ՀՅԴ թեկնածուն Վահան Հովհաննիսյանն է

November 30, 2007

ՀՅԴ նախագահի թեկնածուն Վահան Հովհաննիսյանն է. նա այսօր ընտրվել է ՀՅԴ Գերագույն ժողովում: ՀՅԴ մյուս թեկնածու Արմեն Ռուստամյանը մինչ փակ գաղտնի քվեարկությունը ինքնաբացարկ է հայտնել, որից հետո վճռական ձայների իրավունք ունեցող 82 դաշնակցականից ընտրություններին մասնակցել է 79-ը: Նրանցից 3-ը կողմ էր քվեարկել երկու թեկնածուին էլ, 16-ը ինքնաբացարկի փաստը հաշվի առնելով հանդերձ` քվեարկել էր Արմեն Ռուստամյանի օգտին: 

ՀՅԴ Գերագույն ժողովում ընտրության արդյունքների հրապարակումից հետո, մոտ 5 րոպե ամբողջ դահլիճն, ընդ որում լեփ-լեցուն, թնդացել է ծափահարություններից. առաջինն ինչ արել է նախագահի թկնածու Վահան Հովհաննիսյանը, ողջագուրվել է իր կողքին նստած Արմեն Ռուստամյանի հետ, ապա համաժողովի պատվիրակները սկսել են մոտենալ եւ շնորհավորել Հովհաննիսյանին: "Այ, հիմա է սկսվելու իսկական պայքարը",-հայտարարել է Վահան Հովհաննիսյանը, եւ ավելացրել, որ իր համար բացարձակապես միեւնույնն էր` Արմեն Ռուստամյանը կընտրվեր, թե ինքը, հատկապես որ ժողովրդական, ոչ թե կուսակցական քվեարկության արդյունքները շատ չէին տարբերվում: Ռուստամյանի օգտին քվեարկել էր քաղաքային ընտրությունների մասնակցած մարդկանց 47 տոկոսը, իսկ Վահան Հովհաննիսյանի օգտին` 53 տոկոսը:

Վահան Հովհաննիսյանը ասել է. անկախ ընտրությունների արդյունքներից, իրենք ՀՀԿ-ի հետ էլի համագործակցելու ենք. "ՀՀԿ-ն հայկական առաջատար քաղաքական ուժերից մեկն է, մենք չենք կարող Լեւոն Տեր-Պետրոսյանի նման հայտարարել, որ բոլոր ուժերի հետ կհանդիպեմ, Հանրապետականի հետ չեմ հանդիպի, այդ սեւ սպիտակի բաժանելը, ատելությունը, իրար չեզոքացնելու փորձերը չենք ընդունում, ով էլ լինի երկրում նախագահը, մենք ՀՀԿ-ի հետ համագործակցելու ենք":  Վահան Հովհաննիսյանը նաեւ ասել է, որ չի կաշկանդվում իր եւ Սերժ Սարգսյանի խնամիական կապերից եւ ընտրություններին դա չի խանգարի:Մանրամասն կարդացեք այստեղ:

Դեմ է Սերժ Սարգսյանին, ուրեմն ում կողմից է?

November 29, 2007

Արամ Կարապետյանի գործողությունները փաստորեն չեն պասիվանալու, եթե նույնիսկ ինքը չմասնակցի ընտրություններին:  ՆԺԿ-ն շարունակելու է այցելել մարզեր եւ հանդիպել մարդկանց հետ, որովհետեւ իր ելույթները բավականաչափ ակտիվացնում են հասարակությանը: Այսօր այս մասին հայտարարել է Արամ Կարապետյանը: Նա նաեւ ասել է.

"Կատեգորիկ կոչ եմ անելու չպաշտպանել գործող իշխանությանը: Իսկ  "Ա1+"-ի հարցին, թե արդեն իսկ ակնհայտ է, որ հեղափոխական զանգվածը հավաքվում է Տեր-Պետրոսյանի շուրջ, հնարավոր է, որ ինքը բարձրանա հարթակ, Արամ Կարապետյանը չի բացառել, ավելին, նույնիսկ շատ հավանական է համարել, որ կմասնակցի հանրահաքավաքներին: Նա իր խոսքում անընդհատ շեշել է, որ կկանգնի միայն իրական ընդդիմադիրների կողքին, ովքեր չեն ծախվի եւ ընտրությունների երկրորդ փուլում չեն լեգիտիմացնի Սերժ Սարգսյանի իշխանությունը: Արամ Կարապետյանն բնակության վայրի մասին իրեն փաստաթուղթ չտրամադրելու հանգամանքը համարում է քաղաքական պատվեր. "Քաղաքական պատվերի հեղինակներն են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, կատարողները` ԱԱ-ն եւ ոստիկանությունը":

Արամ կարապետյանը շատ է կարեւորել միավորումը գաղափարի շուրջ, իսկ գաղափարն այսօր միակն է, ազատվել գործող իշխանությունից: Ինչ եք կարծում այս ամենի մասին?

Կա գաղափարական այլակարծություն Հայաստանում?

November 28, 2007

Այսօր արդեն փողոցներում Նոր տարին եւ սուրբ ծնունդը շնորհավորող գովազդային վահանակներ կան, այսինքն Ամանորը մոտենում է: Մինչդեռ առաջիկայի մյուս կարեւոր` քաղաքացիական առաջին հերթին ու քաղաքական կարեւոր իրադարձության մոտ լինելը դեռ ամիսներ, ավելի շուտ` տարի առաջ էինք զգում: Հավանաբար սա այն պատճառով, որ շատ քաղաքական այրեր "ձեռ ու ոտ ընկած" հայտարարություններ էին անում առաջիկա նախագահականին իրենց առաջադրվելու եւ հաղթանակի հավանականությունների մասին: Ու հիմա, երբ մեկը մյուսի հետեւից հաստատում է իր արած հայտարարությունները, ոչ ոք անակնկալի չի գալիս, ինչպես եւ մեր երկրում անակնկալի չեն գալիս ընտրությունների արդյունքից:

Այնուամենայնիվ, առաջարկելով ձեզ քննարկել վերջին օրերի անցքերի մասին, ուզում էի հարցնել ձեզ, ինչ եք կարծում, կա Հայաստանում գաղափարական այլակարծություն եւ առաջիկա նախագահականին առաջադրվող թեկնածուները ասում են ինչ-որ իրարից տարբերվող գաղափարներ, թե այլընտրանք են միայն իրար?

Այս համատեքստում կուզենայի քննարկեինք նաեւ նախագահի թեկնածուների շանսերի մասին` առաջին փուլ հասնելու: Եվ այսպես, այսօր ԿԸՀ-ում արդեն գրանցվել է Ազգային միաբանություն կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, Արամ Կարապետյանն էլ պատրաստվում դատարանի միջոցով հաստատել արդարություն եւ առաջադրվել, շատերտ դեռ հույսը չեն կորցնում Ռաֆֆի Հովհաննիսյանին թեկնածու տեսնել, Վազգեն Մանուկյանը լուրջ է տրամադրված, Արթուր Բաղդասարյանը, Լեւոն Տեր-Պետրոսյան, Սերժ Սարգսյան, ՀՅԴ թեկնածուն,  Տիգրան Կարապետյան: Ինչ եք կարծում, ով ինչ ակնկալիքներով են առաջադրվում եւ կարդարանան արդյոք նրանց ակնկալիքները?

Ոզում էի խոսեինք նաեւ վերջին օրերս դոլլարի կտրուկ արժեզրկման եւ վերջինիս տրամաբանական  կապի հետ առաջիկա նախագահականին:

Ընտրությունները օն-լայն “Ա1+”-ի նոր կայքում

November 24, 2007

Սիրելի ընթերցողներ ու բլոգի ակտիվիստներ… ՀՀ նախագահի ընտրություններից 70 օր առաջ առաջարկում ենք Ձեզ նոր տեղեկատվական կայք-ռեսուրս, որը արդեն գործում է http://elections.a1plus.am հասցեում: Այս էջը ստեղծվել է հատուկ ընտրական գործընթացները բազմակողմանի ներկայացնելու համար եւ այնտեղ դուք կարող եք ծանոթանալ տարբեր կուսակցությունների, ՀԿ-ների, պետական կառույցների` ընտրական գործընթացին վերաբերող հայտարարություններին: Կայքը բացի լրահոսից ունի նաեւ թեկնածուներին նվիրված բաժիններ, որտեղ կտեղակայվի տեղեկատվություն թեկնածուների կյանքի, գործունեության, նրանց նախընտրական ծրագրի եւ այլնի մասին: Նաեւ կտեղադրվեն նրանց քարոզարշավի 1-1,5ր տեւողությամբ հեռուստահոլովակները: Կայքում կտեղակայվեն նաեւ սոցիալական հոլովակներ:Դրանք կարող եք գնահատել բալային սանդղակով:

Մեր կայքը իրական հնարավորություն է տալիս Նախագահի թեկնածուներին, նրանց սատարող ուժերին` հասարակությանը հասցնել իրենց տեղեկատվությունը` անվճար ու հավասար հնարավորություններով: Ի դեպ, լրահոսի առաջին նորությունները երեւում են http://www.a1plus.am/ կայքում /նայեք մեր կայքի վերեւի աջ անկյունը-խմբ/ եւ սեղմելով համապատասխան վերնագիրը, անմիջապես կհայտնվեք ընտրական կայքում:

Սպասում ենք նոր կայքի վերաբերյալ ձեր կարծիքներին, առաջարկներին ու մեկնաբանություններին, որովհետեւ ամենակարեւորը ձեր կարծիքն է: Եթե ինչ-որ թերություն կամ տեխնիկական խնդիրներ են առաջանում կայքը օգտագործելիս, դարձյալ գրեք մեզ այստեղ:  Շնորհակալություն:

“Քեզ համար Սերժ Սարգսյան ջան”

November 23, 2007

Աժ պատգամավորները կարող են ոչ միայն օրենքներ հեղինակել, այլեւ երգեր ու բանաստեղծություններ: Ահա վառ ապացույցը ՀՀԿ-ական երիտասարդ եւ բազապրոֆիլ Արմեն Աշոտյանը, ում ռուսերեն անվանումով "Զա.." ձայնասկավառակի շնորհանդեսը այսօր էր: Սկավառակում ընդգրկված 8 ռուսերեն երգերի երաժշտության, ինչպես նաեւ մի քանի երգերի խոսքերի հեղինակը պատգամավորն է, իսկ մնացած երգերը Սերգեյ Եսենինի եւ Աննա Ախմատովայի խոսքերով են: Երգերը կատարում են վաղամեռիկ երգչուհի Վարդուհի Վարդանյանը, Անչոկը, Աննա Արմենակյանը, Էրիկ Մակարյանը, Գագիկ Համբարձումյանը, Լուսինե Մկրտումյանը, "Շիկեր", Տիգրան Պետրոսյանը:

Արմեն Աշոտյանը պատմել է, որ ձայնասկավառակի գաղափարը եղել է իր ընկերներից մեկինը, ով մի օր լսելով Աշոտյանի` իր երգերի կատարումը եւ դաշնամուրով նվագակցումը, առարկել է CD սարքել: Աշոտյանը նաեւ ասել է, որ ստեղծագործելը հնարավորություն է` հանգստանալու այլայլված առօրյայից, որը ըստ նրա, ուղեկցում է ցանկացած քաղաքական գործչի, առավել եւս նախընտրական էտապում:

Աշոտյանը նաեւ ասել է.  "իմ առաջին սկավառակը, որ լույս է տեսնելու, կոչվում է "ԶԱ", եւ հասկանալի է` զա կավո, Սերժ Սարգսյանի համար է":

Ե.Գ. Հիշեցի Առնո Բաբաջանյանի խոսքերը. "Հայ ժողովրդի 99 տոկոսը տաղանֆավոր ա, էն մի տոկոսն էլ կասկածելի ա…": Ափոս այդ տաղանդով ոչ թե աշխատում են ի բարօրրություն ժողովրդի, այլ ինչ-որ մեկի գովքն անելու ՀԱՄԱՐ":

Դուք կուզենայիք ՀՀ նախագահը լինել?

November 21, 2007

Հենց այսօրվանից մինչեւ դեկտեմբերի 6-ը` ժամը 18:00-ը ՀՀ նախագահի ընտրություններին մասնակցել ցանկացողները պետք է առաջադրեն իրենց թեկնածությունը:Անձը կարող է ինքնառաջադրվել, կամ նրա թեկնածությունը կարող է առաջադրել մեկ կուսակցություն: Գրավի չափը, ըստ փոփոխությունների 8 մլն դրամ է` նախկին 5 մլն-ի փոխարեն, իսկ նախընտրական հիմնադրամի գումարի չափը 70 մլն դրամ: Ըստ ԿԸՀ ժամանակացույցի` ՀՀ նածագահի ընտրության օրը փետրվարի 19-ն է:

Մենք հաճախ քննարկում ենք, թե ով պիտի լինի ՀՀ ապագա նախագահը,  ինչքան փող ունի, ովքեր են կանգած թիկունքում, կհաջողացնի միավորվել այլ թեկնածուների կամ կուսակցությունների հետ: Ու հաճախ քաղաքական շահարկումների համատեքստում անտեսում ենք կարեւորը. ինչ առաջարկներով է պատրաստվում այս մարդը երկրի ղեկավարությունը ստանձնել, առաջարկում է ինչ-որ նոր բան, թե ոչ: Պարզ տրամաբանությամբ հետեւում է, որ թեկնածուները պիտի ժողովրդին համոզեն, թե ինչու իրենց ընտրեն եւ ոչ թե ինչու չընտրեն մյուսին: Մինչեւ հիմա իրենց առաջադրվելու մասին հայտարարած քաղաքական գործիչները ցավոք դեռ դուրս չեն գալիս վերոնշված կատեգորիայից:

Հետեւաբար, մեզ` ՀՀ քաղաքացիներիս, մնում է միայն քննարել, թե մեզանից յուրաքանչյուրը նախագահ առաջադրվելու դեպքում ինչ ծրագիր կառաջարկեր ու ինչ կաներ իր ծրագրերը իրականացնելու համար: Խնդրում եմ լուրջ վերաբերվել առաջարկիս եւ առավել եւս լուրջ պատասխանել այս 3 հարցերին:

1.Ինչպիսին պիտի լինի ՀՀ ապագա նախագահը?

2.Ինչ է անհրաժեշտ նախագահականին առաջադրվելու համար?

3.Դուք կուզենայիք ՀՀ նախագահը լինել ?(եթե այո` ինչու, եթե ոչ` ինչու)

Ի դեպ, եթե որոշեք, որ ոչինչով պակաս չեք առաջադրվողներից ու ցանկություն ունեք մասնակցելու առաջիկա նախագահականին, ապա լրացնեq ինքնաառաջադրման դիմումի ձեւը:

Ե.Գ. Քիչ առաջ բռնցքամարտի "ալամ աշխարհի չեմպիոն" Իսրայել Հակոբկոխյանը հաստատեց, որ աճուրդի է հանել իր ՙԲարի կամքի երկրորդ խաղերի՚ մեդալը, որպեսզի 2008թ. նախագահական ընտրություններին իր թեկնածությունը առաջադրի: Առաջադրման համար անհրաժեշտ է 8 մլն դրամ: Փաստորեն պետք չէ հեռու գնալ` ապացուցելու համար, որ հայերից նվազագույնը ամեն 10-րդը նախագահ է, որ կա:)

Տեր-Պետրոսյանը ներողություն խնդրեց

November 16, 2007

"Ազատության" մինչեւ արձաները փակ հրապարակում մեկնարկեց Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած հանրահավաքը, որին մասնակցեցին վերջինիս սատարող քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպություններն ու պարզապես ՀՀ քաղաքացիներ: Առաջին բանը, որ կարող էիր տեսնել հրապարակում, դա մուգ հագուստով հոգնած մարդիկ էին` հոգնած հայացքով եւ թաքուն հույսով դեպի բեմահարդակը. "մարդ ես, մի բան փոխվի էս երկրում": Թումանյան փողոցի վրա էլ մի խումբ հիաստաթված երիտասարդներ էին, "հավաքված մարդիկ էին տեսել, կարծել էին, թե Դիմա Բիլանի համերգն է սկսվում, բայց բեմահարդակին ինչ-որ ուրիշ աստղեր էին":

Այդ "աստղերից" Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա "թիմը" մի քանի կարեւոր հայտարարություններ արեցին: Առանձնացնեմ մի քանի հետաքրքիրները: Տեր-Պետրոսյանը ներողություն խնդրեց ժողովրդիցից "Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին նրանց վզին փաթաթելու համար": Արձագանքը` հանրահավաքի մասնակիցների բուռն ու որոտընդոստ ծափահարություններն էին: Տեր-Պետրոսյանը խոստովանեց, որ իր կատարած թերեւս ամենամեծ սխալը եղել է վերոհիշյալ անձանց Ղարաբաղից բերելը եւ հայ ժողովրդի "վզին փաթեթելը": Ապա հայցեց ժողովրդի օգնությունը. "Օգնեք ինձ` ուղղելու իմ սխալը": Կարդացեք ողջ ելույթը այստեղ:

ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դենիրճյանը հայտատարեց, որ սեփական առաջիկա նախագահական ընտրությանը սեփական թեկնածուով հանդես չի գալու եւ սատարելու է Տեր-Պետրոսյանին: "Եթե ոմանց միավորում է ցինիզմը, իշխանական մարմիններից օգտվելու մոլուցքը, ապա մեզ բոլորիս համախմբում է մեր երկրում արժանապատիվ կյանքով ապրելու ձգտումը",-ասաց նա եւ ավելացրեց, որ " խաչակրաց արշավանքը", որը սկսվել է Տեր-Պետրոսյանի դեմ, ցույց է տալիս այն նույն ձեռագիրը, որ կար ու իրագործվեց 1998թ` Կարեն Դեմիրճյանի, 2003թ` իր նկատմամբ: "Սա վկայում է, որ Տեր-Պետրոսյանը հաղթող թեկնածու է",- ասաց նա:

Հայ գործարարներից "Լիլ" կոնցեռնի նախագահ, պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը (Գրզոն) հայտարարեց, որ  որպես մարդ  հպարտ է, որ կանգնած է Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին: Նա նաեւ կոչ արեց թողնել հարմարվողականությունը եւ սատարել Տեր-Պետրոսյանին` ավելացնելով, թե միջին եւ փոքր բիզնեսը աջակցում է նրան: Ըստ նրա` Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը բխում է մեր երկրի շահերից: Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանի` Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու հայտարարությունից հետո, նրան պատկանող ձեռնարկություններում սկսվեցին ստուգումներ:

Կարդացեք նաեւ ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանի, Հայաստանի ազատական-առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի ելույթներն ու հանրահավաքի այլ մանրամասներ:    Հանրահավաքին ներկա էր Օհան Դուրյանը, ով հազիվ լսելի ձայնով ասաց, որ "Լեւոնի հաղթանակը Հայաստանի հաղթանակն է":

Ե.Գ. Վերջին նկարում հանրահավաքին ներկա կանանցից է, ով "տնական շաքարաքլոր" էր վաճառում: "90-ականների հոտ եկավ": emoticon

Ծեծի են ենթարկել

November 15, 2007

[12:05] 15 Նոյեմբերի, 2007

Մոտ մեկ ժամ առաջ Նորք տանող ճանապարհին կանգնեցվել է տաքսի ծառայության մեքենան, որի մեջ եղել է Սոցիալ-Դեմոկրատական Հնչակյան կուսակցության ՙՍարգիս Տխրունի՚ ուսանողական միության նախագահ Նարեկ Գալստյանը: Նրան ծեծի են ենթարկել, տեղափոխել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, ապա Նոր-Նորքի Շտապ օգնության, ապա ՙՍուրբ Գրիգոր Լուսավորիչ՚ հիվանդանոց:

Ինչպես ՙԱ1+՚-ին հայտնեց հայրը` Միհրան Գալստյանը, Նարեկն այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բավականին շատ արյուն է կորցրել: Հարձակվողների անձը հայտնի չէ, միայն, ըստ նրա հոր տեղեկատվության, եղել են երեք դիմակավոր անձինք Ժիգուլի 06 մակնիշի ավտոմեքենայով:

ՙԵս այս ամենը կապում եմ երեկ չէ առաջին օրը թռուցիկներ կպցնելու հետ, պարզ չի, թե Հայաստանում ինչի համար են մարդկանց ծեծում՚,- ասաել է Միհրան Գալստյանը:

Հիշեցնենք, որ երեք օր առաջ Նարեկ Գալստյանը բերման էր ենթարկվել Ոստիկանության բաժին` թռուցիկներ բաժանելու համար: Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների` այդ թռուցիկների վրա գրված է եղել` ՙՍարգսյան Սերժին հայը կմերժի՚:

Սիրոշոն կներկայացնի մեր երկիրը?

November 14, 2007

Արդեն հայտնի է 2008թ Հայաստանը ՙԵվրատեսիլ՚-ում ներկայացնող երգիչը, սակայն նրա անունը կհրապարակվի միայն մի քանի ժամից: Նրան ներքին որոշմամբ արդեն ընտրել է Հանրային հեռուստաընկերության գեղարվեստական խորհուրդը: Ըստ պտտվող լուրերիª այդ երգչուհին Սիրուշոն է:

ՙՔանի որ ամեն տարի, ամեն երկիր փոխում է երգչի ընտրության իր ֆորմատը, այնպես էլ Հայաստանն այս տարի կօգտվի Հոլանդիայի նախորդ տարիների փորձից՚,-ՙԱ1+՚-ին հայտնեց Հանրային հեռուստաընկերության արտաքին կապերի բաժնի պետ Դիանա Մնացականյանը:

Հենց այդ ‎‎ֆորմատի համաձայն` երգչի ընտրությունը կատարվել է ներքին կարգով, իսկ երգի ընտրությունը կանի հանրությունը: Այսինքնª կոմպոզիտորներին շուտով առաջադրանք կտրվի գրել ընտրված երգչի համար 5 կամ 7 երգ, որոնք ուղիղ եթերում ունկնդրելովª հեռուստադիտողը կկատարի իր ընտրությունը: Նախատեսվում էª մրցույթին հավակնող երգերը ներկայացնել հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին, բայց քանի որ այդ ժամանակահատվածում երկրում Նախագհի ընտրություններ են, ապա կոնկրետ ժամկետները դեռ չեն որոշվել: Կարդացեք շարունակությունը այստեղ:

Ինչ եք մտածում այս մասին? Սիրուշոն կկարողանա մեր երկիրը ըստ արժանավույնս ներկայացնել? Իսկ ինչ եք մտածում Եվրատեսիլի մասին ընդհանրապես?

Ե.Գ. Երգչի անունը կհրապարակվի այսօր Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում` ժամը 22:25-ին:

Մեկ րոպեն արժե 80 հազար դրամ

November 13, 2007

Առաջիկա նախագահական ընտրության մոտենալու ցուցանիշն է վճարովի եթերաժամի սակագները եւ մինչեւ նոյեմբերի 19 (մինչեւ այս ժամանակը հեռուստառադիոընկերությունները պարտավոր են սահմանել եթերաժամի սակագները) քիչ ժամանակ է մնացել: Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը արդեն սահմանել է քարոզարշավի վճարովի եթերաժամի սակագները: Ըստ այդմ` նախընտրական քարոզչության համար տրամադրվող վճարովի եթերաժամի 1 րոպեի սակագինը Հանրային հեռուստաընկերությունում սահմանել է 80 հազար դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը, իսկ Հանրային ռադիոյում `20 հազար դրամ` ներառյալ ԱԱՀ-ն: Սա նույն գինն է, ինչ սահմանաված է եղել ԱԺ ընտրությունների ժամանակ:

"Ա1+"-ը փորձել է պարզել, թե մասնավոր հեռուստաընկերություններից արդեն հասցրել են գներ սահմանել:Կարդացեք այստեղ:Ամենահետաքրքիրը եղել է "Երեւան"  հեռուստաընկերության տարբերակը, որ  դեռ չեն սահամնել եւ գուցե չսահմանվի էլ: Ասել են, որ պետք է նիստ անեն ու որոշեն, գուցե որոշվի անգամ, որ քաղաքականությամբ չեն զբաղվելու:

Ինչ եք կարծում, այս ընտրություններին կլինեն հեռուստաընկերություն, որ կհրաժարվի քաղաքական գովազդից? Իսկ ինչ կլինի մարզային հեռուստաընկերությունների պարագայում? Հիշենք, որ խորհրդարանական ընտրության ժամանակ մարզերում այդպես էլ "միսանականորեն" սակագներ չսահմանվեցին: