
<Եթե ՀՀ նախագահական ընտրությունները լինեն վաղը, ում կնախընտրերեիք տեսնել ՀՀ նախագահի պաշտոնում>,- <Ա1+>-ի լրագրողը այս հարցն է այսօր ուղղել 85` տարբեր տարիքի եւ մասնագիտության տեր ՀՀ քաղաքացիներին:
Անցորդներին անչափ զվարճացրել էր ՙԱ1+՚-ի այս հարցումը, եւ նրանք մեծ պատրաստակամությամբ եւ հաճույքով էին կանգնում ու պատասխանում մեր հարցերին: Նրանցից ոմանք նույնիսկ հանդիմանեցին, որ ցուցակում պակասում է եւս մի թեկնածու` Լեւոն Տեր-Պետրոսյանը, որի օգտին այս պահին պատրաստ են ձայն տալ 85 հարցվածներից 3-ը: Մյուս ձայները բաշխվել են հետեւյալ կերպ:
Առավելագույն ձայներ հավաքեց Րաֆֆի Հովհաննիսյանը, որի օգտին իրենց ձայնը այս պահին պատրաստ են տալ 25 մարդ: Երբ նրանցից փորձեցինք իմանալ իրենց նախապատվության հիմնավորումը, գերիշխում էին հիմնականում հետեւյալ կարծիքները` ՙհամակրում եմ՚, ՙբարի աչքեր ունի՚, ՙմարդկային առումով սիրում եմ նրան՚, ՙինքը մի բան կարող է փոխել՚:
Ձայների առավելությամբ երկրոդ պատվավոր տեղում է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը` 14 ձայնով: Մարդիկ նրա մասին այսպես արտահայտվեցին` ՙես վստահում եմ նրան, քանի որ իր աշխատանքներով է դա վաստակել` սկզբում Պաշտպանության նախարար, հետո` ՀՀ վարչապետ՚, ՙկընտրեմ նրան, քանի որ հանրապետական եմ՚, եւ այլն:
Երրորդ տեղում է ՙՆոր ժամանակներ՚ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը` 12 ձայնով: Իրենց ընտրությունը մարդիկ հիմնավորում էին նրանով, որ նա ՙնորմալ մարդ է՚, ՙազգասեր է եւ հայրենասեր՚, ՙնրան եմ ընտրում, որ ժողովրդին նայի, միայն նա կարող է նայել՚, եւ այլն:
Մնացած թեկնածուները հավաքել են համեմատաբար քիչ ձայներ` Վազգեն Մանուկյանը 9 ձայն` իբրեւ փորձառու, ինտելեկտուալ, արժանիքներ ունեցող մարդ եւ ՙքաղաքական հոտառությամբ՚ օժտված, Արտաշես եղամյանը եւ Արթուր Բաղդասարյանը 7-ական ձայներ, Վահան Հովհաննիսյանը` 6 ձայն, Արամ Սարգսյանն ու Ստեփան Դեմիրճյանն էլ մեկական ձայն ստացան: Եղան նաեւ այսպիսի չեզոք պատասխաններ` ՙայդ անձը`իմ նախագահի թեկնածուն, չկա՚, ՙկգնամ ու չեմ ընտրի՚, ՙայս ցուցակում լիարժեք մեկը չկա՚, ՙեթե այս ցուցակը լինի ընտրության օրը, կգնամ անվավեր կանեմ՚, ՙես գիտեմ, որ ով որ պետք է, նա արդեն ընտրված է՚, ՙբոլորի վրա խաչ կքաշեմ՚: Կային նաեւ մարդիկ, որոնք երկու թեկնածուների մեջ չէին կարողանում կողմնորոշվել, իսկ ոմանք էլ նախընտրեցին չպատասխանել մեր հարցերին:
Իսկ Ձեր թեկնածուն ով է, Դուք ում կվստահեք երկրի կառավարումը???