Տեր-Պետրոսյանը եւ դաշնակները միասին են լինելու?

September 29, 2007

Այսօր ժամը 11-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ալեքսան Արզումանյանը հանդիպել են ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի եւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի լրատվական բաժնի հաղորդմամբ հանդիպման նախաձեռնությունը պատկանում է Լեւոն Տեր-Պետրոսյանինը: Քննարկվել են Հայաստանի Հանրապետության ներքաղաքական իրավիճակին, առաջիկա նախագահական ընտրություններին առնչվող հարցեր: Երկուստեք կարեւորվել է ներկա փուլում գաղափարական-քաղաքական բանավեճի անհրաժեշտությունը:

16 ամյա տղան կախվել է

September 28, 2007

Այսօր Շիրակի մարզի Բենիամին գյուղում իրենց բակում գտնվող փայտաշեն կառույցում կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել նույն տան բնակիչ, 1991 թվականին ծնված Հենրիկ Ոսկանի Մինասյանը: Շիրակի մարզային քննչական բաժնի կողմից կատարվում է նախաքննություն:

Նկատել եք վերջերս ինչքան են շատացել ինքնասպանության դեպքերը? Նշեմ, որ ըստ պաշտոնական վիճակագրության 2000-2005թթ. ընթացքում մեր հանրապետությունում արձանագրվել է ինքնասպանությունների 1241 դեպք, այսինքն` տարեկան միջինը ավելի քան 200 դեպք: Մոտավորապես այդքան էլ կազմում են ինքնասպանության փորձի դեպքերը, երբ ինքնասպանությունը չի հաջողվել ավարտին հասցնել, ինքնասպանության նպատակ ունեցողի կյանքը հաջողվել է փրկել:

Ինչ եք կարծում, ինչով է սա պայմանավորված? Հայերը 90-ականներին էլ են լուրջ խնդիրներ ունեցել, ԽՍՀՄ տարիներին էլ, բայց ինքնասպանության դեպքերը այսքան շատ չեն եղել: Գուցե մեր ժողովրդի բարոյահոգեբանական արժեքային համակարգը (եթե այդպիսին կա) վերջնականապես խարխլվել է հիմքից: Հը? Ինչ կասեք? Հիշենք, որ ինքնասպանություն գործում են մերոնք ամենատարբեր ձեւերով, մինչեւ անգամ ինքնահրկիզում 1, 2:

Կարդացեք վերջին ժամանակներս տեղի ունեցած ինքնասպանությունների մասին այստեղ, այստեղայստեղ

Ինչն է Հայաստանում սովորական

September 27, 2007

Հոկտեմբերի 3-ին Ռոբերտ Քոչարյանը կստանա նամակ, որում Հյուսիսային պողոտայի բնակիչները զարմանք կհայտնեն` ինչպես է նա երաշխավորում, որ Սերժ Սարգսյանը դառնա Նախագահ իրենից հետո, երբ նա իր ոչ մի խոստումը չի կատարում: ՙՆախագահին ասելու ենք` ինչպես եք երաշխավորում այս սուտասանին՚,- ասում է ՙՍեփականության իրավունքի պաշտպանություն՚ ՀԿ նախագահ Վաչագան Հակոբյանը:

ՙԵթե 40 ընտանիքի հարց չի կարողանում լուծել, ինչպես կարող է երկիր կառավարել՚,- ավելացնում է ՙՊետական կարիքների զոհեր՚ ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը: Կառավարության շենքի մոտ այսօր վերստին բողոքում էին Հյուսիսային պողոտայի, Գլխավոր պողոտայի, Դալմայի այգիների եւ Կողբացի փողոցի բնակիչները:

ՙ4 տարի է, մեզ ծեծով, ջարդով վտարել են մեր տներից, վարչապետը խոստացավ, որ ընտրություններից հետո մեր հարցերը կլուծվի, սակայն մինչեւ հիմա դեռ ոչինչ չի լուծվել: Չենք հասկանում, ում հավատանք, ում չհավատանք, ինչ անենք: Փաստը մնում է փաստ, որ մենք անօթեւան մնացել ենք փողոցներում՚,- ասում է պետական կարիքների համար իր տնից վտարված Ծովինար Դավթյանը: ՙՍեփականության իրավունքի պաշտպանություն՚ ՀԿ նախագահ եւ Կենտրոնի շարժման հիմնադիր Վաչագան Հակոբյանն նշեց նաեւ , որ իրենք պահանջելու են նաեւ կառավարության հրաժարականը, քանի որ հիասթափված այս դեպքերից` արդեն 20 ընտանիք հեռացել է Հայաստանից:

Իսկ օրեր առաջ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի այցելությունը Ֆիրդուսի թաղամաս ՙՊետական կարիքների զոհեր՚ ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանն մեկնաբանում է այսպես.ՙԴա դիտմամբ էր արված, որպեսզի նրանք չմիանան մեզ եւ պայքարը ավելի չակտիվանա՚:

Կուսակցություններին ուղարկված նամակներից ցուցարարները դեռ ոչ մի պատասխան չեն ստացել: Չնայած դրան` ցուցարարները պատրաստվում են նամակներ ուղարկել նաեւ Հայաստանում գտնվող օտարերկրյա դեսպանություններին:

Կարդացիք նյութը եւ չզարմացաք? Զարմանալին այն է, որ սովորական է դարձել, որ մի խումբ անտուն մնացած ՀՀ քաղաքացիներ ամեն հինգշաբթի` կառավարությունում նիստերի օրը պիտի ցույց անեն եւ ոչինչ այդպես էլ չփոխվի: Հնարավոր է վաղը որոշեն հենց մեր թաղամասում մի “էլիտար, աննախադեպ ու առաջին անգամ Հայաստանում” մի նոր շենք կառուցեն եւ գավառական մտածողությամբ բնականաբար հինը քանդելու ծրագիր ունենան եւ տրամաբանական է` մեզ տանից դուրս կշպրտեն: Եվ մենաք էլ արդեն սովորական դարձած ծրագրով ամեն հինգշաբթի կառավարության դիմաց…

Կրակել են ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի վրա

September 26, 2007

Մոսկվայի կենտրոնում` ՙՄետրոպոլ՚ կազինոյի շենքում գիշերը ժամը 4-ի մոտ տեղի է ունեցել փոխհրաձգություն: Ըստ ՙԻնտերֆաքսի՚` ականատեսները վկայել են, որ խաղասրահում վեճը բռնկվել է երեք հյուրերի միջեւ, որոնց արտաքին տեսքը հուշել է, որ նրանք կովկասցիներ են: Նրանցից մեկը երկու անգամ կրակել է մյուսի վրա: Վերջինս տեղափոխվել է Սկլիֆասովսկու անվան շտապ օգնության ինստիտուտ:  Ըստ ՙԻնտերֆաքսի՚` կրակել են ատրճանակից եւ վիրավորվածը 41-ամյա հայաստանցի է: Վիրավորի վիճակը վատ է:

Վիրավորվածը Հայաստանի Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՙԳրեյթ Վելլի՚ընկերության սեփականատեր Տիգրան Արզաքանցյանն է: Նրա վրա կրակած տղամարդը փախել է: ՙԳրեյթ Վելլի՚ ընկերությունում այս տեղեկատվությունը ճշտել մեզ չհաջողվեց. նրանք տեղյակ չէին: Չնայած ռուսական լրավամիջոցների տարածած տեղեկատվությանը ՀՀԿ լրատվական կենտրոնից ժամը 11.30-ի մոտ ՙԱ1+՚-ին հայտնեցին, որ եթե այդպիսի բան լիներ, իրենք հաստատ կիմանային:Ավելի ուշ ՀՀԿ-ականները հաստատեցին տեղեկատվությունը:

Հիշեցնենք, որ 2006թ մարտին Արզաքանցյանին Մոսկվայի կազինոներից մեկում ծեծել էին եւ թալանել: Ավելացնենք, որ այս օրերին Մոսկվայում է ՀՀ կառավարական պատվիրակությունը` վարչապետ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը տարածել է տեղեկություն, որ Տիգրան Արզաքանցյանը Մոսկվայում է մասնավոր այցով եւ որեւէ կապ չունի վարչապետի պաշտոնական այցի հետ:

Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսեցրեց անգամ նախագահ Քոչարյանին

September 25, 2007

 

 

 

 

 

 

 

 

Հայկական  ռադիոն լռում է, հետո ասում, որ ավարտվեց հաղորդումը խուլերի եւ համրերի համար… ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը լռում է, հետո խոսում` աշխուժություն բերելով մեր քաղաքական դաշտում` ընդհուպ մինչեւ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մակարդակով: Այն, որ Տեր-Պետրոսյանի վերադարձը մեկնաբանում են եւ առաջիկա նախագահականի նրա առաջադրման մասին կանխատեսումներ անում բոլորը, սա արդեն վերջին օրերի "մալարիան" է, բայց որ "մալարիան" փաստորեն նախագահ Քոչարյանին էլ դիպավ, սա արդեն լուրջ զարգացում է:

Նախագահ Քոչարյանն իր այսօրվա հայտարարությունում ասում է. "Այս մոտ տասը տարիների ընթացքում առաջին նախագահի մասին ոչինչ չեմ ասել: Համարում եմ, որ առաջին նախագահը որոշակի խորհրդավորության հանգամանքներում պետք է լինի, պետականության հիմնադրման հետ կապված որոշ խորհրդավոր պահեր պետք է լինեն, եւ այդ պատասխանատվությունը պետք է զգա առաջին հերթին հենց ինքը` առաջին նախագահը: Եթե առաջին նախագահը մտնի քաղաքական պայքարի մեջ, ապա դառնալու է շարքային ընդդիմադիր գործիչ` այդ ամենից բխող բոլոր հետեւանքներով, եւ ստիպված նրան շատ բաներ են հիշեցնելու. թե քանի լուսավորված փողոց է եղել Երեւանում 1996 թվականին, եւ այլն, եւ այլն":

Նշանակում է սա արդյոք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռ պաշտոնապես չհայտարարած առաջադրվելու իր մտադրության մասին (եթե այդպիսին հաստատ ունի) արդեն լուրջ ընդդիմության է հանդիպում նախագահականից ու նրա "թագաժառանգներից", ինչը հաստատում է այն, որ նախկին նախագահը բավականին մեծ շանսեր ունի:

Մյուս կողմից քաղաքական մեկնաբանները նախագահ Քոչարյանի հայտարարությանը տարբեր բացատրություններ են տալիս, մինչեւ անգամ մանկամիտ վեճ համարելով` "սամ դուրակ" տարբերակով, չնայած այն բանին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր ելույթում անուններ չի հիշատակել:

Արդյուքում ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, երբ ունենք մի քանի ընդդիմություն` ի դեմս Հայրիկյանի նախաձեռնությամբ միավորվել փորձողների, ունենք Արամ Կարապետյան` իր խոսքերով ռուսական մաֆիան թիկունքում, ունենք Վազգեն Մանուկյան, ունենք սեզոնի թարմությունը` Լեւոն Տեր-Պետրոսյանը իր թիմով, ունենք ֆավորիտներից Սերժին Սարգսյան, ՀՅԴ-ից թեկնածու… Կարծես հետաքրքիր աշուն է չէ սպասվում? Եթե իհարկե այս ամենը մեզ եւ առավել եւս Եվրոպական կառույցներին ինչ-որ բան ապացուցելու համար չէ:

Բայց ամենից շատ ինձ հետաքրքրում է Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ ձեր վերաբերմունքը եւ կանխատեսումները քաղաքական դաշտում իրադարձությունների զարգացման` Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման պարագայում: Առանց նրա դաշտը եւ զարգացումները դեռ խորհրդարանական ընտրությունների ժամանակաշրջանից քննարկել ենք: Բայց հիմա իրավիճակը փոխվել է, չէ? Ձեր կարծիքով Լեւոն Տեր-Պետրոսյանը կառաջադրվի? եւ ինչ հնարավորություններ ունի նախագահի աթոռին հավակնելու?

Շնորհավոր Տոնդ, Անկախ Հայաստան

September 21, 2007

Անկախության 16-րդ սիմվոլիկ տարելից… Նախագահականի առջեւ “տոնում են” Բուզանդի փողոցի անտուն բնակիչները, նախագահականում` նախագահն է հյուրերին ընդունում… Հանկարծ խոսում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, ոստիկաններն ու տեխնիկական աշխատակազմը Հանրապետության հրապարակում պատրաստվում են երեկոյան համերգին եւ շատրվանների բացմանը… Կենտրոնի բոլոր փողոցներում մարդիկ իրար հրմշտելով տոն են շնորհավորում… Ու վերջում հրավառություն…

Ուսամա Բեն_Լադենը գաղտնի ուղղերձ է հղել հայերին

September 20, 2007

"Ա1+"-ը գրում է, որ Երեւանի կրպակներում հայտնվել են որպես ՙՍամսունգ՚-ի արտադրության սովորական կրակայրիչներ, որոնց լուսարձակի տակ թաքնված է Ուսամա Բեն-Լադենի խորհրդավոր դեմքը: Այն միացնելու դեպքում` տեսնում ես Բեն-Լադենի դեմքը: Այն կրպակում, որտեղից գնել են այդ կրակայրիչը, չեն կարողացել հայտնել, թե վերավաճառման նպատակով որտեղից են գնել կրակայրիչների խմբաքանակը: Իհարկե, անմիջապես վստահեցրել են,որ առաջին անգամ են նման բան տեսնում, եւ հավանաբար հենց այդ մեկն է եղել ամբողջ խմբաքանակում:

Սպառողների շահերի պաշտպանության միության նախագահ Աբգար Եղոյանը մեզ հետ զրույցում խոստովանեց, որ շատ դժվար է պարզել ապրանքի ներկրման վայրը, որովհետեւ այն կոմերցիոն գաղտնիք է: Բայց կասկած հայտնեց, որ դա անլեգալ ճանապարհով կարող է ներկրված լինել. ՙՄեր երկրում դա իմանալը շատ դժվար է, ցավոք, մեր ներքին շուկայում կան ապրանքներ, որոնք սերտիֆիկացված չեն եւ եթե հարցնեիք կրպակավաճառից` հաշիվ ,ապրանքագիր ունես, դժվար թե ունենա՚:

Պարոն Եղոյանը նման փաստի առկայության մասին մեզանից իմացավ. ՙԻնձ համար ուղղակի եւ ծիծաղելի է, եւ անլրջություն, որ ամեն տեսակի ապրանք կարող է մտնել մեր շուկա, որեւէ օրենքով կամ օրենսդրական ակտով նման հարցերը չեն կարգավորվում: Այսօր նման ապրանք ներկրելը փաստորեն արգելված չի: Ու նա, ով ներկրել է` բարոյական նորմեր խախտելուց բացի, այլ օրենսդրական ակտ չի խախտել՚: Պարոն Եղոյանը փաստը բացատրեց կեսկատակ-կեսլուրջ` մեր շուկայի ազատականացվմամբ եւ կոմպլեքսների բացակայությամբ: Եվ խորհուրդ տվեց լուրջ քաղաքական աստառ դրան չհաղորդել:

Հեռու ենք փաստին քաղաքական աստառ հաղորդելուց, հատկապես Հայաստանում, որտեղ նման ահաբեկչությունների վտանգը զրոյական է: Բայց որ բավարար վերահսկողության պատճառով ներքին շուկայում կարող են հայտնվել անհայտ ծագման անորակ ապրանքներ` փաստ է: Եվ թերեւս արժե հիշեցնել, որ ԱՄՆ-ի կենցաղային ապրանքների խանութներում էլ վաճառվում են Բեն-Լադենի նույն դիմանկարով զուգարանի թղթեր:

"Ա1+"-ի կայում դիտեք նաեւ վիդեոն http://www.a1plus.am/am/?page=issue&iid=52467

Կրոնական ազատությունը Հայաստանում

September 17, 2007

ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է Կրոնական ազատությունների մասին 2007թ-ի զեկույցը, որտեղ Հայաստանին վերաբերվող հատվածում ասվում է, որ մեր հասարակությունում դեռեւս առկա են խտրականության դրսևորումներ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ: Նաեւ ասվում է, որ վերջին ժամանակներս  Կառավարության կողմից կրոնական ազատության նկատմամբ հարգանքի մասով փոփոխություն չի եղել: 

Որոշ կրոնական հարանվանությունների ներկայացուցիչներ նշում են, որ երբեմն նկատվել են խտրականության դրսևորումներ միջին կամ ցածր օղակի պետական պաշտոնյաների կողմից, սակայն բարձրաստիճան պաշտոնյաները դրսևորել են հանդուրժողականություն: Եհովայի վկաների կողմից եղել են հաղորդումներ, որ այլընտրանքային զինվորական ծառայությունից խուսափելու համար դատավորները իրենց դատապարտել են ազատազրկման ավելի երկար ժամկետով, քան նախկինում, սակայն պատիժն այնուամենայնիվ եղել է օրենքով նախատեսված պատժի սահմաններում:

Փաստորեն Հայաստանում կրոնական փոքրամասնությունների ճշգրիտ հաշվառման տվյալներ չկան, իսկ ծխական համայնքների ներկայացուցիչների կողմից ներկայացվող հաշվարկներն էլ նշանակալիորեն տարբերվում են միմյանցից: Կաթոլիկ եկեղեցու ` այդ թվում Հռոմի պապի հետևորդ և Հայկական Մխիթարյան միաբանության կաթոլիկների թիվը հասնում է 120.000-ի: Եհովայի վկաների տվյալներով իրենց հետևորդները կազմում են 9.000 հոգի: Խմբերը, որոնք կազմում են բնակչության 5 տոկոսից պակաս մասը, ներառում են եզդիներ` էթնիկ քրդական մշակութային խումբ, որի կրոնում ներառված են զորոաստրիանիզմի, իսլամի և անիմիզմի տարրեր, չմասնավորեցված «խարիզմատիկ» քրիստոնյաներ, հայկական ավետարանչական եկեղեցի, մոլոկաններ` ազգությամբ ռուս, խաղաղասեր քրիստոնյա կրոնական խումբ, որն անջատվել է ռուսական ուղղափառ եկեղեցուց 17-րդ դարում, բապտիստներ, Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի (մորմոններ), ուղղափառ քրիստոնյաներ, յոթերորդ օրվա ադվենտիստներ, հիսունականներ, հրեաներ և բահայականներ: Աթեիստների թվի վերաբերյալ տվյալներ չկան:

2007թ. հունիսի 1-ին Եհովայի վկաների երկու անդամներ Լուսառատ գյուղի կենտրոնական հրապարակում մի կնոջ հետ Աստվածաշունչը քննարկելիս արժանացել են այդտեղով անցնող Հայաստանյայց եկեղեցու քահանայի լուտանքներին ու ենթարկվել հարձակման վերջինիս կողմից: Մինչ Եհովայի վկաները պատրաստ էին հարձակման մեղադրանքը ետ վերցնել, եթե քահանան ներողություն խնդրեր, դա տեղի չունեցավ: Ոստիկանությունն ապացույցների բացակայության հիմքով փակեց գործը, երբ քահանան հերքեց այդ միջադեպը:

Եհովայի վկաների երկու անդամներ բողոք են ներկայացրել տեղի ոստիկանությանը այն բանից հետո, երբ 2007թ. ապրիլի 15-ին հասարակական քարոզչության ժամանակ մի մարդ սպառնացել էր նրանց ատրճանակով: Ոստիկանությունը հետաքննություն չսկսեց` դա հիմնավորելով ապացույցների բացակայությամբ:

Հաշվետու ժամանակահատվածի ավարտին Եհովայի վկաների մի անդամ ետ է վերցրել իր վրա հարձակում գործած աշխատանքային գործընկերոջ դեմ իր բողոքը: Ոստիկանությունն այս առնչությամբ որևէ քայլ չէր ձեռնակել: 2007թ. մարտի 29-ին աշխատանքային գործընկերը փորձել էր աշխատանքի վայրում խեղդել նրան այն բանից հետո, երբ իմացել էր, որ վերջինս անդամակցում է Եհովայի վկաներին:

Ծեծի են ենթարկել լրագրողի

September 16, 2007

Այսօր, ժամը 19-ի սահմաններում փողոցում, մահակներով զինված մի քանի հոգի հարձակվել են ՙԻսկական Իրավունք՚ թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանի վրա եւ նրան դաժան ծեծի են ենթարկել: Գալաջյանը հիմա պահին հիվանդանոցում ստանում է առաջին բուժօգնություն: Դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինների ներկայացուցիչներ` պարզելու դեպքի հանգամանքները:

Նշենք, որ սա արդեն Հովհաննես Գալաջյանի վրա հարձակվելու երկրոդ դեպքն է: Առաջիը տեղի էր ունեցել 2006թ-ի սեպտեմբերի 6-ի առավոտյան: Դեպքից անմիջապես հետո Հ.Գալաջյանը դիմել էր Երևան քաղաքի Ոստիկանության Արաբկիրի բաժանմունք: Հետո սեպտեմբերի 6¬ին կատարված բռնության փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում քրեական գործ էր հարուցվել ՀՀ քր.օր.-ի 118-րդ (ծեծը) հոդվածի հատկանիշներով:

Հերթական անգամ ապացուցվեց, որ Հայաստանում սովորական են լրագրողի նկատմամբ ահաբեկումներն ու սպառնալիքները, որոնք խոչընդոտում են հանրությանը տեղեկացնելու գործընթացները,  եւ բնական է, սա էլ իր հերթին նպաստում է խոսքի ազատության սահմանափակմանը: Ցավալին այն է, որ Գալաջյանի եւ մյուս բոլոր միջադեպերի պարագայում ակնհայտ փորձում են խոչընդոտել լրագրողի մասնագիտական գործունեությանը, բայց փորձը ցույց է տալիս, որ մեղավորները երբեք չեն պատժվում համապատասխան հոդվածով (164-րդ):

Ադրբեջանցի հակերները հերթական անգամ “ջարդ” արեցին

September 14, 2007

Ադրբեջանցի հակերները կոտրել են հերթական հայկական կայքերն ու կայքերի էջերը: Kornelij Glas-ին գրում է` ադրբեջանցի հակերը իրեն տեղեկացրել է, որ պատճառը հայկական բլոգերում վերջերս բարձրացրած աղմուկն է  (ադրբեջանական իշխանությունները քանդել էին հայկական, հրեական, ասորական, վրացական գերեզմանոցները):  Նշենք, որ մի նմանատիպ գրոհ էլ ազերիները կազմակերպել էին նախորդ շաբաթ, իսկ իրականում սկսվել է դեռ հուլիսից: "Ա1+"online-ը գրում է, որ ազերի հակերները հատուկ ռազմավարությամբ են գործում եւ պետական մակարդակով, այսինքն, եթե իրենց Ազգային անվտանգության ծառայությունը չի օժանդակում կիբերհոնցոգործներին, ապա գոնե տեղյակ է նրանց գործողություններից: