշտ է Հրանտ Դինքը հեռացավ կյանքից բայց ոչ իմ հոգուց:
Comment by Arman G. — January 30, 2008 @ 8:56 am